Սերժ Ավետիքյան․Նոր սերունդն ավելի եվրոպական մոտեցում ունի
Ֆրանսահայ կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ եւ պրոդյուսեր Սերժ Ավետիքյանն արդեն երկար տարիներ է՝ (1971թ.-ից) ապրում և ստեղծագործում է Փարիզում: Արվեստագետը մշտապես կապի մեջ է հայրենիքի հետ, համագործակցում և ժամանակ առ ժամանակ տարբեր նախագծեր է իրականացնում Հայաստանում: Ավետիքյանը Ֆրանսիայում ստեղծել է երկլեզու (ֆրանսերեն-հայերեն) արվեստանոց, որը նպատակ ունի դասընթացների միջոցով կրթել ուսանողներին, կյանքի կոչել նրանց հետաքրքիր գաղափարները:
Ֆրանսիայում իր գործունեության, հայկական կինոյի և առաջիկայում Հայաստանի հետ համատեղ ծրագրերի իրականացման գործընթացների մասին kinoashkharh.am-ը զրուցել է ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Ավետիքյանի հետ։
– Պարո՛ն Ավետիքյան, տեղյակ եմ, որ Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին ընդառաջ՝ բավականին մեծ միջոցառումներ եք պլանավորում իրականացնել Ֆրանսիայում: Ի՞նչ ծրագրեր են դրանք։
– Նախնական պայմանավորվածություն եմ ձեռք բերել Ֆրանսիայի երեք խոշոր քաղաքներում անցկացնել Փարաջանովի ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ և ռեժիսորի կոլաժների ցուցահանդեսներ։ Նախագիծը կանցկացվի համաշխարհային ճանաչում ունեցող Ֆրանսիայի մշակութային կենտրոններում, այդ թվում՝ Փարիզի Սինեմատեկում, Լիոնի գիտությունների և տեխնիկայի ինստիտուտում, Լիոնի, Մարսելի ժամանակակից արվեստի թանգարաններում և այլն:
Այդ բոլոր վայրերում, անշուշտ, Փարաջանովը մեծ ճանաչում ունի, այդուամենայնիվ, ես առաջարկել եմ իրենց, որ մեկ ամսվա ընթացքում յուրաքանչյուր քաղաքում մեկական շաբաթ ցուցադրենք նրա ֆիլմերը։ Ցուցադությունն, իհարկե, չի ներառելու բոլոր ֆիլմերը, քանի որ հեղինակային իրավունքի հետ կապված որոշակի խնդիրներ կան, բայց «Նռան գույնը», «Սուրամի ամրոցի լեգենդն» ու մի քանի կարևոր ֆիլմեր ևս հաստատ կունենանք: Ցուցադրանքում ընդգրկված է լինելու նաև իմ ֆիլմը՝ «Le scandale Parajanov» նվիրված Փարաջանովին, որը նրա կյանքի ու ստեղծագործության մասին է: «Փարաջանով» ֆիլմն անդրադառնում է անվանի ռեժիսորի արվեստին ու գործունեությանը. ներկայացվում է Փարաջանովը՝ ուկրաինացիների, ֆրանսիացիների, վրացիների և, իհարկե, Հայաստանի հետ: Այդ ֆիլմն այստեղ (Ֆրանսիայում) շատ դիտվեց ու սիրվեց: Շատերը Ֆրանսիայում չէին ճանաչում Փարաջանովին, չգիտեին նրա կյանքն ու անցած ճանապարհը, բայց կարող եմ ասել, որ ֆիլմն իսկապես այդ բացը լրացրեց:
Առաջիկայում աշխատելու և համագործակցելու ենք նաև Երեւանում Սերգեյ Փարաջանովի թանգարանի հետ: Ի սկզբանե հետեւել ու օգնել եմ թանգարանի կայացմանը: Անչափ մտերիմ էինք նաև նախկին տնօրենի՝ լուսահոգի Զավեն Սարգսյանի հետ: Զավենի հետ եղել ենք Թուլուզում, Փարիզում, ցուցադրել Փարաջանովի բազմաթիվ գործեր: Եվ ուզում եմ ասել, որ 100-ամյակին ընդառաջ՝ նոր գործ չենք անում, շարունակում ենք այն, ինչը ժամանակին արել ենք։ Պարզապես ուզում եմ, որ հիմա այն ավելի խորությամբ ներկայացվի հանրությանը։
