Երկրորդ աշխարհամարտի մասին պատմող ֆիլմեր նկարվել են սկսած պատերազմական տարիներից մինչև մեր օրերը, թեպետ ավաղ, այդ պատերազմը վերջինը չեղավ պատմության մեջ: Այդ ֆիլմերը նկարվել են և՛ Խորհրդային Միությունում, և՛ նրա սահմաններից դուրս: Դրանք անշուշտ տարբերվում էին միմյանցից գաղափարական նկատառումներով` մի բան, որ արվեստի համար բնավ շահեկան չէ: Բայց կար մեկ այլ տարբերություն, որ առավել ակնառու էր. դա այն ոգեղենն էր և կամ` հոգևորի առկայությունը, որ զարմանալի կերպով իր արտահայտությունն էր գտնում մատերիալիստական, աթեիստական գաղափարախոսության երկրի ֆիլմերում: Բավական է հիշատակել Մ. Կալատոզովի «Թռչում են կռունկները», Գ. Չուխրայի «Բալադ զինվորի մասին» և «Մաքուր երկինք», Ա. Տարկովսկու «Իվանի մանկությունը», Լ. Շեպիտկոյի «Վերելք», Ս. Բոնդարչուկի «Մարդու ճակատագիրը», Ա. Գերմանի «Քսան օր առանց պատերազմի», Ս. Ռոստոցկու «Իսկ արշալույսներն այստեղ խաղաղ են» կինոնկարները, թեև այս շարքը կարող է անվերջ լինել, հատկապես, եթե հավելենք նաև հայկական «պատերազմական» ֆիլմերը…

Եթե խոսքը պատերազմն իբրև արհավիրք պատկերելու, մարդկային հոգիների ավերի, անսահման տառապանքի մասին է, ապա համամարդկային բովանդակության սրտառուչ ֆիլմեր ստեղծվել են աշխարհի տարբեր երկրներում: Բայց միևնույն է, խորհրդային ֆիլմերում կա մի բան, որ անբացատրելի է… Գուցե դա պայմանավորված է այն չափից դուրս թանկ գնով, որ այդ երկիրն ու նրանում ապրող ժողովուրդները վճարել էին ֆաշիզմի, նացիզմի դեմ տարած հաղթանակի համար:

Առնվազը վեց տասնյակ միլիոն կյանքեր խլած այդ պատերազմի էպիկենտրոնում, այդուհանդերձ, մեկ անուն է, թեև հաստատապես նա օդից չէր հայտնվել, նրան «ծնել» և «սնել» էին ու ամեն կերպ աջակցել` նպաստելով վերջինիս իշխանության գալուն: Ադոլֆ Հիտլեր էր այդ պատմական հրեշի անունը, որ նույնացվում է և բնութագրվում իբրև մարդկության պատմության մեծագույն չարիքներից մեկը: Այստեղ թերևս տեղին է հիշատակել Վոլֆգանգ Շտաուդտեի «Ռելսերի միջև» արևմտագերմանական ֆիլմը (Zwischengleis, 1978), որ 90-ականների առաջին կեսին ցուցադրվեց ռուսական НТВ հեռուստաալիքով: Ամենատպավորիչ տեսարաններից մեկում գերմանուհի մայրը կապիտուլացված Բեռլինում հարցնում է իր դստերը սիրահետող ամերիկյան սպային. «Ասացեք, ո՛ւմ մասին եք մտածում, երբ աղջկաս հետ եք, Բախի՞, թե՞ Հիտլերի…»:

Սև-սպիտակ և գունավոր Հիտլերը

1977թ. հայտնված «Հիտլերի կարիերան» (Hitler – Eine Karriere, dir. Christian Herrendoerfer, Joachim Fest) արևմտագերմանական փաստավավերագրական ֆիլմը պատմում է «ֆյուրեր» կոչեցյալի վերելքի և անկման մասին: Այն խիստ քննադատվել է «Նոր գերմանական կինոյի» առաջատար ռեժիսորներից մեկի` մեր հանդիսատեսին քաջ ծանոթ Վիմ Վենդերսի կողմից: Հենվելով քրոնիկալ նկարահանումների, արխիվային նյութերի վրա, այս վավերագրությունը, կինոգետ Եվա Մազիրսկայի խոսքով` «կահավորված» էր պատմաբան Ֆեսթի արտակադրային հեղինակային տեքստով (Ewa Mazierska, European Cinema and Intertextuality. History, Memory and Politics, 2011): Կինոգետն իր սույն մենագրության «Մեր Հիտլերը» գլխում, դիտարկելով նացիստական բռնապետի մի շարք պատկերումները տարբեր հեղինակների ֆիլմերում, գրում է, որ «այսօր այդ անունը լսելիս մենք ամենաքիչն ենք մտածում պատմական ֆիգուրի մասին և ավելի շատ մտածում այն ամենի մասին, որ ասոցացվում է նրա հետ: Այս իմաստով, Հիտլերը նույնացվում է Օսվենցիմի հետ» (Mazierska, p. 64):

Իսկ դարձյալ Վենդերսին հղում անելով, աշխատության հեղինակը նշում է ռեժիսորի քննադատությունն առ այն, որ վերոհիշյալ վավերագրական ֆիլմի հեղինակներն առանց քննադատական հայացքի կրկնել էին նացիստական քարոզչության մեջ շրջանառող պատկերները և ուղերձները, ուստի, ըստ ռեժիսորի` «Չդիտել այս ֆիլմը, դա հավանաբար միակ խորհուրդն է, որ կարելի է տալ»:

Մեր դպրոցական տարիներին մայիսյան այս օրերին ցուցադրվող ֆիլմերից շատերը անտարակույս ազդել են մի քանի սերունդների հոգեկերտվածքի վրա: Վերոնշյալ կինոնկարներից բացի, ցուցադրվում էին նաև հեռուստատեսային բազմասերիանոց ֆիլմեր, որոնք իրենց գեղարվեստական որակով այսօր էլ են ապշեցնում. Վլադիմիր Բասովի «Վահան և սուր»,  Տատյանա Լիոզնովայի «Գարնան տասնյոթ ակնթարթ», Յուրի Օզերովի «Ազատագրում» սերիալները:

Սև-սպիտակ և գունավոր Հիտլերը

Հարկ ենք համարում կանգ առնել Հայրենական պատերազմի մասնակից Յուրի Օզերովի «Ազատագրում» հինգ սերիանոց մեծամասշտաբ աննախադեպ կինովիպերգության վրա, որի ստեղծմանը մասնակցել է հինգ երկիր. ԽՍՀՄ, Հարավսլավիա, Իտալիա, Լեհաստան, Գերմանիայի Դեմոկրատական հանրապետություն: Մի շարք ռազմական խորհրդատուներ են ընդգրկվել, քանի որ խնդիր էր դրված ճշգրիտ կերպով վերականգնել ու վերարտադրել պատմական իրադարձությունների, մարտական գործողությունների պատկերը, ինչը մեծապես հաջողվել է իրականացնել: Սցենարի վրա, ռեժիսորի մասնակցությամբ, աշխատել են գրողներ Օսկար Կուրգանովը  (պատմական տեսարաններ) և Յուրի Բոնդարևը (խրամատային տեսարաններ): Այնուհետև միացվել, միահյուսվել են բոլոր տեսարանները: Արդյունքում հաջողվել է պահպանել մասի և ամբողջի համամասնությունը` լայնածավալ մարտական գործողությունների հորձանուտում չկորցնելով առանձին հերոսներին, ներառյալ շարքային, սովորական մարդկանց:

Այս բացառիկ ֆիլմաշարում առանձնահատուկ հետաքրքիր մոտեցում է ցուցաբերվել գույնի կիրառման հարցում: Բացի այն, որ այստեղ օգտագործվել են բազմաթիվ վավերագրական (սև-սպիտակ) կադրեր, ֆիլմի խաղարկային, բեմադրված մասերը նույնպես բաժանվում են սև-սպիտակ և գունավոր տեսարանների: Բոլոր այն տեսարանները, որոնցում կան Ստալինը, Ռուզվելտը, Չերչիլը և Հիտլերը, առանց բացառության սև ու սպիտակ են նկարված: Ու դա շատ հասկանալի է և ընդունելի: Սև-սպիտակ պատկերելով` հեղինակն այդ կադրերին լրացուցիչ հավաստիություն է հաղորդել: Կարող ենք պնդել, որ դրանով էր պայմանավորված նաև Սփիլբերգի որոշումը` «Շինդլերի ցուցակը» սև-սպիտակ ժապավենով նկարահանելը, իսկ գույնը հայտնվում էր ֆիլմի վերջում` իբրև փրկված հրեաների կյանքի վերահաստատում և վերընձյուղում: Այսպես, գույնը տարիներ առաջ հայտնվել էր Տարկովսկու «Անդրեյ Ռուբլյով» կինոորմնանկարի ավարտական տեսարանում, երբ զանգերի վերաձուլմամբ, ավերակներից ու մոխիրներից հառնում էր երկիրը` ստեղծագործական սխրանքի մղելով իր տաղադավոր նկարիչ-զավակին:

Սև-սպիտակ և գունավոր Հիտլերը

Վերադառնալով «Ազատագրում» ֆիլմին` կարող ենք ասել, հիրավի, հատկապես քաղաքական լիդերների հանդիպումների սև-սպիտակ տեսարաններն առավելապես քրոնիկա` վավերագրություն են հիշեցնում: Միխայիլ Ուլյանովի համոզիչ դերակատարմամբ, մարշալ Ժուկովի մասնակցությամբ տեսարանները մեկ գունավոր են, մեկ` սև-սպիտակ: Հետաքրքիր գեղագիտական և հոգեբանական ազդեցություն է ունենում հանդիսատեսի վրա գույնի հետ այդ խաղը: Սև-սպիտակը հեռացնում է հերոսին, տանում դեպի անցյալ` դարձնելով նրան քրոնիկալ` վավերագրական ժապավենի պատկեր, իսկ գունավոր տեսարանները մոտեցնում են նրան, ասես բերում-հասցնում մինչև մեր ժամանակներ:

Գալով մեր ժամանակներին` պետք է ասել, որ Հիտլերի քրոնիկալ գունավոր պատկեր առաջին անգամ ցուցադրվեց դարձյալ 90-ականների առաջին կեսին` նույն НТВ հեռուստաալիքով (նշենք, որ այդ ժամանակ դեռ սև-սպիտակ կինոժապավենները գունավորելու տեխնոլոգիան չկար): Դա ամերիկյան փաստավավերագրական մի ֆիլմում էր, որտեղ ընդգծվեց, որ ժամանակին Հիտլերի և Եվա Բրաունի համար հատուկ ձեռք բերված կինոխցիկով նկարահանված այդ գունավոր կադրերը Երկրորդ աշխարհամարտի ավարտին իբրև ավար ամերիկացիներն էին տարել… Խորհրդային զորքերը նույնպես որպես ավար Գերմանիայից տարել էին բազմաթիվ ֆիլմեր (այսպես կոչված` տրոֆեյ-ֆիլմեր), որոնք հետագա տարիներին ցուցադրվում էին ռուսերեն ենթագրերով: Բայց թե ինչու հիտլերյան գունավոր պատկերը հայտնվեց միայն Խորհրդային Միության փլուզումից հետո, հարց է, որ կարոտ է բացապարզման…

Սիրանույշ Գալստյան