Դեպի կինո տանող նրա ուղին զարմանալի ու տրամաբանական էր՝ հոր պատրաստած նավակների նման, որ հրաշքով տեղավորվում էին փոքրիկ շշերի մեջ ու հայտնվում ճիշտ տեղում, ու առագաստային մարզաձևի նման, որում կարևորը առագաստի մեջ քամին բռնելն ու ափի մասին չմոռանալն է։

Երիտասարդ ռեժիսոր Մարիաննա Թովմասյանը կինոյում հայտնվեց անսպասելիորեն, բայց հենց այնտեղ գտավ այն ամենն, ինչ փնտրում էր՝ պատումը, իրականությունը, լուսանկարն ու ինքն իրեն։

-Ինչպե՞ս ստացվեց, որ հայտնվեցիք կինոյում։

– Ես այն եմ, ինչ դարձել եմ ընտանիքիս շնորհիվ։ Կապս ծնողներիս, արմատներիս հետ ինձ, իմ ինքնության համար չափազանց կարևոր է, ուստի, կարծում եմ, պետք է սկսել հենց նրանց մասին պատմելով։

Ես ծնվել եմ արվեստագետների ընտանիքում, որտեղ բոլորը մի քանի մասնագիտություն կամ հետաքրքրություններ ունեն։ Ես, հայրս, եղբայրս միշտ ինչ-որ որոնումների մեջ ենք, մեր հիմնական մասնագիտությունից զատ փնտրում ու գտնում ենք հոբբիներ, որոնք ամբողջությամբ կլանում են մեզ։ Միայն մայրս է, որ կարողանում է հավասարակշռել մեզ, որ չկորցնենք իրականության հետ կապը։

Հայրս մասնագիտությամբ կենսաֆիզիկոս է, բայց բազմաթիվ հետաքրքրություններ ունի։ Վաղուց մի զարմանալի, հրաշալի զբաղմունք ունի՝ շշերի մեջ նավեր է հավաքում։ Ի դեպ, աշխարհի կրկնակի չեմպիոն է։ Մանրակրկիտ, անասելի համբերատարություն, նվիրվածություն ու կենտրոնացում պահանջող այս աշխատանքը, միևնույն ժամանակ, ստեղծագործելու հրաշալի հնարավորություն է տալիս, և հայրս դրանում միշտ հաջողել է։

Հայրս նաև բարդ երգիչ է։ Ցավոք, դրան միշտ քիչ ժամանակ է հատկացրել, բայց շատ հմայիչ երգեր ունի։ Միշտ մտածել եմ, որ ինչ-որ ժամանակ ես էլ կերգեմ նրա երգերը, և հիմա փորձում եմ անել դա։ Հայրիկիս հիմնական գործունեությունը՝ առագաստային սպորտն է, նա  windsurfing մարզաձևի համահիմնադիրներից է Հայաստանում։ Այսօր նաև մարզադպրոց ունի՝ Երևանի առագաստային ակումբը, որտեղ մինչ օրս շուրջ 1500 երեխա է մարզվել։ Ինքս էլ 8 տարեկանից windsurfing-ով եմ զբաղվել՝ առագաստային սպորտի վարպետ եմ, չեմպիոն։

Ավագ եղբայրս հանրահահռչակ օպերային երգիչ է, միջազգային մրցույթների դափնեկիր է։ Մեր միջև 18 տարվա տարիքային տարբերություն կա, այդ պատճառով էլ համարում եմ, որ նա իմ ավագ ընկերն է, որից շատ հաճախ եմ խորհուրդ հարցնում և օրինակ վերցնում։ Մայրս մասնագիտությամբ բանասեր է, նաև անտիպ բանաստեղծությունների հեղինակ, մեր ընտանիքի մուսան ու մեզ իրար կապող ամենաամուր օղակը։

16 տարեկանում սպորտի վարպետ դարձա և օգնում էի հայրիկիս՝ մարզադպրոցում։ Այսօր էլ այդ աշխատանքս չեմ դադարեցրել, որովհետև անասելի սիրով եմ անում դա, ամեն օր նոր բան սովորելով։ Երբեք չէի մտածի, որ երեխաներից այդքան շատ բան կա սովորելու, այդքան իմաստնություն՝ կյանքի վերաբերյալ։ Այսօր մարզադպրոցն ու կինոն իմ կյանքի հիմնական բաղադրիչներն են։

