Արման Չիլինգարյանի ֆիլմի գլխավոր և կենտրոնական կերպարը քար կտրած, ցրտահար, սև տուֆերի քաղաք Երևանն է, մայրաքաղաք, որին նաև այդ կորսվածության զգացողության պատճառով լքեցին երևանցիները՝ չդիմակայելով։
«Լույսի կաթիլներ», ֆիլմը, ռուսաստանցի արվեստաբան Եվգենի Մարգոլիտի հայացքով, ջերմության կարոտի մասին է, և որ Արման Չիլինգարյանն «իր երեք ֆիլմերով ստեղծում է աշխարհի սեփական դրվածքը, որի առանցքում աղետի արտացոլքն է»։ Ռեժիսորի վերջին ֆիլմում ևս բնությունը ինքնին գոյություն է, ոչ թշնամական, այլ՝ անտարբեր, օտարված։
Մութի մեջ առկայծող լուսավոր ցոլքեր
Պատերազմի ու մթության երկարուձիգ թվացող տարիներին բոլորն էլ ունեցել են լույսի, երջանկության իրենց ցոլքերը։ Այդ տարիներին ի՞նչն է օգնել դուրս գալ չպարտված, չկորցնել, չիջնել, չլքել։
Մութ տարիների հրաշքները, կախարդական լավ բաները Արման Չիլինգարյանի կենսագրության մեջ ևս կոնկրետ դրվագներ են։ Քանի որ քաղաքային բնակարանի վառարանի փայտը «լիմիտ» ուներ, ցրտաշունչ ձմեռներին երբեմն հարկ էր սպասել հայրիկի վերադարձին և նոր միայն ջեռուցել տունը։ Եվ սպասումը ջերմացնելու իրենց տարբերակը վաթսունամյա մայրիկի և երեխայի ապրեցնող պարն էր՝ տանգոն։ Ջերմանալու, չմրսելու, ապրելու արտիստիկ պտույտները։ Մայրիկը կենդանի է, և իրենց կյանքի ինչ-որ պահի սառը բնակարանում մոր ու որդու այս պարային պտույտները ռեժիսոր Արման Չիլինգարյանի մանկության թանկ, ջերմագին, լուսավոր հուշերն են։ Նաև՝ գեղարվեստական ներշնչանք, և «Լույսի կաթիլներում» այս երեխան կա։ Քչախոս ֆիլմի բացարձակ անբառ ու հուզիչ տեսարաններից է, երբ փոքրիկ տղան վառարանի վրա ջուր է եռացնում՝ հիվանդ մայրիկին թեյ տալու համար։ Բառեր պետք չեն նկարագրելու համար ակնառուն՝ անլույս-անգազ գիշերվա մեջ վառարանի վրա դրված սրճեփով ջուրը համառորեն եռման աստիճանի հասցնելու համար տղեկը մասնատելով զոհաբերում է խաղալիք փայտե ձիուկը։ Նրա ջանքերին զուգահեռ բաց դռնից երևում է վերմակի տակ կծկված երիտասարդ մայրը՝ անօգնական, անբառ, անհաղորդ դեմքով։
Ընդարմացած, քարացած, սառած քաղաքի կերպարանքն ունեն նաև բնակիչները՝ մոլորված են, ուղեկորույս, աննպատակ։ Ֆիլմում մութ տարիների ողջ փաթեթն է՝ արժանահավատ, վերապրելու-մրսելու, նաև կարոտի մղող։ Խորհրդանշական էր տրոլեյբուսով բարձրահարկ շենքի բնակարան տարվող մի կապ ցախը՝ ապրանքային տեսքով և իր միջավայրից, կոնտեքստից դուրս։
«Լույսի կաթիլներ» ֆիլմում Երևանի այդ կոնկրետ, գեղարվեստական- սիմվոլիկ մթնոլորտը ֆիքսված, վերականգված է ասես վավերագրական ճշգրտությամբ։ Այս ամենով հանդերձ, Արման Չիլինգարյանի ֆիլմի գյուտը գլխավոր երկու դերակատարներն են, ավելի ճիշտ՝ զույգը, դուետը։
Գլխավոր հերոս Հակոբյանի (Սասուն Սարգսյան) կյանքում լույսի կաթիլը հայտնվում է բանակից ու կալանքից ազատվելու հենց սահմանագծին, թույլ չտալով խորտակվել՝ կորցրած տարիներ, սառնաշունչ տուն, մահացած ծնողներ։
