Հայ կինոյի հիմնադիր Համո Բեկնազարյանը դաշնամուր նվագե՞լ է, եթե այո, ի՞նչ ստեղծագործություններ են նրան դուր եկել, ինչպե՞ս է նվագել։ Կինոյի հանճարի մասին այսպիսի նուրբ ու կարևոր տեղեկություններն էլ են բացակայում, բայց որ նա դաշնամուր է ունեցել, հաստատ է։

«Ես ունեմ Վահրամ և Անահիտ անունով շատ լավ ընկերներ, որոնք ապրում էին «Պոնչիկանոցի» շենքում։ Այդտեղ է ապրել Համո Բեկնազարյանը 19-րդ դարավերջին, 20-րդ դարասկզբին։ Ունեցել է 4 սենյականոց բնակարան. երկու սենյակում ինքն է ապրել, մյուս երկուսում՝ քույրը։ Բեկնազարյանին Հայաստանում շատ վատ վերաբերվեցին, ու նա որդու հետ ստիպված էր հեռանալ այստեղից՝ բնակարանը թողնելով քրոջը։ Քրոջ դուստրը 1990-ականներին վաճառել է իր մորեղբոր բնակարանը, դաշնամուրն էլ մեջը՝ տվել իմ ընկերներին՝ Վահրամին ու Անահիտին»,- պատմում է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանը։

Անահիտն ու Վահրամը Համո Բեկնազարյանի քրոջ դստերից գնած բնակարանում երկար տարիներ պահել-փայփայել են դաշնամուրը և այդ ընթացքում կապի մեջ են եղել նրա հետ։ Բայց նրանք մի օր, ինչ-ինչ պատճառներով ստիպված են եղել հեռանալ բնակարանից։  Գիտակցելով, որ Համո Բեկնազարյանի դաշնամուրը կարող է ընկնել նրա արժեքը չիմացող մեկի ձեռքը, որոշել են գործիքը հանձնել Տիգրան Հեքեքյանին։

«Ես սկզբում անակնկալի եկա, տարակուսեցի այդ առաջրկից, ի վերջո, հանճարին պատկանող իր է, որի տեղը թանգարանն է, բայց այդ պահին պետք էր դաշնամուրն արագ հանել նախկինում Համո Բեկնազարյանին պատկանած, բայց հիմա արդեն նոր տեր  ունեցող բնակարանից, ինչը և կազմակերպեցինք, արեցինք։ Դաշնամուրը մնաց ինձ մոտ, այդ ընթացքում ես այն տվեցի դրա հարգն իմացող, նաև նվագել ցանկացող մարդկանց։ Օրինակ՝ այդ դաշնամուրով է մի քանի տարի նվագել սովորել ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանի դուստրը։ Բայց նրանք էլ հեռացան Հայաստանից, դաշնամուրը վերադարձրին ինձ։ Դրանից հետո ես դաշնամուրը անընդհատ տանում-բերում էի, ժամանակավորապես տալիս էի նվագել ցանկացող   հուսալի մարդկանց։ Մտածում էի՝ եթե Համո Բեկնազարյանը թանգարան ունենա, դաշնամուրն անպայման  կնվիրեմ թանգարանին։ Մի օր էլ եկա Կինոյի թանգարան, տեսա, որ այստեղ թանգարանային նմուշներ կան ու հասկացա, որ դաշնամուրի իսկական տեղը հենց այստեղ է»,-պատմությունն ավարտեց Տիգրան Հեքեքյանը։

Նա Համո Բեկնազարյանի դաշնամուրը նվիրել է Երևանի կինոյի թանգարանին՝ Սինեմատեքին։

Արդեն մի քանի օր է, ինչ գործիքը զբաղեցնում է իր տեղը՝ արդեն որպես թանգարանային նմուշ՝ շրջապատված Համո Բեկնազարյանի ու նրա ընտանիքի անդամների մեծադիր լուսանկարներով, իսկ էկրանին անընդհատ ցուցադրվում են Բեկնազարյանի՝ տարբեր ժամանակահատվածներում նկարահանած հանճարեղ ֆիլմերից պատառիկներ։

Այնպես որ, պատմություն ու կենսագրություն ապրած, Բակնազարյանի, գուցե նաև նրա որդու մատների հետքերը կրող հին դաշնամուրի շնորհիվ թանգարանում կարծես ստեղծված լինի բեկնազարյանական գողտրիկ մի անկյուն։

Նաիրա Փայտյան