-Բայց այս ամենի մեջ դեռ կինոյի մասին որևէ հուշում չկար։

-Կար։ Ես միշտ եմ երազել կինոյի մասին, որովհետև միայն կինոյում էին սինթեզվում իմ բոլոր հետաքրքրություններն ու պատկերացումները։ Մարզադպրոցում աշխատելիս՝ գովազդային նպատակներով, փոքրիկ պատմություններ էի նկարում՝ վիդեո, ֆոտո, տեքստ։ Այդ տարիներին սոցիալական մեդիա մարքետինգն այդքան զարգացած չէր, որքան այսօր։ Ինքս էի մտածում սյուժեն, իրականացնում նկարահանումները, մոնտաժը։ Մի՞թե սա կինոն չէ։ Այդ ժամանակ գիտեի, որ կինոն է իմ ապագան, բայց հստակ ուղղություն չէի ընտրել։ Հետո արդեն հասկացա, որ կինոն, հիմնականում, ռեժիսուրան է՝ մտահղացումը, մեկնարկային կետը, որից սկսվում է ողջ պրոցեսը։ Բացի այդ, ռեժիսորն անձամբ պետք է առնվազն պատկերացում ունենա ֆիլմարտադրության ողջ գործընթացի, բոլոր փուլերի վերաբերյալ, որովհետև, ի վերջո, խոսքն իր ուզած պատումը մարդկանց հասցնելու մասին է։

Այդ ժամանակ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում նոր ֆակուլտետ էր բացվել՝ ռեժիսուրայի, և, չգիտես ինչու, ես որոշեցի ընտրել դա՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի փոխարեն։ Ավարտական աշխատանքս Ռոբերտ Շեքլիի «Աշխարհների կրպակ» փոքրիկ պատմվածքի էկրանավորումն էր։

Իրականում, ես գրեթե ամբողջությամբ փոխել էի պատմվածքի տրամաբանությունը՝ աշխարհի վերջի մասին պատմող ֆանտաստիկ պատումը վերածելով խիստ անձնական, հոգեբանական, բայցև շատ պարզ պատմության։ Ֆիլմը միանգամից շատ լավ արձագանք գտավ, և առաջին փառատոնում՝ ”Славянское содружество”, որին այն ուղարկել էի, հաղթող ճանաչվեց՝ 500 հավակնորդներից, իսկ գլխավոր դերակատարը ստացավ մրցանակ՝ որպես լավագույն դերասան։  Ես այնքան թերահավատ էի վերաբերում այդ փառատոնում որևէ մրցանակ ստանալու մտքին, որ անգամ չէի մեկնել մասնակցելու և չէի հետևում նորություններին։ Բայց այդ հաղթանակը, կարծես, նշան էր, որ ես՝ որպես երիտասարդ ռեժիսոր, ինչ-որ արժեք ունեմ։ Թերևս հենց դա եղավ հիմնական պատճառը, որ որոշեցի շարունակել կրթությունս արտասահմանում՝ այս անգամ պրոդյուսերական մասնագիտությամբ։

-Կինոարտադրության այդ ճյուղը, կարծես, ամենաքիչն է կապված ստեղծագործական գործընթացի հետ։

– Այո, բայց դա այն ոլորտն էր, որն ինձ միշտ վախեցրել էր։ Արտադրությունը, հետարտադրական փուլերը, ֆինանսները ինձ միշտ ստիպել են մտածել ոլորտը թողնելու մասին։ Հատկապես, երբ ուսումնասիրում էի կինոյի պատմության ամենահաջողված ֆիլմերի արտադրական պրոցեսները։ Այդ կրթությունը վախը հաղթահարելու միջոց էր։ Չեմ կարծում, որ հետագայում կզբաղվեմ պրոդյուսերական գործունեությամբ, որովհետև ես ինձ տեսնում եմ ռեժիսուրայի մեջ, բայց, այնուամենայնիվ, պրոցեսների կառավարումը, դրանցից դուրս չմնալը որևէ փուլում ինձ համար կարևոր հանգամանք է։

