Մայիսի 27-ին ավարտվեց ամենակարևոր կինոստուգատեսներից մեկը՝ Կաննի կինոփառատոնը։ 76-րդ «Ոսկե արմավենու ճյուղը» ստացավ ֆրանսուհի ռեժիսոր Ժյուստին Թրիեի «Անկման անատոմիա» ֆիլմը։ Կաննի կինոփառատոնի երկրորդ ամենակարևոր մրցանակը՝ Գրան պրին, Ջոնաթան Գլեյզերինն է՝ «Հետաքրքրությունների գոտի» ֆիլմի համար։ Ժյուրիի մրցանակը շնորհվեց Ակի Կաուրիսմյակիի «Թափված տերևներ» ֆիլմին։

Լավագույն ռեժիսոր է ճանաչվել Չան Ան Հունգը («Դոդին Բուֆանի կրքերը»), իսկ լավագույն սցենարի համար հաղթանակի է արժանացել Յուջի Սակամոտոն («Հրեշ»): Լավագույն դերասանուհի է ճանաչվել ազգությամբ թուրք Մերվե Դիզդարը («Չոր խոտաբույսերի մասին»), իսկ լավագույն դերասան՝ Կոջի Յակուսեն («Կատարյալ օրեր»): Վիմ Վենդերսի այս ֆիլմը պատմում է ճապոնացի տղամարդու մասին, որի առավոտներն անցնում են քաղաքի հասարակական զուգարանները մաքրելով։ Ազատ ժամանակ նա գիրք է կարդում, ծառեր տնկում կամ շրջապատող մարդկանց ուսումնասիրում:

Այսպիսով, բոլորի և նույնիսկ հեղինակների համար անսպասելի, Կաննի գլխավոր մրցանակը ստացավ 44-ամյա ֆրանսուհի Ժյուստին Թրիեի չորրորդ՝ «Անկման անատոմիա» ֆիլմը։ Թրիեն Կաննի կինոփառատոնի պատմության մեջ երրորդ կինն է, որն արժանացել է «Ոսկե արմավենու ճյուղի»՝ Ջեյն Քեմփիոնից և Ժյուլի Դյուկուրնոյից հետո։

 

«Անկման անատոմիան» դատական ​​դրամա է՝ թրիլլերին հատուկ լարվածությամբ և միաժամանակ հեղինակային ֆիլմին հատուկ բծախնդրությամբ։ Ֆիլմը տևում է երկուսուկես ժամ, ակայն ոչ մի վայրկյան չի ձանձրացնում։ Սա մինիմալիստական կտավ է, նույնիսկ ֆոնային երաժշտությունն է հասցված նվազագույնի․ դա էլ այն պատճառով, որ հերոսներից մեկը կոմպոզիտոր է, իսկ մյուսը՝ դաշնակահար։ Մենք լսում ենք միայն նրանց խոսքը՝ չոր, պաշտոնական, հիմնված փաստերի, այլ ոչ զգացմունքների վրա՝ ինչպես և ընդունված է դատարանում։

Ֆիլմը պատմում է մահվան դեպքի մասին՝ կամ դժբախտ պատահար, կամ սպանություն, կամ ինքնասպանություն։ Մահացածը կոմպոզիտոր, գրող և մանկավարժ Սամուելն է (Սամուել Թեիս): Մահացածի կինը՝ Սանդրան (Սանդրա Հյուլեր), գործով կասկածյալ է համարվում, քանի որ ամուսինները հաճախ վիճում էին դավաճանությունների և մասնագիտական ​​խանդի հողի վրա։

Երրորդ կերպարը նրանց դեռահաս որդին՝ Դանիելն է (Միլո Մաչադո Գրաներ), որը վթարից հետո մասամբ կորցրել է տեսողությունը։ Չորրորդ և ոչ պակաս կարևոր հերոսն էլ նրանց շունն է։ Ֆիլմում երկու զուգահեռ դրամաների ականատեսն ենք դառնում՝ Սանդրայի հարաբերությունների կործանման տարեգրությունը և դատարանի առջև իր անմեղությունն ապացուցելու մենամարտը:

Չնայած գեղարվեստական լուծումների սղությանը՝ «Անկման անատոմիան» բավականին ռիթմիկ է, երկխոսությունները հիանալի են գրված՝ ասես կյանքից վերցված, իսկ դանդաղ զարգացող սյուժեն մինչև վերջին րոպեն լարված է պահում դիտողին՝ նույնիսկ առանց ցնցող շրջադարձերի։ Սիմոն Բոֆիլի տեսախցիկն էլ, առաջին հայացքից, ասես ուղղակի հետևի հերոսների կյանքին, սակայն իրականում այն արձանագրում է կերպարների վարքագծի ու ինտոնացիաների ամենաաննշան նրբերանգները։

