Սովետահայ արձակի ականավոր ներկայացուցիչ Ակսել Բակունցը չէր կարող անմասնակից մնալ նորաստեղծ հայկական կինոարվեստի ստեղծագործական կյանքին: 1930-1936 թվականներին նա սերտորեն կապվում է Հայ կինոյի հետ և իր գրած սցենարներով նպաստում նրա աճին:  Դեռևս 1929 թ․ Հայ կինոյի արդեն անուն հանած ռեժիսոր Պատվական Բարխուդարյանը ստեղծագործական ընդհանուր լեզու է գտնում Բակունցի հետ և նրանց համատեղ աշխատանքի արդյունք է լինում «Սև թևի տակ» («Ազդանշանը ջրվեժի մոտ») գեղարվեստական ֆիլմը, որը էկրան է բարձրանում հաջորդ տարին:

Ակսել Բակունցը սիրում էր պրպտել արխիվային մատերիալները՝ որոնելով փաստական տվյալներ հայ ժողովրդի մերձավոր ռևոլյուցիոն անցյալի վերաբերյալ: Այդ որոնումների ընթացքում նա հանդիպում է հետաքրքիր նյութերի, որոնք վերաբերում են Լոռվա Դսեղի ենթաշրջանում գտնվող Էջմիածնի վանքապատկան հողերի կառավարիչ Ռոստոմ Թումանյանի սպանությանը և գյուղացիական ռեվոլյուցիոն ընդվզումներին: Պատմելով այդ մասին Պ․ Բարխուդարյանին և տեսնելով վերջինիս ոգևորությունը այդ նյութով, Բակունցը միտք է հղանում գրել համապատասխան սցենար Լոռվա գյուղացիության ռևոլյուցիոն ընդվզումների մասին:

Չբավականացնելով արխիվային նյութերով, Ա․ Բակունցը Պ․ Բարխուդարյանի հետ մեկնում է Դսեղի շրջանը՝ տեղում ծանոթանալու այդ պատմական դեպքերին և գրի առնելու ականատեսների պատմածները: Ահա նրանք Մարց գյուղում են, մի մեծ նահապետական ընտանիքում, ուր 4 եղբայրներ հանգիստ պատմում են «իրենց գլխով անցածի» մասին և կրկին վրդովվում են, երբ խոսքը դառնում է ատելի Ռոստոմին, որին նրանք պատկերում են իրական և հարազատ գույներով, որպես հայ գյուղացուն կեղեքող, նրա ընտանիքն անպատվող մի ստոր արարածի:  Ավագ եղբայրը՝ Սարգիսը, որ հարյուրից անց է և որի ասածներն առանձին ուշադրությամբ գրի է առնում Բակունցը, եզրափակում է զրույցը ասելով․ «Էս հողերն ու քոլերը որ տեսնում եք, վանքին էին պատկանում, Էջմիածնին․ դե մենք էլ անհող չքավոր գյուղացիներս աշխատում էինք այդ հանդերում ու սարերում: Բայց մեր արդար վաստակը էդ սատանի ծնունդ Ռոստոմը կեսից ավելին իր գրպանն է դնում: Այդ դեռ քիչ էր նրան, նա ամեն կերպ աշխատում էր իր ճանկը գցել մեր հարսներին ու աղջիկներին: Դե մենք էլ մեր նամուսն ու պատիվը ունենք, էլ չհամբերեցինք և մի օր, երբ նա ձիով անցնում էր ջրվեժի մոտով, Մոսեսանց Հովհաննեսի նորապսակ տղան՝ Արամը գյուլախորով արեց նրան ու մեզ ազատեց այդ գազանից»:

Երբ արդեն շատ բան էին պատմել ու Բակունցը գրի էր արել շատ մանրամասնություններ, մեծ եղբայրը դիմում է հարսներից մեկին․ «Այ աղջի, մի կանչի էդ էրեխին, թող տուն գա, փետը հետո կջարդի, քաղաքից եկած մեր ազիզ ղոնաղների հետ մի աման սարի մածուն ուտենք»: Եվ ներս է գալիս «էրեխան»՝ 90 տարեկան կայտառ Սարիբեկը: Երբ Բակունցը դիմում է ավագ եղբորը, թե ինչն է գաղտնիքը, որ եղբայրները այդքան երկարակյաց են, տան նահապետը պատասխանում է․ «մենք սարի ու քոլի մարդիկ ենք, մեր կերածն էլ էս անմահական մածունն է, խմածներս՝ մեր զուլալ աղբյուրակների սառը ջուրը: Էն դժվար տարիներին, որ էսքան ապրեցինք, դու տես թե հիմա, մեր հարազատ իշխանության օրով, որքան պիտի ապրենք: Հիմա էլ չկա գլավին ու Ռոստոմ, հիմա մենք մեր վաստակի տերն ենք»: Եվ դեռ երկար պատմում էին գյուղացիները անցյալի գիրկը անվերադարձ գլորված իրենց ապրած դառն ու ծանր օրերի մասին:

