«Անդրանիկ» կինոնկարի ստեղծման ոդիսականը
Խորհրդային հայկական պատմագրության մեջ 1928 թվականին նկարահանված «Անդրանիկ» կինոնկարը համարել են հայկական, որը նկարահանվել էր փարիզյան կինոստուդիայում։ 1976 թվականին հայերենով Արշավիր (Արշո)Շահխաթունու և նրա «Անդրանիկ» կինոնկարի մասին առաջին անգամ հրապարակված հոդվածը խաթարեց Խորհրդային Հայաստանում այս թեմայի հետ կապված հաստատված լռությունը։ Սաբիր Ռիզաևի սույն հոդվածը կրճատումներով ու ռուսերեն թարգմանությամբ (բնագիրը՝ հայերեն) լույս է տեսել 2009 թվականին՝ հեղինակի «Կինոյի և թատրոնի մասին հատընտիր աշխատությունների» հոբելյանական հատորյակում («Избранные работы о театре и кино»)։
Կարեն Քալանթարն իր «Հայ կինոյի պատմության ակնարկներում» այս կինոյի մասին անդրադառնում է բավականին հպանցիկ, քանի որ այն ստեղծվել է արտասահմանում, չնայած այն բանին, որ հանդիսանում էր հայ կյանքի և հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի արձագանքը։
Պայմանավորված այն հանգամանքով, որ «Անդրանիկը» նկարահանվել է 1928 թվականին Բուլղարիայում, այս իրադարձությունը լայն արձագանք է գտել 20-րդ դարի քսանական թվականների վերջերի թերթերում և հանդեսներում։ Դրանցում կինոնկարը նշվում է կամ հայկական, կամ հայ-բուլղարական, կամ երբեմն էլ պարզապես՝ բուլղարական։ Շահխաթունու անունն հաճախ էր հանդիպում թատերական ներկայացումների ծրագրերում և գովազդային պաստառներում, ինչպես նաև այն կինոնկարների ազդագրերում, որտեղ նա հանդես էր գալիս։
Բուլղարական պատմագրության մեջ «Անդրանիկ» կինոնկարն առաջին անգամ ուսումնասիրվել է Կոստանտին Կոստովի «Բալկանյան պատերազմները (1912–1913) համաշխարհային կինոյում» գրքում։ Այստեղ, հիմք ընդունելով 20-րդ դարի քսանական թվականների ֆրանսիական և բուլղարական մամուլում տեղ գտած հրապարակումները, հեղինակը այն բնութագրում է որպես «ֆրանկո-հայկական կինոնկար» և թույլ է տալիս սխալ, համարելով, որ կինոնկարը նվիրված է Բալկանյան և ոչ թե Առաջին համաշխարհային պատերազմին։
Գրքում հրապարակված է կինոնկարի սցենարի մի տարբերակը, ինչպես նաեւ կինոնկարի մասին ֆրանսիական Cinemagazine հանդեսում 1928 թվականի հուլիսի 27-ին հրապարակված հոդվածը, որտեղ հեղինակ Ալեքսանդր Յանակիևը խոսելով եվրոպական և վաղ բուլղարական կինոյի շփումների մասին, նշում է, որ «Անդրանիկ» կինոնկարը ֆրանսիական է և կապված է Հայաստանի անկախության համար մղված պայքարի հետ։ Սակայն Յանակիևը, ինչպես և Կոստովը չեն իմացել, որ կինոնկարը պահպանվել է։
Այն, որ այս կինոնկարի մասին խորհրդային պատմագրության մեջ տեղեկությունները չափազանց քիչ են, պատահական չէ։ Նախ՝ կինոնկարը ստեղծել է քաղաքական վտարանդի հանդիսացող Արշավիր (Արշո) Շահխաթունին, որը հանդիսացել է Հայաստանի առաջին Հանրապետության (1918–1920) ղեկավարներից մեկը և հարել «Դաշնակցություն» կուսակցությանը։ Մյուս կողմից էլ, «Անդրանիկ» կինոնկարն արգելվել է խորհրդային գրաքննության կողմից Անդրանիկ Զորավարի անվան հետ կապված լինելու պատճառով և մոռացության է տրված եղել։ Մինչդեռ Անդրանիկ Զորավարը եղել է չափազանց նկատելի ֆիգուր ոչ միայն հայ ժողովրդի կյանքում։ Որպես բարձրաստիճան զինվորական, զորահրամանատար և բուլղարական սպա, նրա մասին Բուլղարիայի պետական ռազմապատմական արխիվում պահվում են արժեքավոր փաստաթղթեր, որոնցից թերևս ամենից արժեքավորներից մեկը, որն աղբյուրագիտական նշանակություն ունի ոչ միայն նրա կյանքի Բալկանյան շրջանի լուսաբանման համար, այլ նաև ժամանակի պատմա-քաղաքական անցքերը ճիշտ հասկանալու՝ հայկական երկրորդ զորամասի օրագրությունն է։ 1927 թվականի օգոստոսի 31-ին ԱՄՆ-ում վտարանդիության մեջ մահացած հայ անվանի գործչի մասին մինչեւ 1990-ական թվականների սկզբները խորհրդային պատմագրությունը պարզապես լռում էր, իսկ եթե նույնիսկ հիշատակում էր, ապա միայն խիստ ընդգծված բացասական երանգավորմամբ։
Բավական ուշագրավ է եղել Արշավիր Շահխաթունու կյանքի ուղին։ Ծնվել է 1882 թվականի փետրվարի 5 (17)-ին Գյումրի, այն ժամանակվա` Ալեքսանդրապոլ, քաղաքում, որն այն ժամանակ մաս էր կազմում ողջ Արևելյան Հայաստանի հետ Ռուսական կայսրության: Մանկությունը անցկացրել է Անդրկովկասի տարբեր շրջաններում:
Հայրը` Վաղարշակ կամ Իվան Շահխաթունին (1843–1892) Ալեքսանդրապոլի գավառի, հետո` Նոր Բայազատի գավառի և ապա` Գանձակի գավառի ղեկավարի ավագ օգնականն է եղել: Նա նաև Վաղարշապատի թատրոնի հիմնադիրն է եղել: Արշավիրի տնային ուսուցիչների շարքում եղել է նաև հայտնի դերասան և ռեժիսոր Համո Բեկնազարյանի (1891–1965) հայրը: Շահխաթունին ուսանել է մասնավոր ռուսական դպրոցում:
1898-ին ավարտել է Երեւանի արական գիմնազիան և դիմել Թիֆլիսի Միխայլովյան ռազմական ուսումնարան: Սական զինվորականի կարիերան Շահխաթունին շուտով փոխարինում է թատերական կարիերայով: Շուտով սկսում է հանդես գալ Բաքվի հայկական դրամատիկական խմբակում, Թիֆլիսում, ինչպես նաև ռուսական թատերախմբում: Շրջագայությունների է եղել Մոսկվայում, Պետերբուրգում, Ռոստովում, Եկատերինոդարում:
1912 թվականի ամռանը, Հյուսիսային Կովկասում հաջող շրջագայության ընթացքում, Պյատիգորսկում տեղի է ունենում Շահխաթունու եւ «Ա. Խանժոնկով և ընկ» կինոընկերության ներկայացուցիչ Հակոբ Ուզունյանի հանդիպումը: Այն դառնում է ճակատագրական: Շահխաթունին ընդունում է կինոյում նկարահանվելու առաջարկը: Հանդես է գալիս «Բելա» կինոնկարում` Կազբիչի գլխավոր դերով (1913), Շամիլի դերում` «Կովկասի նվաճումը» կինոնկարում (1913): Նկարահանվում է նաեւ` «Խանդ», «Փոթորիկ», «Վեներայի մուշտակները», «Խազ Բուլաթ», «Իսմայիլ բեյ», «Փախստականը» կինոնկարներում:
Շահխաթունին դառնում է վաղ ռուսական կինոարվեստի նկատելի դեմքերից մեկը: Հնարավորություն է ստանում ապրել Մոսկվայում` կինոյում իր նկարահանումների շնորհիվ: Այստեղ նա ընդունում է Գեղարվեստական թատրոնի ստուդիա, որտեղ յուրացնում է Ստանիսլավսկու համակարգը, մտերմանում Վախթանգովի հետ: Սակայն Առաջին աշխարհամարտը խաթարում է նրա թատերական և կինոյում ունեցած փայլուն կարիիերան: Վերադառնում է Հայաստան` պատերազմին մասնակցելու համար: Հանդիսանում է Կովկասյան հրաձգային ութերորդ գնդի պորուչիկ, իսկ հետո արդեն դառնում գեներալ Պյոտր Օգանովսկու ադյուտանտը (1851–1917):
