Ռեժիսոր, սցենրիստ, պրոդյուսեր և դերասանուհի Արմինե Անդան Հայաստանի համար դժվարագույն վերջին տարիներին աշխատել է  իր առաջին ռեժիսորական անիմացիայի՝ «Թռչող տերևների երգը» ֆիլմի վրա։  Արմինեի համար աներևակայելի ուրախալի լուր՝  Նիդերլանդներում ամենահայտնի անիմացիոն փառատոներից մեկի՝ Կաբում անիմացիոն կինոփառատոնի «Նոր ուղղություններ» մրցույթում մարտի վերջին տեղի կունենա նրա  «Թռչող տերևների երգը» անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համաշխարհային պրեմիերան։

Այն հայ-իրանական առաջին անիմացիոն ֆիլմն է։  ֆիլմի սցենարի հեղինակներն են Արմինե Անդան և  Ռոման Բալայանը։ Բեմադրող նկարիչն է Աննա Հակոբյանը, իսկ կոմպոզիտորը՝ Միքայել Ոսկանյանը։ Դերասանական ձայները Գագիկ Ղազարեինն ու Արմինե Անդայինն են։

«Երբ պատերազմը սկսվեց, աշխատանքներն արդեն մեկ ամիս էր, ինչ սկսվել էին և կանգնեցնել ո հնարավոր չէր։ Չեմ կարող ասել՝ ինչ հոգեբանական իրավիճակում էինք ֆիլմը անում թե՛ պատերազմի ժամանակ և թե՛ պատերազմից հետո։ Իսկ Իրանում, որտեղ արվում էր ֆիլմի անիմացիան, կորոնավիրուսի վարակը չէր դադարում, և անիմացիայի վրա ես աշխատում էի Երևանից Թեհրան առցանց՝ ֆիլմն ավարտելու ժամանակային շատ մեծ ճնշման տակ։

Իհարկե, պիտի շնորհակալություն ասեմ ստեղծագործական ամբողջ կազմին ու Իրանի գործընկերներին, որոնք այդ դժվարությունն ինձ հետ անցան։ Երբ ես և Միքայելը առաջին անգամ ամբողջական ֆիլմը նայեցինք կինոդահլիճում՝ ձայնը ստուգելու, երկուսս էլ չէինք հավատում, թե ինչ ունենք։ Հիմա երբ պրեմիերան դեռ առջևում է, արդեն տարբեր աշխարհամասերում պրեմիերաներ են հաստատվել կինոփառատոների կողմից։

Ֆիլմի թեման առնչվում է ուսուցիչ-աշակերտ, հայր-երեխա, մեծահասակ-փոքրահասակ հարաբերությանն ու նրա ուժին, նաև նրան, որ նույնիսկ ամենաանհնարին  հանգամանքներում դեպի երազանք ճանապարհ կա։ Իսկ գեղագիտության համար չեմ դադարի շնորհակալ լինել Աննային ու Միքայելին՝ երկու շատ տաղանդավոր մարդու ու մեր աննկարագրելի համագործակցությանը»,- kinoashkharh.am-ին պատմեց Արմինեն։

Ի դեպ, «Թռչող տերևների երգը» ֆիլմին զուգահեռ և միաժամանակ՝ կարևոր նորություններ կան նաև Վիկտորյա Ալեքսանյանի «Կապույտի միջով» կարճամետրաժ խաղարկային ֆիլմի մասին, որի գլխավոր դերակատարն է Արմինե Անդան։  Նա և Վիկտորյան սցենարի համահեղինակն ու պրոդյուսերն են։ Ֆիլմում խաղում են նաև հայ դերասան Արմեն Միքայելյանն ու ավստրիացի դերասան Ալեքսանդր Ստրոբելեն։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել   «Ոսկե Ծիրան» կինոփառատոնին,  միջազգային պրեմիերան՝  ֆրանսիական Սինեմեդ կինոփառատոնում։

Հենց այս պահին այն ընտրված է մի քանի  կինոակադեմիաների կողմից որակավորված երեք կինոփառատոնում։ Իսկ  բուլղարական In the Palace կինոփառատոնում ընտրվել են թե՛ «Կապույտի միջով»-ը, թե՛ «Թռչող տերևների երգը»,  երկուսն էլ՝ Ակադեմիայի որակավորման մրցույթում, մեկը՝ լավագույն խաղարկային, մյուսը՝ լավագույն անիմացիոն ֆիլմ անվանակարգերում։

«Կապույտի միջով» ֆիլմի թեման էմիգրացիան է ու այն, թե ինչ մարտահրավերների առջև կարող է մայրը կանգնել իր երեխայի հետ։

«Այս ֆիլմն ինձ համար դերասանական անչափ կարևոր սահման է, և ես շնորհակալ եմ Վիկտորիային դրա համար։ Երկու ֆիլմին էլ աջակցել է Ազգային կինոկենտրոնը, երկու ֆիլմն էլ համատեղ արտադրություն են։ «Կապույտի միջով»-ն էլ համատեղ արտադրություն է Նիդերլանդների ու ԱՄՆ-ի հետ։ Ի դեպ, Նիդերլանդներից շուտով մեծ անակնկալ ենք հայտարարելու։ Երջանիկ կլինեմ հայ հանդիսատեսի կողմից ցանկացած ուշադրության համար։ Սոցիալական ցանցերից հնարավոր կլինի իմանալ զարգացումների ու հայկական ցուցադրությունների մասին»,-ասաց Արմինեն։

Անելիքների  մասին  գաղտնիքներ չի կարող բացահայտել։ Աշխատում է իր հաջորդ կարճամետրաժ անիմացիոն ֆիլմի վրա, քանի որ որպես ռեժիոր՝  սիրահարվել է անիմացիային։ Նաև պատրաստվում է հրատարակել վաղուց տպագրության սպասող իր մեծ ու փոքր գրքերը, որոնք, ի դեպ, ինչպես և «Թռչող տերևների երգը», թե՛ մեծերի, թե՛ փոքրերի համար են։  Առաջինը տպագրության է սպասում «Փերէլֆի գաղտնիքը» նկարազարդ գիրքը՝ Հեղնար Պետրոսյանի նկարազարդումներով։ Այն ստացել է ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհը, և մինչև հաջորդ  Նոր տարի, հույս ունի, փոքրիկ ընթերցողներին ներկայացնել այն։

Գիրքը պատմում է Նոր տարվա գիշերը բացահայտվող գաղտնիքների մասին։

«Տպագրության  եմ պատրաստում նաև  պատկերապատում այլ գրքեր և վերջապես իմ նոր հեքիաթային վիպակը՝ «Միգուի լեգենդը», որն, ի դեպ, ապագայում դառնալու է նաև անիմացիոն լիամետրաժ ֆիլմ։

Պատերազմից հետո ես որոշել էի վերադառնալ հեքիաթին, և որոշումս ի կատար եմ ածում։ Մենք պիտի հեքիաթ շատ ստեղծենք ու կարդանք, քանի որ այսօրը երեկվա այն հեքիաթն է, որին հավատացել ու ճանապարհ ենք կառուցել, իսկ վաղը՝ այօրվա։ Իմ ստեղծածի կարևորությունը ես դրա մեջ եմ տեսնում»,- զրույցն ավարտեց Արմինե Անդան։

Նաիրա Փայտյան