Կինոյի, արվեստի եւ գիտության Ամերիկյան ակադեմիայի կողմից հրատարակված «Costume Design. Instructional Guide» ձեռնարկում նշվում է, որ ցանկացած կինոնկար ներկայացնում է որոշակի պատմություն, կիրառելով իր կինոլեզուն, եւ ցանկացած հագուստի տարրը, կոշիկները եւ զարդերը, որոնք կիրառվում են կինոնկարում, համարվում են կինոկոստյում, այսինքն՝ մտնում են այն գործիքակազմի մեջ, որոնք ապահովում են կինոդիտողի մոտ պատշաճ ընկալումների եւ զգացողությունների առաջացումը։

Կինոնկարի հաջողվածության կամ ձախողման մեջ կինոկոստյումների դերակատարությունը, ըստ նույն ձեռնարկի, զգալի է, քանի որ օգնում է, որպեսզի կինոդիտողը ըստ պատշաճի եւ ավելի ճշգրիտ ընկալի այն պատմությունը եւ վերջինիս «մեսիջները», որը պատմվում է էկրանին կինոնկարի տեսքով։ Սա նշանակում է, որ կոստյումները կինոարվեստում չափազանց կարեւոր դերակատարություն ունեն։ Ուստիեւ կինոարվեստի պատմության ընթացքում ձեւավորվել ու մշակվել են որոշակի չափանիշներ եւ առանձնահատկություններ՝ կինոկոստյումների ստեղծման, դրանց հետ տարվող աշխատանքների մասին։

Այս համատեքստում նախ եւ առաջ կարեւոր է հասկանալ, թե ինչն է հանդիսանում կինոկոստյումների դիզայներների ներշնչանքի աղբյուրը եւ որ չափանիշներին պետք է համապատասխանեն նրանց գաղափարները, ինչպես նաեւ՝ ինչով եւ ինչպես ենք նրանք աշխատում, ինչ նպատակներ են հետապնդում որեւէ կինոնկարի այս կամ այն կոստյումը ստեղծելիս եւ ի վերջո՝ ինչպես են ազդում ընդհանուր նորաձեւության վրա։ Կինոարվեստի ոլորտի մասնագետը այս հարցերին սովորաբար պատասխանում է բավականին մանրակրկիտ եւ տեւական վերլուծական ու համեմատական աշխատանքի արդյունքում, երբ ի մի է բերում առաջադրված խնդրի հետ կապված նյութի առնչությամբ իր կատարած հետազոտական աշխատանքի արդյունքները, կատարում ամփոփիչ եզրահանգումները։ Եւ այսպես, ինչով է կինոկոստյումը տարբերվում եւ որն է հանդիսանում վերջինիս առանձնահատկությունը։

Ինչպես են ստեղծվում կինոկոստյումները

Նշենք, որ կինոարդյունաբերության արշալույսին այս ոլորտում մասնագետներ պարզապես չկային եւ առանձնահատուկ ծառայություններ կինոկոստյումների ստեղծման, պատրաստման համար, պարզապես գոյություն չունեին։ Դերասանները սովորաբար կոստյումները փոխ էին վերցնում թատրոններից կամ սեփական զգեստապահարանն էին «ի սպաս դնում կինոարվեստի զոհասեղանին»։ Հոլիվուդյան կինոստուդիաներում աստիճանաբար առաջացել են Costume Departments-ները կամ Զգեստի համար պատասխանատու բաժինները։

Զուգահեռաբար օրակարգային են դառնում կինոհագուստեղենի որակի եւ դիմացկունության հետ կապված հարցերը, քանի որ բազմաթիվ հիասքանչ եւ նրբագեղ կինոկոստյումներ պարզապես չէին դիմանում նկարահանումներին։ Ավելին, այդ կինոկոստյումները համարվում էին «work product», այսինքն՝ աշխատանքային պրոդուկտ եւ կինոնկարահանումներից դուրս պարզապես պիտանի չէին լինում այլեւս, թեեւ պահանջում էին խնամքով պահպանում։ Ժամանակի հետ կինոընկերությունների պահեստներում սկսում են կուտակվել թանկարժեք կինոկոստյումները եւ արդեն ներկայումս բազմաթիվ կինոընկերություններ պրակտիկա են դարձրել իրենց համար՝ ժամանակ առ ժամանակ կազմակերպել կինոկոստյումների վաճառք կամ պարզապես՝ ցուցադրություններ։ Ուստիեւ՝ կինոկոստյումի դիզայների համար խնդիր է դրվել հաշվի առնել այս բոլոր՝ զուտ տեխնիկական եւ կենցաղային սահմանափակումները։

