Վրացի բանաստեղծ Գեորգի Մդիվանին պատմում է. «1924 թվականն էր։ Վրաստանի կինոստուդիայում շարունակ մի անուն էի լսում՝ Համո, «Համոն կարգադրեց», «Համոյին դա շատ դուր եկավ»…Վերջապես տեսա այդ մարդուն։ Նա եկավ մեր սցենարական բաժին։  Ներս մտավ բարձրահասակ, ճաշակով հագնված, արտակարգ գեղեցիկ մի տղամարդ։ Ստուդիայի տնօրեն Համո Բեկնազարյանն էր։

Ինձ ասացին, որ նա ռուս նախահեղափոխական կինեմատոգրաֆի հիմնադիրներից է, թե նկարահանվել է հայտնի շատ ֆիլմերում Իվան Մոզժուխինի, Վերա Խոլոդնայայի, Իվան Պերեստիանինի և ռուսական էկրանի ուրիշ ռահվիրաների հետ։Վրացական կինեմատոգրաֆիան, և, գլխավորապես, 20-ական թվականների երիտասարդ կինոն շատ բանով է պարտական հիանալի ռեժիսոր, դերասան, կինոյի կազմակերպիչ, ղեկավար Համո Բեկնազարյանին»։

Այս և 28 գործիչների հուշերը Համո Բեկնազարյանի մասին ամփոփված են «Ժամանակակիցները Համո Բեկնազարյանի մասին» ժողովածուում, որը կինոգետ Սիրանույշ Գալստյանի խմբագրմամբ՝ տպագրել է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը։ Բեկնազարյանի մասին հուշերի այս հիանալի գրքի արխիվը հավաքել և կազմել է Վիլենա Մելիք-Օհանջանյանը, որը պիտի տպագրվեր դեռևս 1984 թ.։ Գրքի գրախոսը եղել է Կարեն Քալանթարը։

Ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Եֆիմ Ձիգանն իր հուշերում պատմում է, որ Բեկնազարյանին առաջին անգամ էկրանին տեսել է նախահեղափոխական ֆիլմերում, որոնցում նա առաջատար դերեր է խաղացել։  «Նրա արտաքին հիանալի տվյալները, ճշմարիտ արտիստականությունը գրավում էին  կինեմատոգրաֆիստների և հանդիսատեսի ուշադրությունը։ Մի քանի տարի անց ես ծանոթացա նրա հետ «Նամուս» կինոնկարի պրեմիերային։ Շատ տարիներ են անցել, բայց ես մինչ օրս հիշում եմ այդ նկարը, որում վառ ու ցայտուն ի հայտ էր եկել Բեկնազարյանի ռեժիորական տաղանդը, նրա հիանալի աշխատանքը դերասանների հետ»։

Հանդիպումներից մեկի ժամանակ Ձիգանը Բեկնազարյանին ասել է.

-Դուք մի մեծ առավելություն ունեք, Ձեր համարյա բոլոր ֆիլմերը նկարահանել եք սեփական սցենարով։

-Բանը միայն այդ չէ։ Ռեժիսորի համար գլխավորն այն  է, որ պարզ իմանա, թե ինքն իր նկարով ինչ է ուզում ասել մարդկանց, կարևոր ինչ խնդրի շուրջ է ձգտում զրուցել հանդիասատեսի հետ,- պատասխանել է Բեկնազարյանը։

Օտարները Բեկնազարյանի մասին հիացմունքով են պատմում, վրացիները խոստովանում են, որ իրենց կինեմատոգրաֆիայի պատմության մեջ նա մեծ ավանդ ունի։ «Վրաց առաջին կինոստուդիայի՝ «Պետկինոարդի» մասին համացանցային բոլոր աղբյուրներում չեզոք, կրավորական սեռով է խոսվում՝ «ստեղծվել է», և ոչ մի տեղ չի նշվում, թե կոնկրետ ով է 1921 թվականին, Թիֆլիսում ստեղծել առաջին կինոսեկցիան, այնուհետև՝ դրա հիման վրա 1923-ին կազմակերպել  առաջին ստուդիայի՝ վերոնշյալ «Պետկինոարդի» գործունեությունը՝ լինելով դրա առաջին տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը մինչև 1926 թվականը ներառյալ»,- «Ժամանակակիցները Համո Բեկնազարյանի մասին» ժողովածուի առաջաբանում գրել է Սիրանույշ Գալստյանը։

Վրաստանի «Պետկինարդի» թողարկած ֆիլմերի ցուցակներում այսօր համացանցում չենք հանդիպի այդ կինոստուդիայի հիմնադիր և առաջին տնօրեն Բեկնազարյանի բեմադրած երեք ֆիլմերը, որ եղել են նրա առաջին ռեժիսորական աշխատանքները…

