Ջազը խորհրդային կինոարվեստում
Խորհրդային կինոարվեստում ջազի, որպես էական տարրի կենսագրությունն առանձնապես երկար չէ։ Եթե չհաշվվեն վավերագրական կինոնկարներն ու մուլտիպլիկացիոն ֆիլմերը, ապա խորհրդային ողջ պատմության ընթացքում՝ 1934 թվականից սկսած, երբ առաջին խորհրդային հնչյունային երաժշտական կինոն է թողարկվել, մինչեւ 1991 թվականը, երբ դադարել է գոյություն ունենալուց ԽՍՀՄ-ը, մոտ 10-12 լիամետրաժ գեղարվեստական կինոնկար կարելի է հաշվել, որոնցում ջազը սյուժետային կարեւոր բաղկացուցիչ է։
Նշենք, որ հնչյունային կինոն Խորհրդային Միությունում սկսվեց մի փոքր ուշացումով։ Աշխարհում առաջին հնչյունային կինոնկարը «Ջազ երգիչն» էր, որ թողարկվեց ԱՄՆ-ում 1927 թվականին, իսկ խորհրդային կինեմատոգրաֆը կարողացավ հնչուն կինոյի նոր տեխնոլոգիան յուրացնել միայն 1931 թվականին։ Ընդ որում, խորհրդային առաջին հնչուն ֆիլմը «Ուղեգիր դեպի կյանքն» էր, որ համարվում է լուրջ սոցիալական դրամա, որտեղ պատմվում է քաղաքացիական պատերազմից հետո որբ եւ թափառական երեխաների սոցիալականացման մասին։ Երաժշտական հնչուն կինոն խորհրդային իրականությունում հայտնվեց միայն 1934 թվականին, որը եղավ «Ուրախ տղաները»։ Ի սկզբանե նախատեսվում էր այն անվանել «Ջազ կատակերգություն», եւ այս բառակապակցությունը պահպանվեց կինոնկարի սկզբնական շրջանի գովազդային ցուցապաստառներում, որպես «Ուրախ տղաների» ենթավերնագիր։ Կինոնկարի ռեժիսորը Գրիգորի Ալեքսանդրովն էր, կոմպոզիտորը՝ խորհրդային ջազի նահապետներից Իսահակ Դունաեւսկին։ Գլխավոր դերում հանդես է եկել լենինգրադյան «Տեա ջազ»-ի ղեկավար, Օդեսայի էստրադային ատրիստ Լեոնիդ Ուտյոսովը, որը սկսել էր իր կարիերան ժամանցային ժանրում դեռ հեղափոխությունից առաջ։
Սցենարի նախնական տարբերակի հիմքում Ուտյոսովի եւ հայտնի երգահան Իսահակ Դունաեւսկու համագործակցությունն է եղել։ Նրանք միասին 1933 թվականին աշխատել են «Թեա ջազի» ամենից հաջողված ներկայացման «Երաժշտական խանութի» վրա եւ կինոնկարը պետք է կրկներ էստրադային շոուի հաջողությունը։ Պատահական չէ, որ գլխավոր պերսոնաժը, որին մարմնավորում էր Ուտյոսովը, երկու դեպքում էլ ուներ Կոստյա Պոտեխին անունը։
Միայն թե կինոնկարում նա ոչ թե երաժշտական խանութի վաճառող է, այլ կոլտնտեսության հովիվ եւ միաժամանակ նաեւ՝ ինքնագործ երաժիշտ։ Սկզբնական շրջանում կուսակցական ղեկավարությունը բավականին կասկածամտորեն է տրամադրված եղել «Ջազ-կատակերգության» հանդեպ եւ հակված է եղել «Ուրախ տղաներին» թույլ չտալ էկրան բարձրանալ։ Սակայն Կրեմլի հայտնի գիշերային կինոդիտումներից մեկի ժամանակ, ի հեճուկս կուսակցական գաղափարախոսների, կինոնկարը դուր է եկել գլխավոր դիտող համարվող Իոսիֆ Ստալինին եւ բառացիորեն արդեն հաջորդ օրը սկսվել է կինոնկարի մեծ եւ փառավոր կենսագրությունը, որը դառնում է խորհրդային կինոարվեստի ամենից հայտնի երաժշտական կատակերգություններից մեկը։
Մաքուր ջազը, որպես այդպիսին, այս կինոնկարում քիչ է, սակայն ջազն անխոս ունեցել է իր ազդեցությունը ռիթմիկայի, նվագախմբային կատարումների, երգերի մեղեդիների բուն գործիքային ուղեկցության վրա՝ սկսած «Ուրախ տղաների քայլերգից» մինչեւ «Շնորհակալ եմ քեզ սիրտ» լիրիկական քացրահնչյուն տանգոն եւ Լյուբով Օռլովայի ու Լեոնիդ Ուտյոսովի կատարած «չաստուշակները»՝ «Տյուխ-Տյուխ» էքսցենտրիկ համարում։
Բազմաթիվ սյուժետային շրջադարձեր եւ նույնիսկ կինոնկարի ամբողջական տեսարաններ Ալեքսանդրովը վերցրել էր արեւմտյան կինոարտադրանքից, որի հետ ծանոթացել էր «Ուրախ տղաների» թողարկումից մի քանի տարի առաջ ԱՄՆ գործուղման ժամանակ։ Նա ծանոթ էր նաեւ վախթանգովյան նախահեղափոխական ստուդիայից իր համադասարանցի, ռեժիսոր Ռուբեն Մամուլյանի «Love Me Tonight»-ին։
Որոշ դեպքերում «Ուրախ տղաները» առաջ էին անցել նաեւ արեւմտյան կինոնկարներից։ Ուշագրավ էր այն, որ գյուղական տեսարանները, որտեղ ներկա է գլխավոր հերոս Կոստյան, նկարահանվել են Աբխազիայում, որն հայտնի է իր գեղատեսիլ բնապատկերներով։Սակայն առավել կարեւոր եղավ այն, որ «Ուրախ տղաները» արդարացրեցին այն սպասումներն ու ակնկալիքները, որ ուներ խորհրդային հասարակությունը։
Հեղինակ՝ Կիրիլ Մաշկով «Джаз.Ру»-ի խմբագիր
Պատրաստեց Արամ Յանինը