Վիգոյի և Ատալանտայի վերաբերյալ
À PROPOS DE VIGO ET DE L’ATALANTE
Ֆրանսիացի ռեժիսոր, սցենարիստ, բեմանկարիչ (դեկորատոր) և պրոդյուսեր Ժան Վիգոն (1905-1934) այն ֆենոմենալ անհատներից է, որոնք պատմության մեջ մնացել են իրենց նորարարության ու ապստամբ համարձակության շնորհիվ: Գտեք ևս մի ռեժիոր, որն ընդամենը 3 կարճամետրաժ և մեկ լիամետրաժ ֆիլմ է նկարահանել, որոնցից առնվազն երկուսը համաշխարհային կինոյի գլուխգործոցների ցանկում են: Վիգոյին բացառիկություն են հաղորդում նաև դժվարին ու չափացանց կարճ կյանքն ու հետմահու հռչակը:
Փխրուն առողջության տեր երիտասարդը, որն իր ռեժիսորական գործունեության հինգ տարին իսկ չէր բոլորել, վախճանվեց 29 տարեկանում՝ թողնելով 4 ֆիլմ, որոնք հսկայական ազդեցություն ունեցան թե՛ անցյալ դարի, թե՛ ժամանակակից կինոարվեստի վրա:
Ժան Վիգոն սերում է 19-րդ դարում Անդորրայի վարչարար-մագիստրատ (ֆր.՝ viguier) Բոնավանթյուր դը Վիգոյի ազնվական տոհմից: Ժան Վիգոյի հայրը անարխիստ լրագրող և խմբագիր Էժեն-Բոնավանթյուրն էր: Նրան ճանաչում էին Almereyda կեղծանունով, որը ֆրանսերեն «հայտնի» արտահայտության անագրամն է (y a de la merde՝ «լիքը կեղտ կա»): Ալմերեյդան իր կոշիկի կապերով բանտում խեղդամահ արվեց, երբ Ժանը 12 տարեկան էր, իսկ քաղաքականությամբ տարված մայրը նրա կյանքում փաստացի բացակա էր: Դավաճան հռչակված հոր մահից հետո՝ գանահարումից խուսափելու համար, տղան այլ ազգանունով ապրում ու սովորում էր տարբեր գիշերօթիկ վարժարաններում՝ ճաշակելով մերժման ու որբության դառնությունը:
Ժան Վիգոյի դստեր՝ կինոգետ Լյուս Վիգոյի (1931-2017) վկայությամբ՝ [1] դեռ մանկությունից բանտերում հորը տեսակցելուն սովոր Ժան Վիգոն նյութեր էր կուտակել, ու փորձում էր մաքրել հոր անվան վրա մնացած խարանը, սակայն հոր ընկերների խորհրդով թողեց այդ զբաղմունքն ու նվիրվեց կինոյին: Ի դեպ, պատանի Ժանին պատկերների կախարդիչ աշխարհ բերողը նրա խորթ պապն էր՝ հայտնի լուսանկարիչ Գաբրիել Օբեսը:
Ոմանք Վիգոյին անվանում են «կինոյի Արթյուր Ռեմբո», մյուսները նրա կինոարվեստում տեսնում են Բունյուելին ու Ռենուարին՝ միաժամանակ, կամ նրան համարում Ֆրանսիայում նախորդ դարի 30-ականներին սկիզբ առած «Պոետիկ ռեալիզմի» (Ժան Ռենուար, Մարսել Կարնե) նախակարապետը: Այլոց կարծիքով՝ Վիգոյի սակավաթիվ երկերում նշմարվում է ավելին՝ իտալական «Նեոռեալիզմից» մինչև ֆրանսիական «Նոր ալիք» և «Սինեմա-վերիտե»: Իսկ ամենադիպուկ բնորոշումը, թերևս, Վիգոյի մեծ երկրպագու և հետևորդ Ֆրանսուա Տրյուֆոյինն է. «Կինոյի պատմության մեջ մեծ ռեալիստներ են եղել, ինչպես Ռոսսելինին, նաև՝ մեծ գեղագետներ, ինչպես Էյզենշտեյնը, սակայն քչերն են փորձել միավորել այս երկու միտումները…» [2]