Երևան վերադառնալով Բակունցը շուտով հանձնում է «Սև թևի տակ» ֆիլմի իր սցենարը, որի բեմադրությունը հաջողությամբ իրագործում է  Պ․ Բարխուդարյանը: Այսպես մուտք է գործում Ակսել Բակունցը հայկական կինոարվեստը՝ հարստացնելով  այն  մի քանի արժեքավոր դրամատուրգիական գործերով:

Անցնում է երեք տարի: Բակունցը իր պարտքն է համարում անդրադառնալ գյուղատնտեսության սոցիալիստական վերակառուցման՝ համատարած կոլեկտիվացման հարցերին: Նա գրում է «Արևի զավակը» ֆիլմի սցենարը: Հայկինոյի գեղարվեստական խորհրդի նիստում, նախքան սցենարի ընթերցանությանն անցնելը, Բակունցը խոսում է իր աշխատանքի նպատակի մասին, ասելով․ «Բամբակը Հայաստանի գյուղատնտեսության կարևորագույն ճյուղերից մեկն է․ կոլեկտիվացումը ստեղծում է բոլոր անհրաժեշտ նախադրյալները բամբակենու մշակման մեքենայացման համար: Իմ սցենարի հերոսը՝ Արամը բամբակենու դաշտի անխոնջ մշակ է․ նա սիմվոլիկ կերպով հանդես է գալիս տարբեր էկոնոմիկական ֆորմացիաներում ստրկատիրության, ֆեոդալիզմի, կապիտալիզմի դարաշրջանում որպես ստրուկ, ճորտ, բատրակ և միայն համատարած կոլեկտիվացման օրերին նա ապրում է լիառատ ու հարուստ կյանքով»: Բակունցի այդ մոտեցումը գտնում է ներկաների հավանությունը, և շուտով ռեժ․ Պ․ Բարխուդարյանը իրականացնում է ֆիլմի բեմադրությունը՝ արժանանալով Հայկինոյի փոխանցիկ դրոշին:

1935 թ․ լույս է տեսնում Բակունցի «Կյորես» երգիծական գրվածքը, որտեղ նա վարպետորեն պատկերում է հին Գորիսը իր բնորոշ կենցաղով ու նիստ ու կացով: Այդ օրերին Հայ կինոյի առաջ ամենայն սրությամբ դրված էր պատմա-ռևոլյուցիոն թեմատիկայով լիարյուն ֆիլմ արտադրելու հրամայական խնդիրը: Եվ Բակունցը նպատակ է դնում ցույց տալ հին Կյորիսի մարդկանց՝ նրանց վճռական պայքարում հայ ժողովրդի ոխերիմ թշնամիների՝ դաշնակցականների և նրանց մարիանետային «լեռնահայաստանի» դեմ: Նա պարտավորվում է գրել իր «Զանգեզուր» սցենարը: Այս սցենարը գրելու պրոցեսում Բակունցը ստեղծագործական խոր ապրումների մեջ էր: Նա աչքի առաջ ուներ Զանգեզուրի ռեալ մարդկանց՝ Մակիչի տիպի պարտիզաններին, դաշնակցական սպարապետին, ընդհատակի ակտիվ մարտիներին: Նա հաճախ գալիս էր Հայ կինո՝ բերելով իր ստեղծած որևէ էպիզոդ կամ տեսարան, կարդում, վեճի էր բռնվում առանձին կինոաշխատողների հետ և խորամուխ լինելով իր ձեռքի տակ եղած հարուստ նյութի և իրական դեպքերի մեջ ստեղծում նորանոր կերպարներ, պատկերում հերոսամարտի առանձին դրվագներ: Եվ երբ սցենարը ամբողջովին պատրաստն էր, այն ենթարկվեց կինոաշխատողների բազմակողմանի քննարկմանը և արժանացավ ընդհանուրի բարձր գնահատականին:

ՀԿՊ կենտկոմի քարտուղար Աղասի Խանջյանի բնակարանում հեղինակը կարդաց իր սցենարը հրավիրված պատասխանատու ընկերների շրջանում: Սցենարը այստեղ ևս դրական գնահատական ստացավ և միաժամանակ արվեցին որոշ ուղղումներ, որոնցով և զբաղվեց Բակունցը հետագա ամիսներին և ապա մեկնեց Մոսկվա, որպեսզի սցենարի վերջնական մշակմանը մասնակցի նաև ֆիլմի բեմադրող ռեժիսյորը՝ Հ․ Բեկնազարյանը: Այդ համագործակցությունը սակայն դեպքերի բերումով շուտով կասեցվեց և «Զանգեզուր» ֆիլմի սցենարի նոր տարբերակի ստեղծումը հանձնվեց Հ․ Բեկնազարյանին, Յու․ Դուկորին և Վ․ Սոլովյովին: Եվ չնայած նրան, որ ֆիլմը ցուցադրվեց առանց սցենարիստ Ա․ Բակունցի անվան հիշատակման,արդարությունը պահանջում է ասել, որ սցենարի նոր տարբերակի հիմքում ընկած է Բակունցի ստեղծագործությունը, պահպանվել են շատ էպիզոդներ (սպարապետի «օրհնությունը» և եկեղեցում թռուցիկներ տարածելը, Մակիչի և իր մոր տեսարանները, պարտիզանների տեսարանները, ռազմական գործողությունները, սպիտակ սավաններով քողարկված «հանդի» միջով առաջ շարժվող զինվորները և այլն): Որոշ էպիզոդներ հանված են սցենարից (հայերի և ադրբեջանցիների եղբայրություն, ձիավարժություն, սիրային ինտիմ տեսարաններ և այլն) և մի շարք նոր էպիզոդներ են ավելացրած (բանտի տեսարաններ, Սամվելի դավաճանությունը, ֆիլմի ֆինալը և այլն): Դժբախտաբար սցենարի Բակունցի տարբերակը չի պահպանվել, այլապես այն կարող էր իր արժանի տեղը գրավել Ակսել Բակունցի երկերի լրիվ ժողովածուի մեջ:

Նախքան «Զանգեզուր» սցենարի ավարտումը Բակունցը հանձնել է Հայ կինոյին մի այլ սցենար, որը սկզբում կոչվում էր «Ողբերգություն Ալագյազի վրա» և ապա անվանվեց պարզապես «Ալագյազ»: Այդ սցենարը ևս ստեղծված էր փաստացի մատերիալի և իրական դեպքերի հիման վրա և նպատակ ուներ ցույց տալ մեր երիտասարդ գիտնականների անձնուրաց աշխատանքը Արագածի վրա կառուցված օդերևույթաբանական կայանում և նրանց հերոսական պայքարը կուլակ-բանդիտների դեմ համատարածի տարիներին: Չնայած սցենարը ընդունվեց բարձր գնահատականով  և երիտասարդ ռեժիսյոր Ջ․ Ժամհարյանը նկարահանեց որոշ դրվագներ, սակայն շուտով նկարահանումները կասեցվեցին և այդ արժեքավոր սցենարը չգտավ իր վերջնական մարմնավորումը էկրանի վրա:

Այս հանգամանքը չհուսահատեցրեց Բակունցին: Ընկերական զրույցի ժամանակ նա խոստովանվեց․ «Հայ կինոյի համար սցենար գրելը ես համարում եմ մեր գրողների, և առաջին հերթին իմ, ամենակարևոր պարտականությունը, քանի որ մեծ է կինոյի դերը ամենալայն մասսաների քաղաքական և գեղարվեստական դաստիարակության գործում: Առանց գրողների ակտիվ մասնակցության և կինո-դրամատուրգիական երկերի ստեղծման ես չեմ պատկերացնում հայկական կինոարվեստի հետագա ծաղկումն ու բարգավաճումը»: Բակունցը իր այս դիրքավորումը իրականացնում էր գործնականում:

Նույն տարիներին նա ներկայացրեց Հայ կինոյին երկու կարճամետրաժ ֆիլմերի սցենարներ: Դրանցից առաջինը «Սպիտակ ձին» էր՝ գրված իր իսկ համանուն պատմվածքի հիման վրա: Սցենարում հեղինակը հաշվի առնելով կինոյի հնարավորությունները լայն տեղ էր տվել Զանգեզուրի գավառի նախասովետական շրջանի բարքերի և հարաբերությունների պատկերմանը և երկի իդեական կողմի խորացրած դրսևորմանը: Սցենարը ընդունվեց, անգամ մշակվեց նրա ռեժիսորական տարբերակը և կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտի շրջանավարտ երիտասարդ ռեժիսոր Լ․ Գրիգորյանը, ավարտելով ֆիլմի արտադրության նախապատրաստական շրջանը, պատրաստ էր անցնելու նկարահանումներին: Սակայն ինչ ինչ պատճառներով ֆիլմը կասեցվեց արտադրությամբ:

Երկրորդ սցենարի նյութ էր ծառայել մի դրվագ 1921 թվականին Զանգեզուրում ծավալված քաղաքացիական կռիվներից: Իր սցենարը Բակունցը հերոսուհու անունով անվանել էր «Կարինե»: Այստեղ գեղարվեստական բարձր արժանիքներով և կինոդրամատուրգի խոշոր վարպետությամբ պատկերված էր զանգեզուրցի գեղջկուհու անձնազոհությունը հանուն ժողովրդի ազատագրման դաշնակցության մղձավանջային լծից: Այս  ֆիլմը ևս չբեմադրվեց:

Ակսել Բակունցը հայկական կինոարվեստի ամենաարգասավոր և որակյալ սցենարիստն է եղել: Եվ ինչպես նա չկարողացավ լրիվ արտահայտվել սովետական արձակի ասպարեզում, այնպես էլ թերի մնաց նրա արտասովոր կարողությունների դրսևորումը կինոդրամատուրգիայի բնագավառում:

Դ․Դզնունի