Հայտնի են «Օսկար» 95-րդ մրցանակաբաշխության հաղթողները
Լոս Անջելեսի «Դոլբի» թատրոնում՝ մարտի 13-ին, տեղի ունեցավ Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» հոբելյանական 95-րդ մրցանակաբաշխությանը։
«Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթեց «Ամեն ինչ, ամենուր և միանգամից» կինոնկարը:
Այս մասին հայտնում է «Արմենպրես» գործակալությունը` հավելելով, որ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում մրցանակը հանձնվեց Դանիել Շայներտին և Դանիել Կվանին՝ «Ամեն ինչ, ամենուր և միանգամից» ֆիլմի համար: Կինոնկարը հաղթեց նաև «Լավագույն մոնտաժ» և մի քանի այլ անվանակարգերում:
«Լավագույն դերասան» անվանակարգում բաղձալի արձանիկը շնորհվեց Բրենդան Ֆրեյզերը՝ «Կետը» ֆիլմի համար: Նա շնորհակալություն հայտնեց ֆիլմի ռեժիսոր Դարեն Արանովսկուն՝ դերն իրեն վստահելու համար, շնորհակալություն հայտնեց այդ անվանակարգում ընդգրկված մյուս դերասաններին՝ նշելով, որ նրանք կետի սիրտ ունեն: Դերասանը հիշեցրեց, որ կինոարվեստ է մուտք գործել երեսուն տարի առաջ: «Շատ բան չէի գնահատում, և ինչ-որ մի պահի ամեն ինչ կանգ առավ»,-նշեց Ֆրեյզերն ու հավելեց՝ տարիների ընթացքում շատ դժվարությունների միջով է անցել. ասես օվկիանոսի հատակին է հայտնվել, և իրեն սկսել են վերևից նայել: Շատ շնորհակալ է, որ գնահատվել է:
«Լավագույն դերասանուհի» ճանաչվեց Միշել Յեյոն՝ «Ամեն ինչ, ամենուր և միանգամից» կինոնկարի համար: Յեյոն առաջին ասիացի դերասանուհին է, որն արժանացավ «Օսկարի»: «Սա հույսի և հնարավորությունների մրցանակ է, ապացույց, որ պետք է մեծ բաների մասին երազել, և երազանքներն անպայման կիրականանան: Սիրելի՛ տիկնայք, երբեք թույլ չտաք, որ որևէ մեկն ասի, որ ձեր ժամանակն անցել է»,-ասաց դերասանուհին: Նա իր մրցանակը նվիրեց իր և աշխարհի բոլոր մայրերին և շեշտեց, որ հենց նրանք են սուպերհերոսներ, քանի որ առանց նրանց ոչ ոք այդտեղ չէր լինի: Հաղթողների ցանկին հնարավոր է ծանոթանալ մրցանակաբաշխության պաշտոնական կայքում: