Ֆրանսիան ֆիլմ կնկարահանի Շառլ Ազնավուրի մասին
2024 թվականին աշխարհը կտեսնի ֆրանսահայ շանսոնյեի՝ Շառլ Ազնավուրի մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմը՝ «Պարոն Ազնավուրը»։ Այս մասին հայտնում է «Ազնավուր» հիմնադրամի ֆեյսբուքյան էջը՝ հավելելով, որ ֆիլմը կարտադրվի Ֆրանսիայում։
«Սպասված ու բացառիկ այս նախագծի մասին այլ մանրամասներ խոստանում ենք պատմել առաջիկայում»,- ասվում է հիմնադրամի հաղորդագրությունում:
Հ․Գ․ Համաշխարհային ճանաչում ունեցող ֆրանսիացի դերասան, կոմպոզիտոր և բանաստեղծ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թ. մայիսի 22-ին՝ Փարիզում,գաղթականի ընտանիքում։
Շառլը 9 տարեկանից հանդես է եկել բեմում` «Փոքր ժողովրդի թատրոնում», իսկ 12 տարեկանում խաղացել է առաջին դերը կինոյում. էպիզոդիկ դեր: Երբ Շառլը դառնում է 18 տարեկան, նրա քույրը` Աիդան, նրան տանում է վարիետե, որտեղ ինքը հանդես էր գալիս: Բայց դա նրան ոʹչ փող բերում, ոʹչ հաջողություն: Նրա արտաքինը համարում էին անհամապատասխան, իսկ ձայնը` ոչ հաճելի: Բայց Շառլը չի հուսահատվում: Նա թատրոնների, կինոյի, վարիետեի մշտական այցելու էր. դրանք դերասանական համալսարան էին նրա համար: Ազնավուրն ընդունվում է Երգի ակումբ, որտեղ ծանոթանում է երիտասարդ կոմպոզիտոր և դաշնակահար Պիեռ Ռոշի հետ: Նրանք դուետ են կազմակերպում. Շառլը գրում է բանաստեղծությունները, Պիեռը` երաժշտությունը, և այդպես հանդես են գալիս Ֆրանսիայի և Բելգիայի տարբեր կաբարեներում: Այդպիսի ելույթներից մեկի ժամանակ նրանց վրա ուշադրություն է դարձնում Էդիտ Պիաֆը: Նրանք ընկերանում են: Ազնավուրը երգեր է գրում Պիաֆի համար, իսկ Պիաֆը նրանց դուետը իր հետ տանում է հյուրախաղերի: Հյուրախաղերը ԱՄՆ-ում և Կանադայում Շառլին առաջին հաջողությունն ու փառքն են բերում: Էդիտ Պիաֆի խորհրդով Շառլ Ազնավուրն անջատվում է Պիեռ Ռոշից և ինքնուրույն հանդես գալիս: Զուգահեռ երգեր է գրում Ֆրանսիայի ամենանշանավոր երգիչների համար: Առաջին անգամ նրա անունը խոշոր տառերով հայտնվում է «Մուլեն Ռուժի» ազդագրում: Շուտով Բրունո Կոկատրիկսը` նշանավոր «Օլիմպիա» համերգասրահի տնօրենը, առաջարկում է նրան 3-շաբաթյա ելույթ: Շառլ Ազնավուրը դառնում է Ֆրանսիայի թիվ 1 երիտասարդ աստղը:
Իր երկարատև ստեղծագործական գործունեության ընթացքում շանսոնյեն գրել է մոտ 1300 երգ, վաճառել ավելի քան 200 միլիոն սկավառակ։ Ազնավուրի կարիերան հաջող է եղել նաև կինոյում։ Նկարահանվել է 60 ֆիլմերում։
1955 թ. սկսվում է Ազբավուրի կինեմատոգրաֆիական կարիերան: Նա լավագույն տղամարդու դերի մրցանակ է ստանում «Բյուրեղապակյա աստղ» ֆիլմում խաղացած դերի համար: Երկու տարի անց նա նկարահանվում է երկու ֆիլմում`Ժորժ Ֆրանժյուի «Փարիզյան մյուզիկ հոլլ» և «Գլուխը պատերի դեմ»` զուգահեռ շարունակելով երգչի կարիերան: Հետագայում խաղում է «Անցում Հռենոսով», «Կրակեք դաշնակահարին», «Սատանան և 12 պատվիրանները», «Էդիտ և Մարսել», «Հայր Գորիո» և ուրիշ ֆիլմերում:
Այսօր Շառլ Ազնավուրը Ֆրանսիայի ամենանշանավոր մարդկանցից է: Նրան գիտեն և սիրում են ամբողջ աշխարհում: Նա բազմաթիվ մրցանակների դափնեկիր է, ի թիվս որոնց` Վենետիկի փառատոնի «Ոսկե առյուծը», ֆրանսիական կինոյի «Սեզարը», Կահիերի փառատոնի մրցանակը: Նա Պատվավոր լեգեոնի շքանշանակիր է: Նա ամբողջ կյանքում կապ է պահպանել իր պատմական հայրենիքի` Հայաստանի հետ։
Շառլ Ազնավուրը մահացել է 2018 թվականի հոկտեմբերի 1-ին՝ 94 տարեկան հասակում։