Ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին Հայաստանում ռուս ռելոկանտների հայտնվելուն զուգահեռ ակտիվացել է մայրաքաղաքում մշակութային կյանքը։ Հյուրընկալում ենք ռուս արտիստների, արվեստի մարդկանց, կինոգործիչների, որոնց մինչ այս Երևանում տեսնելը, գուցե, քիչ իրատեսական կարող էր թվալ։
Հայաստանում էր Անդրեյ Զվյագինցևը ՝ Վենետիկի, Կաննի կինոփառատոների մրցանակակիր, Օսկարի հավակնորդ․․․ այս ցանկը կարելի է երկար շարունակել։ Ռուս ռեժիսորն այստեղ էր՝ մասնակցելու «Левиафан. Разбор по косточкам» գրքի երևանյան շնորհանդեսին և իր ֆիլմերի հետահայաց ցուցադրություններին։
Ի դեպ, Զվյագինցևի գործերի հետահայաց ցուցադրություններ արդեն անցկացվել են Ֆրանսիայում և Բելգիայում։ Իսկ ռեժիսորի՝ Կաննի կինոփառատոնում լավագույն սցենարի համար մրցանակի արժանացած և Օսկարի առաջադրված ամենահայտնի ու խնդրահարույց ֆիլմերից մեկի՝ «Լևիաթանի» մասին պատմող գիրքը լույս է տեսել դեռ 2021 թվականին։
Գրքի հեղինակը՝ Մաքսիմ Մարկովը, Զվյագինցևի հետ ավելի քան 30 ժամ տևած հարցազրույցի ընթացքում կադր առ կադր վերլուծել է ֆիլմը, բացահայտել ենթատեքստեր, ներկայացրել ռեժիսորական ունիկալ լուծումներ, իմացել, որ տեսարաններից մեկում դերասաններն իրոք հարբած են, այլ ոչ թե խաղում են։ Մարկովը փորձել է հասկանալ՝ ի՞նչ է իրենից ներկայացնում ֆիլմը, ինչպիսի՞ն է Զվյագինցևի պատկերած Ռուսաստանը, իրո՞ք ռուս մարդը դատապարտված է դժբախտության ու ինքնաոչնչացման և ինչո՞ւ են Ռուսաստանում Զվյագինցևին մեղադրում «ոչ հայրենասիրական» կինոգործունեության համար։ Իր հարցազրույցներից մեկում էլ Զվյագինցևը նշում է․ «Այս գիրքը պատասխանն էր ռուս հանդիսատեսի արձագանքին․ ինձ թվում էր՝ հասարակ ռուս մարդը պետք է հասկանա իմ ֆիլմը, բայց փաստորեն բացատրության կարիք կա»։
Վերջին` «Չսեր» ֆիլմը ևս նոմինացվել է Օսկարի։ Այն Զվյագինցևը նկարել է 6 տարի առաջ, հիմա աշխատում է նոր նախագծերի վրա, սակայն ոչ այնքան հետևողական, որքան կցանկանար։ Երևանյան հանդիպումների ընթացքում ռեժիսորը ակտիվ շփվում է հանդիսատեսի ու լրագրողների հետ, պատրաստակամորեն պատասխանում բոլոր հարցերին՝ նույնիսկ եթե դրանք անվերջանալի են թվում։ Կարելի է մտածել՝ «սովորական պրակտիկա է, մեդիա-ակտիվ լինելը բոլոր հայտնիների առօրյա կյանքի անբաժանելի մասն է, հերոսություն չի արել»․․․ Կա մի «բայց»․․․ Զվյագինցևը հանդիսատեսի հետ հանդիպումներին է գալիս թեթևակի կաղալով, օգնականները խնդրում են շատ հարցեր չտալ, որովհետև «Անդրեյ Պետրովիչը հոգնում է»․․․
