Հետօսկարյան իրարանցում
Լոս Անջելեսում անցավ «Օսկարի» 95-րդ մրցանակաբաշխությունը։ «Ամեն ինչ, ամենուր և միանգամից» ֆիլմը ստացավ 7 արձանիկ, այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում: Ռեժիսորներ Դեն Քվանը և Դանիել Շայներտը նաև հաղթեցին «Լավագույն ռեժիսոր» և «Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգերում։ «Լավագույն դերասանուհի» ճանաչվեց «Ամեն ինչ, ամենուր և միանգամից» ֆիլմի գլխավոր դերակատարուհին՝ Միշել Յոն՝ «Օսկարի» պատմության մեջ առաջին ասիացի կինը, որը հաղթել է այս անվանակարգում:
«Երկրորդ պլանի լավագույն դերասանի» հաղթանակը նույնպես «Ամեն ինչ, ամենուր և միանգամից» ֆիլմինն է. Կե Հյուի Քուանն իր հաղթանակը կինոյի ամենակարևոր բեմից նվիրեց մորը: «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» ճանաչվեց նույն ֆիլմում խաղացած Ջեյմի Լի Կերտիսը: Եվ 7-րդ ու վերջին հաղթանակը, որին արժանացավ «Ամեն ինչը»՝ լավագույն մոնտաժի համար է (Փոլ Ռոջերս):
Ինդի բլոկբաստեր «Ամեն ինչ, ամենուր և միանգամից»-ը, որը պատմում է զուգահեռ աշխարհների մասին, «Օսկարի» անվանակարգերի թվով առաջատարն էր՝ 11 անվանակարգ։ Մեծ հաշվով, 2023 թվականի «Օսկարը» պայքարում էր՝ ապացուցելու անկախությունը հիերարխիաներից և դասական ակնկալիքներից: Միշել Յոյի հաղթանակն էլ էյջիզմի ու ռասիզմի պատմական տապալումն էր, որի համար ակադեմիային միշտ (և իրավացիորեն) կշտամբում են: Մինչև «Օսկարի» բուն մրցանակաբաշխությունը կինոքննադատները նշում էին, որ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում ասիացի Միշել Յոյի առաջադրումն արդեն տրիումֆ է:
Լավագույն դերասան է ճանաչվել Բրենդան Ֆրեյզերը՝ Դարեն Արոնովսկու «Կետը» ֆիլմում կատարած դերի համար։ «Կետը» հաղթանակ ունի նաև «Լավագույն դիմահարդարում և վարսահարդարում» անվանակարգում:
Էդվարդ Բերգերի «Արևմտյան ճակատում ամեն ինչ հանգիստ է» ֆիլմը «Ամեն ինչ, ամենուր»-ից հետո երկրորդ ֆիլմն է, որը «Օսկար-2023»-ին ամենաշատ արձանիկները շահեց՝ լավագույն միջազգային ֆիլմ, լավագույն օպերատորական աշխատանք (Ջեյմս Ֆրենդ), լավագույն օրիգինալ սաունդտրեք (Ֆոլկեր Բերտելման) և լավագույն արտադրության դիզայն (Քրիաստիան Մ. Գոլդբեք, Էրնեստինա Հիփեր):
«Արևմտյան ճակատում ամեն ինչ հանգիստ է» ֆիլմն առաջադրվել էր 9 անվանակարգում, ինչպես և Մարտին Մաքդոնայի «Ինիշերինի բանշիները», որը ոչ մի մրցանակ չստացավ: Այս ֆիլմերը պատերազմի մասին են, առաջինը՝ համաշխարհային, երկրորդը՝ քաղաքացիական: Երկուսն էլ, կամա թե ակամա, արտացոլում են Ուկրաինայի շուրջ ստեղծված ողբերգական իրավիճակը: Մաքդոնայի գրոտեսկային փիլիսոփայական տրագիկոմեդիան և Բերգերի ռեալիստական, անզուսպ հակապատերազմական որմնանկարը ցույց են տալիս՝ որքան ակտուալ կարող է լինել կինոն ներկայիս պատերազմի համատեքստում:
Սթիվեն Սփիլբերգի «Ֆաբելմանները» նույնպես մնաց առանց մրցանակի՝ չնայած համարվում էր օսկարյան մրցավազքի ամենալուրջ ֆավորիտներից մեկը: Այս ինքնակենսագրական ֆիլմը, թեև մեծ գումարներ չհավաքեց, սակայն հիացրեց քննադատներին:
