«Նստիր մեքենայիս ղեկին» վերնագիրը լսելիս` հիշում ես Բիթլզ խմբի հայտնի հիթը և ողջ օրը քթիդ տակ երգում «Beep-beep, yeah» բառերը։ Հետո, փոքր ինչ մեծանալով, գրադարանի դարակներից մեկում բացահայտում ես Հարուկի Մուրակամիի «Տղամարդիկ առանց կանանց» պատմվածքների հավաքածուն, որն սկսվում է «Նստիր մեքենայիս ղեկին» վերնագրով պատմությամբ։ Ապա, 2021 թվականին աշնանային մի գեղեցիկ օր կինոթատրոնի էկրանին դիտում ես ճապոնացի ռեժիսոր Ռյուսուկե Համագուտիի  «Նստիր մեքենայիս ղեկին» երգ-պատմվածք-ֆիլմը՝ այնքան դյութիչ և խորը, որ երեք ժամ տևողությունը թվում է ընդամենը մեկ ակնթարթ և դեռ երկար մնում մտքումդ։

Մեքենայիդ ղեկն ուրիշին հանձնելը վստահության հարց է, հատկապես, եթե մեքենան քո փրկության կղզին է, որով դու ամեն անգամ փախչում ես իրականությունից, հեռանում տան պատերի մեջ խարսխված ստից։ Վստահել մեքենայիդ ղեկն ուրիշին նշանակում է նրան վստահել կյանքդ և թույլ տալ ընտրել ճանապարհները։ Առավել  բարդ է, երբ դու տղամարդ ես և ղեկդ վստահում ես կնոջ։ Մուրակամիի «Նստիր մեքենայիս ղեկին» պատմվածքը սկսվում է այն պնդումով, որ կին վարորդները հիմնականում բաժանվում են երկու խմբի՝ չափից դուրս ագրեսիվներ և չափից դուրս զգուշավորներ: Իհարկե, լինում են նաև բացառություններ, այլապես չէր լինի այս հրաշք պատմվածքը, ապա նաև՝ ֆիլմը։

Ռեժիսոր Համագուտիի առաջին ծանոթությունը Մուրակամիի գրչին 2013 թվականին էր՝ ընկերոջ խորհրդով, որը թեմատիկ նմանություններ էր տեսնում գրողի և ռեժիսորի միջև՝ դրամա, խաղ և իհարկե մեքենաներ։ Սակայն գրքի էկրանավորման վերաբերյալ Մուրակամիին ուղղված առաջին իսկ նամակում, ռեժիսոր Համագուտին խոստովանում է, որ ապագա ֆիլմում չի կարողանա պահել պատմվածքի գլխավոր հերոսին՝ դեղին կաբրիոլետը։ Քաղաքային տեսարանների ֆոնին և հերոսների երկար երխոսությունների համար  ռեժիսորին հարկավոր էր ընդգծել մեքենայի ներկայությունը, առանձնացնել նրա ամբողջությունը։ Հետևաբար, նկարահանող թիմի հավանությանն է արժանանում կարմիր SAAB-ը՝ ստանալով ֆիլմի գլխավոր դերերից մեկը։ Մյուս հերոսների հարցում Համագուտին փորձել է հավատարիմ մնալ Մուրակամիի ստեղծագործությանը՝ նույն ժողովածուից երեք տարբեր պատմվածքներ միահյուսելով։

Այսպիսով, «Նստիր մեքենայիս ղեկին»  ֆիլմի գլխավոր հերոսը բեմադրիչ և դերասան Յուսուկե Կաֆուկուն է։ Նա երկար տարիներ ամուսնացած է գեղեցկուհի Օտտոյի հետ, որը սցենարներ է գրում հեռուսատատեսության համար։ Առաջին հայացքից ներդաշնակ թվացող այս զույգն իրականում ապրում է դավաճանությամբ և տխրությամբ լի կյանքով։ Միայն գիշերները՝ սև լռության մեջ, Շահրազադեի նման, Օտտոն ամուսնուն պատմում է հազար ու մի ցնորական պատմություններ և մոռացնել տալիս առօրյա իրականության դառնությունը։ Այն օրը, երբ զույգը կարծես թե որոշում է իրար խոստովանել ճշմարտությունը, կինը հանկարծամահ է լինում՝ թողնելով ամուսնուն միայնակ․«չտրված հարցեր, չստացված պատասխաններ»։

Ինչպես Մուրակամիի գրական ստեղծագործությունը, այպես էլ Համագուտիի ֆիլմը նման է բազմաշերտ օրիգամիի, որի ամեն ծալք բացահայտել է տալիս նորը։ Եվ ամենևին պատահական չէ, որ ֆիլմի գլխավոր դերասանների և ռեժիսորի տիտրերը գրվում են միայն քառասունմեկերորդ րոպեից հետո, քանի որ հենց այդ ժամանակ է պատրաստվում բեմ բարձրանալ տղամարդու կողմից սահմանված դասակարգմանը չենթարկվող կին վարորդը՝ Միսակին։

Օտոյի մահվանից երկու տարի անց,  Յուսուկեն հրավիրվում է Հիրոսիմայի միջազգային թատերական փառատոն՝ բեմադրելու Անտոն Չեխովի «Քեռի Վանյա» պիեսը։ Տեսողության խնդիրների պատճառով նա այլևս պետք է խուսափի սիրելի մեքենան վարելուց։ Թատրոնը ռեժիսորին տրամադրում է վարորդ՝ երիտասարդ և լռակյաց Միսակիին։ Տարակուսանքով և դժվարությամբ Յուսուկեն վստահում է իր հավատարիմ կարմիր SAAB-ի բանալիներն աղջկան: Սակայն վերջինս այնքան վարպետորեն և հմտությամբ է կառավարում հին մեքենայի ղեկը, որ Յուսուկեն հանձնվում է։

Աստիճանաբար երկու հերոսների միջև տարօրինակ ընկերություն է հյուսվում։ Բայց ռեժիսորը շտապում է մեկնաբանել՝ խոսքը ամենևին ռոմանտիկ հարաբերությունների մասին չէ, այլ երկու ջարդված, դժբախտություն վերապրած մարդկանց միջև կառուցված կապի։

Ժամերն առաջ են գնում, օրիգամիի ծալքերը փոխակերպվում են՝ կինոն վերածելով թատերական ներկայացման։ «Քեռի Վանյա» պիեսի բեմադրության համար Յուսուկեն համախմբում է դերասանների, որոնք խոսում են մեկը մյուսին անհասկանալի լեզուներով, այդ թվում՝ ժեստերի լեզվով։ Քայլ առ քայլ թատրոնի դերասանները՝ ֆիլմի գլխավոր հերոսներին զուգահեռ, փորձում են գտնել շփման և իրար հասկանալու տարբերակներ՝ դուրս գալով լեզվական սահմաններից։ Չէ որ, վերջիվերջո, մեր կյանքի ամեն քայլ պարզապես միջոց է ավելի լավ հասկանալու դիմացինին։ Կամ ինչպես Մուրակամիի հերոսներից մեկն է ասում՝ «Դու կարող ես տեսնել միայն քո սրտի խորքը, եթե իսկապես ցանկանաս մեծ ջանք գործադրել: Եվ միայն սուզվելով քո խորքերը, հնարավոր կլինի տեսնել դիմացինին»։

«Նստիր մեքենայիս ղեկին» ֆիլմն արժանացել է կինոքննադատների բարձր գնահատականին և  բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ Կաննի կինոփառատոնի «Լավագույն սցենար» և Օսկարի «Լավագույն արտասահմանյան ֆիլմ»։ Ինչ վերաբերում է Ճապոնիայի ամենաընթերցվող գրող Հարուկի Մուրակամիին, օրեր առաջ նրա անունը կրկին հայտնվեց մամուլի առաջին էջերում։
Վեց տարի լռությունից հետո հանրահայտ գրողն իր ընթերցողի  է ներկայացրել նոր ՝ «Քաղաքն ու իր անորոշ պատերը» գիրքը։ Տարօրինակ գաղտնիքներով պարուրված այս ստեղծագործությունը հրատարակվել է Ճապոնիայում խիստ սահմանափակ տպաքանակով, յուրաքանչյուր օրինակ ստորագրված է հեղինակի կողմից և վաճառվում է մոտ յոթ հարյուր եվրոյով:Սպասելով գրքի թարգմանությանը՝ մեզ մնում է միայն դիտել Ռյուսուկե Համագուտիի մեկ այլ գլուխգործոց՝ «Պատահականություն և կռահում» ֆիլմը կամ ընթերցել Մուրակամիի հրաշք «Նորվեգական անտառը» կամ էլ բացարձակ ալարկոտության դեպքում, պարզապես լսել Բիթլզի համանուն երգը և քթի տակ երգել՝ «Isn’t it good, Norwegian wood?»

Լիլիթ Սոխակյան

Փարիզ, 2023