Խորհրդային կինոավանգարդը.հիմնական ներկայացուցիչներ,կինոնկարներ
Խորհրդայաին կինոավանգարդը 1920-30-ական թվականներին գոյություն ունեցած արվեստի ուղղություն է, որը բնութագրվում է գեղարվեստական արտահայտչականության եւ մոնտաժի հարցում փորձարարական միջոցների որոնումներով։ Այս ուղղությունը սերտորեն կապված է ռուսական հեղափոխությունից հետո արվեստի ոլորտում տեղի ունեցած թարմացման շարժման հետ։ Այս ուղղության շատ ներկայացուցիչներ զբաղվել են նաեւ կինոլեզվի վերլուծությամբ։ Խորհրդային կինոավանգարդը հանդիսանում է ամբողջապես խորհրդային արվեստի տեսակ, ի տարբերություն գրական, գեղանկարչական, երաժշտական եւ ճարտարապետական ավանգարդիզմի, որը ռուսական միջավայրում սկսել է ձեւավորվել նախքան հեղափոխությունը։ Առաջին ավանգարդիստ ռեժիսորները որոնել են նոր գաղափարներ եւ գեղարվեստական նոր արտահայտչաձեւեր։ Երբեմն նրանց փորձարկումները համահունչ են եղել կուսակցական գծին, սակայն ավելի հաճախ արվեստի մեջ նոր ասպարեզներ են բացահայտել։
Լեւ Կուլեշով
Լինելով հայտնի ռեժիսոր Եվգենի Բաուերի աշակերտն ու ասիստենտը, Կուլեշովը բացառիկ գիտելիքներ ուներ գեղարվեստական բեմադրության ոլորտում։ 1920-ական թվականների համար նա իրապես ապագայի մարդ էր, որն ապրում էր այլ արագություններով, այլ ռիթմիկայով եւ օրենքներով։ Սիրում էր գործարաններ, մոտոցիկլներ եւ այն ամենը, ինչ կապված էր արագության հետ։ Զարմանալի չէ, որ հենց Կուլեշովին է պատկանում «ամերիկյան մոնտաժի» կոնցեպցիան, որում մեկ էկրանային րոպե ժամանակին 20-30 «սկլեյկա»։ Ի տարբերություն նախահեղափոխական դանդաղընթաց կինոյի, որտեղ մեկ էկրանային րոպեում 5-10 «սկլեյկա» էր, Կուլեշովի կինոնկարներն ասես ապագայից եկած լինեին իրենց արագությամբ։ Կինոարվեստում հայտնի է «Կուլեշովի էֆեկտ» հասկացությունը, որը էկրանին տեղի ունեցողի կոնտեքստի փոփոխությունն է բացառապես մոնտաժի հաշվին։ «Ինժեներ Պրայթի նախագիծը» կինոնկարը Կուլեշովը նկարահանել է 1918 թվականին, որը պատմում է գյուտարար հիդրոտորֆի եւ նրա մրցակիցների մասին։ «Կարմիր ռազմաճակատում» կինոնկարը արդեն նկարահանել է 1920 թվականին։ Այն քարոզչական կինոնկար է հանդիսանում և պատմում է Քաղաքացիական պատերազմի ժամանակ կարմիր բանակայինի և լեհ լրտեսի պայքարի մասին։ «Պարոն Վեսթի անհավանական արկածները բոլշեւիկների երկրում» կինոնկարը Կուլեշովը արդեն նկարահանել է 1924 թվականին։ Սա էքսցենտրիկ երգիծաֆիլմ է՝ ամերիկացի քարոզիչ Ջոն Վեսթի՝ ԽՍՀՄ-ում ճամփորդության մասին։
Սերգեյ Էյզենշտեյն
