«Օսկար-2023»-ը, ինչպես վերջին տարիների բոլոր «Օսկարները», կանխատեսելիորեն անկանխատեսելի էր։ Դեն Քվանի և Դենիել Շայներտի «Ամեն ինչ, ամենուր և միանգամից» ֆիլմը ստացավ 7 արձանիկ, այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում: Դենիելները հաղթեցին «Լավագույն ռեժիսոր» և «Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգերում։ Նրանց նախորդ «Մարդ-շվեյցարական դանակ» ֆիլմն արդեն հերթական անգամ հաստատել էր հեղինակների անհոգ էքսցենտրիկ ոճը։ Նույն ֆիլմի համար «Լավագույն դերասանուհի» ճանաչվեց Միշել Յեոն, իսկ Կե Հյուի Քուանը՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասան» (հաղթողների ցանկը)։
Ինչի՞ մասին է «Ամեն ինչ, ամենուրը»․․․ Էվելինի կյանքը քաոս է, նա չի կարողանում հարկային հաշվետվություն կազմել, տարեց հորը պետք է խնամի, ամուսնուց հիասթափվել է, դուստրը ցանկանում է ընկերուհուն ծանոթացնել ընտանիքի հետ։ Հետո պարզվում է, որ Էվելինը կարողանում է հայտնվել զուգահեռ աշխարհներում, տեսնում ինքն իրեն տարբեր կերպարներում և պարզում՝ ինչպիսին կլիներ կյանքը, եթե այլ որոշումներ կայացներ։ Եվ ահա, լիակատար քաոսում կինը ստիպված է պայքարել առեղծվածային էակի դեմ, որը որոշել է ոչնչացնել աշխարհը և ողջ մուլտիտիեզերքը:
Առաջին հայացքից՝ շիլաշփոթ։ Հետո հասկանում ես, որ բոլոր հայացքներից է շիլաշփոթ՝ կոմեդիա, ֆենթզի, դրամա, կոմիքս, մարտաֆիլ, արկածային, ինդի, բլոկբաստեր։ 10 հազար ակադեմիկոսներ, երևի, մտածել են՝ սրանց տանք հաղթանակը, տեսնենք՝ կինոյի հետ առաջիկա մի քանի տարում ինչ կլինի․․․
Ֆիլմի դիտման կեսից հանձնվում ես, փորձում տրամաբանություն չփնտրել, գոնե վայելել վիզուալ շարքը ու աստվածացնել մոնտաժողներին, որոնք յութուբյան կուրսերով մոնտաժել են սովորել ու, ի դեպ, նույնպես «Օսկար» վաստակել (իմ համեստ կարծիքով՝ միակ արդարացված հաղթանակը)։ Հետաքրքիր ու հաճախ շոկային է նաև կուլտային ֆիլմերից ցիտատներ տեսնել՝ Վոնգ Կար-Վայ, Տարանտինո, Կուբրիկի «Տիեզերական ոդիսականը», Ռատատույ, Սիմփսոններ, Մատրիցա։
«Ամեն ինչի» հետ պայքարում էին Սփիլբերգի «Ֆաբելմանները», Մաքդոնայի «Ինիշերինի բանշիները», Էսթլունդի «Տրտմության եռանկյունին» և այլ ֆիլմեր։ Այս տարվա «Օսկարի» անկանխատեսելիությունը կայանում էր նրանում, որ տարիներ առաջ կհաղթեին հենց վերը նշված ֆիլմերը, իսկ «Ամեն ինչը» գուցե նույնիսկ կարճ ցուցակում չհայտնվեր։ Բայց միևնույն ժամանակ հասկանալի էր՝ հենց «Ամեն ինչը» կհաղթի, որովհետև Օսկարին թարմ արյուն է պետք։ Հոլիվուդը, կարծես, գոռում է՝ ճամփա տվե՛ք նոր դեմքերին։ Հոլիվուդը հոգնել է կանոնիկ ֆիլմերից, առավել ևս՝ կինոաշխարհի մասին գործերից, ինչպիսիք են «Ֆաբելմանները» և Դեմիեն Շազելի «Բաբելոնը»։ Դրանք նաև ժամանակավրեպ են՝ հաշվի առնելով ժամանակակից սերնդի հետաքրքրություններն ու միջազգային տագնապալի անցուդարձը։ Այդ մասին վկայում են նաև Էդվարդ Բերգերի «Արևմտյան ճակատում ամեն ինչ հանգիստ է» պատերազմական ֆիլմի 4 արձանիկները։ Մի կինոքննադատի մոտ կարդացի՝ «մարդկանց հիմա պատերազմ է պետք ու նաև դրանից փրկվելու հնարավություն, ոչ թե գեղեցկադեմ Բրեդ Փիթեր կամ զվարճանք ու փղեր»․․․ Հակառակը չեմ պնդի։
