Հայերը՝ «Օսկար» 2023-ին
2023 թվականին Լոս Անջելեսում կայացավ «Օսկարի» 95-րդ մրցանակաբաշխությունը։ «Ամեն ինչ, ամենուր և միանգամից» ֆիլմը ստացավ 7 արձանիկ, այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում։ Ընդհանուր առմամբ, գլխավոր կինոմրցանակին հավակնում էր 55 ֆիլմ։ Դրանցից 15-ում ներգրավված են եղել հայ կինոգործիչներ։ «Ամեն ինչ, ամենուր և միանգամից» ֆիլմի ստեղծմանը մասնակցել են լուսային ծրագրավորող Ինգա Միտինյանը, կասկադյոր և դերասանուհի Կարա Մարի Չուլջյանը, զգեստների դիզայներ Ուրի Մասերեջյանը և երկրորդ հաշվապահ Ռոբերտ Թաթիգյանը։
Սթիվեն Սփիլբերգի «Ֆաբելմանները» ինքնակենսագրական ֆիլմում աշխատել են դերասան Փոլ Չեպիկյանը, արտադրության հարցերով օգնական Լորեն Գրիգորյանը, անվտանգության հարցերով օգնական Ինեսսա Վարդանը։
«Օսկարի» 4 անվանակարգում ներկայացված «Ավատար. Ջրի ուղին» բլոկբասթերի երկրորդ մասի ստեղծման ընթացքին մասնակցել է 8 հայ կինոգործիչ՝ դիզայն-նախագծի ղեկավար Յալդա Արմյանը, ռեժիսորի երկրորդ օգնական Նարբե Նազարյանը, կոմպոզիտոր Ժոաո Պողոսյանը, նկարիչ Անի Բուդաղյանը, տեսանյութերի գծով օգնական Ալեքս Սեթյանը, անիմատոր Բլեյն Թոդերյանը, մոնտաժողի օգնական Շուան Աբրահամյանը և ֆինանսական տնօրեն Աթուշկա Ասլանը։
Դեմյեն Շազելի «Բաբելոն» ֆիլմում որպես երանգանկարիչ հանդես է եկել Ջեք Թաշջյանը, Դիլոն Մինասյանը ապահովել է անվտանգությունը նկարահանման հրապարակում: Իսկ «Բեթմեն» մարտաֆիլմի վիզուալ էֆեկտներով զբաղվել է Միեր Կորբինյանը, նրան այդ հարցում օգնել է Ժասմին Մուրադյանը։
«Սև հովազ. Ընդմիշտ Վականդա» ֆիլմում ևս աշխատել է հայազգի ութ կինոգործիչ՝ ստերեո-մենեջեր Թագուհի Չիլյանը, CG նկարիչ Վահրամ Մանուկյանը, TD լույսի գծով պատասխանատու Վահան Սոսոյանը, սննդի ոճաբան Մէլորի դե Գոլյանը, վիզուալ էֆեկտների համակարգող Ռեյչել Մեղերդիջյանը, զարդերի գծով մասնագետ Էլիս Մաթոսյանը և արտադրության հարցերով օգնական Բրուք Գոշտիկյանը:
Մերլին Մոնրոյի մասին պատմող «Շիկահեր» ֆիլմում նկարահանման օրվա նյութերի պատասխանատուն է եղել Ջեք Թաշջյանը, իսկ ավտոտեղափոխումներն իրականացրել է Հովիկ Հովսեփյանը։ Ալան Բալյանը հանդես է եկել որպես «Կամուրջ լճի վրայով» դրամայի վիզուալ էֆեկտների պրոդյուսեր: «Մոտ» ֆիլմում օպերատորի առաջին օգնականներից է եղել Լարիսա Գումուջյանը։ «Էլվիս» կենսագրական ֆիլմի համար դերասանների ընտրությամբ զբաղվել է Քեյթ Բոլոդյանը։
«Դանակները դուրս» դետեկտիվում որպես թվային կոմպոզիտոր է հանդես եկել Թենի Նորովյանը, իսկ «Տրտմության եռանկյունին» ֆիլմում Ֆելիսիա Կուրտյանը զբաղվել է մասսայական տեսարանների դերասանների հագուստի ընտրությամբ։
Թոմ Քրուզի մասնակցությամբ «Թոփ Գան․ Մավերիքը» մարտաֆիլմի ստեղծմանը մասնակցել է ծագումով հայ 9 կինոգործիչ՝ հաշվապահի երկրորդ օգնական Անի Վանոյանը, դերասանուհի Ռեյչել Մարգարյանը, դերասանների ընտրության հարցով տնօրեն Դենիզ Չամյանը, զգեստների պատասխանատու Դավիթ Աղաջանյանը, զգեստների դիզայներ Դենի Ֆլորյանը, հատուկ էֆեկտների դիզայներ Ջեք Էջուրյանը, կոմպոզիտոր Էմանուել Դիրյանը, վիզուալ էֆեկտների պրոդյուսերի օգնական Քեթի Թորունյանը և պրոդյուսեր Լորա Գեչերյանը։
«Կարմրում եմ» մուլտֆիլմում կերպարների ձևավորմամբ զբաղվել են Զարուհի Գալստյանը, Պաուլա Ասատրյանը, սյուժեի հարցերով գլխավոր պատասխանատուն եղել է Մադլեն Շարաֆյանը, որպես դիրիժոր է հանդես եկել Ջեֆ Աթմաջյանը, իսկ երգչուհի՝ Անդրեա Զոմորոդյանը։
Պատրաստեց Դիանա Գասպարյանը