Թերեւս ամենից հայտնի խորհրդային կիոնավարգարդիստն է, ում նկարահանած ««Պոտյոմկին» զարհանավի» մասին լսել են շատ շատերը, նույնիսկ եթե կինոարվեստից հեռու մարդիկ են եղել։ Էյզենշտեյնը սկսել է Պրոլետկուլտի թատրոնում։ Նրա աշխատանքի հիմքում ոչ թե անհատ անձ-դերասանի հետ աշխատանքն է, այլ բազմություն-դերասանի հետ աշխատանքը։ Հրաժարվելով կոնկրետ մարդու հերոսականացումից, Էյզենշտեյնը սուբյեկտայնություն է հաղորդել միավորված զանգվածներին։ Էյզենշտեյնն ուներ նաեւ իր մոնտաժային կոնցեպցիան, որը կոչվվում է «ատրակցիոնների մոնտաժ»։ Այս մասին հոդվածը լույս է տեսել 1923 թվականին, գիրքը՝ 1938 թվականին։ Այս մեթոդը շոկային ազդեցություն է գործել լսարանի վրա։ Էյզենշտեյնն հավատացել է, որ լսարանի մոտ անկեղծ ցավ կոմ սարսափ առաջացնելով, կարելի է ներխուժել մարդու ընկալումների աշխարհ եւ նրանց «արթնացնել» նոր փորձառության համար։ «Գործադուլ» կինոնկարը Էյզենշտեյնը նկարահանել է 1924 թվականին։ Այն համարվում է քարոզչական կինոնկար եւ պատմում է գործարանում բանվորական ընդվզման եւ դրա դաժան ճնշման մասին։ Հանդիսանում է հեղափոխական եռերգության առաջին մասը։ 1925 թվականին արդեն Էյզենշտեյնը կինոդիտողների դատին է հանձնում իր հայտնի «Պոտյոմկին» զրահանավը» կինոնկարը։ Սա եւս քարոզչական կինոնկար է, որն ունի սակայն պատմական հենք եւ պատմում է համանուն ռազմանավի անձնակազմի ապստամվության եւ կառավարական գնդակահարությունների մասին։ Հեղափոխական եռերգության երկրորդ մասն է հանդիսանում։ 1927 թվականին, այսինքն՝ 17 թվականի հեղափոխության տասներորդ տարեդարձին Էյզենշտեյնը ամբողջականացնում է իր հեղափոխական եռերգությունը «Հոկտեմբեր» կինոնկարով։ Վերնագիրն իսկ հուշում է, որ այն պատմում է Պետրոգրադում հոկտեմբերյան հեղափոխության մասին։
Գրիգորի Կոզինցեւ եւ Լեոնիդ Տրաուբերգ (ՖԷԿՍ)
1921 թականին Պետրոգրադում այս երկու ռեժիսորները հիմնադրեցին «Էքսցենտիկ դերասանի ֆաբրիկան» (ՖԷԿՍ)։ Սկզբում այս ֆաբրիկայի ներկայացուցիչների տեսլականը համընկնում էր թատրոնի գեղագիտական գաղափարների հետ, սակայն շուտով նրանք իրենց համար նոր էքսցենտիկ ուղղություն են ընտրում, որը կոչվում է խաղի մարմնականություն։ Դերասանը կերպարի էմոցիաները պետք է արտահայտեր ոչ թե խոսքերով, այլ գործողություններով, ասենք՝ կադրում թռչկոտելով, դիմախաղով եւ այլն։ Ինչ որ բանով «ՖԵՍԿ»-ականներն առաջ էին անցել իրենց ժամանակից։ Օրինակ, դեռեւս շատ տարիներ առաջ կոմպակտ էքշըն-խցիկների հայտնագործությունից, օպերատոր Անդրեյ Մոսկվինն իր հետ վերցնում էր տեսախցիկը, ամերիկյան բլրակներով սլանալիս։ Սակայն սրանով հանդերձ, այս դպրոցի ներկայացուցիչները գրեթե մշտապես իրենց հայացքը հառած էին պահում անցյալին եւ իրենց կինոժապավենների համար ընտրում էին դասական գրականությունից սյուժեներ։ Այս կերպ հնարավոր է, որ նրանք իրենց ժամանակի համար արդիական հարցերի պատասխանն էին փորձում գտնել անցյալի փորձառության մեջ։ 1926 թվականին թողարկվում է «Շինել» կինոնկարը՝ տիտղոսավոր խորհրդական Բաշմաչկինի մասին։ Սյուժեի հիմքում Նիկոլայ Գոգոլի «Նևայի պողոտան» և «Շինել» վիպակներն են դրված։ «ՄԳՄ-Մեծ գործի միություն» կինոնկարը էկրան է բարձրանում 1927 թվականին։ Այն պատմական դրամա է, որը պատմում է 1825 թվականի դեկաբրիստների ապստամբության մասին։ «Նոր Բաբելոնը», որը պատմում է 1870-ականներին Փարիզյան կոմունայի ապստամբության մասին, էկրան է բարձրանում 1929 թվականին։