Միանգամից մի քանի երկրում ընդունվեցի համալսարան, բայց ընտրեցի Բուլղարիան՝ «ՆԱԹՖԻԶ» կինոակադեմիան, պրոդյուսեր Լյուբոմիր Խալաչևի արվեստանոցը։ Ցավոք, ավարտական շրջանը համընկավ Covid-19 համավարակի հետ, և մեր բոլոր ծրագրերը՝ ֆիլմարտադրության հետ կապված, ուղղակի չեղարկվեցին, քանի որ Բուլղարիան ահռելի կորուստներ ունեցավ համավարակի ընթացքում։ Այդ նույն շրջանում ինձ աշխատանք առաջարկեցին ՀԲԸՄ գրասենյակում՝ որպես արտ-մենեջեր։ Տարբեր մշակութային միջոցառումներ էինք  կազմակերպում և նկարահանում, ստեղծագործում էի, թվում էր՝ ամեն ինչ լավ է, կյանքը դասավորվում է, հունի մեջ է ընկնում։ Բայց հենց այդ պահին, երբ ամեն ինչ հրաշալի էր, հասկացա, որ պետք է վերադառնամ Հայաստան, որովհետև, եթե չանեմ դա հիմա, այլևս երբեք չեմ անի։ Զարմանալի է, բայց ես ինձ երբեք պատրիոտ չեմ համարել։ Իհարկե, շատ սիրում եմ հայրենիքս, բայց երբեք չեմ կարծել, որ այն ինձ համար այսպիսի առաջնահերթություն կդառնա։

Շատ հստակ եմ հիշում այդ օրը, երբ երկար ու դժվար թղթաբանական  գործընթացներից հետո դուրս եկա միգրացիոն ծառայությունից՝ 3 տարվա կեցության քարտը ձեռքիս, ու հասկացա՝ ես ուզում եմ տուն գնալ։

-Ինչի՞ց էիք վախենում։

-Վախերի փուլն արդեն անցել էր։ Ուսանողական տարիներին կար այդ զգացողությունը, որ դու օտար ես, օդից կախված ես։ Իհարկե, կար Հայաստանը, տունը, ծնողներս, բայց կար նաև մի հարց՝ իսկ ես ո՞վ եմ։ Հետո արդեն այդ փուլը հաղթահարել էի, ընկերներ էի գտել, շրջապատ ձևավորել, աշխատանք ունեի։ Այնպես որ՝ դրսում լինելու վախն այլևս չկար, երբ վերադարձի որոշում կայացրեցի։

Այնպես էր ստացվել, որ 2020 թ․-ի մարտին Հայաստան էի եկել՝ ծնողներիս տեսության և ավարտական աշխատանքիս համար անհրաժեշտ հետազոտական աշխատանքն իրականացնելու համար։ Եվ, երբ սահմանները փակվեցին՝ համաճարակի պատճառով, մնացի այստեղ։ Այստեղ էի նաև պատերազմի ծանր, սարսափելի օրերին, այնպես որ՝ ես տեսա այն ամենն, ինչ կատարվում էր Հայաստանում, ու տեսա՝ ինչպես է փոխվում մեր երկիրը, մարդիկ։

ՀԲԸՄ-ում հրաշալի մարդկանց հետ աշխատելիս, հայ համայնքի հետ շփվելիս ուղղակի հասկացել էի, որ չեմ ուզում, որ Հայաստանի նկատմամբ կարոտը դառնա կյանքիս հիմնական մասերից մեկը։ Չէի ուզում ապրել առանց Հայաստանի՝ այն դեպքում, երբ ունեի հնարավորություն՝ լինել հայրենիքում։ Այդ ժամանակ մի նախագիծ էի ներկայացրել՝ կինոյի հետ կապված, որը հավանության արժանացավ, բայց որից հրաժարվեցի՝ Հայաստան վերադառնալու համար։ Հիմա այդ մասին չեմ էլ ափսոսում, որովհետև ուղղակի գիտեմ, որ կյանքում միշտ այդպես է, երբ ինչ-որ բան հասունացել է մտքումդ, միշտ ճիշտ ժամանակին ճիշտ դուռն է բացվում։ Եվ այն բացվեց․ Վերադառնալուց հետո առաջարկ ստացա մասնակցելու մի միջազգային նախագծի ստեղծման աշխատանքների, որի մասին դեռևս շատ բան պատմել չեմ կարող, բայց այն մեծ կինոպրոեկտ է, որում ես շատ պատասխանատու դեր ունեմ՝ որպես համառեժիսոր։

-Ասացիք, որ 2020 թ․-ին Հայաստան էիք եկել նաև ձեր թեզի վրա աշխատանքի նպատակով։ Ինչի՞ մասին էր ձեր ուսումնասիրությունը։