Վիգոյի քնարական, բայցև ապստամբ հոգեկերտվածքը ոչ միայն հայրական գեների, այլև պատանեկան շրջանում կրած տառապանքի հետևանք էր. «Պատրաստ եմ կինոաստղի «թրիք» մաքրել»,- աշխատանքի ընդունվելու իր դիմումի մեջ մի առիթով գրել էր Ժան Վիգոն: Եվ ինչպես Ֆրանսուա Տրյուֆֆոն է նկատել՝ Վիգոն համր կինոյի գործիչերի պես պատահաբար չէր հայտնվել կինոյի աշխարհում, այլ կինոարվեստի հանդեպ բուռն սիրո շնորհիվ:
Չորս ֆիլմ՝ կինոյի ոլորտում ընդամենը քառամյա գործունեության ընթացքում: Սկսելով որպես սինեֆիլ (կինոսեր), ապա հիմնելով Նիսի(Nice) առաջին կինոակումբներից մեկը՝ շուտով այդ նույն ակումբում Վիգոն կցուցադրի իր առաջին ֆիլմը՝ օպերատոր Բորիս Կաուֆմանի հետ նկարահանած «Նիսի վերաբերյալ» (A propos de Nice, 1930) սոցիալական պամֆլետ- վավերագրությունը:
Լյուսը, հայրիկը, մայրիկը (Լյուս Վիգոյի արխիվից)
Հաջորդիվ՝ ֆիլմի պատվեր կստանա, և ֆրանսիացի հանրահայտ լողորդ Ժան Տարիսի մասնակցությամբ կնկարահանի «Տարիս՝ ջրի արքա» (Taris, roi de l’eau, 1931) կարճամետրաժ վավերագրական ֆիլմը:
1933-ին նա կնկարահանի իր գլուխգործոցներից մեկը՝ «Վարքից՝ զրո» (Zéro de conduite) 45 րոպեանոց գեղարվեստական ֆիլմը: Ինքնակենսագրական այս ֆիլմը, որի սցենարի և դեկորացիաների հեղինակը ևս Վիգոն է, գրաքննության կողմից կհամարվի հակաֆրանսիական և կարգելվի: Քնարական անարխիզմի բացառիկ այս կինոնմուշն անհայտ կմնա մինչև իր վերաբացահայտումը 1945 թվականին: Ի դեպ, հարկ է նշել, որ ֆիլմի ակումբային ցուցադրություններն արգելված չէին, իսկ բելգիական ու բրիտանական կինոքննադատներն արձագանքեցին շատ ավելի ջերմ, քան ֆրանսիացիները:
Նիսի կինոակումբի աֆիշներից մեկը (Լյուս Վիգոյի արխիվից)
«Ատալանտայի» վերաբերյալ, կամ ինչպես ֆիլմը սպանեց Վիգոյին, իսկ «Գոմոն» ընկերությունը՝ ֆիլմը
Վազքում իրեն հավասարը չունեցող առասպելական Ատալանտեի անունը կրող նովելն ու դրա էկրանավորումն անուղղակիորեն առնչվում են հունական առասպելին՝ արտացոլելով գլխավոր հերսուհի Ժյուլիեթի (Dita Parlo) և նրա ամուսին Ժանի (Jean Dasté) նորաթուխ միությունում կնոջ ու տղամարդու անհավասարությունը: Ի դեպ, հունարեն Ատալանտե (Ἀταλάντη) նշանակում է «քաշով հավասար»: Նովելի հեղինակ Ժան Գինեի սցենարում բացակայում է ֆիլմի թերևս ամենագունեղ կերպարը՝ հայր Ժյուլը (Michel Simon): Նրան հորինել է անշուք սցենարով ամենևին չոգևորված Վիգոն՝ մտքում ունենալով անվանի դերասան Միշել Սիմոնին: Վերջինիս համաձայնությունը վատառողջ Վիգոյին վերջնականապես համոզեց «Վարքից՝ զրո» ֆիլմի անհաջողությունից հետո սկսել նոր ֆիլմի նկարահանումները:
Ստորև ՝ ներկայացնենք լեգենդի վերածված այս ֆիլմի և դրա հեղինակի կյանքի վերջին ամիսների սեղմ քրոնիկոնը՝ օգտվելով ֆրանսիացի կինոպատմաբան և գրող Պիեռ Լերմինիեի՝ Վիգոյին նվիրված աշխատությունից: [3]
1933-ի օգոստոսի 26-27
Կինոարտադրող Ժաք-Լուի Նունյեսը Գինեի «անմեղ» սցենարն է ներկայացնում Վիգոյին՝ խուսափելով նախորդ ֆիլմի բերած խնդիրներից, բայցև անվերապահորեն հավատալով Վիգոյի կինոտաղանդին: Ամռան վերջին արդեն՝ Վիգոն և սցենարիստ Ալբեր Ռիերան կրճատում ու հարմարեցնում են սյուժեն՝ լրացնելով այն հայր Ժյուլի նորահայտ կերպարով ու զվարճալի երկխոսություններով:
1933-ի հոկտեմբեր-նոյեմբեր
Ֆիլմի նախապատրաստական ողջ աշխատանքն արված է. տեխնիկական անձնակազմը պատրաստ, իսկ կինոստուդիաների (Gaumon, Franco-Film, Aubert) հետ պայմանագրերը՝ կնքված: Դերասաններն ընտրված են ու հաստատված (ի դեպ, ֆիլմում էպիզոդային դեր ունի նաև պոետ Ժաք Պրեվերը): Նշենք նաև, որ նկարահանող խմբում է դիմահարդար, հայր Ժյուլի հատուկ հարդարման հեղինակ՝ հայազգի դերասան, ռեժիսոր և նախկին զինվորական Արշավիր Շահխաթունին (Acho Chakatouny): [4]
1933-ի նոյեմբեր–դեկտեմբեր
Նկարահանումները մեկնարկում են նոյեմբերի 10-ին`«Ատալանտա» վերանվանված «Լյուդովիկոս XVI» նավի վրա, և անցկացվում Փարիզի Սեն-Դենի ջրանցքի, Ուազ և Սեն գետերի վրա՝ «Գոմոն» կինոստուդիայից ոչ հեռու: Եղանակը նողկալի է. տուբերկուլյոզով տառապող Վիգոյի առողջությունը՝ կրկին վտանգված:
1934- ի հունվար
Չնայած ընդհատումներին ու «Գոմոնի» պարտադրած կրճատումներին՝ ֆիլմի նկարահանումները փաստացի ավարտվում են արդեն հունվարի վերջին: Մնացյալ եզրափակիչ և միավորող մի քանի հատվածները փետրվարին նկարահանում է ֆիլմի օպերատոր Բորիս Կաուֆմանը՝ հետևելով նկարահանման հրապարակից բացակա Վիգոյի հստակ ցուցումներին:
«Ատալանտայի» բացօթյա նկարահանումների ֆոտոարխիվից
1934- մարտ
Փետրվարին ֆիլմի նախնական մոնտաժի և կազդուրման նպատակով Ֆրանսիայի հարավ մեկնած Վիգոյի առողջությունը վերադառնալուն պես վատթարանում է: Նա պարտադրված է անկողնային ռեժիմ պահպանել, իսկ ֆիլմի մոնտաժը շարունակում է Լուի Շավանսը:
1934-ի ապրիլի 25
