Նարինե Գրիգորյանը նկարահանվում է «Պարոն Ազնավուր» ֆիլմում
Մայիսի 30-ին Ֆրանսիայում մեկնարկել են հայազգի աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի մասին պատմող «Պարոն Ազնավուր» գեղարվեստական ֆիլմի նկարահանումները: Ֆիլմի դերասանական կազմում է Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար, դերասանուհի եւ բեմադրիչ Նարինե Գրիգորյանը:
Այս մասին հայտնում է BRAVO.am-ը՝ հղում անելով դերասանուհու ամուսնուն՝ դերասան Սերգեյ Թովմասյանին։ Դերասանը իր փայտե աշխատանքների ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ՝ խոսելով իր մուսայի և ոգեշնչման աղբյուրի մասին՝ ցավով է նշել, որ կինը կողքին չէ: «Նա Փարիզում նկարահանվում է Ազնավուրին նվիրված ֆիլմում. մարմնավորում է շանսոնյեի մորը: Նարինեն քասթինգի է մասնակցել ու հաստատվել դերի համար»,- ասել է Թովմասյանը:
«Պարոն Ազնավուր» ֆիլմի նկարահանումները Փարիզում ավարտվելուց հետո սեպտեմբերին շարունակվելու են Սոֆիայում: Աշխատանքը մեծ էկրաններին հայտնվելու է 2024 թվականի գարնանը, հայտնում է Variety-ն: