ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ

Շարունակելով նախորդ մասում՝ արծարծված պատմական կարևոր այս դրվագի քննությունը՝ նշենք, որ 1919-ի աշնանը դեպի Հայաստան ուղարկված ամերիկյան ռազմական առաքելությունը սկսվեց մի ժամանակ, երբ 1918-ի հոկտեմբերի 30-ին կնքված Մուդրոսի զինադադարը թուրքերի կողմից ոչ միայն կոպտորեն խախտվում էր, այլև երիտթուրքերի սկսած ցեղասպանությունը շարունակելու փորձ էր արվում՝ արդեն Արևելահայաստանում: Այդ նպատակով թուրք հրահրիչները տեղացի քրդերի ու թաթարների շրջանում քարոզ էին տանում՝ ատելություն սերմանելով հայերի դեմ:

Գեներալ Հարբըրդը, թեև ինքն անձամբ Կողբի մոտակայքում վկա դարձավ թաթար զինյալների հարձակմանն [1] ու իր ենթազեկույցներից մեկում արձանագրեց Նախիջևանում թուրք-թաթարական զինված համագործակցության մասին, այնուամենայնիվ, թերագնահատեց հայերին սպառնացող վտանգը՝ նշելով, որ «Սև ծովից մինչև Պարսկաստան՝ կտրելով թրքական սահմանն իրենք չեն գտել ոչինչ, որ կհաստատեր» այդ վտանգը, բացառությամբ  մեկ հատվածի՝ Նախիջանի և պարսկական սահմանի մոտ: Հարկ է նշել, որ այդ ժամանակ Նախիջևանը թեև Հայաստանի սահմաններում էր, սակայն  Դաշնակից տերությունների  գերագույն հանձնակատար Ուիլյամ Հասկելի առաջարկով՝ չեզոք գոտի էր, և ուներ  Հասկելի կողմից նշանակված ամերիկացի կառավարիչ:

«Ադրբեջանը սահմանային գործողություններ է հետապնդում պարսկական սահմանին՝ Նախիջևանի և Շարուրի մոտ, որտեղ թաթարական բնակչության երկու խմբերին բաժանում է հայկական գյուղերի ոչ մեծ մի բարձունք, որով էլ Ադրբեջանը հույս ունի դեպի Թուրքիա՝ մահմեդականներին միավորող երկաթգիծ կառուցել»,- հաղորդում է Հարբըրդը [2]՝ այնուհետև ժխտելով հայերին սպառնացող որևէ նոր վտանգի առկայությունը:

Մինչդեռ ամերիկյան առաքելության մեկնարկից առաջ՝ 1919-ի օգոստոսի 6-ին, Փարիզի խաղաղության կոնֆերանսի նախագահ Ժորժ Քլեմանսոյին ուղղած նամակում[3], որի պատճենն ուղարկվել էր նաև գեներալ Հարբըդրին, կոնֆերանսի հայ պատվիրակներ Պողոս Նուբարն ու Ավետիս Ահարոնյանը նշում էին․ «Խրախուսված անգլիական զորախմբերի նահանջից՝ հրահրիչները, թուրքական ուժերի մեծ հարձակում ակնկալելով, փորձում են ռուսաստանյան բոլշևիկների հետ կապ հաստատել (… )Երիտթուրքերը, որ հիմա ապաքինվել են, փորձում են ուժգին հարված հասցնել՝ խափանելու անկախ Հայաստանի ստեղծման հնարավորությունը»։