-Թեզս վերաբերում էր հայ կինոյի պատմությանը և դրա դերին՝ խորհրդային կինոյում։ Հենց այդ ընթացքում եկա եզրակացության, որ խորհրդահայ կինոն լրջագույն ներդրում է ունեցել ընդհանուր խորհրդային կինոյի պատմության մեջ։  Սա, իհարկե, որոշակի առումով խզում է առաջացնում արդի իրականության հետ, չնայած, որ հիմա էլ շատացել են միջազգային համագործակցությունները,  ինչը ևս, իմ կարծիքով, հրաշալի է։

Ուսումնասիրությունների մի մասը կարողացա իրականացնել, բայց համաճարակը թույլ չտվեց աշխատել այնպես, ինչպես ծրագրել էի։ Եվ հենց այդ ժամանակ ինձ շատ օգնեց Kinoashkharh.am-ը, որը դարձավ հայ կինոյի մասին ամենաբազմազան ու ամբողջական ինֆորմացիայի աղբյուրը։ Բացի բովանդակային հրաշալի որակը, ուզում եմ հատկապես առանձնացնել այն լեզուն, որով գրում է Kinoashkharh-ը։ Այդ մաքրամաքուր, սիրուն հայերենը շատ նման էր այն լեզվին, որը գործածում էր պապիկս, և որն այդքան հազվադեպ երևույթ է դարձել այսօր։

-Ի՞նչ է տալիս շարունակական կրթությունը կինոյում աշխատող մարդուն։

-Շատ կարևոր բաներ։ Բացի ակնհայտ պատասխանից՝ գիտելիքից, այն նաև որոշակի փորձառություն է տալիս, որի շնորհիվ ստեղծագործողն ունակ է  դառնում վերադառնալու իր նախորդ գործերին, վերանայելու, վերարժևորելու դրանք, տեսնելու այն վրիպումներն ու սխալները, որ կան դրանցում։ Կարծում եմ՝ շատ կարևոր է ինքդ քեզ վերաճելու կարողությունը։ Հրաշալի բան է՝ նայել հին ֆիլմերդ և մտածել, որ դու այդպես արդեն չէիր անի, տեսնել պրոֆեսիոնալիզմի պակասը և այլն։ Ինքդ քեզ վրա աշխատելու հնարավորությունը շատ կարևոր է՝ հատկապես ստեղծագործող մարդու համար։ Դա չլճանալու առաջին քայլն է։ Հիմա, երբեմն, ամաչում եմ անգամ հին ուսանողական  ֆիլմերս տարածել կամ ցուցադրել, չնայած, որ բոլորն էլ սիրում եմ։ Ուղղակի հասկանում եմ, որ չեմ ուզում և չեմ կարող բռնվել դրանցից, անցյալից, պետք է առաջ գնալ։ Որպես ռեժիսոր՝ միշտ ֆիլմն ավարտելուց հետո զգացողություն եմ ունենում, որ իմ գործն այլևս ավարտված է, ես ասել եմ իմ ասելիքը և վերջ։ Բայց դա ուղղակիորեն հակասում է հետարտադրական գործընթացին, որի մասին սկսում եմ մտածել արդեն որպես պրոդյուսեր։

– Իսկ այս երկու մոտեցումները հակասության մեջ  չեն մտնո՞ւմ։

– Մտնում են, բայց ես ինքս ինձ համար որոշել եմ, որ որպես մասնագիտություն ինձ համար կարևոր է ռեժիսուրան։ Դա այն է, ինչով ես ուզում եմ զբաղվել։ Պրոդյուսերական աշխատանքն ինձ համար, առնվազն այս փուլում, չի դիտարկվում որպես գործունեության հիմնական ոլորտ։ Բայց այն չափազանց կարևոր է ինձ համար, քանի որ, դրա իմացությունն ինձ թույլ կտա խուսափել շատ սխալներից, որոնք կարող են ճակատագրական լինել կինոյի համար։

– Այսօր, քաղաքական և պատմական այս իրադարձությունների համատեքստում, կարևո՞ր է արդյոք կինոն։ Ընդհանրապես, արվեստը ունա՞կ է ինչ-որ բան փոխել, կրթել, թե դա ևս մեկ միֆ է, որին ուզում ենք հավատալ։

