Մեկ տարի առաջ թվում էր՝ համաշխարհային կինոփառատոների համար Ուկրաինայի շուրջ զարգացումներից ավելի կարևոր ոչինչ չկա։ Այնուհանդերձ, Կաննի կինոփառատոնի 2023-ի ծրագրում պատերազմի մասին ոչ մի ֆիլմ ներառված չէ: Ուկրաինացի և ռուս ռեժիսորների՝ այլ թեմաներով ֆիլմեր էլ չկան… համենայն դեպս՝ դեռ (կազմկոմիտեն խոստանում է թարմացնել ծրագիրը ու ևս մի քանի ֆիլմ ընդգրկել)։

Այս տարի Կաննում կցուցադրեն Մարտին Սկորսեզեի «Ծաղկի լուսնի սպանողները» 200 միլիոն դոլար արժողությամբ վեսթերն-դետեկտիվը, որտեղ կհանդիպեն Սկորսեզեի սիրելի երկու  դերասանները՝ Ռոբերտ դե Նիրոն և Լեոնարդո դի Կապրիոն, Հարիսոն Ֆորդի մարմնավորած խիզախ հնագետի մասին պատմող սագայի հինգերորդ մասը՝ «Ինդիանա Ջոնսը և ճակատագրի անիվը» (առաջին անգամ ռեժիսորի աթոռին ոչ թե Սթիվեն Սփիլբերգն է, այլ Ջեյմս Մենգոլդը), Սեմ Լևինսոնի («Էյֆորիա») «Կուռք» սերիալը, գլխավոր դերում երգիչ Էյբլ Թեսֆայեն է (The Weeknd), Պեդրո Ալմոդովարի՝ երկու կովբոյի սիրո մասին պատմող «Տարօրինակ կյանք» կարճամետրաժ ֆիլմը, դերերում են Պեդրո Պասկալը և Իթան Հոուքը: Փառատոնի բացմանը կցուցադրվի ֆրանսուհի Մեյվենի «Ժաննա Դյուբարին», Լուի XV-ի դերում՝ Ջոնի Դեպը։ Ի դեպ, վերոնշյալ բոլոր ֆիլմերը մրցութային ծրագրում չեն:

«Ոսկե արմավենու ճյուղի» չեն հավակնում նաև այնպիսի դասականներ, ինչպիսիք են 82-ամյա իսպանացի Վիկտոր Էրիսը («Փակեք ձեր աչքերը», վերջին 30 տարվա մեջ նրա առաջին ֆիլմն է), օսկարակիր Սթիվ Մակքուինը՝ Ամստերդամի պատմության մասին մոնումենտալ «Գրավված քաղաքը» վավերագրական ֆիլմով և ճապոնական կինոյի ու հեռուստատեսության վարպետ Տակեշի Կիտանոն՝ «Պարանոց» սամուրայական կատակերգությամբ, որը հիմնված է հենց Կիտանոյի վեպի վրա: Այս ստեղծագործությունը 76-ամյա ռեժիսորն անվանել է «հրաժեշտի ֆիլմ»:

Հիմնական մրցույթի ֆիլմերը շատ ավելի ինտրիգային են: Ի դեպ, ժյուրին գլխավորում է «Ոսկե արմավենու ճյուղի» կրկնակի դափնեկիր Ռուբեն Էսթլունդը: Այսպիսով, հիմնական մրցույթում են՝ Քաութեր Բեն Հանիան («Չորս դուստր») և Ռամատա-Տուլայե Սին («Բանել և Ադամա»), Կաննի վետերաններ իտալացի Նաննի Մորետին («Ապագայի արևը»), ճապոնացի Հիրոկազու Կորեդան («Հրեշը»), թուրք Նուրի Բիլգե Ջեյլանը («Չոր խոտերի մասին»): Մասնակցում են նաև «Ոսկե արմավենու ճյուղի» կրկնակի դափնեկիր Քեն Լոուչը («Հին կաղնին»), Վիմ Վենդերսը, որը հիմնական մրցույթում կներկայացնի Ճապոնիայում նկարահանված «Կատարյալ օրեր» ֆիլմը (այն պատմում է հանրային զուգարանների մաքրողի մասին, որին մարմնավորում է Կոջի Յակուսեն) և ժամանակակից նկարիչ Անսելմ Կիֆերի մասին պատմող «Անսելմ» 3D վավերագրական ֆիլմը՝ արդեն ոչ մրցութային ծրագրում:

