Մեր չբացահայտված կոթողը. Համո Բեկնազարյան
Հայ կինոյի 100 ամյակը մասնավորապես ու ընդհանրապես կապվում է հայկական կինեմատոգրաֆի հիմնադիր Համո Բեկնազարյանի անվան հետ։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվերով լույս է տեսել «Համո Բեկնազարյան» եռալեզու (հայերեն, ռուսերեն, անգլերեն) պատկերագիրքը, որում ընդգրկված լուսանկարչական նյութի զգալի մասը հրապարակվել է առաջին անգամ: Օրերս Կինոյի տանը տեղի ունեցավ «Համո Բեկնազարյան» պատկերագրքի շնորհանդեսը, որի թանգարանային հատվածը սկսվում է հենց բեկնազարյանական կինոյով։ Պատկերագիրքը կազմել են կինոգետ Զավեն Բոյաջյանը և kinoashkharh.am էլ․կայքի խմբագիր, լրագրող Ռուզաննա Բագրատունյանը։ Պատկերագիրքը հրատարակել է «Անտարես» հրատարակչությունը։
«Համո Բեկնազարյան» գրքին, պարզվում է, շատերն էին սպասում, որովհետև գրահրատարակչական ոլորտում հայ կինոյի ռահվիրային համեստ անդրադարձեր են եղել միայն, հատկապես հանրամատչելի, օտարալեզու ձեռնարկներ չկան։ «Համո Բեկնազարյան» պատկերագրքի լույս ընծայման գործում իր ներդրումն է ունեցել ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը։
Արա Խզմալյան՝ ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար
-Այս գրքի գաղափարը ես կրում եմ դեռևս 2019 թվականից։ Ավելի զգացմունքային բան ասեմ՝ սա ինձ համար անձնական ձեռքբերում եմ համարում, որովհետև Համո Բեկնազարյանը և նրա նման հզոր անունները մեր «ելքի վիզաներն» են դեպի մեծ աշխարհ։ Նրանց ժառանգության, նրանց գործունեության շնորհիվ մենք մուտք ենք գործել համաշխարհային մեծ ընտանիք, կարողացել ենք հայտնվել համաշխարհային լուրջ գործընթացներում, որովհետև երբ մենք ուսումնասիրում ենք Բեկնազարյանի ստեղծագործությունը ոչ միայն հայ կինեմատոգրաֆիայում, այլև ընդհանրապես Անդրկովկասում, համոզվում ենք, որ նրա դերն ու նշանակությունը, նրա ավանդը մեր հարևան պետությունների կինոյի կայացման ու առաջընթացի համար նույնպես անգնահատելի է։
Զարմանալի է մեր անփույթ, անտարբեր վերաբերմունքը մեր մեծ արժեքների, երևելի անունների նկատմամբ։ Նրանք, անշուշտ, աշխարհին հետաքրքրում են հենց միայն նրանով, որ ապահովել են փոքր երկրների մասնակցությունը համաշխարհային մեծ գործընթացներում։
Ընդհանուր առմամբ, միջազգային տեղեկատվական հարթակներում հայ մշակույթը ներկայացնելու հետ կապված հսկայական անդունդ, ահռելի բացթողում կա, որովհետև մինչև հիմա գրքերը հիմնականում գրվել են հայերեն՝ նեղ մասնագիտական շրջանակների համար։ Իրականում մենք մեր մշակութային արժեքները միջազգային հանրության շատ ավելի լայն շրջանակներին ներկայացնելու խնդիր ունենք։
Մեր քաղաքական առաջնահերթությունն է օր առաջ լցնել տեղեկատվական դաշտի դատարկությունը։ Մեծ քանակությամբ փաստավավերագրական, արխիվային նյութ կա, որը պետք է թարգմանվի, հանրայնացվի։ Սա միայն մշակութային քաղաքականության կամ գրահրատարակչության ոլորտի մասնավոր խնդիր չէ, սա ազգային արժանապատվության, աշխարհին շիտակ հայացքով նայելու խնդիր է։ Մենք պարզ ճակատով պետք է ասենք աշխարհին՝ այո՛, մենք ունեցել ենք այնպիսի գործիչներ, որոնց շնորհիվ միջազգային գործընթացներին համաքայլ ենք գնացել։
«Համո Բեկնազարյան» պատկերագրքի հասցեատերերին մենք տեսնում ենք ՀՀ սահմաններից դուրս, բայց քանի որ մեր երկրում էլ կա տեղեկատվական մեծ անդունդ, կարծում եմ՝ գիրքը հետաքրքրելու է նաև հայ հանրությանը։
Սիրանույշ Գալստյան՝ կինոգետ
– Բեկնազարյանն իր դարի զավակն էր և միևնույն ժամանակ այդ դարաշրջանի դեմքը։ Սա գիրք-ալբոմ է, բայց կարծես ֆոտոֆիլմ լինի, որովհետև պատկերաշարով ներկայացվում է հանճարեղ կինոռեժիսորի ամբողջ կինոուղին, որը հարթ չի եղել։ Ուրախ եմ, որ հայ կինոյի 100-ամյա հոբելյանն առիթ է դառնում՝ վերարժևորելու հայ կինոյի Նահապետի, մեր պատմության մեծագույն հայերից մեկի թողած ժառանգությունը։ Մենք պարտք ենք այդ մեծ հային. այս և հետագայում հրատարակվելիք այլ գրքերով, հույս ունեմ, որ այդ պարտքը գոնե մի քիչ կվերադարձնենք։