Ձիգա Վետրով
Այս ռեժիսորին ամենայն իրավամաբ կարելի է համարել համաշխարհային վավերագրական կինոնկարի հիմնադիրներից մեկը։ Լինելով վավերագրական քրոնիկոնի կողմնակից, նա դեմ էր հանդես գալիս գեղարվեսական կինոարվեստին։ Նա համոզված էր, որ վարպետորեն արված մոնտաժը ի վիճակի է վավերագրական-փաստագրական քրոնիկոնը արվեստի գլուխգործոցի վերածել, դարձնել այն երգիծաֆիլմ կամ ողբերգություն։ Վետրովի սկզբունքները ամրագրվել ու որդեգրվել է կինոգործիչների խմբի կողմից, ովքեր կոչվում էին «Կինոաչքեր»։ Ձիգա Վետրովի օպերատորական հնարքներն ու տեխնիկան նույնպես առաջ է անցել իր ժամանակից։ Հենց նա է կյանքում իրացրել «թաքնված կինոխցիկի» նկարահանման մեթոդը։ 1924 թվականին Վետրովը թողարկում է «Կինո-աչք» ֆիլմը, որն իրենից ներկայացնում է խորհրդային քաղաքացիների կյանքի դրվագների շարք։ «Աշխարհի վեցերորդ մասը» կինոնկարը էկրան է բարձրացել 1926 թվականին։ Այն հանդիսանում է քարոզչական բնույթի կինոնկար եւ պատմում է Խորհրդային Միության այն ժամանակների արտահանումային հնարավորությունների մասին։ «Կինոապարատով մարդը», որն էկրան է բարձրացել 1929 թվականին, հանդիսանում է ժամանակակից քաղաքի քաոսային կյանքի մասին պատմում անսյուժե փորձարարական վավերագրական կինոնկար։
Ալեքսանդր Դովժենկո
Դովժենկոն կինոարվեստի հետ ծանոթացել է քարոզչական «Կարմիր բանակ» կինոնկարի նկարահանման աշխատանքների ժամանակ՝ 1925 թվականին եւ միանգամից սիրահարվում է կինոյին։ Արդեն մեկ տարի անց, նա նկարահանում է իր առաջին կարճամետրաժ կինոնկարը եւ սկսում է պատրաստվել լիամետրաժ կինոնկար ստեղծելուն։ Դովժենկոն աչքի է ընկնում առասպելաբանության հետ ստեղծագործական փորձարարությունների իրականացումը։ Նա միակն է, որ սոցռեալիզմ է ներմուծում միստիկ տարրեր՝ ժողովրդական բանահյուսությունից։Նա հիմնական մեթոդներն են՝ ոչ պրոֆեսիոնալ դերասանների հետ աշխատանքը, դիտողների պրովոկացիաները, երկար ընդմիջումները եւ դանդաղեցված կադրերը։ 1927 թվականին Դովժենկոն նկարահանում է «Զվենիգորա» կինոնկարը։ Այն ուկրաինական տափաստաններում սկյութական գանձերի որոնման մասին դրամատիկական առակ է։ «Զինանոցը» էկրան է բարձրացել 1929 թվականին։ Դովժենկոյի այս կինոնկարը պատմական դրամա է եւ պատմում է Առաջին աշխարհամարտի տարիներին Կիեւի զինագործարանի վրա իրականացված հարձակման մասին։ «Հողը» կինոնկարը թողարկվում է 1930 թվականին։ Այն հանդիսանում է խորհրդային կինոարվեստի առաջին գործը, որտեղ խոսվում է կոլեկտիվացման եւ գյուղացիության՝ ընդդեմ կուլակների մղած պայքարի մասին։
Վսեվոլոդ Պուդովկին