– Ինձ թվում է՝ հիմա ճիշտ ժամանակն է, որ արվեստը սկսի փոխել ու կրթել։ Պատմությունը ցույց է տալիս, որ հենց այսպիսի ծանր, ճակատագրական պահերին են ի հայտ գալիս ամենամեծ, ամենակարևոր արվեստային պոռթկումները։ Հիմա, երբ բոլորիս մեջ կուտակված այսքան զգացողություն կա, պետք է թույլ չտալ, որ դրանք դրսևորվեն որպես տրավմա, որպես բացասական լիցք։ Պետք է ուղղել այդ էներգիան, որը կուտակվել է վերջին տարիների ընթացքում, դեպի նոր ու արժեքավոր ինչ-որ բանի ստեղծում։ Կարծում եմ, որ հենց դա է պատճառը, որ երիտասարդ ստեղծագործողները վերջին տարիներին սկսել են ավելի շատ համագործակցել դրսի գործընկերների հետ։

– Ինչպիսի՞ն պետք է լինի կինոն, որը պատկերացնում եք։

– Ժ․Լ․ Գոդարն ասել է, որ կինոն ճշմարտություն է, որ տեղավորվում է 24 կադր վայրկյանում։ Իմ կարծիքով, կինոն ճշմարտություն չէ, այլ պատում։ Կինոն պատմություններ պատմելու հնարավորություն և գործիք է։ Կինոն պետք է լինի այնպիսին, որ դիտելուց հետո հետհամ մնա, ոգեշնչի, մղի գործելու։

– Բայց կինոն կարող է նաև հուսահատեցնել։ Վստահաբար՝ ռեժիսորի պատկերացումը կինոյի վերաբերյալ և ավարտուն պրոդուկտը, սովորաբար, բոլորովին տարբեր բաներ են լինում։ Չեք վախենո՞ւմ այդ հիասթափությունից։

– Իհարկե, պատկերացումն ու պատրաստի կինոն միշտ իրարից տարբեր են լինում։ Առաջինը գործոնը, որի պատճառով դրանք կարող են իրարից շատ տարբեր լինել, օրինակ՝ բյուջեն է։ Միշտ չէ, որ ռեժիսորի նախնական պատկերացումը համընկնում է իրական ֆինանսական հնարավորությունների հետ։ Բացի այդ, երբ ֆիլմի նկարահանման գործում ներգրավվում են այլ մարդիկ՝ ստեղծագործական թիմը, դերասանները, մյուսները, այն, բնականաբար, փոփոխվում է։ Բայց ինձ համար կարևորը ձևը չէ, այլ այն պատմությունը, որն ուզում եմ պատմել։ Ես կարող եմ Տարկովսկու օրինակը բերել, որը նկարահանել է «Ստալկերը» և մոնտաժի ընթացքում հայտնաբերել, որ ժապավենն ամբողջությամբ խոտանված է։ Առողջական լուրջ խնդիրներ ունենալուց հետո, Տարկովսկին ստիպված է եղել վերանկարահանել ֆիլմը, որը, բնականաբար, զգալիորեն տարբերվել է առաջին տարբերակից։ Առաջին հայացքից սա իրական աղետ է, բայց իր հետագա հարցազրույցներից մեկում Տարկովսկին խոստովանում է, որ ստացված արդյունքն իրեն հուշում է, որ հենց այդպես էլ ամեն բան պետք է դասավորվեր։

Բացի այդ, դու միշտ ունես հանդիսատես, որը ցանկացած ինֆորմացիա անցկացնում է իր ապրումների, կենսափորձի միջով։ Օրինակ, երբ ես նկարահանեցի իմ «Աշխարհների կրպակը» ֆիլմը, շատ տարբեր արձագանքներ ստացա։ Մարդիկ այնպիսի եզրահանգումների էին եկել ֆիլմը դիտելիս, որոնց մասին ես անգամ չէի մտածել։ Դա այն չէր, ինչ ես ցանկացել էի հասցնել ֆիլմը դիտողին։ Բայց հանգամանքը, որ ասելիքս տեղ չի հասել, ինձ ոչ թե տխրեցնում էր, այլ ուրախացնում, որովհետև պարզվում էր, ես այդ մարդկանց տարածք ու հնարավորություն եմ տվել մտածելու, զգալու, եզրահանգումներ անելու։ Եվ դա հրաշալի է։

 Հարցազրույցը՝ Սոնա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