 Ամենևին չուրանալով ամերիկան առաքելության և անձամբ Հարբըդրի ունեցած դերը հայ փախստականներին և նորանկախ Հայոց պետականությանը մեծածավալ օգնություն տրամադրելու գործում՝ փորձենք հասկանալ, թե ինչու Հարբըրդը, որ տեսել էր իր այցից բառացիորեն օրեր առաջ ավերված, թալանված ու ցեղասպանության ենթարկված 4000 բնակիչ ունեցող բարգավաճ Կողբը, ավելին՝ հենց Կողբի մոտակայքում հարձակման ենթարկված ու պատանդ վերցված իր գործընկերներին ազատելու նպատակով թաթարա-թրքական հրոսակախմբի հետ անձամբ էր բանակցել, ի վերջո, անտեսեց  հայերին ու Հայոց պետականությանը սպառնացող իրական վտանգը: Այսպես, Փարիզում ամերիկյան առաքելության ղեկավար Ֆ.Լ.Պոլկին  ուղղված ՝ 1919 թ.-ի հոկտեմբերի 6-ի հեռագրում[2] Հարբըրդը հաղորդում է հետևյալը. «Մենք կարծում ենք, որ  թուրք պաշտոնատարները զինադադարի պայմանները պահում են, և բանակը դեմոբիլիզացվել է մինչև իր կմախքը (…)Մեր ողջ ճափորդության ընթացքում մենք չտեսանք ոչինչ, որ կմատնանշեր, թե Թուրքիայի նպատակն է հատել սահմանն ու մորթել հայերին, ինչպես ակնկալվում էր Անդրկովկասից ստացված հեռագրերում՝ Փարիզից մեր մեկնումից առաջ, և հայ պաշտոնատարների կողմից էլ նման չարագործությունների մասին չի հաղորդվել: Հավատացեք, Թուրքիան նման նպատակ իրագործելու ո՛չ կարողություն, ո՛չ էլ տրամադրվածություն ունի, և ներկա իշխանավորները ընդունում են նախկին կառավարության  քաղաքականության ճակատագրական արատավորությունը»։

 Այսինքն, ստացվում է, որ 1919-ի հոկտեմբերի 1-ին Երևանում հանդիպելով Հարբըրդին՝ վարչապետ Խատիսյանը մտահոգություն չէ՞ր հայտնել… Դա հակասում է այլ հեռագրերում եղած փաստերին.

Վիլսոն 2

Հարբըրդն ու Խատիսյանը Երևանում. կադր՝«Ամերիկյան ռազմական առաքելություն դեպի Հայաստան» (1919) համր ֆիլմից

այսպես, Պողոս Նուբարի ու Ահարոնյանի՝ Քլեմանսոյին ուղղված 1919-ի օգոստոսի 6-ի վերոնշյալ նամակում[3] եղած ահազանգը հիմնված էր հենց Խատիսյանից ստացված հաղորդման վրա. «Հայաստանի հանրապետության դեմ Արաքսի հովտում կազմակերպվել է լայնամասշտաբ թրքաթաթարական շարժում, որի գլուխ կանգնած են գնդապետ Քյազիմ բեյն ու բազմաթիվ թուրք սպաներ»։   

Նշենք, որ ըստ Խատիսյանի հաղորդած տեղեկությունների՝ Քյազիմ Կարաբեքիրին, որին հետագայում Կարսն առանց մարտի հանձնելու առիթով հյուսած երգում [4] են հիշատակում, աջակցում էին թրքական կանոնավոր զինված ուժերը Օլթիում ու Սարիղամիշում: Իսկ  սահմանի մյուս կողմում՝ Խորասան-Զիվին հատվածում, Քյազիմի թիկունքում էր թրքական 12-րդ դիվիզիան: Հարբըրդը նույն՝ 1919 թ.-ի հոկտեմբերի 6-ի հեռագրում [2]իհարկե հայտնում է, որ «որոշակի անկանոն սահմանային պատերազմ կա Ռուսահայաստանի հարավային սահմանի երկայնքով», և «անկասկած», որոշ նախկին թուրք սպաներ ու զինվորներ  դեմոբիլիզացիայից հետո «ծառայություն են փնտրում Ադրբեջանական ուժերում», բայց ահա թե ինչն է հետաքրքիր.մինչև Երևանում Խատիսյանին հանդիպելը՝ Հարբըրդը, ըստ զեկույցների հաշվետվության՝ 1919-ի սեպտեմբերի 20-ին Սեբաստիայում (Sivas) երկարատև կոնֆերանս էր ունեցել Քեմալի հետ՝ ի թիվս այլոց, հանդիպելով և՛ Կարաբեքիրին, և՛ 12-րդ դիվիզիայի հրամանատար գնդապետ Սալահադդինին: [2]  Տարակուսանք է հարուցում այն, որ Հարբըրդն անտեսում էր Հայաստանի անկախությանն ու հայերին սպառացող վտանգն այն դեպքում, երբ այդ մասին հաղորդում էին ոչ միայն հայ պատվիրակները, այլև անձամբ ԱՄՆ պետքարտուղար Ռոբերտ Լանսինգը: Վերջինս 1919-ի օգոստոսի 21-ին Հայաստանի անկախության ամերիկյան կոմիտեի նախագահ  Ջեյմս  Ջերարդին ուղղված հույժ գաղտնի նամակում նշում է, որ  իրավիճակը «ծանր» է, և որ «Հայաստանի համարժեք և արդյունավետ պաշտպանությունը հնարավոր է միայն  Դաշնակից կամ ամերիկյան ռազմական ուժերի միջոցով»։ [5]

