Մաս առաջին

Գեղարվեստական կինոյի պես՝ վավերագրական կինոարվեստը ևս ի զորու է պատրանք սփռել ռեժիսորական մտքի ու մոնտաժի հնարքների շնորհիվ: Տեսախցիկը ձեռքդ առնելու պահից արդեն՝ գիտակցությանդ «օբյեկտիվն» այս կամ  այն չափով աղավաղում է իրականությունը, այդու՝ «անարվեստ կինոն», թերևս, առավել ճշմարիտ  է արտացոլում իրականությունը՝ Լյումիերների  այն գնացքի նմանությամբ, որն առաջին կինոհանդիսատեսին խուճապի էր մատնել:Նման  խուճապ է ծնվում  նաև, երբ իր սուբյեկտիվ աշխարհում մտքով «հորանջող» մարդն ինչ-որ պահի առնչվում է օբյեկտիվ իրականությանը` անսովոր ու ահ ներշնչող:

Արցախյան վերջին պատերազմը, պաշարումն ու հայաստանյան շարունակական միկրոպատերազմներն  այն  օբյեկտիվ իրականությունն են, որի  «շարունակական բացահայտման» մեջ ենք այսօր. կարո՞ղ ենք գոնե հիմա աշխարհին նայել կինոխցիկի «օբյեկտիվի» անաչառությամբ: Առաջարկում եմ նման մի փորձ անել՝ օգտվելով  բաց ռեսուրսներում առկա  մի բացառիկ շարժապատկերից ու դրան առնչվող զեկույցից, մանավանդ, որ նման  վարժանքն այսօր արդիական է առավել, քան երբևէ:

Խոսքս ԱՄՆ 28-րդ  նախագահ (1913-1921) Վուդրո Վիլսոնի՝ 1919-ին նախաձեռնած  փաստահավաք առաքելության ընթացքում նկարահանված ֆիլմի ու դրան կից զեկույցի մասին է,  որոնց միջոցով կփորձենք հասկանալ, թե անցյալ դարասկզբին ինչ իրավիճակ էր նորանկախ Հայաստանում ու Այսրկովկասում, և թե ինչու ԱՄՆ Կոնգրեսը մերժեց վիլսոնյան մանդատը՝ ճանապարհ հարթելով բոլշևիկյան ներխուժման ու ապօրինի պայմանագրերով «ձևված» Խորհրդային Հայաստանի համար։

Ու մինչ վիլսոնյան Հայաստանը մնաց պատմության զուգահեռ իրականությունում, այսօր՝ ժամանակի մեկ այլ պարույրում, իրավիճակներն անհայտ մի օրինաչափությամբ կրկնվում են

Խնդրո առարկա փաստագրական համր ֆիլմի անվանումն է՝ «Ամերիկյան ռազմական առաքելություն դեպի Թուրքիա և Հայաստան» (1919): Համացանցում  առկա է ֆիլմի 16 րոպեանոց տարբերակը (ԱՄՆ ազգային արխիվի տեսադարան) [1]:

Հերբերթ Հուվերի խորհրդով՝ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը 1919-ի օգոստոսին գեներալ-մայոր Ջեյմս Հարբըրդին առաքելությամբ գործուղում է Փոքր Ասիա և Կովկաս՝ զեկուցելու նորանկախ Հայաստանում և տարածաշրջանում ամերիկյան մանդատի հնարավորության, ռազմական, աշխարհաքաղաքական, վարչատնտեսական, ֆինանսական իրողությունների, ինչպես նաև  բնական  պաշարների, հանքերի,  տրանսպորտի  և հաղորդակցության վերաբերյալ:  Դիտարկումներից ու փաստահավաքչությունից բացի, առաքելությունը պիտի նաև զսպող դեր ունենար՝ նպաստելու  քրիստոնյաների կյանքի ու գույքի անձեռնմխելիությանը, քանի որ  բրիտանական զորամիավորումների հետ քաշվելուց հետո հայությունը հայտնվել էր  նոր ցեղասպանության սպառնալիքի առաջ [2]:

Ի դեպ, հայերի ցեղասպանությունը դատապարտելու և միջամտելու կոչով ժամանակին հանդես էին գալիս ամերիկյան մամուլում կշիռ ունեցող անձինք (որոնց թվում՝ բանաստեղծ Էզրա Փաունդը), իսկ սփռվող սահմռկեցուցիչ տեսանյութերը նպաստում էին ամերիկյան մեծածավալ օգնության կազմակերպմանը: Եթե Արշալույս  Մարդիգանյանի մասնակցությամբ «Հոգիների աճուրդ» [3] (1919,  Ու. Ն.Զելիգ, Օ.Ապֆել) ֆիլմը ողբերգությունը չարաշահող ու սենսացիոն բնույթի էր, իսկ միսիոներական հաստատությունների աջակցությամբ նկարահանված տեսանյութերն՝ ավելի անշահախնդիր, ապա Հարբըրդի առաքելության՝ ստրատեգիական նշանակություն ունեցող կինովավերագրությունն առհասարակ հանրային դիտման համար չէր:

Ամերիկյան «Հուվեր հաստատության» գրադարանում (Hoover Institution Library & Archives) պահպանվում է նաև այդ առաքելության 94 լուսանկար [4]: Նկարներն  ու տեսագրություններն արվել են 1919-ի սեպտեմբերի 8-ի և հոկտեմբերի 9-ի միջակայքում: Դրանցում պատկերված են գաղթականներ ու որբանոցի սաներ, քաղաքական ու ռազմական գործիչներ, քաղաքային ու գյուղական տեսարաններ՝ Մարդինից, Ադանայից, Խարբերդից, Երզնկայից ու Երևանից: Տեսանկարահանված են ազգային պարեր, խաղեր ու զինվորական շքերթներ՝ Էրզրումից, Սվասից, Կարսից ու Երևանից:

Կադր՝«Ամերիկյան ռազմական առաքելություն դեպի Թուրքիա և Հայաստան» (1919) համր ֆիլմից

Առաքելության երթուղին

Առաքելությունն իր ճամփորդության ընթացքում ողջ երկայնքով կտրեց Փոքր Ասիան, բոլոր ուղղություններով հատեց Այսրկովկասն ու եղավ «Թուրքահայաստան»-ի բոլոր  բնակավայրերում՝ բացի Վանից ու Բիթլիսից: Երթուղին ծրագրվել էր փորձագետների նախկին զեկույցների հիման վրա. մեկնումից առաջ նաև մանրակրկիտ ուսումնասիրվել էին  Փարիզի խաղաղության կոնֆերանսում (1919-1920) տարածաշրջանի պատվիրակների ներկայացրած զեկույցները, որոնց թվում և՝ 1915-ի վայրագությունների վերաբերյալ:

Առաքելությունը նավով նախ հասավ Պոլիս, հետո երկաթգծով ուղևորվեց դեպի Ադանա՝ երկու օր անցկացնելով 1909-ին ջարդերի թատերաբեմ դարձած Կիլիկիայում (Տարսոն, Այաս, Մերսին), ապա գնացքով (Հալեպով) շարունակեց ճանապարհը դեպի Մարդին, որտեղից ավտոմեքենայով՝ դեպի Դիարբեքիր, Խարբերդ (Elazığ), Մալաթիա, Սեբաստիա (Sivas), Երզնկա (Erzincan), Էրզրում և Կարս, որտեղից էլ շարունակեց ավտոճանապարհը դեպի Այսրկովկաս: Հարկ է նշել, որ առաքելության փորձագետները երբեմն առանձին էին ճամփորդում որոշակի տեղանքով՝ այնուհետ նորից միանալով անձնակազմին: Երթուղին ընդգրկում էր նաև 1919-ի հայ-թրքական սահմանին զուգահեռ Տրապիզոն-Բայազետ (Doğubayazıt) ճանապարհը, որն առաքելության անդամները կտրեցին նախ սայլակառքով (Տրապիզոնից դեպի Էրզրում), ապա՝  ձի հեծած (Խորասասանից դեպի Բայազետ):

Հասանելի աղբյուրում [5] առկա անճշտությունները շտկելուց հետո՝ երկրների արդի սահմանները ներկայացնող այս քարտեզի վրա տեսանելի է Հարբըրդի առաքելության ամբողջական  երթուղին:

Հարբըրդի առաքելության ցամաքային և ծովային երթուղին 

Առաքելությունն այցելեց կովկասյան երեք մայրաքաղաքներ. սեպտեմբերի 30-ին հասավ Երևան՝ ճանապարհին  կանգ առնելով Էջմիածնում, որտեղ նրանց ընդունեց  Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ V-ը: Հոկտեմբերի 2-ի վաղ առավոտյան առաքելության ավտոշարասյունն ուղևորվեց Թիֆլիս՝ ժամանակի սղության պատճառով  բաց թողնելով Դիլիջանում նախատեսված պատվո ընդունելությունն ու ճաշը: Թիֆլիսից  երկաթուղով ուղևորվեց դեպի Բաքու, ապա՝ դեպի բրիտանական ռազմական կառավարության նստավայր Բաթում, որտեղից էլ  «Մարթա Վաշինգթոն» նավով վերադարձավ տուն՝ նավարկության ճանապարհին իր հետ Կոստանդնուպոլիս տեղափոխելով հարյուրավոր հայ փախստականների, ինչպես վկայում է առաքելության՝ Բաթումում կազմված ամփոփագրերից մեկը [6]։ Գեներալ Հարբըրդից բացի, առաքելության կազմում էին ԱՄՆ բանակի երկու ավագ գնդապետ, երեք գնդապետ, բժշկական, մարդասիրական, տնտեսական, առևտրային  և այլ ոլորտների պաշտոնյաներ, ինչպես նաև տեխնիկական անձնակազմը (թարգմանիչներ, վարորդներ, լուսանկարիչներ), որոնց թվում և ամերիկահայեր՝ լեյտենանտ Հարություն Խաչատուրյանն  ու մայոր Հայկ Շեքերջյանը: Ի դեպ, երբ 1919-ի սեպտեմբերի 28-ին Կարսից Երևան ճանապարհին՝ Կողբի մոտակայքում, առաքելության ավտոշարասյունն ընկնում է թաթարա-թրքական հրոսակախմբերի կրակահերթի տակ՝ վերոհիշյալ երկու հայազգի ամերիկյան սպաների ներկայությունն ավելի է մեծացնում թաթարական ավազակախմբի կասկածն առ այն, որ առաքելությունում բոլորը զգեստափոխված հայեր են: Հաշվետվության այս  հատվածում նկարագրվող իրադարձությունները ռազմական թրիլլեր են հիշեցնում: Հարբըրդի մեքենան բարեբախտությամբ խուսափում է կրակահերթից, սակայն մեկ այլ  մեքենայի վարորդն ու ամերիկյան մի սպա վնասվածքներ են ստանում, իսկ առաքելության անդամներից ոմանք ժամանակավորապես պատանդի վիճակում  են հայտնվում: Ծայրահեղ հայատյաց թաթարա-թրքական ու քրդական  հրոսակախմբերի հարձակումներն ու ամերիկացիների այցելությունից բառացիորեն օրեր առաջ ավերված Կողբ գյուղն ապացուցում էին հայերին սպառնացող նոր վտանգների մասին Պողոս Նուբարի և Ավետիս Ահարոնյանի զեկույցները Փարիզի խաղաղության կոնֆերանսում: Երևանից ընդամենը 90 կմ հեռու գտնվող Կողբն ուներ գրեթե 4000 բնակիչ, որոնք  բառացիորեն օրեր առաջ էին սպանվել ու գերեվարվել, սակայն Հարբըրդն առաքելության 1919 թ.-ի հոկտեմբերի 16-ի զեկույցում վտանգը լուրջ չհամարեց՝ նշելով, որ «Սև ծովից մինչև Պարսկաստան՝ կտրելով թրքական սահմանն իրենք չեն գտել ոչինչ, որ կհաստատեր» այդ վտանգը: Ըստ ամփոփիչ զեկույցի՝ թրքական զորամիավորումներն այդ ժամանակ արդեն «կրճատվել էին  մինչև իրենց կմախքը», թեև Հարբըրդն իր մեկ այլ զեկույցում (1919-ի հոկտեմբերի 6, Թիֆլիս) արձանագրում է, որ  գնդապետ  Հալիլ բեյի գլխավորությամբ՝  համագործակցություն կա թրքական ռազմական հանցավոր  տարրերի և Նախիջևանի  թաթարական ավազակախմբերի միջև։