Գլխավոր հերոսուհին հանդիպում-շողարձակում է իր ազատության առաջին իսկ րոպեներին, երբ փաստաթղթերն էր վերցնում՝ կյանք վերադառնալու համար։ Առաջին և ճակատագրական հանդիպումը երկար ականջակալներով տղայական մորթե գլխարկի տակ գեղեցիկ դեմքն ասես քողարկած հանելուկային, խորհրդավոր, առեղծվածային աղջկան (Էմմա Բաբախանյան)։ «Բարեբախտությունը» շարունակում է ժպտալ, երբ հարկ է միայնակ աղջկան տուն ուղեկցել։ Իսկ երբ դատարկ փողոցներով սողացող տրոլեյբուսը հոսանքի՝ հովհարային անջատման պատճառով կանգ է առնում, երիտասարդը շարունակում է խորհրդավոր անծանոթուհուն ուղեկցել։ Իր ներսի ջերմությունից, անթաքույց հիացումից չնկատելով քաղաքի սառն ամայությունը, ասես աշխարհում երկուսով են։
Դատարկ քաղաքի ֆոնին խորհրդավոր-միստիկ կենդանության նշան էր ամայի մայրուղիներում հանկարծակի հայտնվող վառ գույնի մեքենան, այս դեպքում՝ խլելու հրաշք անծանոթուհուն, մյուս դրվագում՝ հարվածելու սիրահարված երիտասարդին։
Պետք է նայել «Լույսի կաթիլները»՝ շնչող Երևանում ծավալվող ազնիվ, միագիծ, ջերմ պատմությունը։
Զրույց ռեժիսորի հետ
Չիլինգարյանների տոհմը հին է, սերում է 1650 թվականից, Մուշի Գլդան գյուղից։ Տոհմածառը եզակի է, ճշգրիտ, տոհմակիցներց մեկի գիտական աշխատանքն է։ Շրջանակված պատկերը ռեժիսորի աշխատասենյակի պատին է, իբրև ակնառու և հանդիսավոր ներկայություն։
«Ի՞նչով է պայմանավորված, արդեն կարելի է ասել, ռեժիսորական նախասիրությունը՝ երկրաշարժ, մութ տարիներ» հարցին Արման Չիլինգարյանը պատասխանում է․ «Հավանաբար նոր բան ասած չեմ լինի, ինչ Մոսկվայում ուսանելու տարիներին մեզ սովորեցնում էին, որ սկզբում խոսենք, գրենք, մտորենք այն պատմությունների շուրջ, որոնք մեզ հուզում են, խոսել մաշկով ու նյարդով զգացածի մասին։ Մեր հայ ստեղծագործողների ամենաահավոր գիծն է՝ մեր խնդիրնրի մասին չենք խոսում։ Այդ ժամանակաշրջանում ինձ հուզող տասը պատմություն ներկայացրի, որից մեկը բանակային կյանքն էր, երբ մարդը մարդուն գայլ էր, և ստեղծվեց լիամետրաժ խաղարկային «Ցատկերթ» ֆիլմը։ Երկրորդը՝ «Եվ յոթերորդ օրը», մոնոպատմություն էր մեկ դերասանի համար, թեման՝ աղետի, երկրաշարժի ժամանակ ընտանիքի հոր, մարդու վարքագիծը»։
Վերջին ֆիլմը ռեժիսորը համարում է «ամեն առումով դժվար, գումար չլինելու պատճառով կադրի ասելիքն էր կորչում, նկարահանումներն էին ընդհատվում, սակայն սկզբունքորեն չեն համաձայնել հարմարվել, ստեղծագործական զիջումների գնալ։ Արման Չիլինգարյանին այդ պահերին հուսադրել ու օժանդակել են կինը՝ սցենարի հետևորդ Աննա Աղաջանյանը և համապրոդյուսեր, ղըրղզ ռեժիսոր Սադիկ Շերնիյազը։