«2 տարի առաջ հրաշքով կենդանի մնացի։ Կորոնավիրուսն ինձ չխղճաց։ Լավ է՝ արդեն առանց սայլակ եմ տեղաշարժվում», – ասում է Զվյագինցևը՝ հիմա արդեն ժպտալով։ 2021 թվականին ռեժիսորը «Սպուտնիկ» պատվաստանյութ ստանալուց հետո հայտնվել է հիվանդանոցում, շտապ տեղափոխվել Գերմանիա, 40 օր եղել կոմայի մեջ ։ Այժմ բուժումը շարունակում և ապրում է Ֆրանսիայում։ Հայրենիք վերադառնալուն անսպասելիորեն խանգարեց նաև պատերազմը։ Հարցին՝ մտածո՞ւմ է Ռուսաստան գնալու մասին, պատասխանում է․ «Ես ռուս մարդ եմ, հայրենիքիցս չեմ կարող կտրվել, բայց հիմա այնտեղ գտնվելն անհնար է»․․․
«Զանգակ» գրախանությում «Լևիաթան» գրքի շնորհանդեսի ընդմիջմանը դժվարությամբ հաջողվում է գոնե 10 րոպեով «գողանալ» Զվյագինցևին ամբոխից ու հարցնել (Անդրեյ Զվյագինցևի բացառիկ հարցազրույցը kinoashkharh.am-ին)․․․
– Ինչպե՞ս եք հիմա Ձեզ զգում։
– Շատ երկար պատասխան կստացվի, վախենամ՝ չափազանց երկար։ Երևի թե ուղղակի ասեմ, որ հիմա վերականգնվում եմ․ հիվանդությունն ինձ շատ ծանր հարվածեց։ Մեկ տարի մնացի հիվանդանոցում, հիմա արդեն մեկ տարի է՝ բուժումներ եմ ստանում, ֆիզիոթերապևտի հետ եմ աշխատում։
Շատ բարդ ժամանակներ էին, բայց ավելի շատ կնոջս համար էի անհանգստանում։ Նույնիսկ չեմ կարող պատկերացնել՝ ինչի միջով է ստիպված եղել անցնել։ Անսահման շնորհակալ եմ նրան: Օտար երկրում էինք, ես վատ վիճակում էի՝ ձեռքերս, ոտքերս չէին շարժվում։ Ես նույնիսկ մարմնիս հետ խոսում էի․․․ Մի օր ոտքերիս վերջնագիր ներկայացրի՝ կամ խելքներդ գլուխներդ եք հավաքում ու քայլում, կամ շատ լուրջ ու տհաճ խոսակցություն ենք ունենալու /ծիծաղում է/։
– Հայաստանում ներկայացրիք Ձեր գիրքը, կինոդիտումներ ունեցանք Ձեր մասնակցությամբ։ Այլ ծրագրեր ունե՞ք Հայաստանի հետ կապված, գուցե նոր գործակցության սպասենք մեր կինոգործիչների հետ։
– Ճիշտն ասած՝ այդպիսի նպատակներ դեռ չկան։ Հիմա ես կոնկրետ նախագծի վրա եմ աշխատում, Եվրոպայի հետ ենք գործակցում։ Բայց ծանոթացել եմ «Ոսկե ծիրանի» ղեկավարի հետ, ընկերացել ենք, գուցե դա ապագայում նոր իրադարձությունների, նախագծերի համար հող ստեղծի։
– Եթե չեմ սխալվում, այժմ կրկին աշխատում եք «Յուպիտերի ընդդիմություն» ֆիլմի վրա, այն պատմում է Միջերկրական ծովի ափին ապրող ռուս օլիգարխի մասին և, ինչպես հարցազրույցներից մեկում ասել եք, կունենա ողբերգական ավարտ։ Նախագիծը սառեցվել էր համավարակի պատճառով։ Ի՞նչ փուլում եք հիմա։
– Դժվարանում եմ հիմա հստակ բան ասել, սպասում եմ պրոդյուսերների որոշումներին, եվրոպացի պրոդյուսերներ են, ֆինանսավորման հարցերով են հիմա զբաղված։ 2019 թվականին 8 ամիս աշխատել ենք նախագծի վրա, բայց սցենարը դեռ վերջնական տեսքի չենք բերել։
