Հուդա Իսկարիովտացու կերպարը եվրոպական և ամերիկյան կինոյում (մաս 1)
Կինոարվեստում՝ սկսած վերջինիս գոյության առաջին օրերից, ամենից տարածված ժանրերից մեկը հանդիսանում են աստվածաշնչական սյուժեներով նկարահանված կինոնկարները։ Իհարկե, մեծ ճանաչում վայելում են թե Հին, թե Նոր Կտակարանի սյուժեներով նկարահանված կինոնկարները, սակայն Հիսուս Քրիստոսի մասին նկարահանված ֆիլմերը կարելի է համարել մրցակցությունից դուրս։ Քրիստոսի կերպարը, ըստ կինոգետների տվյալների, կինոարվեստում օգտագործվել է ավելի քան հարյուր անգամ՝ էպիկական ժապավեններից մինչև փոքր բյուջետային կատակերգություններ։
Հատկապես մեր օրերում Հիսուս Քրիստոսի կինեմատոգրաֆիական կերպարը բավականին փոփոխություններ է կրել, ինչն աննկատ չի մնացել մասնագիտական շրջանակներում։ Սակայն ուշադրության արժանի է թերևս նաեւ աստվածաշնչյան ևս մեկ կերպար՝ Հուդա Իսկարիովտացու կերպարը։ Նոր կտակարանական այս կերպարը վաղուց ի վեր, անկախ լեզվական ու մշակութային տարբերություններից, դարձել է դավաճանության և մատնության, ամեն տեսակի բացասականի խորհրդանիշն ու խտապատկերը, և որպես բացասական կերպար վայելում է մեծ հետաքրքրություն կինեմատոգրաֆիստների շրջանում։ Քրիստոսի մասին պատմող որոշ կինոժապավեններում նույնիսկ հենց Հուդային է հատկացվում առանցքային դերակատարությունը, ինչը թույլ է տալիս մասնագետներին ասելու, որ հատկապես ամերիկյան և եվրոպական կինոյում, և ինչու չէ, առհասարակ՝ գլոբալ կինոարվեստում, վերջինիս հանդեպ հետաքրքրությունը չի մարում։
Ինչպես հայտնի է, Նոր Կտակարանում Հուդա Իսկարիովտացու մասին կենսագրական տեղեկությունները չափազանց աղքատիկ են։ Նրա գործողություններն էլ վատ են մոտիվացված, ինչը նրա կերպարը դարձնում է խիստ խորհրդավոր ու անխուսափելիորեն առասպելներով ու ենթադրություններով պարուրում նրան։ Արդեն քրիստոնեության գոյության առաջին դարերում Հուդայի շուրջ ձևավորվել էր ծանրակշիռ մեկնաբանական, պարականոն եւ գեղարվեստական գրականություն։ Եվ նպատակը այդ գրականության մեկն էր՝ փորձել լուծել հետևյալ պարադոքսը. մի կողմից Հուդա Իսկարիովտացին դավաճան է, մատնիչ և սատանայի գործիքը, մյուս կողմից՝ ընտրյալ աշակերտներից մեկը, առաքյալ, անհրաժեշտ օղակներից մեկը մարդկության փրկության գործում։ Այս երկնընտրանքն էլ հենց ծնել է բազմաթիվ մեկնաբանություններ արդեն վաղ քրիստոնեական շրջանում, սակայն գործանականում ոչ մի կերպ չի ազդել Հուդայի՝ միջնադարյան գեղանկարչության և սրբանկարչության մեջ պատկերմանը, որտեղ նա պատկերված է բավականին մոնոտոն՝ որպես Հիսուսի հոգևոր եւ ֆիզիկական անտիպոդ, երբեմն նույնիսկ՝ գլխավերևում սև «լուսապսակով», ինչպես օրինակ Բեաթո Անջելիկոյի որմնանկարներում։
