Քայլում եմ Փարիզի Ռիվոլի փողոցով և մտածում, որ երբեմն մեկ արվեստագետի ֆոտո ցուցահանդեսը կարող է ավելի կարևոր տեղեկատվական դեր ունենալ Ղարաբաղյան անարդար և դառը լռության մասին, որքան մի խումբ պաշտոնական անձանց անսպառ-անհամար հարցազրույցներն ու ելույթները։ Խոսքս ֆրանսահայ ռեժիսոր և լուսանկարիչ Ալեքսի Փազումյանի «Սև այգի» խորագիրը կրող ցուցահանդեսի մասին է։

Փարիզի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Ալեքսի Փազումյանի լուսանկարները ապրիլ-մայիս ամիսներին ցուցադրվելու են մայրաքաղաքի կենտրոնական Ռիվոլի փողոցի երկայնքով, գոթական Սեն Ժակ աշտարակի կողքին, որն ի դեպ 16-րդ դարում կառուցված հրաշք Սեն Ժակ դե լա Բուշեր եկեղեցուծ մնացած միակ վկան է։ «Սև այգի» խորագիրը կրող ցուցահանդեսը ներկայացնում է Ալեքսի Փազումյանի մի քանի տարիների աշխատանքը Արցախում՝ դառնալով ռեժիսորի «Լեռնային Ղարաբաղ․ Երկու երեխա՝ պատերազմում» վավերագրական կարճամետրաժ ֆիլմի բանական շարունակությունը։ Ինչպես նշվում է Փարիզի քաղաքապետարանի կայքէջում՝ «Սև այգի» ցուցահանդեսը Լեռնային Ղարաբաղի տարօրինակ իրականության հայելին է, ասես արձագանք իր օքսիմորոն անվանը՝ այգի՝ գունավոր կյանքի վայր, որն այսօր, սակայն, սգո գույն է կրում»։

Ռիվոլի փողոցի հազարավոր անցորդների հետ միասին, ես էլ երկար քայլում եմ Փազումյանի լուսանկարների հերոսների կողքին՝ զինվոր, բազմազավակ ընտանիքի մայր, դպրոցի փլատակների մեջ նստած ուսուցիչ, հայրական հողին հավատարիմ կանգնած գյուղացի, մառախուղի մեջ կորած Սուրբ Ղազանչեցոց եկեղեցի։ Բացատրական ցուցատախտակի և մեր երկրի քարտեզի մոտ պարբերաբար կանգնում են մարդիկ, քննարկում, բացահայտում, թե որտեղ է գտնվում Լեռնային Ղարաբաղը, երբ հանկարծ ինձ է մոտենում տարեց մի ֆրանսիացի և հուզված ձայնով ամփոփում վերջին տարիների ողջ իրականությունը՝ «Սիրտս մաշվել է կյանքի անարդարությունից․․․»։

Ալեքսի Փազումյանի «Սև այգի» շարքից մեկ լուսանկար՝ «Շուշին», ցուցադրվում է նաև փարիզյան «Art Research Paris» ցուցասրահում, որտեղ մեկնարկել է «Հայկական արվեստ – խաչվող հայացքներ #1» խորագիրը կրող ցուցահանդեսը։ Ֆրանսիայի հայկական թանգարանի ստեղծման յոթանասունամյակի շրջանակներում կազմակերպված այս ցուցահանդեսը ներկայացնում է թանգարանի դասական արվեստանմուշները (Հովհաննես Այվազովսկի, Հակոբ Գյուրջյան, Զաքար Զաքարյան, Էդգար Շահին, Գրիգոր Շլդյան…) և դրանց հետ երկխոսության մեջ դնում հայ ժամանակակից արվեստագետներից կազմված «Մենք» խմբի աշխատանքները, որոնց թվում են Տիգրան Սահակյանը, Արման Վահանյանը, Հարություն Ավագյանը, Աթամ Ռաշոն, Սևակ Գրիգորյանը, «Մենք» խմբի համակարգող, նկարիչ Գիյոմ Թումանյանը և այլք։

Ի դեպ ցուցահանդեսի շրջանակներում կարելի է տեսնել նաև Սերգեյ Փարաջանովի «Էքստազ» կոլաժը՝ «Վարիացիա Պինտուրիկիոյի ու Ռաֆայելի թեմաներով» շարքից (1988), որը ժամանակակից արվեստագետների աշխատանքների հետ միասին աճուրդի է հանվելու ապրիլի 27-Ին «Art Research Paris» կենտրոնում։ Փարաջանովի կոլաժի նախնական գնահատումն է քսան հազար եվրո։

Լիլիթ Սոխակյան, Փարիզ, 2023թ