Պուդովկինը Լև Կուլեշովի աշակերտն է եղել, ով ժառանգել է նրանից մոնտաժի ավանդույթներն եւ զարգացրել սեփական գեղարվեստական մեթոդը, որ կոչվում է «հոգեբանական իրապաշտություն»։ Պուդովկինը կինոարվեստի առավել ավանդական հայացքներ էր դավանում, քան նրա հեղափոխական գործընկերները եւ խաղադրույքը կատարում էր դերասանի խաղի վարպետության վրա։ Դրա համար էլ, ի տարբերություն Էյզենշտեյնի, նա կադրի կենտոն բերեց ոչ թե բազմություն-դերասանին, այլ անհատ անձ դերասանին։ Եւ սկսեց դիտել, թե ինչպես է կերպարն իրեն պահում կոնկրետ իրավիճակում։ Մեծ պլանի կիրառման շնորհիվ՝ Պուդովկինը բացահայտում է կերպարի հոգեբանական կերպարը։ Ռեժիսորը հավատարիմ է մնում հոբեբանական ռեալիզմի կամ հոգեբանական իրապաշտության սկզբունքին իր ողջ թե կինոկարիերայի, թե հրապարակախոսական կարիերայի ընթացքում։ Նա հեղինակել է կինոդերասանի եւ ռեժիսորի վարպետության ավելի քան 200 դասագիրք, որոնցով ուսանում են կինեմատոգրաֆիստները Իտալիայում, Անգլիայում, Ճապոնիայում։ «Մայրը» կինոնկարը, որն էկրան է բարձրանում 1926 թվականին, հանդիսանում է Մաքսիմ Գորկու համանուն վեպի էկրանավորումը։ Հաջորդ կինոնկարը, որը նկարահանում է Պուդովկինը՝ «Գլխուղեղի մեխանիկան է»։ Նույն 1926 թվականին էկրան բարձրացած այս կինոնկարը վավերագրական ժանրի է, որը պատմում է ակադեմիկոս Պավլովի եւ նրա՝ պայմանական ռեֆլեքսի տեսության մասին։ 1927 թվականին էկրան է բարձրանում «Սանկտ Պետերբուրգի վերջը» կինոնկարը, որը հեղափոխության մասին պատմական դրամ է հանդիսանում։
Յակով Պրոտազանով
Հանդիսանում է նախահեղափոխական Ռուսաստանի առանցքային ռեժիսորներից մեկը։ Նա համարվում էր ժողովրդական հեղինակ, որը նկարահանում էր հասարակ մարդկանց համար։ Որոշ մասնագետներ նույնիսկ նրան հակադրում են մյուս ավանգարդիստներին։ Սակայն հետաքրքիրն այն է, որ Պրոտազանովը իր «զանգվածային ֆիլմերում» ակտիվորեն կիրառել է այն հայտնագործությունները, հնարքներն ու մեթոդները, որոնք գտել, մշակել կամ համակարգել էին նրա երիտասարդ գործընկերները, աստիճանաբար ծանոթացնելով լսարանին նոր կինոլեզվի հետ։ Սրանով հանդերձ, ռեժիսորը չէր մոռանում դերասանական խաղի մասին և ընտրում էր իր կինոնկարների համար այն ժամանակվա խորհրդային կինոյի աստղերին։ Այսպես, նա կարողանում է իր գործերում ճիշտ կերպով համադրել հեղինակային մոտեցումներն ու կոմերցիոն հաջողությունը։ 1924 թվականին Պրոտազանովն էկրանավորում է Ա․Ն․Տոլստոյի «Աելիտա» վեպը՝ դեպի Մարս ճանապարհորդության մասին։ 1927-ին նա էկրանավորում է մի սիրային եռանկյունու մասին պատմող Իվան Շմելեւի «Մարդը, որ ռեստորանից էր» վիպակը։ 1930 թվականին արդեն ստեղծում է «Ս․Յորգենի տոնը» կինոկատակերգությունը, որը պատմում է եկեղեցական տոնի նախօրեին տեղի ունենալիք հարսանեկան արարողության մասին։
Աբրամ Ռոմ
1920 թվականին Ռոմը Սարատովում հիմնադրում է Թատերական արվեստի բարձրագույն պետական վարպետանոցները՝ դառնալով դրա ռեկտորը, գլխավոր ռեժիսորն ու առաջատար մանկավարժը։ Նրա երիտասարդության տարիները աչքի են ընկել վառ իրադարձություններով։ Նախ ուսանել է Պետրոգրադի հոգենյարդաբանական ինստիտուտում եւ ապա որպես ռազմական բժիշկ աշխատել է Կարմիր բանակում։ Այս հանգամանքը չէր կարող ազդեցություն չունենալ նրա ռեժիսորական պատկերացումների վրա։ Նա