Ամենահետաքրքիրն ու կարևորն այն է, որ Փարաջանովը միակ ռեժիսորն է էքս ՍՍՌ-ի (նկատի ունի նախկին ՍՍՀՄ-ը,- հեղ․) սովետական բարքերի տարիների, որը կարողացել է տարբեր երկրներում, տարբեր լեգենդների հետ կապված գործեր հյուսել: Նա ինձ համար մնում է այն եզակի արվեստագետը, որը կարողանում էր տարբեր ազգերի մշակույթներն ու հույզերը մոտեցնել մեկը մյուսին, միահյուսել ու համադրել տարբեր ոճեր․ ծնվել է Վրաստանում, ծագումով հայ է, ապրել է Ուկրաինայում․․․։
– Իսկ հասցրե՞լ եք ուսումնասիրել, թե որքանով է նոր սերունդը ճանաչում հայկական կինոն եւ արդյոք այն հասնելի՞ է նրանց:
-Նոր սերունդն ավելի եվրոպական մոտեցում ունի. ժամանակակից աշխարհում, համացանցի միջոցով կարողանում են ավելի շատ ամերիկյան, ֆրանսիական ֆիլմեր դիտել: Ցավոք, նկատվում է, որ նոր սերունդը դեռ մի քիչ խուսափում է հայկական ֆիլմերից: Հայկական կինոն այս վերջին 15-20 տարում չի գտնում իր երակը, ինչպես որ եղել է 1960-ական թվականներին:
Իմիջիայլոց, ես Կինոգործիչների միությանն առաջարկել եմ, որ հաջորդ տարի ցուցադրվեն հայկական մի շարք կարեւոր ֆիլմեր, ինչպիսիք են՝ Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմը, իր «Երևանյան օրերի խրոնիկան», որը շատ անսպասելի կարող է լինել այսօրվա երիտասարդության համար: Հենրիկ Մալյանի «Եռանկյունին», որը Գյումրիում է նկարահանվել և ունի խոր ասելիք, մեր մշակույթի ու պատմության մասին նրա «Մենք ենք մեր սարերը» ֆիլմը, Բագրատ Հովհաննիսյանի ֆիլմերից՝ «Հնձանը», «Աշնան արեւը»… Մի խոսքով 6-7 ֆիլմեր, որոնք ես շատ կցանկանայի, որ հենց երիտասարդների համար ցուցադրվեին: Նաև շատ կարևոր է, որ դրանք ուղեկցվեն բանավեճերով, առողջ քննարկումներով և ֆիլմերի վերլուծություններով: Այն բոլոր ռեժիսորները, որոնց ես թվարկեցի՝ իրենց ժամանակի մեջ շատ համարձակ ու յուրահատուկ ոճ են ունեցել։ Այդ ֆիլմերն արժանի են նորից դիտվելու անգլերեն ու ֆրանսերեն ենթագրերով:
– Այս տարվա ապրիլին մեկնարկել են հայկական կինոյի հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառումները։ Կառավարության որոշմամբ՝ ի նշանավորումն հայ կինոյի 100-ամյակի՝ 70 տոկոսով ավելացվել է կինոնկարների արտադրության բյուջեն։
– Կարծեմ այս որոշումը շատ սիմվոլիկ է այն առումով, որ 100-ամյակի համար է տրվում։ Սա խոր մտածված, վերլուծված որոշում չէ, այլ սիմվոլիկ քայլ է կառավարության կողմից։ Եվ պետք է նշեմ, որ այդ գումարը կառավարությանը չէ, դա ժողովրդի փողն է, որը բյուջեից գնում է դեպի մշակույթ։ Իսկ հայ կինոյի ապագան ու զարգացումը շուկայի հետ է կապված։ Հայաստանյան կինոյի առաջնային հարցն այն է, որ ֆիլմն ապագա ունենա երկրից դուրս։ Կինոյի զարգացման նման դանդաղող տեմպի պատճառը միայն գումար չլինելը կամ քիչ լինելը չէ։