«Ֆիլմում պատերազմը կա, բայց առանց անդրադարձի» դիտարկմանը ռեժիսորն իր բացատրությունն ունի․ «Կինեմատոգրաֆը հարյուր տարուց ավելի պատերազմական պատմություններ է պատմում՝ նատուրալիստական, փոխաբերական, միլիոն ձևի։ Եթե բացարձակ արդյունք չես ստանալու, իսկ ես այդ խնդիրը չէի դրել, պատերազմը գոյություն ունի, բայց կադրից դուրս։ Պատերազմի ժամանակ մեր կյանքի, վարքի, ճակատագրի վրա ազդեցություններին եմ հետևել»։
Հայկական ֆիլմերում քաստինգ-դերաբաշխման նրբությունները հայ ռեժիսորի մտահոգության առանցքում է․«Քանի որ չունենք դերասանական առատ բազա, մարդկանց սակավություն կա, գլխավոր դերակատար գտնելը ամենաբարդ խնդիրներից է։ Շատ ռիսկային էր թվում մեր ֆիլմում ոչ պրոֆեսիոնալ երկու գլխավոր դերասանի ներգրավելը՝ նկարիչ Սասուն Սարգսյան և Էմմա Բաբախանյան։ Էմման ևս նկարչուհի է ու Հայաստանի մարզերից մեկում խեցեգործություն էր դասավանդում, հենց նկարը տեսա, մտածեցի՝ ինքն է։ Երկու անմշակ հանք, խաղաոճը՝ առանց պաթոսի, զուսպ։ Ժամանակը ցույց տվեց, որ չէինք սխալվել։ Ես փնտրում էի քիմիա, որ հանդիսատեսը հավատա՝ սեր առաջին հայացքից, առանց անունն անգամ իմանալու»։
Ամենահետաքրքիրն այն է, որ քաստինգի այս պատմությունը շարունակություն ունի՝ Հոլիվուդի ռեժիսոր Յուրի Զելցրը Արման Չիլինգարյանի ֆիլմի միջոցով է «հայտնաբերում» Էմմա Բաբախանյանին, և արդեն հրավիրել է նկարահանումների։
2021 թվականին, համավարակի տարում ավարտված ֆիլմը փառատոնային հաջողված ճանապարհ է անցել, տարբեր երկրներում մեկ տասնյակ մրցանակների արժանացել։ «Լույսի կաթիլներ» լիամետրաժ խաղարկային ֆիլմը Հնդկաստանի Mysuru միջազգային կինոփառատոնում (Mysuru International Film Festival) արժանացել է «Լավագույն ռեժիսոր» մրցանակին, Ճապոնիայի կինոյի և հեռուստատեսության բնագավառի պրոֆեսիոնալների «Tokyo Film Awards» կինոմրցույթում հաղթել է «Լավագույն դրամա» անվանակարգում։ «Լավագույն դրամա» մրցանակի է արժանացել նաև Տորոնտոյի այլընտրանքային կինոփառատոնում՝ լիամետրաժ ֆիլմերի կատեգորիայում։
Հետաքրքիր է, որ Մոսկվայի Փաստագրական ֆիլմերի փառատոնի «Կինոմայրաքաղաք» էջով հայկական հինգ լեգենդար ֆիլմերի թվում («Տղամարդիկ», «Երևանյան օրերի խրոնիկա») Տրետյակովյան պատկերասրահում ցուցադրվել է նաև «Լույսի կաթիլները» Ռեժիսորի խոսքով, «ասես իմ փոքրիկ աթոռը դրեցին մեր մեծերի կողքին»։ Հունվարի 27-31-ը Մումբայում, ոչ մրցութային ծրագրում, ցուցադրվեցին «Զուլալին» և «Լույսի կաթիլները»։ Ժնևում Սադիկ Շերնիյազը լավագույն համապրոդյուսեր է համարվել և այլն։
Սակայն գլխավոր քննութունը հայ հանդիսատեսի առաջ էր։
Հ․Գ – Արման Չիլինգարյանին զգուշացրել էին, որ Երևանի կինոթատրոններում ընդհանրապես ֆիլմեր քիչ են նայում։ Զարմանալի է, որ Մոսկվա կինոթատրոնում «Լույսի կաթիլներ» ֆիլմի ցուցադրությունը երկարաձգվել է, և սա նշանակում է, որ հանդիսատես կա։
Գայանե Մկրտչյան
թատերագետ