Ինչպե՞ս բացատրել ու մանավանդ՝ միավորել այս իրարամերժ փաստերը: Այժմ արդեն լայնորեն հայտնի է, որ Քեմալը մոլորեցրել է Լենինին. մի՞թե Քեմալին հաջողվել է նաև ու նախևառաջ՝ մոլորեցնել Հարբըրդին, թե՞ կան չբացահայտված այլ գործոններ…

Քեմալն ու Հարբըրդը 

«Մեր դարի և ոչ մի գաղտնի հանդիպում իրադարձությունների ընթացքն այնքան չի փոխել, որքան այն հանդիպումը, որ տեղի ունեցավ 1919-ի սեպտեմբերի 22-24-ը Սվասում՝ ամերիկացի գեներալ Հարբըրդի  և Մուստաֆա Քեմալի ու Ռաուֆ Օրբայի միջև: Այդ դրվագը իր տեղը կպահի ՝ որպես երիտասարդ Թուրքիայի հանրապետությանը զարկ տված իրադարձություններից մեկը»,- իր հրապարակած հուշերում [6] գրում է Մուստաֆա Քեմալի վստահված անձը՝ Քըլըչ Ալին:

Փաստորեն, այդ հանդիպման արդյունքում Հարբըրդի վերջնական զեկույցում ներառվեցին Սվասում ստեղծված «Անատոլիայի և Ռումելիայի իրավունքների պաշտպանության ընկերություն» քեմալական շարժման սեղմ հուշագիրը, Սվասի կոնգրեսի տասը կետանոց  հռչակագիրն ու Քեմալի ստորագրությամբ դիմումն ԱՄՆ Սենատի նախագահին, որում Քեմալը խնդրում էր Սենատին «խաղաղության պայմանագրով Օսմանյան կայսրության տարածքների ու ժողովուրդների կամայական տնօրինումը թույլ տալուց առաջ՝ հանձնախումբ ուղարկել կայսրության բոլոր ծայրերը»։

Ահա այսպես, ամերիկյան առաքելությունը դեպի Հայաստան՝ դարձավ առաքելություն դեպի Թուրքիա: Քըլըչը գրում է, որ տարիներ անց է միայն Քեմալն իրեն բացատրել այդ հանդիպման կարևորությունը, և մեջբերում է Քեմալի խոսքերը. «Եթե այն օրերին մենք չկարողանայինք ճշմարտությունը բացատրել գեներալ Հարբըրդին, ապա կարող էինք անդառնալի վնաս կրել»։

