Ամուսինների փոխարեն գյուղում վարուցանք անողը, հող մշակողը  կանայք են։  Նրանք առանց ամուսինների են ապրում, անգամ երեխայի ծնվելիս հայրերը նորածիններին չեն տեսնում,  նրանց կողքին չեն։ Կանայք առանց ամուսինների էլ պահում-մեծացնում, դաստիարակում են երեխաներին։ Հայաստանում, հատկապես՝ մարզերում, այսպես են ապրում շատ կանայք, որոնց ամուսիններն արտագնա աշխատանքի են և տարիներով  տան, ընտանիքի, կնոջ երես չեն տեսնում։ Այս կանայք են պահում խոպանչիների գյուղերն ու խոպանչիների հայրական օջախները։ «Գյուղը որ կանգնի» ֆիլմը հենց այս կանանց մասին է։

Օֆելյա Հարությունյանի «Գյուղը որ կանգնի» կարճամետրաժ ֆիլմն ընդգրկվել էր հայտնի Կլերմոն-Ֆերանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնի միջազգային մրցույթում՝ ստացել  France Télévisions-ի երկու մրցանակ՝ «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» և «Լավագույն դերասան» անվանակարգերում։

Նանոր Պետրոսյանը ճանաչվել է լավագույն դերասանուհի նաև Unifrance-ի կողմից։

«Սովորաբար այս փառատոնին «Լավագույն դերասան» անվանակարգում մրցանակը ստանում են ֆրանսիացիները, բայց գլխավոր դերակատարուհի Նանորի  խաղն այնքան էին հավանել, որ այս տարի առաջին անգամ երկրորդ մրցանակն  են ավելացրել՝ Նանորի համար»,-միջազգային նոր մրցանակ ստանալու կապակցությամբ ասաց ֆիլմի ռեժիսոր և սցենարիստ Օֆելյա Հարությունյանը։

Օֆելյան 2017 թվականին Շիրակի մարզի խոպանչիների գյուղերում մի քանի ամիս ապրել է, մոտիկից ծանոթացել խոպանչիների կանանց հետ, նրանց կյանքին, ապրումներին, զգացածին հետևել ռեժիսորի աչքերով։

Սկզբում որոշել է, որ վավերագրական ֆիլմ է նկարելու։ Նկարահանումներն արել է, մոնտաժի ժամանակ հասկացել, որ նոր հերոսներ են պետք։ Վրա է հասել քովիդը, որը խանգարել է նոր նկարահանումներին։ Օֆելյա Հարությունյանը այլ ելք է գտել՝ վավերագրական ֆիլմի փոխարեն,  խաղարկային ֆիլմ նկարել՝ նույն թեմայով, բայց նոր սցենարով։ «Ներշնչվել եմ գյուղում տեսած կերպարներով։ Ու այդ ոգևորությունը մեջս՝ գրել «Գյուղը որ կանգնի» խաղարկային ֆիլմի սցենարը, որի նկարահանումներն արվել են 2021-ին»,– պատմեց Օֆելյան։

Ֆիլմի ստեղծմանն աջակցել են Հայաստանի և Ֆրանսիայի ազգային կինոկենտրոնները։   Օֆելյա Հարությունյանին Ֆրանսիայից խոստացել են նրա  հաջորդ կարճամետրաժ ֆիլմը ևս ֆինանսավորել։

«Գյուղը որ կանգնի» ֆիլմի սցենարիստը և ռեժիսորն Օֆելյա Հարությունյանն է, պրոդյուսերը՝ Նարե Լեոնե Տեր-Գաբրիելյանը, համապրոդյուսերը՝ Լիդիա Ինդժովան (Բելգիա): Խոպանչիների կանանց մարմնավորել են Նանոր Պետրոսյանը, Լիանա Վարդանյանը, Անի Խաչիկյանը, Աստղիկ Աբաջյանը, Սիրանուշ Բարսեղյանը: Ֆիլմը Բելգիա- ԱՄՆ- Ֆրանսիա  համատեղ արտադրություն է։  Նկարահանել է   «Ֆերմատա ֆիլմ» ընկերությունը։

Ի դեպ,օրերս երիտասարդ ռեժիսորի  «Գյուղը որ կանգնի» կարճամետրաժ ֆիլմը ևս մի հաղթանակ գրանցեց․ կինոնկարը արժանացել է Festival des 24 Courts կինոփառատոնի «Ժյուրիի համակրանք»- Coup de coeur du jury մրցանակին: Կինոփառատոնն անցկացվել է ֆրանսիական Սարթ դեպարտամենտի 3 քաղաքներում. Լը Ման, Բուլուար և Արնաժ: 

Նաիրա Փայտյան