Փարիզի «Պալե Ռոշեշուար» կինոթատրոնում «Գոմոնը» կազմակերպում է ֆիլմի «կորպորատիվ» դիտում՝ կինոթատրոնների ներկայացուցիչների մասնակցությամբ: «Կասկածելի» ֆիլմի կոմերցիոն հաջողությունն ապահովելու համար «Գոմոնն» առաջարկում է պրոդյուսեր Նունյեսին զգալի փոփոխության ենթարկել կոմպոզիտոր Մորիս Ժոբերի երաժշտական ձևավորումը՝ ժամանակին հռչակ վայելող մի երգի ֆրանսերեն տարբերակը ֆիլմում ներառելով: Խոսքը Չեզարե Բիքսիոյի «Լաստը, որ լողում է» (Le chaland qui passe) երգի մասին է, որի անվամբ էլ կնքեցին տարաբախտ ֆիլմը: Եվ հեգնանքն այն էր, որ երգը հռչակ էր ստացել մեկ այլ`«Ի՛նչ սրիկաներ են տղամարդիկ» (ռեժ.՝Մարիո Կամերինի, 1932) ֆիլմում հնչելուց հետո: Իսկ երգողը… Վիտտորիո դե Սիկան էր՝ այն ժամանակ սկսնակ դերասան, իսկ ապագայում՝ մեծանուն ռեժիսոր:
1934-ի հուլիս
«Ատալանտայի» հեղինակային (մինչ օրս հայտնի) տարբերակը Վենետիկի կինոփառատոնում ներկայացվելիք ֆրանսիական ֆիլմերի ցանկում է, սակայն վերջնական ընտրության ժամանակ դուրս է մնում: Ամսվա վերջին ռեժիսորի առողջությունը կտրուկ վատանում է: Վիգոյի ընտանիքի վաղեմի ընկեր Ֆերնան Դեպրեն (ի դեպ, ևս անարխիստ լրագրող) իր նամակներից մեկում հստակ նշում է ախտաբանական այն վիճակը, որ երիտասարդ ռեժիսորին մահվան հասցրեց. այն է՝ «ստրեպտոկոկային սեպտիցեմիա»՝ արյան վարակի մի տեսակ, որն այն օրերին անբուժելի էր, իսկ այսօրվա բժշկության տեսանկյունից՝ հաղթահարելի:
1934-ի օգոստոս
Հիվանդությունն առաջանում է. ոչ մի բարելավում:
«Անցյալ օրը կողքի սենյակում էի, իսկ նա իր «Ատալանտա» ֆիլմի գլխավոր դերակատարի հետ էր. հանկարծ պայթեց ծիծաղ, և դա գլխավոր դերակատարի ծիծաղը չէր… »
Ֆերնան Դեպրե, օգոստոսի 13, 1934
1934-ի սեպտեմբերի 14
«Շանզ Էլիզե» պողոտայի վրա գտնվող լավագույն կինոթատրոններից մեկում կայացավ ֆիլմի պրեմիերան՝ «Լաստը, որ լողում է» վերափոխված տարբերակով:
«Լաստը, որ լողում է» ֆիլմի աֆիշը
Անգամ ֆիլմի աֆիշի վրա (տես՝ ստորին հատվածը) գովազդված երգը ոչ միայն կոպտորեն ոտնահարում էր Վիգոյի հեղինակային մտահղացումը, այլև «Ատալանտա» ֆիլմին հաջողելու որևէ շանս չէր թողնում: Նրանք, ովքեր կինոթատրոն էին գալիս երգի համար՝ շփոթվում էին համարձակ ու նորարար ֆիլմից. այլք, որոնց կինոարվեստն էր հետաքրքրում՝ շփոթմունք էին ապրում ուրիշ ֆիլմից ծանոթ և արդեն գերհայտնի դարձած «շլյագերից»: Արդյունքում՝ ֆիլմը սպանվեց հենց իր ծնունդին…
«Ատալանտան սպանեց ինձ…»
Ժան Վիգո
Մի օր դառնագին այս խոստովանությունն է արել Վիգոն՝ ինչպես 1934-ի սեպտեմբերի 27-ի իր նամակում վկայում է նրա մտերիմ Ֆերնան Դեպրեն:
1934-ի հոկտեմբերի 5
Մթնշաղին արդեն՝ տառապանքն ու մաքառումը սպառվեց: Վերջ:
Իսկ ֆիլմի մաքառումը դեռ կշարունակվի՝ մինչև որ 1940 թվականին «Գոմոն» ընկերության նախկին տնօրեն Անրի Բովեն կփորձի վերականգնել Վիգոյի ֆիլմի օրիգինալ տարբերակը՝ որքան հնարավոր է հարազատ մնալով վաղամեռիկ հեղինակի մտահղացմանը: Որքա՜ն հնարավոր է…
Բզկտված մի ֆիլմ, որ հիշեցնում է փարաջանյանական «Սայաթ-Նովա/Նռան գույնը» (1968-1969) ֆիլմի ճակատագիրը:
Վերջաբանի փոխարեն, կամ ճակատագրի վերաբերյալ…
Կույր դիպվածով, թե նախախնամությամբ՝ կինոյում ու իրական կյանքում մարդկանց ճակատագրերը երբեմն միահյուսվում են հեգնական մի սցենարում. նկատեք, ֆրանսիական «Նոր ալիքի» կուռք Ժան Վիգոյին կինոստուդիա բերեց մեկը, որին այդ նույն «Նոր ալիքն» անխնա մերժեց հնացած «քալիտե ֆրանսեզի» կամ «ֆրանսիական որակի» համար: Խոսքը ռեժիսոր Քլոդ Օթան-Լարայի (1901-2000) մասին է, որի շնորհիվ Վիգոն աշխատանքի ընդունվեց Նիսի կինոստուդիայում: Իսկ նեապոլիտանական քացրահունչ երգը, որ Վիտտորիո դե Սիկային կինոաստղի փառք բերեց՝ Վիգոյի կինոերկն ավրելու պատճառ դարձավ: Ու մինչ Գոմոն (Gaumont) ընկերությունն այսօր վերականգնում ու հանրահռչակում է ժամանակին իր իսկ կողմից խեղված «Ատալանտա» ֆիլմի՝ հեղինակայինին հնարավորինս մոտ տարբերակը, ֆիլմի օրիգինալ աֆիշները մի քանի հազար դոլարով են վաճառվում, իսկ ֆրանսական տարբեր քաղաքների (Nice, Montpellier) լիցեյներ կրում են ֆրանսիական տարբեր լիցեյներում ծաղրուծանակի ենթարկված Ժան Վիգոյի անունը: «Դավաճան» Ալմերեյդայի իրական՝ Vigo ազգանունն էլ այսօր փողոցների, պուրակների, կինոինստիտուտների ու կինոթատրոնների ճակատներին է: Եվ որպեսզի Ժան Վիգոյի հետ պատահածն ընդմիշտ հիշվի՝ ֆրանսիական կամ գերազանցապես ֆրանսիական արտադրության դեբյուտային ֆիլմերի համար սահմանվել է հատուկ՝ «Ժան Վիգո» մրցանակը, որը ոչ թե մեծարման համար է, այլ խոստումի… որ ծնվում է կինոյին անմնացորդ նվիրումից, անկաշկանդ և համարձակ մտքից ու ոգուց:
P.S.Հայաստանի Ազգային գրադարանը և «Ֆիլմադարան » կինոմշակույթի զարգացման ՀԿ-ը Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան աջակցությամբ այս տարի վերսկսեցին ֆրանսիական կինոակումբի (Ciné-Club) աշխատանքը՝ առաջին կինոցուցադրությունը նվիրելով Ժան Վիգոյի «Ատալանտա» ֆիլմին: Հետևեք կինոակումբի գործունեությանը հետևյալ հղումով (www.facebook.com/filmadaranNGO ), և հնարավորություն կունենաք ողջ տարվա ընթացքում վայելել ֆրանսիական կինոարվեստի լավագույն երկերը:
Հեղ.՝ Լուսինե Հովհաննիսյան, © 2023
Հղումներ՝
[2] https://festival-larochelle.org/edition/2016/texte/a-propos-de-jean-vigo/
[3] http://marcel-carne.com/atalante/2011/02/chronologie-du-tournage-de-latalante/