Այնուամենայնիվ, պարզ է, որ Կաննի կինոփառատոնի ճանաչմանն այս ֆիլմը չէր կարող արժանանալ միայն գեղարվեստական ​​արժանիքների համար: Ֆիլմում ականատեսն ենք քաղաքական օրակարգի մերժման և մարդկային ամենախոր ու անձնական դրամաների բացահայտման։ Այստեղ անկումը ոչ միայն Սամուելի մահվան, այլև անվստահության, խանդի, փոխադարձ մեղադրանքների պատճառով մի ամբողջ ընտանիքի փլուզման մասին է։ Թրիեն բացահայտում է մարդկանց հոգիների պարադոքսները և հիշողության մեխանիզմների աշխատանքը, որոնք հաճախ ընտրում են՝ ինչը հիշել և ինչը մոռանալ։

Քննադատները նշում են, որ դատական ​​դրաման ֆրանսիական ժանր չէ և ավելի հատուկ է ամերիկական կինոյին։ Սակայն նրանք այնքան էլ իրավացի չեն: Կա առնվազն մեկ հիանալի դատական ֆիլմ, որը նույնպես կապված է կնոջ սուբյեկտիվության և գենդերային դերերի հետ։ Խոսքը Անրի-Ժորժ Կլուոզոյի «Ճշմարտություն» (1960) ֆիլմի մասին է, որն ակնհայտորեն ոգեշնչել է Թրիեին:

Ամփոփելով «Անկման հետագիծը»․․․Իրականում, ցանկացած «հանցագործության» մեղավորներին պարզելը միշտ չէ, որ հեշտ է։ Երբեմն ճշմարտությունը չափազանց սուբյեկտիվ է՝ նույնիսկ դատարաններում։ Ուստի «Անկման անատոմիան» ոչ թե դետեկտիվ է, այլ ժանրի հմուտ իմիտացիա։ Այս ֆիլմը կարելի է համեմատել Բերգմանի «Տեսարաններ ամուսնական կյանքից» հոգեբանական գլուխգործոցի հետ․ այն բարձրացնում է հավերժական հարցեր ու երբեք չի տալիս մակերեսային պատասխաններ։

Կանն 2023

Ջոնաթան Գլեյզերի՝ Գրան պրիի արժանացած «Հետաքրքրությունների գոտի» ֆիլմն էլ, որը մեզ տեղափոխում է Համաշխարհային երկրորդ պատերազմի ժամանակաշջան, նույնպես պատմում է մեծ աշխարհում փոքր մարդու անձնական հույզերի մասին։ «Հետաքրքրությունների գոտի» ֆիլմի հերոսը գերմանացի հրամանատար է, որը պատասխանատու է Օսվենցիմում բազմաթիվ հրեաների սպանության համար: Սակայն հանդիսատեսին առաջարկվում է ոչ թե հերթական անգամ դիտել և սարսափել պատերազմական անմարդկային տեսարաններից, այլ կենտրոնանալ այդ ամենի ֆոնին մի զինծառայողի և նրա կնոջ հարաբերությունների վրա, մտորել՝ ինչպես սովորական մարդը կարող է հանդուրժել զանգվածային մարդասպանությունն ու ցեղասպանությունը։

Մրցանակների ամբողջական ցանկը՝ ստորև.

ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՖԻԼՄԵՐ

Palme d’Or: “Anatomy of a Fall,” Justine Triet

Grand Prix: “The Zone of Interest,” Jonathan Glazer

Director: Tran Anh Hung, “The Pot au Feu”

Actor: Kōji Yakusho, “Perfect Days”

Actress: Merve Dizdar, “About Dry Grasses”

Jury Prize: “Fallen Leaves,” Aki Kaurismaki

Screenplay: Sakamoto Yûji, “Monster”

ԱՅԼ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ

Camera d’Or: “Inside the Yellow Cocoon Shell,” Thien An Pham

Short Films Palme d’Or: “27,” Flóra Anna Buda.

Short Films Special Mention: “Fár,” Gunnur Martinsdóttir Schlüter

Golden Eye Documentary Prize: TBA

Queer Palm: “Monster”

***

Un Certain Regard Award: “How to Have Sex,” Molly Manning Walker

Jury Prize: “Hounds,” Kamal Lazraq

Best Director Prize: “The Mother of All Lies,” Asmae El Moudir

Freedom Prize: “Goodbye Julia,” Mohamed Kordofani

Ensemble Prize: “The Buriti Flower,” João Salaviza, Renée Nader Messora, cast and crew

New Voice Prize: “Omen,” Baloji

«ՌԵԺԻՍՈՐՆԵՐԻ ԵՐԿՇԱԲԱԹՅԱԿ»

Europa Cinemas Label: “Creatura,” Elena Martín

Society of Dramatic Authors and Composers Prize: “A Prince,” Pierre Creton

«ՔՆՆԱԴԱՏՆԵՐԻ ՇԱԲԱԹ» ԾՐԱԳԻՐ

Grand Prize: “Tiger Stripes,” Amanda Nell Eu

French Touch Prize: “It’s raining in the house,” Paloma Sermon-Daï

GAN Foundation Award for Distribution: Pyramide Films, “Inshallah a boy”

Louis Roederer Foundation Rising Star Award: Jovan Ginić, “Lost Country”

Աղբյուր 

Պատրաստեց Դիանա Գասպարյանը