Չենք մոռանում նաև ֆիլմի կենտրոնական՝ այլընտրանքային աշխարհների կոնցեպտի մասին, որոնցով ճանապարհորդելը մեր մարվելյան ՏՏ դարում շատերի ամենասիրված զբաղմունքն է։ Ես էլ, չնայած ակնհայտ հակակրանքին, ֆիլմի դիտման ընթացքում մտածում էի՝ երևի նման ֆիլմեր են պետք, որոնք մի պահ կհիշեցնեն՝ պատերազմից, ատելությունից ու անորոշությունից բացի՝ կա նաև այլ իրականություն, կարող ես ուրիշ մարդ լինել, սխալներդ ուղղել․․․ նորից հայտնվել, օրինակ՝ 2019 թվականում, երբ չղջիկները բոլորիս տունը չէին քանդել (կատակ էր, չղջիկները մեղավոր չեն)։ Ֆիլմեր, որոնք կհիշեցնեն՝ սիրելը ամենասիրուն այլընտրանքն է, ու երբեմն մի քանի կյանք պետք է ապրես, որ գտնես քոնը։ Սենտիմենտալացա․․․
Չեմ ժխտում նաև այն փաստը, որ ֆիլմը բարձրացնում է շատ կարևոր թեմաներ՝ ազգային և սեռական փոքրամասնությունների խնդիրներ, հայրեր և որդիներ կոնֆլիկտ, էյջիզմ, էմիգրացիա և այս ամենի շուրջ ամերիկյան օրակարգ։ «Ամեն ինչ, ամենուր և միանգամից»-ը, անխոս, նոր կինոլեզու է ու հնարավոր չէ մոռանալ, այլ հարց է՝ ուզո՞ւմ էի ես արդյոք մտապահել այս թրեշից (trash)։
Կինոքննադատ Կարեն Ավետիսյանն է պատասխանում, թե ինչո՞ւ հենց «Ամեն ինչ, ամենուր և միանգամից»-ը դարձավ «Օսկար» 2023-ի առաջատարը ․․․
– Պետք է սկսեմ ընդհանուր կոնտեքստից։ Մենք մի փոքր սխալ պատկերացում ունենք «Օսկարի» մասին։ «Օսկարն» ընկալում ենք բացառապես արվեստի շրջանակում ու գնահատում ֆիլմերը գեղարվեստական, ինտելեկտուալ տեսանկյուններից։ Բայց դա նախևառաջ ամերիկյան մշակութային քաղաքականության գագաթնաժողովի նման մի բան է, որն ունի իր օրակարգը։
Անցած տարի օսկարային չափանիշներով բավականին միջակ «Կոդա» ֆիլմը հաղթեց, որը պատմում է խուլ ընտանիքի մասին։ Բայց այն կարևոր հարց է լուծում՝ ներառականության հարցը։ Այնուամենայնիվ, լինում են դեպքեր, երբ ուժեղ ֆիլմը համընկնում է Ակադեմիայի օրակարգի հետ։ Իմ կարծիքով՝ «Պարազիտների» դեպքում էր էդպես։ Ամերիկայում մտավորականությունը, որը հիմնականում հարում է դեմոկրատական կուսակցության գաղափարախոսությանը, հստակ խնդիրներ ունի՝ փոքրամասնություններ, փոքր խմբերի ներառականություն, էմիգրացիա, սևամորթներ։ Եթե այս հայացքով նայենք, կհասկանաք, որ Քեյթ Բլանշետին երրորդ կամ «Ֆաբելմանների» համար Սփիլբերգին հարյուրերորդ արձանիկ տալը շատ ավելի քիչ բան կտա կինոյի ընդհանուր զարգացմանը, քան այն, ինչ հիմա տեղի ունեցավ՝ դուր է գալիս դա մեզ, թե ոչ։
-«Ամենուրը» իրոք ռեզոնանսային էր։ Բայց արդյո՞ք կեղծավորություն չէր ֆիլմին 7 արձանիկ տալը։ Ես եթե հեղինակների կամ դերասանների փոխարեն լինեի, հաստատ վատ կզգայի, որ ինձ գնահատում են ոչ թե տաղանդիս, այլ ուղղակի հայփի համար։ Կամ Միշել Յեոյին դերասանական գլխավոր մրցանակը տալիս են ու շեշտը դնում հաղթողի առաջին ասիացի կին լինելու փաստի վրա։
-Չեմ կարծում՝ կեղծավորություն կա։ «Ամենուրը» հետաքրքիր է այնքանով, որ դասական կինոյի շրջանակից դուրս է։ Վերջին շրջանում կոմիքսային կինոն շատ բան փոխեց, հայտնվեց «Օսկարում», Մարվելի շնորհիվ դարձավ բլոկբաստեր։ Ժամանակին «Մատրիցան», որի հետ այս ֆիլմը համեմատում են, բայց ինչը չի նշանակում, որ այն «Մատրիցա»-ի պես շեդևր է, տարօրինակության էլեմենտ ուներ, հարաբերություն՝ զուգահեռ աշխարհների հետ։
–Շատ եմ կարդացել, թե իբր «Ամենուրը» «Մատրիցայի» պես իր ժամանակից առաջ է ընկել ու մարդիկ տարիներ հետո նոր կընկալեն դրա խորությունը։
-Չեմ կարծում՝ այդքան խորն է, չեմ էլ կարծում, որ խորության հավակնություն ունի։ «Ամենուրն» բազմաթիվ թիրախներ ու ժանրային տարբեր էլեմենտներ ունի՝ ավելի լայն, քան պոստմոդեռնիստական կինոն էր, Տարանտինոն ու մյուսներն էին։ Կարող ենք ընդունել սա որպես աջափսանդալ, բայց և կինո, որը խաղի կանոններ է թելադրում, որտեղ չկան ինտելեկտուալ սահմաններ ու նուրբ կարմիր գծեր։ «Օսկարը» նաև հասկացել է, որ միակողմանի է եղել՝ սպիտակություն, արականություն, ռասայական խտրականություն․․․ Հիմա փորձում են այդ ծանր վեկտորը փոխել, որի ճանապարհին պատրաստ են որակը զոհաբերել արդյունքին։
– Միշել Յեոն հուզվել է, երբ ստացել է սցենարը, ասել՝ սա այն գործն է, որին ողջ կյանքում սպասել եմ։ Հիշեցնենք՝ «Ամենուրը» սցենարի համար էլ է «Օսկար» ստացել․․․ Ես, թերևս, դեմ եմ՝ չնայած կարծիքս չեն հարցրել))
– Մրցանակը վերցնելու առումով՝ համաձայն եմ չափազանցեցված (too much) էր։ Բայց սցենարը ակադեմիկոսները չեն դիտարկում կարծրացած դրամատուրգիայի օրենքների տեսանկյունից։ «Ամենուրը» տարօրինակ պատմություն ունի։ Եթե քո ասած «լավ» սցենար ունենար, համահունչ չէր լինի ֆիլմի խառը կոնցեպտին։
– «Ամենուրը», մեծ հաշվով, պերֆորմանս էր, ծաղր, կամակորություն, ինչին, իրականում, հետաքրքիր է հետևել։
– Դենիելները դա չեն էլ թաքցնում։ Ու այդ «ծաղրը» նոր սերնդի հանդիսատեսը «ուտում է»։ Ես ու դու գուցե լրիվ ուրիշ կերպ նայենք, Տիկտոկի սերունդը՝ ուրիշ։ Իսկ սերնդափոխությունը «Օսկարին» ապրեցնում է։ Օրինակ, մեծ արվեստագետ Քոլին Ֆարելը փառահեղ դերասանական խաղ ցույց տվեց «Բանշիներ»-ում, Բրենդան Ֆրեյզերն էլ «Կետը» ֆիլմում իր ոճի մեջ էր։ «Կետը» ֆիլմ է ճգնաժամային կերպարի մասին՝ գեյ, ավելորդ քաշով։ Սրանք թեմաներ են, որ, անկախ դերասանական խաղից, հետաքրքրում են ամերիկյան հասարակությանը։
– Ասիականի հանդեպ հետաքրքրությո՞ւնն էլ։