Պատերազմի ընթացքում էլ հանդիպում է լեգենդար Անդրանիկ Զորավարին: Իր հուշերում Շահխաթունին շատ ժլատ է գրում պատերազմի մասին և դրանց հիման վրա հնարավոր չէ հասկանալ, թե որ ճակատամարտերում է նա մասնակցել: Նույնիսկ նրա հրատարակված «Սարդարապատի հերոսամարտը և Արամ-փաշայի վրա հարձակումը» հուշագրությունում նա չի անդրադառնում բուն Սարդարապատի հերոսամարտին: Ունեցած արխիվային նյութերից պարզ է դառնում, որ նա բավականին պատասխանատու աշխատանք է իրականացրել թիկունքում: Կովկասյան ռազմական օկրուգի 1917 թվականի հունիսի 27-ի հրամանով նա նշանակվում է Երեւանի պարետ: 1918 թվականի նոյեմբերի 10-ին այդ պաշտոնում վերահաստատվում է արդեն Հայաստանի առաջին Հանրապետության իշխանությունների կողմից: Կես տարի անց, ՆԳ նախարարի հրամանով նշանակվում է քաղաքագլուխ: Այդ ժամանակ նա արդեն պորուչիկից դարձել էր կապիտան:
Դժվար էր միանգամից երկու պաշտոններում աշխատելը: Քաղաքի կառավարումը, հատկապես պատերազմից անմիջապես հետո ընկած ժամանակահատվածում, չափազանց բարդ գործ էր: Հատկապես, եթե դա մայրաքաղաք էր, այն էլ նոր ստեղծված անկախ պետականության: Նա այս գործում բավականին հաջողում է: Սակայն, երբ 1920 թվականին Հայաստանը խորհրդայնացվում է և Երևանում իշխանությունն անցնում է բոլշեւիկներին, Շահխաթունին էլ, ինչպես շատերն Առաջին Հանրապետության ղեկավարներից, ստիպված են լինում բռնել վտարանդիության ուղին:
Վտարանդիության առաջին հանգրվանը Կոստանդնուպոլսի Հայկական թատրոնի բեմն էր: Պոլսից հետո` 1922 թվականի մարտից մինչեւ 1924 թվականի նոյեմբեր ամիսը, նա ապրել է Բուլղարիայում: Կյանքի այս փուլը Շահխաթունու համար կարևոր է մասնագիտական առումով` Պլոդվիվի, Ռուսայի, Վարնայի, Սոֆիայի թատերաբեմերում ունեցած հաջողություններով: Բուլղարիայում նա հանդիպում է արտիստ Գեորգի Ստամատովին (1893–1965), որը դառնում է նրա մտերիմ բարեկամը:
Բուլղարիայի Կենտրոնական պետական արխիվում պահպանվել է նրանց նամակագրությունը, որից պարզ է դառնում, որ նրանք ոչ միայն մտերիմ ընկերներ են եղել, այլ նաև թատրոններում և կինոյում միասին աշխատել են, նաև ջանքեր գործադրել որպեսզի բուլղարական բանակը մասնակցի «Անդրանիկ» կինոնկարի ստեղծման աշխատանքներին: Նրանք նաև փորձել են կինոնկարը ցուցադրել Բուլղարիայում և այլ երկրներում:
Բուլղարիայից Շահխաթունին հեռանում է տիկնոջ` Նինա Շահխաթունու կամքով: Նա ավելի վաղ էր մեկնել Փարիզ և այնտեղ սպասում էր ամուսնուն: Նա հեռանում է Բուլղարիայից, բայց այդ երկրի հանդեպ կարոտը մշտապես մնում է նրա սրտում, ինչը նաև նկատելի է նրա որոշ նամակներում: Այնուհանդերձ` 1924 թվականի նոյեմբերին, մի քանի օր անց Ֆրանսիայի և Խորհրդային Միության միջեւ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից, նա ոտք է դնում Փարիզ:
Ստամատովին գրած նամակներից մեկում նա խոստովանում է, որ այդ ժամանակի Փարիզում Ռուսաստանն հիշեցնող դեռ շատ բաներ կային, նաև ընկերներ, որոնք նույնպես գաղթել էին Ռուսաստանից ու հաստատվել այնտեղ: Նա հիացմունքով է խոսում Փարիզի մասին, այն համարելով կախարդանք:
Ֆրանսիայի մայրաքաղաքում նա հանդիպում է հայտնի ռուս կինոգործիչների, ռուսական վտարանդիությունը ներկայացնող բազմաթիվ անձանց հետ, ինչպիսիք են` Իվան Մոզժուխինը (1889–1939), Վիկտոր Տուրժանսկին (1891–1976): Նրանց օգնությամբ ծանոթանում է ֆրանսիական ավանգարդիստների հետ, հայտնվում եվրոպական կիոնարվեստի 1920-ական թվականների կենտրոնում: Մտերմանում է հայտնի այնպիսի կինոգործիչների հետ, ինչպիսիք են` Ռընե Քլերը (1898–1981), Ժյուլյեն Դյուվիվյեն (1896–1967), Ժան Էպշտեյնը (1897–1953), Աբել Գանսը (1889–1981), Ժերմեն Դյուլակը (1882–1942): Շահաթունին մասնակցում է ավելի քան քսան կինոնկարների նկարահանումներին, հանդես գալիս գլխավոր և երկրորդական դերերում, որոնցից են` Վիկտոր Տուրժանսկու «Միշել Ստրոգովը» (1926 թ․), Ժյուլյեն Դյուվիվյեի «Իսպանո Մարդը» (1927թ․), Աբել Գանսի «Նապոլեոնը» (1927թ․), Ալեքսանդր Վոլկովի «Սպիտակ սատանան» (1930թ․), Ժան Էպշտեյնի «Լիբանանյան դղյակի տիրուհին» (1934թ․): Արշավիր Շահխաթունին գոհ էր այս ամենից և համարում էր, որ իր դեբյուտը եվրոպական կինոյում փայլուն է եղել:
Եվ հենց այն պահին, երբ նրան հրավիրում են մասնակցել Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում ստեղծվող կինոնկարների նկարահանման աշխատանքներին, նա հանկարծ հրաժարվում է նկարահանումներից և որոշում է անմահացնել Անդրանիկի անունը` նրա մասին կինոնկար ստեղծելով: Շահխաթունին ինքն է պատմում, թե ինչպիսի դժվարությունների և մեծագույն ջանքերի գնով է նկարահանել «Անդրանիկը»: Խնդիրները և՛ ֆինանսական էին, և՛ կապված որոշակի մտայնությունների հետ:
Ի հեճուկս բոլոր դժվարությունների, նա կարողանում է հանդիպել Արմենակ Համբարձումյանի հետ և համոզել, որ աջակցի Անդրանիկ Զորավարի մասին կինոնկարի ստեղծմանը: Հատուկ այդ կինոնկարի ստեղծման համար Փարիզում` 53, Fauburg, Montmartre17 հասցեում ստեղծվում է կինոընկերություն՝ երկու հարյուր հազար ֆրանկ կապիտալով: Համբարձումյանի և Սվաճյանի հետ նա կնքում է պայմանագիր, չնայած որ փաստաբանը խորհուրդ է տալիս չշտապել և երկար կշռադատել պայմանագրի դրույթները:
1928 թվականի հունիսին Արշավիր Շահխաթունին ուրախ և երջանիկ մեկնում է Բուլղարիա` նկարահանող խմբի հետ` կինոնկարի ստեղծման համար: Այնտեղ ստիպված էր ամեն բան անել միայնակ, առանց օգնականի, առանց հանգստի` երեսուն օր շարունակ` առանց ընմիջման, կռահելով, թե հաջորդ օրն արդյոք արևոտ կլինի, թե ամպամած ու անձրևային: Եվ ամենից վատն այն էր, որ չուներ համապատասխան սարքավորում, որպեսզի երեկոյան դիտեր, թե ցերեկվա ընթացքում կատարված աշխատանքի ընթացքում ինչ արդյունքներ են ստացվել: Նա և՛ ռեժիսոր էր, և՛ սցենարիստ և՛ նաև երկու կերպարի` Անդրանիկի և հոր կերպարների մարմնավորողը: Փոխում էր գրիմը, խաղում դերերը, սովորեցնում, թե Շիպկայի լեռան մոտ ապրող գյուղացիները ինչպես պետք է խաղան` մասնակցելով նկարահանումներին:
Շահխաթունին գրում է, որ այդ ժամանակ նույնիսկ մարդիկ են եղել, ովքեր երկու անստորագիր նամակներ են ուղարկել բուլղարական ոստիկանություն, նշելով, թե իբր նա կոմունիստ է և կինոնկար նկարահանելու փոխարեն Բուլղարիա քարոզչական կինոնկարներ է բերել: Փարիզ վերադառնալուց հետո սկսում է կինոնկարի մոնտաժի աշխատանքները: Սակայն չի հասցնում ավարտել: Լարված հյուծիչ աշխատանքի պատճառով հիվանդանում է, հայտնվում հիվանդանոցում, որտեղ բուժվում է երկու ամիս:
Չնայած ծանր հիվանդությանը, մինչեւ 1928 թվականի վերջը կարողանում է ավարտել «Անդրանիկի» մոնտաժը: Նույն թվականի դեկտեմբերի 24-ին Ստամատովին գրած նամակում նա հիացմունքով է խոսում, թե ինչքան լավ կինոնկար է ստացվել «Անդրանիկը»: Կինոնկարի հենց սկզբից իսկ ասվում է, որ այն նվիրված է Անդրանիկի հիշատակին և արտացոլում է մի քանի դրվագ` սեփական ժողովրդին ամբողջապես նվիրված նրա կյանքից:
Կինոքննադատներն ու կինոյի պատմության մասնագետները նկատում են, որ այն ի սկզբանե մտածված չի եղել որպես Անդրանիկ Զորավարի կյանքի ժամանակագրությունը ներկայացնելու: Ֆրանսիական կինոձեռնարկները այս կինոնկարը որակում են որպես «պատմական ֆիկցիա»:
1929 թվականին տեղի է ունենում կինոնկարի Փարիզյան պրեմիերան: Ժամանակին այն ցուցադրվել է և՛ Ֆրանսիայում, և՛ եվրոպական այլ երկրներում, և՛ Միացյալ Նահանգներում, սակայն անցյալ դարի 20–30-ական թվականների Խորհրդային Հայաստանում, ինչպես և հետագա տասնամյակներին այն չի ցուցադրվել, քանի որ Անդրանիկի անունն իսկ արգելանքի տակ էր: Սակայն չնայած այս ամենին, «Անդրանիկ» կինոնկարը Հայաստանի արխիվներում հայտնվում է: Սակայն, դատելով արխիվային փաստաթղթերից` միայն 1972 թվականին: Այն պահվել է խիստ հսկողության ներքո:
Հայտնի չէ, թե ով է բերել կինոնկարը Հայաստան, սակայն հայտնի է, որ արխիվին է փոխանցվել նեգատիվը` հինգ մասից բաղկացած, որից հետո արդեն Արխիվի լաբորատորիայում կինոնկարը վերականգնվել է և թարգմանվել հայերեն: Ամենայն հավանականությամբ, կինոնկարը Հայաստան հասել է Սփյուռքի հետ համագործակցող պետական կառույցների միջոցով:
Ի դեպ, Խորհրդային Հայաստանի պետական այն կառույցները, որոնք աշխատում էին սփյուռքյան համայնքների հետ, փաստացի իրականացնում էին հսկողություն հայ վտարանդիության նկատմամբ և զեկուցում այն ժամանակվա պետական հատուկ ծառայություններին: Կինոնկարն իհարկե չափազանց արժեքավոր է, սակայն պահպանվել են նաև բազմաթիվ արխիվային փաստաթղթեր, որոնք ընդհանուր առմամբ պատկերացում են տալիս «Անդրանիկ» կինոնկարի անցած «կյանքի ուղու» մասին` ստեղծումից մինչեւ ցուցադրություններ: Արխիվային այդ նյութերի մեծ մասը գտնվում են Հայաստանում, սակայն կան նաև նյութեր, որոնք պահվում են արտասահմանյան պահոցներում: Ահա այսպիսին էր «Անդրանիկի» ստեղծման և անցած «կյանքի ուղու» ոդիսականը:
*Մարիյանա Պիսկովա (Բուլղարիա, Նեոֆիտ Ռիլսկու անվան Բլագոեւգրադի համալսարան) «История и архивы» հանդես. 2021. № 2. С. 126–140. DOI: 10.28995/2658- 6541-2021-2-126-140
Պատրաստեց Արամ Յանինը