Կինոսերների և քննադատների ֆավորիտների թվում, որոնք դեռ չեն արժանացել Կաննի գլխավոր մրցանակին, կարող ենք նշել ամերիկացի Ուես Անդերսոնին, որը կներկայացնի ևս մեկ աստղային նոստալգիկ կատակերգություն՝ «Աստերոիդների քաղաքը», ինչպես նաև ֆինն Ակի Կաուրիսմյակիին՝ բանվոր դասակարգի մասին «Թափված տերևները» ողբերգական ֆարսով:

Գլխավոր մրցանակին են հավակնում նաև իտալացի Ալիչե Ռորվախերը («Խիմերա») և ավստրուհի Ջեսիկա Հաուսները («Քլաբ զերո»), կուլտային և սկանդալային ֆրանսուհի Կատրին Բրեյան («Անցած ամառ»), իտալացի Մարկո Բելոկիոն («Առևանգվածը»), ամերիկյան անկախ կինոյի վարպետ Թոդ Հեյնսը («Մայիս, դեկտեմբեր») և էկլեկտիկ վիետնամցի Չան Ան Հունգը՝ Ֆրանսիայում նկարահանված «Դոդեն-Բուֆանի կիրքը» գաստրոնոմիական ռոմանտիկ դրամայով (գլխավոր դերերում են Ժուլիետ Բինոշը և Բենուա Մաժիմելը):

Մրցույթի ամենաարտասովոր մասնակիցը չինացի անհաշտ դիսիդենտ Վան Բինն է, որի մի քանի ժամանոց ​​էպոսը՝ «Երիտասարդությունը», ընդգծում է փառատոնային վերջին սեզոնի միտումը, այն է՝ «վավերագրողները և հեղինակային ֆիլմերի ռեժիսորները հավասար են»:

Այս տարի էլ փառատոնի հասցեին անխուսափելիորեն կհնչեն ավանդական դարձած մեղադրանքները՝ «Կաննը նորեկների չի ընդունում և թույլ չի տալիս՝ նրանք էլ մտնեն խաղի մեջ»: Միաժամանակ, «Հատուկ հայացք» ամենահեղինակավոր զուգահեռ ծրագիրը հիմնականում բաղկացած է դեբյուտային ֆիլմերից, ծրագրեր էլ կան, որ դեռ չեն հրապարակվել։

Ուստի, եթե հոգնել եք կրկնվող անուններից, մոտ մեկ ամիս ստիպված եք սպասել, սակայն հավատացած եղեք՝ նոր բացահայտումները երաշխավորված են։ Կաննի կինոփառատոնը կմեկնարկի մայիսի 16-ին, իսկ հաղթողները հայտնի կդառնան մայիսի 27-ին։

Ի դեպ՝ Ֆրանսիայում կենսաթոշակային տարիքը 62-64 դարձնելու մասին Կառավարության որոշման դեմ բողոքի ցույցերը և գործադուլները չեն դադարում: Էներգետիկ արդյունաբերության ոլորտի աշխատակիցների ասոցիացիան զգուշացրել է, որ ի նշան բողոքի առանց հոսանքի կթողնի մայիսի 16-27-ը նախատեսված Կաննի 76-րդ կինոփառատոնը և միջազգային այլ խոշոր միջոցառումներ:

Աղբյուր

Պատրաստեց Դիանա Գասպարյանը