– Իսկ որո՞նք են այդ հիմնական պատճառները։
– Հայաստանում նկարահանվող մի քանի նախագծերի մասին գիտեմ: Բայց փաստն այն է, որ փառատոներում, աշխարհում իրականացվող մրցույթներում չկան հայկական ֆիլմեր, կամ էլ շատ քիչ են։ Ինչո՞ւ: Կարծես թե այն թեմաները, որոնք դեռ շոշափվում են հայկական կինոյում, «արժանի չեն» հասնել տեղ, իսկ ընդհանուր հանդիսատեսի համար անհետաքրքիր են, որովհետև մնում են այնպիսի մի տարածքում, որն ինքն իր մեջ է շրջափակված:
Իհարկե, սա կապված է նաև Հայաստանի վերջին մի քանի տարիների դրության հետ. մի տեսակ կաշկանդվածություն կա, որովհետեւ երբ ասում էին «ապագա կա», կարծես՝ չկա: Որտե՞ղ կարելի է տեսնել ապագա, եթե չկա շուկա, արվեստի շուկա: Չկան մեծ կամուրջներ, որոնք կարող են մոտ ապագայում լինել, բայց դա պետք է ուզենա Հայաստանի կառավարությունը, ինչն առայժմ չի ստացվում անել: Այդ բացը, սխալը քաղաքական գործիչները պետք է ուղղեն, որովհետեւ իրենք ունեն համապատասխան գործիքները: Այդ գործիք ասվածը միայն գումարը չէ, այլ հնարավորություններն են, իսկ առաջին հերթին մտածելակերպն ու ցանկությունն է։ Անհրաժեշտ են լսումներ և քննարկումներ ոլորտի մասնագետների հետ, որպեսզի պարզվեն խնդիրներն ու գտնվեն լուծումները:
-Իսկ նման մարդկանց հետ քննարկումներ ու հանդիպումները չկա՞ն՝ ըստ ձեզ:
-Ես դա չեմ տեսնում: Ես միայն տեսնում եմ, որ Սփյուռքում ապրող հումանիստ մարդիկ, արվեստագետները ցանկություն ունեն ինչ- որ բաներ անելու, բայց նրանց բանի տեղ դնող չկա, կամ էլ բացակայում է այն համակարգը, որով իրենք իրենց ծրագիրն ավելի հեշտությամբ կարող են իրականացնել: Մի խոսքով, շատ գործ կա անելու Մշակույթի նախարարության ու կինոկենտրոնի հետ, բայց այդ գործերը մեծ դժվարությամբ են առաջ գնում:
Հայաստանում տաղանդներ շատ կան, բայց կինո չունենալու խնդիրը տաղանդի մեջ չէ, սիստեմի մեջ է: Եթե ֆիլմ ես նկարում ու ՀՀ տարածքից դուրս չի գալիս, այն երբեք չի կարող հետաքրքրիր լինել ներդրողների համար, իսկ պետությունն ամբողջ ծախսը չի կարող հոգալ և պետք էլ չի, որ հոգա: Եվ հետո մեր երիտասարդներն ավելի շատ բան կսովորեն դրսից եկողներից, եթե լինի այդ կապը։ Այսօր այն գրեթե չկա:
Հայաստանում դեռ չի կատարելագործվել սցենար գրելու արվեստը: Ինստիտուտում պետք է լինի սցենարիստների ուսուցում: Ավելի բաց պետք է լինեն այդ սցենարները՝ դեպի արտասահմանյան երկրներ: Լավ սցենար է պետք, որը կունենա ունիվերսալ կանոններ։ Անչափ կարեւոր են սցենարն ու արտադրական պրոցեսը: Այդ երկուսը միասին կարող են աշխատել, իսկ եթե չի աշխատում ո՛չ մեկը, ո՛չ մյուսը, ուրեմն կինո չի կարող ծնվել:
Աղունիկ Հովհաննիսյան