– Կորոնավիրուսով վարակվելուց հետո հիմա Ֆրանսիայում եք ապրում։ Որևէ դժվարությունների բախվո՞ւմ եք, գուցե նեգատիվ վերաբերմունք եք նկատում՝ հաշվի առնելով ռուս-ուկրաինական հակամարտության ողջ կոնտեքստը։
– Զրո նեգատիվ եմ զգացել։ Ո՛չ մարդկային ու կենցաղային, ո՛չ այլ մակարդակներում։ Ֆրանսիացիները մեծամասամբ պատրաստակամ են օգնել դժվար իրավիճակներում հայտնված մարդկանց ոտքի կանգնել։ Նրանք աջակցում են, օրինակ, փախստականներին կամ այլ մարդկանց, որոնք ստիպված են եղել լքել իրենց «անբարենպաստ» երկրները։
Ինստիտուցիոնալ մակարդակում կան թե՛ դրական, թե՛ բացասական կողմեր: Բացասականներից կնշեմ բյուրոկրատական շատ բարդ համակարգը, հսկայածավալ թղթաբանություն է ջարդվում գլխիդ։ Դեկտեմբերից սպասում եմ, որ առողջության ապահովագրություն տրամադրեն։ Բանկային հաշիվ բացելն էլ է խնդիր, հատկապես հիմա ու ռուսական անձնագրով։
– Մտածե՞լ եք Ռուսաստան վերադառնալու մասին, ե՞րբ դա տեղի կունենա կամ արդյո՞ք տեղի կունենա։
– Չեմ մտածել այդ մասին։ Ես իսկապես հույս ունեմ, որ կհաջողվի վերադառնալ։ Բայց հանգամանքները պետք է այնպես դասավորվեն, որ հնարավորություն ունենամ իմ գործով զբաղվելու, այն է՝ ֆիլմեր նկարելու։ Այսօր այնտեղ անհնար կլինի ֆիլմ նկարել։ Անհավանական գրաքննություն է, դա մահացու է ստեղծագործող մարդու համար։ Չգիտեմ՝ ինչ եմ անելու այնտեղ, ինչ ֆիլմ թույլ կտան նկարահանել։ Այնպես որ՝ ընտրել եմ մի երկիր, որտեղ կարող եմ շնչել ու ապրել իմ աշխատանքով։
– Ռուս կինոգործիչների կամ ուղղակի հայտնի մարդկանց հարցազրույցներում կարմիր գծով մի միտք եմ նկատում․․․ Բոլորն ասում են, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը ցույց տվեց՝ ով էր ընկեր, ով թշնամի։ Ու շատերը նշում են, որ նույնիսկ ամենահարազատ մարդկանց հետ շփումը խզել են պատերազմի հետ կապված տարբեր դիրքորոշումների պատճառով:
– Իմ կյանքում էլ է նման պատմություն եղել, դա շատ ծանր է։
– Ձեր «Լևիաթան» ֆիլմը, որը հանրությանն է ներկայացվել 2014 թվականին, ակտուալ է նաև այսօր ու նույնիսկ նոր շերտեր է ձեռք բերել։ Հարց է առաջանում՝ արդյո՞ք այս ֆիլմը Ռուսաստանի հավերժական պատկերն է, որն ակտուալ կլինի միշտ։
– Չէի ցանկանա այս ֆիլմով մարգարեանալ:
– «Լևիաթան» ֆիլմի հետ կապված մեկ հարց էլ․․․ Ձեզ մեղադրում են Ռուսաստանը վատ լույսի ներքո ներկայացնելու և Ձեր հայրենիքի վրա իբր ցեխ շպրտելու համար: Ասում են, հիմնականում Ձեր հայրենակիցները, որ այս ֆիլմով փորձել եք դիվիդենտներ ստանալ Արևմուտքից։ Սակայն իմ կարծիքով՝ Դուք «Լևիաթանում» ասես սիրող ու հուսալքված որդի լինեք, որը կորցնում է ծնողին, այս դեպքում՝ հայրենիքը, և այլ ելք չունի, քան հետևել ծնողի ինքնաոչնչացմանը: Ինչպե՞ս կպատասխանեք Ձեզ մեղադրողներին:
– Ես նրանց ասելու ոչինչ չունեմ… բացարձակապես ոչինչ: Թող ժամանակ անցնի… Կտեսնենք՝ իրականում ով ով է:
– Կառանձնացնե՞ք Ձեր ֆիլմերից մեկը, որ, գուցե, ավելի հոգեհարազատ եք համարում:
– Կախված օրվանից, նույնիսկ ժամից՝ ֆիլմերիս հանդեպ մոտեցումս տարբեր է: Դրանք բոլորն էլ ինձ համար շատ թանկ են՝ երեխաների պես։ Եթե ինչ-որ մեկն ասում է, որ իր սիրած ֆիլմը, օրինակ, «Վերադարձը» կամ «Լևիաթանն» է, ես շատ սրտնեղում եմ մյուս ֆիլմերիս համար: Գուցե «Աքսոր» ֆիլմն առանձնացնեմ: Շատ թանկ ֆիլմ է ինձ համար: Երկար եմ մտածել՝ ինչու հենց «Աքսորը», ու հասկացել եմ՝ որովհետև շատ ժամանակ ու ջանք ենք ծախսել դրա վրա: Երկու տարի պատրաստվել ենք ֆիլմին, մեծ էներգիա և սեր ենք ներդրել։ Ու կինոդիտողը, ցավոք, մի տեսակ սառն ընդունեց այս գործը, ես այդպես եմ կարծում: «Աքսորն» ասես չսիրված զավակ լինի:
Ինչևէ, մի ֆիլմը նկարում ես, անցնում ես մյուսին ու սիրահարվում նոր նախագծերիդ: Հավերժ ցիկլ է:
– Հետաքրքիր է՝ ինչ գրքեր եք կարդում, ֆիլմեր դիտում հիմա: Գուցե ինչ-որ բան խորհուրդ տաք ընթերցողներին։
– Շաբաթական 3-4 անգամ մի քանի ժամով ֆիզիոթերապիայով եմ զբաղվում, հիմնականում առողջությանս վրա եմ կենտրոնացած։ Լրահոսին եմ հետևում: Բարդ է կարդալ, ֆիլմ դիտել, երբ այդպիսի մագնիսական հորձանուտում ես, երբ մտածում ես աշխարհում զարգացումների մասին, սեփական նախագծերիդ ապագայի մասին: Իսկ ընթերցանությունն ու կինոդիտումը պահանջում են ազատություն, խաղաղություն, լռություն։
– Համաձա՞յն եք այն մտքի հետ, որ եթե մարդկությունն ավելի շատ զբաղվեր արվեստով ու սիրով, պատերազմներ չէին լինի, կռվելու ժամանակ չէր մնա։
– Իրոք շատ ավելի լավ կլիներ, եթե սիրով զբաղվեին, ու աշխարհը նոր ու լավ մարդկանցով լցվեր․․․ Բայց գիտեք՝ անհնար է պատկերացնել մի աշխարհ, որտեղ բոլորն արվեստով են ապրում։ Այնքան փառահեղ գործեր են ստեղծվել, որոնք, թվում էր, կարողացել են փոխել աշխարհը, փրկել աշխարհը։ Սակայն մենք այնտեղ ենք, որտեղ կանք, դոփում ենք նույն տեղում։
Երևի թե, արվեստն ավելի շատ հենասյուն է, որը թույլ չի տալիս աշխարհին ու մարդկությանը վերջնականապես փլվել։ Արվեստը թույլ չի տալիս, որ մենք իսպառ վերանանք, ինքնաոչնչացմամբ զբաղվենք։ Հասկացա՝ արվեստը հավասարակշություն է, որը չի փրկի, բայց չի էլ թողնի՝ անդունդը գլորվես։
Հարցազրույցը՝ Դիանա Գասպարյանի