Հարկ է նշել, որ Նախիջանը, որն այդ ժամանակ Հայաստանի հանրապետության սահմաններում  էր ներառված, ուներ Դաշնակից տերությունների  գերագույն հանձնակատար Ուիլյամ Հասկելի կողմից  նշանակված ամերիկացի կառավարիչ: Երևանում համեմատաբար երկար կանգառի ընթացքում առաքելության մի քանի անդամներ`ավագ գնդապետ Մոզըլիի (G. Van Horn Moseley) գլխավորությամբ, ձիերով Երևանից ուղևորվում են դեպի Նախիջևան, որտեղ թեժացել էին  հայ-թաթարական (ադրբեջանական) բախումները:

Հարբըրդն ու բարձրաստիճան մյուս զինվորականները  հանդիպումներ էին ունենում նախարարների, պաշտոնատար ու ոչ պաշտոնատար անձանց հետ: 1919-ի սեպտեմբերի 20-ին  գեներալ Հարբըրդը  Սեբաստիայում (Sivas) հանդիպում էր ունեցել ազգայնական շարժման առաջնորդ Մուստաֆա Քեմալի հետ, իսկ արդեն հոկտեմբերի մեկին՝ ողջ Կովկասն ու  Օսմանյան կայսրության մնացորդներն ամերիկյան մանդատի տակ առնելու մտայնությամբ՝  Հարբըրդը Երևանում համոզում էր վարչապետ  Ալեքսանդր Խատիսյանին պայմանագիր կնքել Քեմալի  հետ, ինչը Խատիսյանը մերժեց:

Գեներալ Հարբըրդն ու վարչապետ Ալ․ Խատիսյանը Երևանում՝ 1919-ի հոկտեմբերի 1-ին

1919-ի սեպտեմբերի 8-ին սկսված և 30 oր տևած առաքելության արդյունքում՝ բացի ֆիլմից ու լուսանկարներից, ի մի բերվեց փաստաթղթերի 53 հատոր՝ կազմված առաքելության փորձագետների դիտարկումներից, հուշագրերից ու զեկույցներից: Համացանցում ամենամատչելին առաքելության ղեկավար Հարբըրդի 42 էջանոց զեկույցն [7]: է ԱՄՆ պետքարտուղարին, որում Հայաստանին  ու ԱՄՆ մանդատին առնչվող հարցերից բացի ներառված են  Սվասում ստեղծված «Անատոլիայի և Ռումելիայի իրավունքների պաշտպանության ընկերություն»  քեմալական շարժման սեղմ հուշագիրն ու Քեմալի ստորագրությամբ դիմումն ԱՄՆ Սենատի նախագահին:

1920 թ.-ին Վաշինգթոնում հրապարակված զեկույցի տիտղոսաթերթը

Զեկույցին կից  փաստագրական ֆիլմի 21 րոպեանոց տարբերակը 2018-ին ցուցադրվել է Doclisboa  կինոփառատոնում՝ հետևյալ սինոփսիսով.«1919-ի օգոստոսին Ջոն Հարբըրդը նախագահ Վիլսոնի կողմից ուղարկվեց Մերձավոր Արևելք՝ քննելու Բալֆուրի հռչակագրի իրացման հնարավորությունը:» [8]

Այն, որ սինոփսիսն այնքան անփույթ է, որ գեներալի անունն անգամ սխալ է նշված (Ջեյմս, այլ ոչ թե Ջոն), ակնհայտ է, բայց  թե ինչու է «հրեական ազգային տուն» ստեղծելու հետ առնչվող Բալֆուրի  հռչակագրի իրագործման հնարավորությունը  դարձել դեպի Հայաստան ամերիկյան փաստահավաք առաքելության նպատակը՝ համաձայնեք, բազմիմաստ է: Բանն այն է, որ Օսմանյան կայսրության մասնատման շրջանում աշխարհաքաղաքական շահերի բախման թատերաբեմում առկա էր մի գործոն, այն է՝ կայսրությանը պատկանող Պաղեստինի տարածքում հրեական պետության  ստեղծումը: Բալֆուրի հռչակագրով Մեծ Բրիտանիայի կառավարությունն իր աջակցությունն էր հայտնում «հրեական ազգային տան» ստեղծմանը: Այդ հռչակագիրը մամուլում հայտնվեց հենց այն ժամանակ (1917-ի նոյեմբերի 9), երբ բոլշևիկները Ռուսաստանում գրավեցին իշխանությունը. այն շարադրված է Մեծ Բրիտանիայի արտաքին գործոց քարտուղար Արթուր Բալֆուրի նամակում լորդ Ռոտշիլդին և Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի սիոնիստական ֆեդերացիային: Բալֆուրի հռչակագրի ու Հայկական հարցի միջև առերևույթ, կամ թե իրական  կապի խրթին ու մութ մանրամասներին ապագայում անդրադառնալու պայմանով՝ առայժմ պարզապես նշեմ, որ  կինոփառատոնում նման «սայթաքումն» ամենևին պատահական չէ, ինչպես և պատահական չէ այն, որ Թուրքիայի ներկայիս պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի՝ գրքով հրատարակված  դոկտորական թեզն առնչվում է Հարբըրդի առաքելության վերոհիշյալ զեկույցին և դրա ազդեցությանը թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա:

Հայոց ցեղասպանությունը Հարբըրդի զեկույցում

Գեներալ Հարբըրդի՝ ԱՄՆ պետքարտուղարին ուղղված զեկույցի համաձայն՝ յուրաքանչյուր խոշոր քաղաքում առաքելության ղեկավարը  հանդիպումներ է  ունեցել թուրք պաշտոնյաների հետ, և  յուրաքանչյուր առիթով քննարկել հայերի ջարդերի ու տեղահանության, ինչպես նաև վերապրողների վերադարձի հարցը՝ թուրք պաշտոնյաներին, մեջբրում եմ՝ «համոզելով » (convince), որ Թուրքիան  աշխարհի դատի առաջ է:

 «Խոշտանգումները, բռնությունը, կտտանքներն  ու մահն իրենց համառ հետքն են թողել հայկական   հարյուրավոր  գեղատեսիլ հովիտներում, և  այդ տարածքում ճամփորդողին դժվար թե հաջողվի զերծ մնալ  բոլոր դարերի ամենաահռելի հանցագործության  ապացույցներից:» [7]:

Գեղարվեստական ազատ շարադրմամբ այս զեկույցը, որ լի է ուշագրավ փաստերով, թվերով ու տեղեկություններով, Հայոց ցեղասպանության վերաբերյալ ինքնին արժեքավոր աղբյուր է: Այն ընդգծում է, որ 1915 թվի գարնանը կազմակերպված ջարդերն ու տեղահանությունը համակարգված բնույթ են ունեցել. այսպես՝ զինվորականները քաղաքից քաղաք էին գնում, արական բնակչությանը  նախ կենտրոնացնում  վարչական շենքերում, ապա  դուրս բերում ու գնդկահարում: Կանանց,  ծերերին ու երեխաներին տեղահանում էին դեպի արաբական անապատներ՝ իրագործելով թալեաթական այսպես կոչված  «գյուղատնտեսական գաղութների ծրագիրը» (agrocolonies) [7]:  Ըստ զեկույցի՝ թրքական կառավարության ամփոփագրերով 1100 000 մարդ է  տեղահանվել: 1919-ին, երբ դեռ գենոցիդ տերմինը չէր օգտագործվում, Հարբըրդի զեկույցում հստակ նշվում է race` ցեղ բառն ու արձանագրվում, որ ցեղի հանդեպ զանգվածային այս ոտնձգության հետևանքով 500 000-ից  մինչև մեկ  միլիոնից ավելի  զոհ է եղել.

 «The dead from this wholesale attempt on the race are variously estimated from 500,000 to more than a million…» [7]

Շեշտվում է ճամփորդության ընթացում ամենուր ձեռք բերված մի վկայության մասին. ջարդերի հրամանը Կոնստանդնուպոլսից է եղել, պատասխանատուն՝ «Միություն և Առաջադիմություն» կոմիտեն և դրա երեք պարագլուխները, որոնց հրամաններին որոշ տեղական պաշտոնյաներ անգամ համարձակվել են չենթարկվել:  Զեկույցում նշվում է, որ  հրադադարից ի վեր սկսված դատավարության արդյունքում մահվան է դատապարտվել միայն մեկ աննշան պաշտոնյա, իսկ պարագլուխները բրիտանական հսկողության տակ անպատիժ գտնվել են Մալթայում:

Տարածաշրջանի վիճակը նկարագրվում է որպես ծայրահեղ անմխիթար, և դրա վերականգնումը պատկերավոր կերպով ներկայացվում է որպես վայրի ու ամայի տարածքի կառուցապատումից շատ չտարբերվող մի բան: Մոլախոտերով պատված ու անմշակ հողեր, ծառերի իսպառ բացակայություն, ամենուր ավերակներ…

Թվեր, փաստեր․․․

Ըստ զեկույցի՝ հայ փախստականների ու վերաբնակների ութսուն տոկոսը մալարիայով է հիվանդ եղել, Սիրիայից ու Միջագետքից վերբնակեցված 75000 կանանց 40 տոկոսը վեներական հիվանդություն է ունեցել՝ ի հետևանք այն կյանքի, որին բռնադատված է եղել:

«Այս ցեղի կանայք մինչև տեղահանությունը նման հիվանդություններից զերծ են եղել: »,-ասվում է զեկույցում [7]:  

Նշվում է նաև 150 «հարսների»՝ մանկահասակ այն աղջիկների մասին, որոնք Ամերիկյան Օգնության (American Relief ) որբանոցում էին հայտնվել՝  փրկվելով մահմեդական տներից, որտեղ  բռնի կնության  էին տրվել:  Ընդհանուր առմամբ, առաքելությունն իր ճամփորդության ընթացքում  50 000 որբերի կազմակերպված ու լիարժեք հոգածության մասին է արձանագրում:

Կադր՝«Ամերիկյան ռազմական առաքելություն դեպի Թուրքիա և Հայաստան» (1919) համր ֆիլմից

«Մեր գնահատմամբ՝  այսօր Թուրքահայաստանում  հավանաբար 270,000  հայ կա: Մոտ  75,000-ը հայրենադարձվել է Միջագետքից  ու սիրիական հատվածից: Այլ տեղերից ևս դանդաղորեն վերադառնում են: Անդրկովկասում  Թուրքահայաստանից մոտ 300,000 փախստական կա, մի քանի հազար էլ՝ այլ  մասերում, քանի որ նրանք սփռվել են ողջ Մերձավոր Արևելքով: (…)Սպասվում է, որ  գրեթե կես միլիոն հայ փախստականներ հետագայում ի վիճակի կլինեն վերսկսել իրենց կյանքը՝ մեծությամբ Նյու Յորքի, Փենսիլվանիայի և Օհայոյի չափ մի շրջանում: » [7]

Նշվում է նաև, որ պատերազմ կանչված թուրք գյուղացիների միայն 20 տոկոսն է տուն վերադարձել. արձանագրվում է, որ  600 000 թուրք զինվոր տիֆից է մահացել:

«Էրզրումցի տարեց  ու փորձառու Վալին մեզ տեղեկացրեց, որ երբ  ինքը ջահել էր, և Աբդուլ Համիդի ջարդերը դեռ չէին սկսվել, թուրքն ու հայն ապրում էին խաղաղության ու վստահության մեջ: Մեքքա ու Մեդինա սուրբ քաղաքներ ուխտագնացության մեկնող մահմեդականն իր ընտանիքն ու ունեցվածքը թողնում էր  իր հայ հարևանի հսկողությանը. նմանապես և հայը՝ ճամփորդությունից առաջ իր գանձերը թուրք ընկերոջ մոտ էր պահ տալիս:»   

Ամերիկյան պատումին բնորոշ «անձնական պատմության» (personal story) ոճով այս վկայությունն իմաստալից է, քանի որ միջցեղային և ազգամիջյան  արհեստական բախումները մշտապես հրահրված են եղել շահագրգիռ ուժերի կողմից, որոնց  դերը համիդյան ջարդերում ու 1915-1923-ի Հայոց ցեղասպանության մեջ՝ թեև թաքուն ու լայնորեն ոչ հայտնի, սակայն նշանակալի է, և որին դեռ կանդրադառնամ «Ժամանակի կինոպարույրն ու վիլսոնյան Հայաստանը» հոդվածաշարում, իսկ  մինչ այդ, ներկայացնեմ ֆիլմի հնչյունավորված՝ հեղինակային տարբերակը [9]:

(շարունակելի)

Հեղինակ՝ Լուսինե Հովհաննիսյան, © 2023

————————————————————

Ծանոթագրություններ և աղբյուրներ․

[1]    ԱՄՆ ազգային արխիվի տեսաալիք՝ https://www.youtube.com/watch?v=vPNWMtYl4wI ,

[2] Այդ մասին նշված է հայ պատվիրակներ Պողոս Նուբարի և Ավետիս Ահարոնյանի՝ Փարիզի խաղաղության կոնֆերանսի նախագահ Ժորժ Քլեմանսոյին ուղղված նամակում(սկզբնաղբյուր՝ THE HARBORD MISSION REPORTS ON ARMENIA, 1919 IN THE U.S. DEPARTMENT OF STATE ARCHIVES, պատմ. գիտ.-երի դ-ր Գ. Մախմուրյան) ,   

[3] https://www.youtube.com/watch?v=uTnCaW-Uo_s

[4]  https://oac.cdlib.org/findaid/ark:/13030/tf0v19n4dd/entire_text/ Տեղեկատվական նոթում նշված է, որ աշխարհագրական որոշ տեղանուններ, որոնք ներկայացված են Հայաստանի կազմում (օրինակ՝ Կարս, Սարիղամիշ), 1921-ին վերադարձվել են Թուրքիային՝ համաձայն բոլշևիկների և Թուրքիայի հանրապետության միջև կնքված Կարսի պայմանագրի (1921),

[5] Դ-ր Բրայան Ջոնսոնի քարտեզում բացակայում են առաքելության երթուղու Տրապիզոն-Բայազետ, Սվաս-Սամսուն, ինչպես նաև Նախիջևանի հատվածները, http://courses.washington.edu/otap/archive/data/arch_20c/niles_suthr/Americans_Investigating_Anatolia_Final_to_OTAP_rev_1.pdf

[6] Գ. Մախմուրյան, https://www.academia.edu/19829076/The_Harbord_Mission_Reports_on_Armenia_1919_in_the_U_S_Department_of_State_Archives

[7]  ԱՄՆ Պետ դեպարտամենտի «Պատմաբանի գրասենյակ»` https://history.state.gov/historicaldocuments/frus1919v02/d828

[8]   https://www.doclisboa.org/2018/en/filmes/american-military-mission-to-turkey-and-armenia-the-expedition-of-john-harbord-in-armenia/

[9]  Հնչյունային ձևավորումը, մոնտաժը, երաժշտ. մշակումները, դաշն. և վոկալը՝ Լուսինե Հովհաննիսյանի։