Վրացական կինոստուդիայի ցուցակից հանված են Բեկնազարյանի բեմադրած առաջին 3 համր ֆիլմերը։  Դրանք կազմում են ռեժիսորի ստեղծագործության վրացական շրջանը՝ «Հայրասպանը» (1923 թ.), «Կորուսյալ գանձերը» (1924 թ.), «Նաթելան» (1926 թ.)։ 3 ֆիլմում էլ նկարահանվել է վրացկինոյի առաջին աստղ Նատո Վաչնաձեն, որին նկատել և դերասանուհի է դարձրել հենց Համո Բեկնազարյանը։«Ի դեպ, այս ֆիլմերը հասանելի չեն համացանցում։ Իսկ դերասանուհու տուն-թանգարանում, որ գտնվում է Կախեթիայում, դեղնած, հնաոճ թղթերի վրա վերատպված են այդ ֆիլմերի ազդագրերը, սակայն առանց ռեժիսորի անվան, պարզապես գրված է՝ «Բեմադրությունը Վրաստանի «Պետկինոարդի»,- նշել է Սիրանույշ Գալստյանը։

Նույն կերպ են վարվում ադրբեջանցիները։

Նրանց ամենանշանակալի համր ֆիլմերից մեկը՝ «Սևիլը» (1929 թ.), որի ռեժիսորը Համո Բեկնազարյանն է, համացանցում տեղադրված է առանց լուսագրերի։ Ադրբեջանցիները վախենում են խոստովանել, որ իրենց կինոյի կայացման գործում մեծ է հայ ռեժիսոր, բեմադրիչ, դերասան Համո Բեկնազարյանի ներդրումը։ Անլիարժեքության բարդույթը, որով տառապում են մեր հարևանները, սակայն, չի կարող ստվերել այն ահռելի գործունեությունը, որի հեղինակը Համո Բեկնազարյանն է։ Անհերքելի է, որ նա հիմնադրել է ոչ միայն հայկական կինեմատոգրաֆիան, այլև վրացական, ադրբեջանական, միջինասիական երկրների, նախախորհրդային ու խորհրդային կինոյում նրա անունը ևս հիմնադիրների ցանկում է։

«Ժամանակակիցները Համո Բեկնազարյանի մասին» գիրքը լույս է սփռում Բեկնազարյանի գործունեության այն շրջանի վրա, որը մեր հարևանները համառորեն ուզում են խմբագրել։

Չի՛ ստացվի, որովհետև փաստերը, վկայություններն աղաղակող են։ Բեկնազարյանի հետ շփումների, հանդիպումների, գործնական առաջարկների, նկարահանումների մասին փաստագրական հուշեր կան, որոնց օտարազգի և հայ հեղինակները տարեթվով, տեղանունով նշում են, թե որտեղ ու ինչպես է ստեղծագործել հայ  կինոհիմնադիրը։

Դրանք դեռ նախորդ դարի կեսերին հավաքվել են Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում։

Այդ գործին հետամուտ է եղել թանգարանի կինոյի բաժնի հիմնադիր Վիլենա Մելիք-Օհանջանյանը։ Նա 40 տարի հավաքել է ժամանակակիցների հուշերը Համո Բեկնազարյանի մասին, թարգմանել ու պատրաստել տպագրության, անգամ որպես գրքի կազմող՝ հեղինակային խոսք է գրել։

Գիրքը պետք է հրատարակվեր 1977 թվականին, սակայն ինչ-ինչ պատճառներով այն լույս չի տեսել։  Անտիպ ամբողջ նյութը ևս 45 տարի մնացել է թանգարանում։ Փաստորեն, Համո Բեկնազարյանի մասին հուշերը երկար տարիներ սպասել են տպագրության, մինչև որ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը դիմել է կինոգետ Սիրանույշ Գալստյանին, որպեսզի նա  խմբագրի Վիլենա Մելիք-Օհանջանյանի ի մի բերած արխիվը և գիրք կազմի։

«Ժամանակակիցների հուշերը Համո Բեկնազարյանի մասին» ժողովածուի հրատարակմանն աջակցել է Վիլենա Մելիք-Օհանջանյանի դուստրը՝ Նանա Պողոսովան, որը բնակվում է Ռուսաստանում և մասնագիտությամբ բժիշկ է։

«Երբ թանգարանից ինձ դիմեցին գիրքը խմբագրելու համար, և ամբողջ նյութն արդեն սեղանին էր, զարմանալիորեն այդ ժամանակաշրջանում իր մայրիկի գրքի հրատարակմանը ձեռնամուխ էր եղել Նանա Պողոսովան։ Նա էլ հենց հովանավորեց, և գիրքը հրատարակվեց»,- պատմեց Սիրանույշ Գալստյանը։

Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում Համո Բեկնազարյանի մասին չուսումնասիրված ահռելի նյութ կա։ Իր ընթերցողին է սպասում հայ կինոյի հիմնադիր-հանճարի նամականին։

Նաիրա Փայտյան