– Դա էլ կարևոր քաղաքական խնդիր է, որը լուծում են «Օսկարն» ու ԱՄՆ-ը։ Հոլիվուդը վաղուց արդեն միայն ամերիկյան կինոյի հանգրվանը չէ։ Ու հարգանքի տուրք մատուցելով մյուս կոնտինենտների ներկայացուցիչներին՝ ընդունում են, որ հենց բազմազանության շնորհիվ է Հոլիվուդը՝ Հոլիվուդ։ Նաև այսպիսով ցույց են տալիս, որ էմիգրանտներին չեն վերաբերվում որպես ուղղակի աշխատուժի, այլ որ արդեն ընդունում են նրանց ինքնությունը։
– Ֆենոմեններից է նաև, կարծում եմ, որ «Ամենուրը» հեղինակային կինո է ու բլոկբաստեր՝ միաժամանակ։ Քարերի տեսարանն եմ ուզում առանձնացնել։ Երևի էկրանին կատարվող թրեշը (trash) հետո ուղեղը սկսում է հանգստանալ ու մի քիչ մտածել։
– Տես, քարերի տեսարանն էլ սցենարական լուծում էր։ Մոնտաժային տրամաբանության մեջ ֆանտաստիկ աշխատեց։ Մի նրբություն էլ կա՝ «Ոսկե գլոբուսը», որն էլի հարցեր է լուծում։ Բանշիներին էնտեղ նկատեցին։ Երկար տարիներ «Ոսկե գլոբուս» ստացած ֆիլմերի մոտ 70 տոկոսը ստանում էր նաև «Օսկար»։ Այս բանաձևը դեռ երկար չի փոխվի, բայց արդեն սկսում են իրենց առանձին դեմքը ձեռք բերել։
-Կարեն, դո՞ւ ում կտայիր ձայնդ, եթե ակադեմիկոս լինեիր։
-Մաքդոնան իմ ֆավորիտն էր։ Բայց եթե ամերիկացի ակադեմիկոս լինեի, լրիվ այլ որոշում կկայացների։ Պետք է հասկանալ՝ «Օսկարը» համաշխարհային միջոցառում չէ, էնպես որ մեր պահանջները ծիծաղելի են։
-Ճիշտ ես, ես էլ Բանշիներն եմ հավանել, բայց դրա փոխարեն հիմա տեքստ եմ գրում «Ամենուրի» մասին։ Գուցե հենց դա էլ նրան դարձնում է տարվա ֆիլմը։
Կարենի հետ զրուցելուց հետո որոշեցի այս ֆիլմի մասին հարցնել նաև ոլորտի և ուղղակի կինոսեր ընկերներիս կարծիքը։ Սփոյլ՝ իրենք էլ չեն հավանել, չնայած հետաքրքիր կլիներ դրական կարծիք էլ լսել։
Տաթև Դանիելյան ( պրոդյուսեր, մեկնաբան)
Ամեն ինչ, ամենուր և միանգամից. եթե մեկ բառով` պոլիտկոռեկտ։ Ֆիլմը ոչնչով չի զարմացնում, չի հիացնում, չի «ցավեցնում», դրան գումարած քաղցր-մեղցր ընտանեկան արժեքների ու սիրով ամեն ինչին հաղթելու թեման (ամենապրիմիտիվ ու ճակատային ներկայացմամբ)։ Ստերջացված այս ֆիլմի անունը կարող էր լինել «Բոլոր կարծրատիպերը ու միանգամից»։
Մարտին Մաթևոսյան (կինոռեժիսոր)
Եթե ֆիլմը նկարահանված լիներ 90-ականներին կամ 2000-ականների սկզբին, ակադեմիայի ուշադրությանն ընդհանրապես չէր արժանանա։ Բայց եթե հաղթել է, ուրեմն արժանի էր, բայց արդյո՞ք այդքան շատ արձանիկների․․․Սցենարը բավականին լավ էր գրված, բայց առանց մոնտաժային հնարքների դժվար թե այդքան լավ նայվեր։ Իսկ երկրորդ պլանի դերասանների հաղթանակները զավեշտալի էին։
Նարեկ Աբգարյան ( իրավաբան)
Ակադեմիան վերջին տարիներին փորձում է «Լավագույն ֆիլմ» անվանակարգում ինդի ֆիլմերի և բլոկբաստերների միջև գոնե նվազագույն բալանս պահպանել։ Այդ առումով «Ամեն ինչի» նոմինացիան սպասելի էր։ Ֆիլմը չեմ հավանել։ Բայց կարծում եմ՝ նոմինացվածների մեջ չկար որակապես էական առավելություն ունեցող ֆիլմ։ Երբ ակնհայտ ֆավորիտ չկա, հաճախ առաջին պլան են մղվում ֆիլմի կոնտեքստն ու թեմաները։
Պատրաստեց Դիանա Գասպարյանը