Հուդայի ավետարանական կերպարի նոր արդիականացումը տեղի է ունենում 19-րդ դարում, և զգալիորեն կապված է 18-րդ դարում ձևավորված՝ աստվածաշնչյան սյուժեների ռացիոնալ մեկնաբանության ավանդության հետ։ Նախ՝ սկսվում է Հուդայի արարքի հոգեբանական մոտիվացման ուսումնասիրությունը։ Այս մոտեցման հանրագումը կարելի է համարել հայտնի արգենտինացի գրող Խ․ Լ․ Բորխեսի «Հուդայի դավաճանության երեք վարկածները» հայտնի էսսեն, որը լույս է տեսել 1944 թվականին և հանդիսանում է Հուդայի դավաճանության առեղծվածի լուծման բազմադարյա ուսումնասիրությունների հանրագումարը։ 20-րդ դարի կեսերին սկսվեց Հուդա Իսկարիովտացու կերպարի եթե ոչ ռեաբիլիտացիան, ապա գոնե կերպարի վերաիմաստավորման փուլը։ Այն տարածվեց նաև կաթոլիկ աստվածաբանների շրջանում։ Բանն այն է, որ դարեր ի վեր հանրային քարոզներում եւ քրիստոնյաների գիտակցության մեջ Հուդան հանդիսանում էր հուդայականության եւ հրեա ժողովրդի մարմնավորումը։ Հրեա ժողովրդին որպես «աստվածասպանի» ընկալումը բավականին ողբերգական հետեւանքների էր հանգեցրել, այդ թվում նաեւ հնարավոր դարձրել Հրեաների Մեծ Ողջակիզումը։ Այս առումով հետաքրքրական է Ս․ Գրուբարի հետազոտությունը, որտեղ ներկայացվում է, թե ինչպես են կապված Հուդայի կերպարի վերափոխումները և հակահրեականությունը։ Վատիկանի 2-րդ ժողովին, որը տեղի ունեցավ 1962-65 թթ, դրված էր Եկեղեցու արդիականացման հարցը և ընդունվեց «Nostra aetate» կամ «Մեր ժամանակներում» հռչակագիրը, որը սահմանեց կաթոլիկության ժամանակակից վերաբերմունքը հրեա ժողովրդի հանդեպ։ Մասնավորապես, հանվեց հրեա ժողովրդի նկատմամբ եղած արյունոտ պիտակն ու Քրիստոսի խաչելության համար նրա կոլեկտիվ մեղավորության սկզբունքը։ 2006 թվականին, այսպես կոչված «Հուդայի Ավետարանի» հրապարակումից առաջ հայտնվեցին տեղեկություններ, որ նախապատրաստվում է Հուդա Իսկարիովտացու «ռեաբիլիտացիայի» արշավ։ Այն ղեկավարելու էին Պատմագիտական հարցերով Պապական կոմիտեի ղեկավար Վալտեր Բրանդմյուլլերն ու հայտնի կաթոլիկ գրող Վիտորի Մասուրին, սակայն Վատիկանն այս տեղեկությունները չհաստատեց։
Բնականաբար եվրոպական եւ ամերիկյան կինեմատոգրաֆը, որ հաճախ էր դիմում աստվածաշնչական սյուժեներին, չէր կարող անարձագանք թողնել աստվածաբանության և գեղարվեստական գրականության մեջ ի հայտ եկած նոր միտումները։ Նկատենք, որ տեղի ունեցած փոփոխությունները չափազանց հարմար էին ռեժիսորների համար՝ մասնագիտական առումով։ Քանի որ Հիսուսի կերպարն ավանդաբար ստատիկ էր ընկալվում և դրական, կինոժապավեին ավելի մեծ դինամիզմ եւ դրամատիզմ հաղորդելու համար ցանկալի էր որևէ անտագոնիստի կամ զուգահեռ պրոտագոնիստի կերպար։ Դրա համար էլ 20-րդ դարի երկրորդ կեսին նկարահանված աստվածաշնչական-ավետարանական սյուժեներով կինոնկարներում Հուդան ավելի է ներկա, քան ավելի վաղ նկարահանված կինոնկարներում եւ հատկապես՝ սկզբնաղբյուրներում։
