Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը, Գաֆէսճեան արվեստի կենտրոնը և  Հայաստանի ազգային կինոկենտրոնը՝ հուլիսի 12-ին , ներկայացրեցին «Արեգ Կոզմոյան․ ԱՆՑուԴԱՐՁ․ հարյուրամյա գիֆապատում» ցուցադրությունը՝ նվիրված հայ կինոյի 100 ամյակին։ Ցուցահանդեսը գործելու է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահում՝ հուլիսի 12-ից մինչև օգոստոսի 6-ը (մուտքն ազատ է)։

Կինոն, մեծ հաշվով, արվեստի գրեթե բոլոր ձևերի միասնությունն է՝ վիզուալ, տարածական և ժամանակային։ Թանգարանային միջավայրը խրթին է կինոարվեստի բոլոր շերտերը միաժամանակ բացահայտելու համար։ Այդուհանդերձ, կինոլեզուն տարաբնույթ «թարգմանությունների» և մեկնաբանությունների անսահման դաշտ է։

Կինոօպերատոր Արեգ Կոզմոյանը գտել է հարյուրամյա հայ կինոյի դռները բացելու իր բանալին՝ GIF-ը (Graphics Interchange Format, հայերեն՝ պատկերների փոխանակման ձևաչափ)։ Համացանցում և ժամանակակից սոցիալական ցանցերում այս ֆորմատը ֆենոմանալ տարածում ունի՝ լինելով պարզ, մատչելի ու հասանելի միջազգային վիզուալ լեզու։

Արեգ Կոզմոյանի «ԱՆՑուԴԱՐՁ» նախագիծը հայ կինոյի 100-ամյակի շտեմարան է՝ տասը տասնամյակներից ընտրված հարյուր ֆիլմերի գիֆերով։ Յուրաքանչյուր դրվագ դնելով հետուառաջ շարժման մեջ՝ Արեգը ստանում է պատկերների չընդհատվող շրջապտույտ։ Այս ցուցադրությունը, Վան Սարկիսյանի հուզական երաժշտական մշակումների ու Ռոդիոն Նիկիտինսկիխիի ձայնային համադրությամբ՝ հանդիսատեսին ուղեկցում է հայ կինոյի ժամանակի հոլովույթներով։