 Ի՞նչ ճշմարտություն էր բացահայտել Քեմալը Հարբըրդի համար, և ինչու՞ Հարբըրդի զեկույցի հրապարակումից հետո այն ԱՄՆ Կոնգրեսին հասանելի դարձավ գրեթե կես տարի անց միայն՝ 1920 թվականի ապրիլին: Պատահակա՞ն էր արդյոք, որ հենց 1920-ի ապրիլին էլ Քեմալին հաջողվեց Անկարայում ձևավորել «Ազգային մեծ ասամբլեա»՝ պառլամենտ. պաշտոնական կապ հաստատել բոլշևիկյան Ռուսաստանի հետ՝ անմիջապես ստանալով ոսկի, զենք, ապա և՝ հումք, երկու ռազմանավ և գործարաններ: Անշուշտ, առանց բոլշևիկների այսօր Թուրքիա չէր լինի, բայց սա դեռ ամենը չէ.պատմության կինոպարույրն ունի ոչ միայն զուգահեռ իրականություններ, որոնցից մեկում էլ մնաց վիլսոնյան Հայաստանը, այլև ՝ զուգահեռ կամ անտեսանելի սցենարիստներ ու դերասաններ…

“There ain’t going to be no Turkey” W. Wilson.

«Թուրքիա չի լինի»,-կատակով արտաբերել էր ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը1912-ի դեկտեմբերին՝ իր վստահված անձ և խորհրդատու Էդվարդ Մանդել Հաուսի հետ բալկանյան առաջին պատերազմի առնչությամբ մի քննարկման ժամանակ, երբ դեռ նոր էր նախագահ ընտրվել: Հատկանշական է, որ Հաուսը, որի հետ Վիլսոնի հարաբերությունները հետագայում ծայրաստիճան լարվեցին, հակեց Վիլսոնին այն գաղափարին, որ պետք է Թուրքիան ոչ թե բաժանել հաղթող կողմերի միջև, այլ ինքնավարության տանել՝ «ըստ ռասաների»:[8]   

Փարիզի խաղաղության կոնֆերանսում արդեն հստակ էր, որ թրքական կառավարությունը հայտնվելու է որևէ մանդատի ներքո: Թուրքիայի արտաքին հարաբերությունները պետք է առնվեին բացարձակ հսկողության տակ. ոչ մի դեսպան, էմիսար կամ դիվանագիտական գործիչ չէր լինելու Թուրքիայում, և Թուրքիան էլ ոչ ոքի չէր ուղարկելու այլ երկրներ: Սակայն Ազգերի լիգայի դատի առաջ կանգնած երկիրը ղեկավարել հավակնող Քեմալի քաղաքական հոտառությանն ու ճարպկությանը կնախանձեին անգամ Մաքիավելլին ու Թալեյրանը. նկատեք, Հարբըրդի առաքելությունը սկսելու հաջորդ իսկ օրը՝ 1919-ի սեպտեմբերի 9-ին, Քեմալը Սվասում կոնգրեսի նիստ գումարեց, իսկ այն օրերին, երբ Փարիզում թրքական պատվիրակությունը կապիտուլացիա էր ստորագրում՝ Քեմալը, Կարաբեքիրն ու թուրք մյուս կարկառուն նացիոնալիստները Հարբըրդի առաքելության անդամներին Էրզրումում «հայերի ավերածություններն էին ցուցադրում»:

Վիլսոնյան դոկտրինը ազգայնականության սկզբունքով մեկնաբանելով ՝Քեմալը Հարբըրդի զեկույցին կցված իր փաստաղթղթերում դիմում է «անաչառ ԱՄՆին՝ իրենց փրկելու նենգամիտ ճնշումից, և արագացնելու իրենց զարգացումը»: Նա հավաստիացնում է, որ Թուրքիան հեռու է բոլշևիզմից, և «պետք եղած ժամանակ՝ դրա դեմ կպայքարի»: ժխտելով բոլշևիկների հետ իրենց կապը՝ Քեմալը նման լուրերն  անգլիական հերյուրանք է համարում: Նույն բացատրությունն է բերում նաև՝ թուրանիզմը թուրքական քաղաքականության  բաղկացուցիչ  մաս լինելու առումով. դա ևս անգլիական  կողմի զրպարտանքն է:[7] Զեկույցում առկա են Քեմալի՝ ամերիկյան կողմին ուղղված  «դասական կեղծավորության» օրինակներ՝  նախկին կայսրության տարածքային ամբողջականության պահպանումը մեկ ուժին ապավինելու առումով: Եվրոպական տերություններին մեղադրելով Թուրքիայի հանդեպ քաղաքական ինտրիգների ու երկիրը թուլացնելու մեջ՝ Քեմալը հայտարարում է, որ «Ամերիկան  միակ երկիրն է, որ կարող է օգնել» իրենց, և երաշխավորում, որ հայերի հանդեպ թուրքական նոր բռնություններ տեղի չեն ունենա: [7]

