Հին ու նոր հայկական կինոն՝ Կաննում․հարցազրույց պրոդյուսեր Թամարա Արշակյանի հետ
Մայիսին արդեն 76-րդ անգամ տեղի ունեցավ կինոաշխարհի ամենակարևոր իրադարձություններից մեկը՝ Կաննի միջազգային կինոփառատոնը։ Այս տարի այն անցկացվում էր համաշխարհային բարդ զարգացումների ֆոնին՝ ռուս-ուկրաինական պատերազմ, Եվրոպայում հասարակական անհանգստություններ, մասնավորապես՝ Ֆրանսիայում կենսաթոշակային տարիքի բարձրացման դեմ զանգվածային ցույցեր։ Կաննի փառատոնն էլ, ասես, փորձեց պացիֆիստական օրակարգ առաջ քաշել։ Պատահական չէ, որ 76-րդ «Ոսկե արմավենու ճյուղը» ստացավ ֆրանսուհի ռեժիսոր Ժյուստին Թրիեի «Անկման անատոմիա» ֆիլմը, որը «պատերազմի» մասին է, բայց միջանձնային ու ներքին պատերազմի, որը կուրացնում է ու որպես կանոն՝ հանգեցնում կործանման։
Սակայն հայ հանրության համար այս տարվա Կաննի կինոփառատոնը հատկանշական էր մեկ այլ պատճառով։ 57 տարի անց Կաննում կրկին ցուցադրվեց Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմի վերականգնված տարբերակը։
Հայկական հին կինոյից զատ Կանն էր «գնացել» նաև ժամանակակից հայ կինոն՝ պատերազմը և մարդու ներքին խռովությունները հաղթահարելու սեփական տեսլականով․․․ Աշխատանքային «Պատերազմ» անվանումով ակնկալվող կարճամետրաժ ֆիլմի մասին զրուցեցինք պրոդյուսեր Թամարա Արշակյանի հետ՝ փորձելով հասկանալ՝ մրցունակ է արդյո՞ք հայկական կինոն հիմա, ինչպե՞ս է մեր ֆիլմերն ընդունում Եվրոպան, ինչո՞վ է պայմանավորված հայաստանյան կինոլորտում մի շարք մասնագետների բացը։
Թամարա Արշակյան – Կանն էինք գնացել «Պատերազմ» ֆիլմով։ Սցենարիստը և ռեժիսորը Սարգսյան Նաիրան է։ Սցենարն ամբողջությամբ պատրաստ է։ Կինոկենտրոնը տրամադրել է ֆինանսավորման 60%-ը։ Հիմա մնացած մասն ենք փորձում գտնել։
Ֆիլմն ընդհանուր առմամբ պատերազմների մասին է։ Ռեժիսորն իր մտքում ունեցել է Հայաստանում ծավալվող/ծավալված պատերազմները՝ ցանկանալով աշխարհին պատմել մեր պատմությունը։ Ֆիլմը պացիֆիստական է, ցույց է տալիս իրար դեմ պատերազմող մարդկանց էմպատիան, ու թե ինչպես են նրանք նույն էմոցիաներն ապրում՝ չնայած պատերազմի հակառակ կողմերում են գտնվում։
Սա իմ առաջին պրոդյուսերական աշխատանքն էր։ Բայց քանի որ երկար ժամանակ է՝ բիզնես պրոյեկտներում եմ ներգրավված, ինձ համար բավականին հեշտ էր հասկանալու պրոդյուսերի աշխատանքի էությունը։
-Ի՞նչ դժվարությունների եք բախվել ֆիլմի վրա աշխատելիս, գուցե նաև հետո՝ արդեն Կաննում։ Ինչպե՞ս են ընդունում հայկական կինոն արտերկրում։
-Բարդ էր ֆինանսավորման հետ կապված առաջին անգամ մերժվելը։ Հետո ռեժիսորը սցենարային շտկումներ արեց, կրկին դիմեցինք ու ստացվեց։ Ինչ վերաբերում է Կաննին․ այնտեղ տարբեր երկրների՝ հատկապես Լեհաստանի, Ֆրանսիայի, Բելգիայի ներկայացուցիչների հետ ենք շփվել։ Նրանց մեր թեման շատ հետաքրքրեց։ Ու հիմա նույնիսկ պոտենցիալ գործընկեր ունենք Ֆրանսիայից, որի հետ ֆինանսավորման հարցերն ենք քննարկում։
Մի հետաքրքիր դեպք պատմեմ։ Մեզնով նաև թուրքական ընկերություն հետաքրքրվեց։ Սկզբում մտածեցինք՝ գուցե ինչ-որ դիվանագիտություն են վարում՝ ցանկանալով նման թեմայով ֆիլմ ֆինանսավորել։ Հետո պարզվեց՝ այդ ընկերության ղեկավարը մի կին էր, որի տատիկը հայ է եղել։ Եվ նա անպայման ուզում էր հայերին օգնող ինչ-որ գործում ներդրում ունենալ՝ չնայած խոստովանում էր, որ գուցե ռիսկային քայլ է անում։ Բայցի այդ, թուրքական տաղավարում էինք հանդիպել, ու այդ կինը մեր զրույցի ժամանակ «գենոցիդ» բառն օգտագործեց։ Այնտեղ գտնվող բոլոր թուրքերը լարվեցին․․․ Նույնիսկ եթե չգործակցենք, այնտեղ գտնվելը և ցեղասպանության ու պատերազմի մասին խոսելն էլ կարևոր էր։ Հավելեմ՝ մենք նշում ենք, որ ֆիլմի հիմքում հայ-ադրբեջանական հակամարտությունն է։ Եվ ավելի հակված ենք՝ ֆրանսիացիների հետ աշխատելու։
-Նախատեսո՞ւմ եք, որ ֆիլմն ապագայում կներկայացվի հայ հանդիսատեսին։
–Կարճամետրաժ ֆիլմերը դիստրիբուցիայի տեսանկյունից խնդրահարույց են։ Հույս ունենք՝ ավելի շատ փառատոնների մասնակցել, Mubi կամ Criterion Collection-ի միջոցով առաջ գնալ։ «Ոսկե ծիրան» էլ ենք դիմել։
-Հե՞շտ է արդյոք լինել հայկական ֆիլմի պրոդյուսեր։ Ու ինչպե՞ս սկսել այդ գործով զբաղվել Հայաստանում։
-Խնդիրը հայկական ու ոչ հայկական կինոն չէ։ Չնայած գուցե եթե օրինակ ամերիկյան ֆիլմով զբաղվեի, ամեն ինչ ավելի հեշտ լիներ․․․
Այնուհանդերձ, կա մի քանի պայման՝ նախ հարկավոր է ֆիլմը հասկանալ, հավատալ դրան։ Ֆիլմարտադրության մեջ կան թրենդեր, թեմաներ, որոնց մասին աշխարհը կամ ուզում է խոսել, կամ չի ուզում։ Այս պահին աշխարհը՝ մասնավորապես՝ Եվրոպան, խաղաղության մասին է գոռում-գոչում, մեր ֆիլմն էլ այդ մասին է։
Պրոդյուսերի դերը մեծմասամբ շահագրգիռ կողմերին գտնելն ու իրար կապելն է։ Եթե թվային աշխարհին ծանոթ եք, սիրում եք հետազոտություններ անել, մարդկանց հետ շփվել, ուրեմն հանգիստ կարող եք այս գործով զբաղվել։ Ամենակարևորը՝ պետք է սիրես կինոն, հասկանաս՝ ինչպես է այդ աշխարհը կառուցված։
-Այնուամենայնիվ, մասնագետները քիչ են։ Ու հայկական ժամանակակից կինոլորտը ասես չմշակված դաշտ լինի։
–Պրոդյուսինգով հետաքրքվող մարդկանց համար այս դաշտը բաց է։ Կարծում եմ՝ խնդիրներից մեկը կրթությունն է, մասնագիտական դասընթացների բացակայությունը։ Նաև մարդիկ, որոնք նորեկներին պետք է ուղղորդեն, նոր տեխնոլոգիաներին գուցե չեն տիրապետում։ Կարելի է հետազոտություններ անել, պրպտել, սեփական գաղափարներով առաջ շարժվել։ Այսօր անցյալի բյուրոկրատիան մի քիչ կոտրվել է։ Ու ես չեմ հասկանում՝ ինչու այս բոլոր հնարավորություններից մարդիկ չեն օգտվում։
-Դո՞ւք ինչպես հայտնվեցիք կինոյում։
–Նաիրա Սարգսյանը եղել է իմ մենթորը։ Երբ դեռ դպրոցական էի, նա ինձ ցույց տվեց ամերիկյան կոմերցիոն ֆիլմերից դուրս լրիվ ուրիշ ֆիլմաշխարհ։ Ամառային արձակուրդներին գրքերի ցանկին զուգահեռ նաև ֆիլմերի ցանկ ունեի։ Հիմա էլ նրա հետ նոր նախագծի վրա ենք աշխատում։ Լիամետրաժ ֆիլմի սցենար կա, մշակման փուլում է։
-Չեմ կարող չհարցնել Ձեր սիրած ֆիլմերի/ռեժիսորների մասին։
-Վոնգ Կար-Վայ․ նրան սիրում եմ տարօրինակության, գույների, էսթետիկայի համար։ Նրա ֆիլմերն եմ նայում, երբ ուզում եմ թուլանալ, թողնել՝ էմոցիաներս գնան ֆիլմի հետևից։
Անտոնիոնի․ նա ինձ ստիպում է ավելի լայն մտածել, ինքս ինձ բացահայտել։ Նա էլ հանճարեղ ձևով խոսում է պարզ բաների մասին։
Բերտոլուչի ու Գոդար․ էսթետիկայի վարպետներ են։
-Նաև շատ եք ճամփորդում ու սոցիալական հարթակներում կիսվում ձեր զգացողություններով ու ապրումներով։ Ձեր թվարկած ռեժիսորների ձեռագիրը զգացվո՞ւմ է դրանցում։
-Ես ինձ նրանց էսթետիկայի մեջ եմ զգում։ Մոտ օրերս, օրինակ, գնալու ենք Անգլիա, իմ երազանքների երկիր՝ Իսլանդիա, հետո՝ Մալյորկա։ Ու, առհասարակ, ճամփորդելիս ամենահայտնի վայրերը չեմ սիրում գնալ, որովհետև հենց փոքրիկ քաղաքներում, գյուղերում ես ծանոթանում ազգերի առանձնահատկություններին ու զգում՝ որքան ազատ են իրականում մարդիկ։
Զրույցը՝ Դիանա Գասպարյանի