Հանդիսատեսի նախընտրությունները հարգելով՝ ակադեմիկոսները տարվա լավագույն ֆիլմի հավակնորդների ցանկում խելամտորեն ընդգրկեցին սեզոնի երկու հիմնական բլոկբաստերները՝ Ջեյմս Քեմերոնի «Ավատարը» (հաղթել է «Լավագույն վիզուալ էֆեկտներ» անվանակարգում) և Ջոզեֆ Կոսինսկի «Թոփ Գան։ Մավերիքը» (հաղթել է «Լավագույն ձայն» անվանակարգում):
Ռուբեն Էսթլունդի՝ Կաննի կինոփառատոնում «Ոսկե արմավենու ճյուղի» արժանացած «Տրտմության եռանկյունին», Բազ Լուրմանի «Էլվիսը», Թոդ Ֆիլդի «Թառը» նույնպես ոչինչ չշահեցին։
«Լավագույն ադապտացված սցենար» մրցանակը շնորհվեց «Կանայք են խոսում» ֆիլմին:
Լավագույն վավերագրական ֆիլմ է ճանաչվել «Նավալնին», ռեժիսորը Դենիել Ռոերն է։ «Օսկար»-ում «Նավալնիի» հայտնվելը, որը նկարահանվել է HBO-ի համար, բավականին կանխատեսելի էր: Ֆիլմի կենտրոնական կերպարը ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչն է, նա, այսպես ասած, «տանում է» սյուժեն, պատմում իր պատմությունը և ողջ ընթացքում ընկալվում որպես համահեղինակ, երկրորդ ռեժիսոր։ Մրցանակաբաշխությանը ներկա էին Նավալնիի կինը՝ Յուլիան, դուստրը՝ Դարիան և որդին՝ Զախարը:
Լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմ է ճանաչվել Գիլերմո Դել Տորոյի «Պինոկիոն», ինչը հեղինակային անիմացիայի տրամաբանական հաղթանակն է ավանդական ինդուստրիալ արտադրանքի նկատմամբ:
Հնդկական «RRR: Revolution Roars Near» ֆիլմի «Naatu Naatu» գործն էլ «Օսկար» է ստացել «Լավագույն երգ» անվանակարգում։ Այս մրցանակի համար պայքարում էին նաև Ռիհաննայի և Լեդի Գագայի երգերը։
Մյուս մրցանակները
Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ՝ «Տղան, խլուրդը, աղվեսը և ձին»,
Լավագույն հագուստի դիզայն՝ «Սև հովազ։ ընդմիշտ վականդա» (Ռութ Ի. Քարթեր),
Լավագույն կարճամետրաժ խաղարկային ֆիլմ՝ «Իռլանդական հրաժեշտ»։
Նաև նշենք, որ այս տարվա «Օսկարի» գլխավոր սենսացիան դարձավ Յակուտիայից Մաքսիմ և Եվգենյա Արբուգաևների «Ելք» 25 րոպեանոց ֆիլմը (Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի համատեղ արտադրություն), որը ներառված էր «Լավագույն վավերագրական կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում։ Այս չափազանց տպավորիչ ֆիլմի թեման միանգամայն համահունչ է գլոբալ օրակարգին. նկարահանվել է Չուկոտկայում համավարակի ժամանակ և պատմում է գլոբալ տաքացման հետևանքների մասին: Այն նաև մասնակցել է Բեռլինալեին։
Հատկանշական է, որ ավելի վաղ Նիկիտա Միխալկովը ռուս բոլոր կինոգործիչների անունից հրաժարվել էր ֆիլմ ուղարկել «Օսկար» (ընդ որում, նա չի շտապում հրաժարվել իր օսկարյան արձանիկից): Ո՞րը կարող է լինել «Օսկարի» ամենաազդեցիկ արձագանքը մրցանակաբաշխությանը չմասնակցելու՝ Ռուսաստանի հայտարարությանը… Ճիշտ է՝ Ռուսաստանին, այնուամենայնիվ, թեկնածուների ցուցակում ներառելը։
Պատրաստեց Դիանա Գասպարյանը