Թուրքական վայրագությունները որպես հայերի հարձակումների պատասախան ներկայացնելով՝ Քեմալն անգլիացիների և եվրոպական ուժերի մեքենայություններին է վերագրում ազգամիջյան բախումների հրահրումն այնտեղ, որտեղ «դարերով կողքկողքի ապրել են մահմեդականներն ու քրիստոնյաները»: Հատկանշական է, որ  Ադրբեջանի ու Հայաստանի հանրապետության միջև Նախիջանի  ու պարսկական սահմանի մոտ սկիզբ առած բախումները Քեմալը բացատրում է այն հանգամանքով, որ  հայերը հրաժարվել են միանալ վրացիներին ու ադրբեջանցիներին՝ ընդդեմ Անգլիայի հովանավորությունը վայելող Դենիկինի:

Ահա այսպես…

Պատմությունն, այո՛,  ծավալվում է ժամանակի «կինոպարույրում», և ազգերն ու պետությունները դերակատարներ են լոկ, սակայն ազգերն ու պետություններն են նաև երևակվող իրականության սցենարագիրները: Կան և ծպտյալ սցենարագիրներ, որոնք մշտապես փորձում են պատմության «նարատիվում» իրենց սցենարն առաջ մղել, սակայն  վերջնական ֆիլմը ձևավորվում է միջինացված մի սցենարի շուրջ, իսկ դեպքերի զարգացման հնարավոր տարբերակներից երևակվում է այն, որն առավել հարիր է ազգերի կամքին ու ձգտումներին: Իսկ հավաքական այդ կամքն անընդմեջ բախվում է աշխարհաքաղաքական  թատերաբեմում զորեղ  խմբերի գործիք դարձած  բախտախնդիրների կամքին. մի Լենին, մի Քեմալ, մի Ստալին՝ գումարած  խառնակ ու պատեհ պատմական իրավիճակ, և ահա՝ ոչնչացման եզրին գտնվող Թուրքիան պետականություն ձևավորելու համաշխարհային հայտ է ներկայացնում, իսկ ավելի ուշ՝ միջազգային իրավունքին հակասող ապօրինի պայմանագրեր կնքում բոլշևիկյան կառավարության հետ:

Վիլսոն 2

Սվասի կոնգրեսը.առաջին պլանում, ձախից աջ՝Ալի Ֆուադը, Քեմալն  ու Ահմեդ Ռյուսթեմը (Alfred Bilinski)՝ ԱՄՆ-ում Օսմանյան կայսրության վերջին դեսպանը

Նկատեք, նկարում պատկերված  թունդ  ազգայնականներից և ոչ մեկը թուրք չէ: Ահա «Նյու Յորք թրիբյունի» 1920 թ.-ի հունիսի 7-ի համարը, որում հաղորդվում է Քեմալի Սալոնիկի դյոնմե (ծպտյալ հրեա) լինելու, ինչպես նաև պատկերված մյուս երկուսի ոչ թրքական ծագման մասին:

Վիլսոն 2

Նկատեք նաև Քեմալի աջ ձեռքի ժեստը. նման ժեստերը պատահական չեն պատմական անհատներից և ոչ մեկի դեպքում…

 

Ի.Վ.Ստալինը…

Վիլսոն

Վ․Ի․Լենին․․․

Քեմալը, որ իթթիհատական պարագլուխներին էր դատում, իթթիհատականների մեջ «ամենաիթթիհատականն» էր.երիտթուրքերի մեջ «ամենաերիտթուրքը», որ ազգայնական շարժմանը բացահայտորեն միացել էր միայն 1919թ.հունիսն: [9] Պատվախնդիր մի դյոնմե, որ լուսանկարվում էր մի ձեռքը բաճկոնի մեջ խցկած՝ ի նշան իր «թաքուն զորության»:

Վիլսոն

«Սեֆարադ հուդաիզմ»-ի 1939-ի փետրվարյան համարը.կրոնական աարարողություն՝ ի հիշատակ Քեմալի

Եթե դյոնմե-իթթիհատականները թուրքերի ու քրդերի ձեռքով հայերից ազատում էին Արևմտյան Հայաստանը, ապա քեմալականները նույնն անում էին Արևելահայասատանում՝ բոլշևիկների ու ազերիների միջոցով: Էնվերի՝ այդ ժամանակաշրջանում Այսրկովկասում տեղակայումն ու սադրիչ հակահայ գործողությունները կազմակերպվում էին Բաքվից ու էրզրումից, իսկ կոորդինացվում՝ էլ ավելի հեռվից՝ էնվերին ու մյուսներին ևս վերածելով կույր գործիքի:

Հայերս՝ այդ շրջանում բարեպատեությունն ունեցանք հավաքական վերին կամքով ծնել Գարեգին Նժդեհ, որի ռազմա-ստրատեգիական հանճարի շնորհիվ՝ անգամ ծայրահեղ ազգային պառակտման պայմաններում, Սյունյաց աշխարհի հանդեպ  վտանգավոր նկրտումները հետաձգվեցին ավելի քան հարյուր տարով: Մինչ ԱՄՆ Կոնգրեսը, ցավալիորեն՝ անտեսեց ԱՄՆ մանդատն ու ճանապարհ հարթեց  բոլշևիկյան ներխուժման համար:

Թե հատկապես ո՛ր գործոնները դեր խաղացին ԱՄՆ-ի մանդատի ձախողման մեջ՝ հոդվածաշարի հաջորդ մասում.

Հեղինակ՝ Լուսինե Հովհաննիսյան © 2023

Ծանոթագրություններ և աղբյուրներ՝

[1] Document 11

Itinerary of the land expedition of the American military mission to Armenia

Batum, September 27 – October 8, սկզբնաղբյուր՝ 1919, Գ. Մախմուրյան, www.academia.edu/19829076/The_Harbord_Mission_Reports_on_Armenia_1919_in_the_U_S_Department_of_State_Archives

 [2] Document 13

 Telegram from the chief of American military mission to Armenia Major General

J.Harbord – to the head of American mission at Paris F.L.Polk (Paris), սկզբնաղբյուր՝ Գ. Մախմուրյան,

www.academia.edu/19829076/The_Harbord_Mission_Reports_on_Armenia_1919_in_the_U_S_Department_of_State_Archives

 [3] Document 3

Letter from the heads of the delegation of the United Armenia, by A.Aharonian and

Boghos Nubar,Paris, August 6, 1919, սկզբնաղբյուր՝ Գ. Մախմուրյան,

www.academia.edu/19829076/The_Harbord_Mission_Reports_on_Armenia_1919_in_the_U_S_Department_of_State_Archives

 [4]

Կարաբաքիր փաշեն գրեց հրաման,

Ղարսը դատարկեցեք մինչև Արդահան,

Ղարսը դատարկեցեք մինչև Արդահան,

Հայերն ինչ մարդիկ են, որ դառնան իշխան

 [5] Document 6

Strictly confidential letter from the U.S. Secretary of State R.Lansing – to the

chairman of the of the American committee for the independence of Armenia James

W.Gerard (New York), սկզբնաղբյուր՝ Գ. Մախմուրյան,

www.academia.edu/19829076/The_Harbord_Mission_Reports_on_Armenia_1919_in_the_U_S_Department_of_State_Archives

 [6]  https://www.tallarmeniantale.com/harbord.htm

 [7]  ԱՄՆ Պետ դեպարտամենտի «Պատմաբանի գրասենյակ»՝ https://history.state.gov/historicaldocuments/frus1919v02/d828       

 [8] https://botstiberbiaas.org/woodrow-wilson-habsburg-empire/

[9] https://hetq.am/en/article/50143