Բեկնազարյանական կինոն՝ Փարիզի Սինեմատեկում
Ֆրանսիայում՝ մարտի 10-ին, ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը մասնակցեց Փարիզի Սինեմատեկի՝ «Աշխարհի ողջ հիշողությունը» վերականգնված և արխիվացված ֆիլմերի միջազգային կինոփառատոնի օրերին՝ Համո Բեկնազարյանի տարբեր տարիներին նկարած երկու՝ «Տունը հրաբխի վրա» (1928թ․) և «Դուստրը» (1942թ․) ֆիլմերի ցուցադրությանը։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունից։
Միջազգային այդ կարևոր ստուգատեսին ներկա էին նաև եվրոպական կինոյի լեգենդար վարպետ, Ֆրանսիական Սինեմատեկի նախագահ Կոստա Գավրասը և Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը:
Մարտի 8-12-ն անցկացվող համաշխարհային կինոժառանգության այս հեղինակավոր փառատոնին Հայաստանը մասնակցում է առաջին անգամ՝ ներկայացնելով Հայաստանի ազգային կինոկենտրոնի ջանքերով վերականգնված հայ անվանի կինոռեժիսոր Համո Բեկնազարյանի երեք ֆիլմերը։ Կինոփառատոնի 10-րդ հոբելյանական թողարկման շրջանակներում կցուցադրվեն համաշխարհային կինովարպետների շուրջ 85 ֆիլմ։
Ֆիլմերի ցուցադրությանը նախորդող հանդիսավոր արարողության ժամանակ իր ողջույնի խոսքում դեսպան Հասմիկ Տոլմաջյանն իր երախտագիտությունը հայտնեց հայկական կինոարվեստին ցուցաբերված ուշադրության և գնահատանքի համար։ Նա բարձր գնահատեց Ֆրանսիական Սինեմատեկի և Հայաստանի ազգային կինոկենտրոնի միջև հաստատված համագործակցությունը՝ ընդգծելով դրա հետագա ընդլայնման կարևորությունը։