Հուդայի կերպարի փոփոխություններն ու զարգացումը ավելի լավ հասկանալու համար դիտարկենք հետեւյալ կինոնկարները․
Պիեր Պաոլո Պազոլինի՝ «Ավետարան ըստ Մատթեոսի» («Il Vangelo secondo Matteo», 1964 թ․),
Ջորջ Սթիվենս՝ «Երբևէ պատմված ամենամեծ պատմությունը» («The Greatest Story Ever Told», 1965թ․),
Նորման Ջուիսոն՝ «Հիուս Քրիստոսը՝ սուպերաստղ» («Jesus Christ Superstar», 1973թ․),
Ֆրանկո Ձեֆերելլի՝ «Հիսուս Նազովրեցի» («Jesus of Nazareth»,1977թ․),
Մարտին Սկորսեզե՝ «Քրիստոսի վերջին փորձությունները» («Last Temptation of Christ»,1988թ․),
Մել Գիբսոն՝ «Քրիստոսի չարչարանքները» («Passion of Christ», 2004թ․)։
20-րդ դարի առաջին տասնամյակներին ավետարանական թեմաներով նկարահանված կինոնկարներում Հիսուս Քրիստոսի շրջապատի նկատմամբ քիչ ուշադրություն էր հատկացված։ Այնպիսի կինոնկարներում, ինչպիսիք են՝ «Չարչարանքները» («La vie et la passion de Jésus Christ»,1903թ․), «Քրիստոսի կյանքը» («The Life of Christ»,1906թ․), «Թագավորաց թագավորը» («King of Kings»․1927 և 1961թթ․), հիմնական շեշտադրությունը Հիսուս Քրիստոսի հրաշքներ գործելու զորությանն ու աստվածայնությանն էր հատկացված։
Ու պատահական չէ, որ Հուդան այդ կինոնկարներում մի տեսակ սխեմատիկորեն ասես ներդրված լիներ։ Կային իհարկե մատնության համար երեսուն արծաթը վերցնելու և Գեթսեմանում մատնության համբույրի տեսարանները, սակայն պատճառները, թե ինչու նման հանգուցալուծում եղավ, պարզ չեն դիտողի համար, ինչպես որ անհասկանալի են նաև հերոսների փոխհարաբերությունները։ 1960-ական թվականների կեսերին, ավանդական արժեքների նկատմամբ բողոքի և կասկածամտության խորացմանը, ինչպես նաև կինոլեզվի զարգացմանը զուգընթաց, Հիսուս Քրիստոսի կինեմատոգրաֆիական կերպարի պատկերման մեջ ևս փոփոխություններ են տեղի ունենում։ Կինեմատոգրաֆիստներին և դիտողներին Քրիստոսի աստվածայնության հանդեպ ուշադրության սևեռման փոխարեն ավելի հետաքրքրում էին Քրիստոսի մարդկայնությունը, մարդկային ներաշխարհը և այս առումով կարելի է բնական համարել, որ այդ ժամանակներից սկսած Քրիստոսի մասին պատմող ժապավեններում սկսում են ուշադրություն դարձնել Քրիստոսի շրջապատին՝ առաքյալներին և Մարիամ Մագդաղենացուն։
Նոր խնդիրների լուծման առումով ամենից շահեկան դերում հայտնվում է Հուդա Իսկարիովտացու կերպարը, մեկն այն քիչ առաքյալներից, որոնց մոտ առկա է էմոցիոնալ զարգացումը։ Նվիրվածությունից մինչեւ դավաճանություն, ապա զղջում և ինքնասպանություն։ Ահա այս ճանապարհն է, որ էմոցիոնալ առումով է զարգանում Հուդայի կերպարը։ Ուշադրություն է պետք դարձնել նաեւ այն սյուժետային գծերին, որոնք կապված են այս օդիոզ առաքյալի հետ։
Պատրաստեց՝ Արամ Յանինը