դետալներին հաղորդում էր սիմվոլիկ նշանակություն եւ ակտիվորեն կիրառում էր լուսաստվերային խաղը՝ շեշտադրումներ անելու համար։ Սրանք հնարքներ էին, որոնք բնորոշ էին այն ժամանակվա գերմանական դրամատիկական կինոնկարներին։ «Մահվան ծովախորշ» կինոնկարը Ռոմը թողարկում է 1926 թվականին։ Այն պատմական դրամա էր, որ պատմում էր սպիտակ գվարդիականների դեմ պարտիզանների մղած պայքարի մասին։ «Դավաճանը», որ էկրան է բարձրանում 1926 թվականին կրկին, հանդիսանում է «Սարատով» շոգենավի վրա տեղի ունեցած ապստամբության մասին պատմող Լև Նիկուլինի «Նավաստիական լռությունը» պատմվածքի էկրանավորումը։ «Ուրվականը, որը չի վերադառնում» կինոնկարը Ռոմը նկարահանում է 1929 թվականին։ Այն քաղաքական դրամա է, որը պատմում է բռնապետական ռեժիմի դեմ նավթահանքերում աշխատողների պայքարի մասին։
Եվգենի Չերվյակով
Խորհրդային կինոյի առաջին լիրիկներից մեկն է հանդիսացել։ Եղել է լենինգրադյան կինեմատոգրաֆիստների լիդերներից մեկը 1920-ական թվականներին։ Կողմնակից է եղել խոշոր պլաններին։ Կիրառելով կադրերի եւ հատուկ մոնտաժային ռիթմերի բարդ համադրությունը, կարողացել է բացահայտել կերպարների ներքին աշխարհը։ Չերվյակովը ռիթմիկացրել է մոնտաժում դեմքերի խոշոր պլանները բնապատկերների կամ ինտերիերների հետ, առանձնացնելով հերոսին բազմությունից։ Այս կերպ նա իրեն հակադրել է Էյզենշտեյնին։ Ցավոք Չերվյակովի շատ կինոնկարներ կորսվել են, և մեզ հասել են մի քանիսը նրա նկարահանած ֆիլմերից։ «Պոետն ու թագավորը» կինոնկարը, որ էկրան է բարձրացել 1927 թվականին, հանդիսանում է առաջին խորհրդային պատմա-կենսագրական դրաման Պուշկինի կյանքի վերջին օրերի մասին։ «Որդիս» կինոնկարը, որն էկրան է բարձրացել 1928 թվականին, հանդիսանում է դավաճանության մասին ընտանեկան դրամա։ «Քաղաքներ եւ տարիներ» կինոնկարն էլ, որ Չերվյակովը նկարահանել է 1930 թվականին, Կոնստանտին Ֆեդինի համանուն վեպի էկրանավորումն է, որ պատմում է նախահեղափոխական եւ հետհեղափոխական կյանքի մասին։
Ֆրիդրիխ Էրմլեր և Էդուարդ Յոհանսոն (ԿԷՄ)
Այս երկու ռեժիսորների ուժերով 1925 թվականին Լենինգրադում ստեղծվեց Կինոփորձարարական վարպետանոցը կամ ԿԷՄ-ը։ Իրենց մանիֆեստում՝ Էրմլերն ու Յոհանսոնը հայտարարում են, որ ստեղծում են նոր արվեստ, որը համահունչ կլիներ ժամանակի ոգուն։ Պարզ սյուժեներին տալով էքսցենտիկ ձեւ, նրանք ըստ էության դնում էին խորհրդային կինոկատակերգության հիմքերը։ «Կատկա՝ թղթե ռանետ խնձորը» կինոնկարի թողարկումից հետո, սակայն նրանց ճանապարհները բաժանվում են։ Առաջինը կենտրոնանում է լուրջ կինոնկարների վրա, երկրորդը շարունակում է մելոդրամատիկ կատակերգությունների նկարահանումը։ 1924 թվականին նրանք նկարահանում են «Քութեշ» կինոնկարը։ Սա էքսցենտիկ կինոկատակերգություն էր՝ քութեշի բուժման մասին։ «Կատկա՝ թղթե ռանետ խնձորը» կինոնկարն էլ հանդիսանում էր մելոդրամա, որտեղ պատմվում էր ՆԷՊ-ի տարիներին ապրող մի գյուղացի աղջկա մասին։
Պատրաստեց Արամ Յանինը