Կինոկոստյումների համար կարգախոսային է «Costume speaks volumes» արտահայտությունը, որը իմաստային առումով նշանակում է «կոստյումը ավելի պերճախոս է, քան բոլոր բառերը»: Այսպիսով, կինոկոստյումի առաջնային խնդիրը` հնորովորինս շատ կերպարի մասին պատմելն է կամ կերպարը ներկայացնելը, ցույց տալն ու բացահայտելը կերպարի բնավորությունն ու ներաշխարհը: Ինչպես նաեւ,  ցույց տալն այնպիսի գործոնները, ինչպիսիք են` կերպարի կարգավիճակն ու գործունեության ոլորտը: Սակայն, ի տարբերություն թատերական կոստյումի, որտեղ թույլատրվում է ընդհանրականություն եւ պայմանականություն, կինոնկարում պահանջվում է առավելագույն նույնականացում, շատ ավելին, քան արվեստի բոլոր ճյուղերում: Հատկապես, որ ֆիլմերը մշտապես հաշվարկված են բազմամիլիոն լսարանի համար: Ինչպես կարծում են Դ. Շումանը կինոկոստյումների «լեզվին» նվիրված հոդվածում. «Յուրաքանչյու կոստյումը դիզայներական խնդրի լուծում է, որը որոշվում է կինոնկարի տեղով եւ ժամանակով, սցենարով եւ կերպարով, դերասանով, որի համար կարված է այն, ինչպես նաեւ կինոնկարից ունեցած սպասելիքներով, որն ունեն ինչպես ռեժիսորը,  այնպես էլ կինոնկարի ենթադրյալ լսարանը: Կոստյումի ստեղծումը պահանջում է զգալի ստեղծագործարական ջանքեր եւ հետազոտական աշխատանք»:

Այս ամենը նկատի ունենալով եւ հանրագումարի բերելով, 2021 թվականին նկարահանված «Կրուելլա» կինոկատակերգության հագուստների ստեղծով Ջեննի Բիվանի` նշված կինոնկարի համար կատարած աշխատանքի օրինակով դիտարկենք, թե ինչպես են ստեղծվում կիոնկոստյումները: Նկատենք, որ այս կինոնկարը ուղղակիորեն կապված է նորաձեւության արդյունաբերության հետ: Կարելի է նույնիսկ ասել, որ նորաձեւությունը առանցքային տեղ է զբաղեցնում այս կինոնկարի սյուժեում: Այնպես որ, դիզայների համար առաջնային խնդիրը` ժամանակի եւ գործողությունների վայրի նորաձեւության միտումներին համահունչ զգեստների ստեղծումն է եղել:

Դա անցյալ տարի 70-ական թվականների Լոնդոնն էր: Եւ ինչպես հավաստիացնում է հենց Ջեննի Բիվանը,  նա անձամբ է եղել Լոնդոնում այդ ժամանակներում: Դրա համար էլ, նկարչուհին հիանալի հասկացել է, թե ինչ աշխատանք պետք է կատարի: Դիզայների աշխատանքն արդեն շարունակվում է «մուդբորդի» ստեղծմամբ, այսինքն` ռեֆերենսների հավաքմամբ, որոնց հիման վրա արդեն ծնվում  են հետագա գաղափարները: «Եւ այսպես, կարդալով սցենարը, ես մոտավորապես կազմեցի այն ցանկը, թե ինչպես պետք է անեմ յուրաքանչյուր կերպարի մասով: Այնուհետեւ սկսեցի ստեղծել նկարները»:

Բիվանի համար ռեֆերենսներ կամ նախատիպեր, նախօրինակներ են դարձել դիզայներ Վիվյեն Վեսթվուդը, գերմանացի երգչուհի Նինա Խագենը, «Bodymap» և «Alexander McQueen» նորաձեւության բրենդները: Դիտելով կինոնկարը և վերլուծելով մարդկանց եւ բրենդները, որոնց վրա հիմնել է Բիվանն իր գաղափարները կարելի  է վստահորեն ասել, որ օրինակ Վիվյեն Վեսթվուդը դիզայների մուրդբորդում հայտնվել է գլխավոր հերոսուհի Կրուելլայի կերպարի համար: Մենք ենթադրում ենք իհարկե, որ Վեսթվուդի անձի և ոճի մեջ Բիվանը տեսել է նմանություն կինոնկարի գլխավոր հերոսուհու կերպարի հետ: Մասնավորապես` Կրուելլան եղել է վառ անհատականություն եւ ընդվզող կին:

Հաջորդիվ, դիտարկենք մի կինոնկար, որը արդեն համարվում է ժամանակների քննությունը բռնած դասական գործ: Խոսքը «Սատանան «Պրադա» է կրում» կինոնկարի մասին է, որը էկրան բարձրացավ 2006 թվականին: Կերպարների զգեստապահարանների վրա աշխատել է Պատրիցիա Ֆիլդը: Հագուստը կինոնկարում ունի չափազանց կարեւոր դերակատարություն: Չէ որ սյուժեի հիմքում նորաձեւության արդյունաբերությունն է: Այնպես որ կինոկոստյումից այն կողմ դյուրին չէ տեսնել կերպարի բնավորությունը, քանի որ կոստյումի գլխավոր խնդիրը տվյալ դեպքում, նորաձեւության միտումներին հետեւելն էր: Քանի որ կինոնկարը պատմում է նորաձեւության արդյունաբերության «հիմքերի» մասին, որտեղ ծնվում է ողջ նորաձեւությունն առհասարակ, դիզայների հաջորդ խնդիրն այս կինոնկարում` կոստյումների միջոցով կերպարների բարձր կարգավիճակը ցույց տալն էր, որոնք բաղկացած պետք է լինեին թանկարժեք բրենդներից:

Հարցազրույցներից մեկում Պատրիցիա Ֆիլդը բացատրում է, որ կինոնկարի հերոսների համար հավաքված զգեստապահարանի հիմքում իր սեփական պատկերացումներն են եղել, որոնք ձեւավորվել են սցենարի ընթերցանությունից եւ դերասանների հետ հանդիման արդյունքում ունեցած տպավորություններից հետո: Օրինակ` կինոնկարի գլխավոր հերոսուհիներից մեկի կերպարի համար որպես ներշնչանք է հանդիսացել համաշխարհային ճանաչում ունեցող դիզայներ եւ մոդելյոր Դոննա Կարանը, որը չափազանց տպավորիչ եւ անհավանական յուրատեսակ մոտեցում ունի նորաձեւության հանդեպ: «Պարզապես զգացի, որ Դոննան հիանալի նախատիպ կարող է լինել Մերիլի կերպարի համար»,- ասել է Պատրիցիա Ֆիլդը:

Կինոկոստյումների դիզայների համար եւս մեկ խնդիր կա, որը նա պետք է լուծի. այն է` կինոկոստյումների միջոցով կինոնկարի ընթացքում ցույց տալ կերպարի էվոլյուցիան, որը կերպարը ունենում է: «Սատանան «Պրադա» է կրում» կինոնկարում հենց արտաքին տեսքի, հագուստեղենի միջոցով է ցույց տրվում հերոսուհու անձնական եւ կարիերային աճը: Ոճի եւ ճաշակի բացակայությունը սկզբում հերոսուհուն նետում է պերճաշուք եւ նրբագեղ Միրանդա Պրիստլիի աշխատակազմի լուսանցք, սակայն վերջում հերոսուհին արդեն ներկայանում է թանկարժեք զգեստով, իսկ սյուժեի ընթացքում փոխում է մի քանի թանկարժեք բրենդային հագուստներ: Ի մի բերելով, կարող ենք ասել, որ կինոկոստյումի ստեղծումը ոչ միայն ստեղծագործական, այլ նաեւ լուրջ հետազոտական աշխատանք է, որը պետք է իրականացնի դիզայներ, որ աշխատում է այդ ոլորտում:

Անձնական եւ մասնագիտական փորձառությունը կինոկոստյումի ստեղծման գործում կարեւոր դերակատարություն ունի: Կինոնկարների կոստյումների ստեղծման ընթացքում դիզայների աշխատանքը բազմաթիվ սահմանափակումների է ենթարկվում, որոնք ոչ միայն ստեղծագործական-գեղարվեստական աշխատանքի հետ են կապված, այլ նաեւ` կինո տեխնոլոգիական բնույթի են: Եվ ի վերջո, կինոկոստյումը մի բարդ համակարգ է, որը օգնում է կինոդիտողին ավելի ճշգրիտ և պատշաճ կերպով հասկանալու կինոնկարի յուրաքանչյուր հերոսին և կինոնկարն ու վերջինիս փոխանցած «մեսիջներն» առհասարակ:

Աղբյուրը՝ ФОРУМ МОЛОДЫХ УЧЕНЫХ 1(77) 2023

Պատրաստեց՝ Արամ Յանինը