Պատկերագրքում մի շարք նկարներ են ընդգրկվել, որոնք հանրությանն առաջին անգամ են ներկայացվում։ Այսօր մարդիկ մեծ տեքստեր չեն սիրում կարդալ. կինոգետների ավագ սերնդից՝ Գրիգոր Չախիրյանից, Կարեն Քալանթարից, Սուրեն Հասմիկյանից արված ծաղկաքաղ կա գրքում։ Սուրեն Հասմիկյանը դասախոսությունների ժամանակ ասում էր․ «Արվեստը, եթե ուզում է ապրել, զարգանալ, չմնալ անմիտ ժամանցի, թամաշայի ոլորտում, եթե կամենում է վերածվել ժողովրդի հոգևոր կյանքի, հասարակական գիտակցության շարժիչ ուժի, պետք է ունենա, գտնի, հայտնաբերի իր «Իլիականը», իր այցետոմսը։Մերը «Պեպոն» է։ Մեր կինոյի, մեր ազգային կինոյի «Իլիականը», իհարկե, «Պեպոն» է։ Ամենից աոաջ «Պեպոն»։
Առանց չափազանցության կարող եմ ասել, որ իր բազմաբևեռ տաղանդով, ոճական բազմազանությամբ Համո Բեկնազարյանի հետ համեմատելի այլ դեմք համաշխարհային կինոյում չկա։ Ցույց տվեք մի ռեժիորի, որն օգնել է, որպեսզի իր ազգային դիմագիծն էկրանին առաջին անգամ տեսնեն այդքան բազմազան ժողովուրդներ, որը կինոխցիկով կարողացել է թափանցել ուրիշ ժողովուրդների կենսաթաղանթի տակ և դա արել է այնքա՜ն հավաստի։ Ռեժիսոր, որն իր ֆիլմերում կարողացել է համադրել ռեալիզմը, դոկումենտալիզմը և գրոտեսկը, պոեզիան և պրոզան։
Արժևորելով Համո Բեկնազարյանին՝ մեզ կհաջողվի համաշխարհային այս խելահեղ հորձանուտներում չկորչել։ Տա Աստված, որ այսօրինակ ոչ մի գիրք չդառնա թանգարանային նմուշ։
Ռուզաննա Բագրատունյան՝ «Համո Բեկնազարյան» պատկերագրքի համահեղինակ
-Պատկերագիրքը փոքր, բայց կարևոր հատվածն է Համո Բեկնազարյանի արխիվի. հույս ունեմ, որ հետագայում այդ արխիվը լիարժեք կուսումնասիրվի, դրան կտրվի գիտական գնահատական հենց 21-րդ դարում, որպեսզի մեր ու նախորդ դարի հեռավորությունը միահյուսվի։
Համո Բեկնազարյանի արխիվի (Ե․Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարան) ուսումնասիրությունը սկսել եմ դեռևս 2019 թվականին։ Հետագայում, երբ պատկերագրքի տպագրությունը հաստատվեց, անհրաժեշտ էր նորից վերանայել Բեկնազարյանի արխիվն ամբողջությամբ, ինչպես նաև հարակից ֆոնդերը (Դմիտրի Ֆելդման, Տատյանա Մախմուրյան,Դանիել Դզնունի, Գարուշ Բեկնազարյան, Ամասի Մարտիրոսյան, Գրիգոր Չախիրյան, Համբարձում Խաչանյան, Արամ Ամիրբեկյան, Ֆրունզե Դովլաթյան, Էրազմ Մելիք-Քարամյան, Սիրանույշ և այլն), որպեսզի պատկերն ավելի ամբողջական դառնար։
Չափազանց հուզիչ են Բեկնազարյանի գրած նամակները՝ կապված իր ստեղծագործական, անձնական կյանքի, ընկերների, այդ ժամանակաշրջանի հայտնի մարդկանց հետ։ Առանձնապես հետաքրքիր են իր ֆիլմերին առնչվող նամակագրությունները։ Համո Բեկնազարյանի նամականին նրա արխիվի կարևորագույն հատվածներից մեկն է, որին արժե առանձին գրքով անդրադառնալ։ Նամակներում երևում է ոչ միայն արվեստագետ-մտավորականը, այլև մարդը՝ իր հուզական աշխարհով, ապրումներով, ուժեղ ու թույլ դրսևորումներով, փխրուն գծերով, խոցելի կողմերով։
Համո Բեկնազարյանի մասին գրել և արժևորել են հենց իր ժամանակակիցները՝ Դ․Դզնունին, Գ․Չախիրյանը, Կ․Քալանթարը և շատերը, բայց Համո Բեկնազարյանի մասին ամենահանգամանալիցը պատմում է իր «Հուշեր դերասանի և կինոռեժիսորի մասին» գիրքը, որը կարծես այդ ժամանակաշրջանի վավերագրություն լինի։ Երբ կարդում ես նրա գիրքը, կարծես ֆիլմ նայելիս լինես. այնքան հանգամանորեն, պատկերավոր է ներկայացնում կինոիրականությունը՝ շաղկապված հասարակական-քաղաքական կյանքի հետ։ Ինքն իր մասին այնքա՜ն հումորով ու ինքնաքննադատաբար է պատմում։ Այնքա՜ն անկեղծություն ու ազնվության կա իր գրքում։
Առանձին ուսումնասիրության նյութ են նրա ֆիլմերը, ընդ որում՝ յուրաքանչյուր ֆիլմը՝ յուրովի։ Զանգվածային տեսարաններ, հարսանիք, երկրաշարժ, ապստամբություն. ազգային փոքրամասնությունների կյանքը, սովորույթները, խնդիրները ներկայացնլու բացառիկ վարպետ է Բեկնազարյանը։ Յուրաքանչյուր ֆիլմ նկարելուց առաջ նա լիարժեք ուսումանսիրել է նկարահանվելիք նյութը, և այստեղ մեծ դեր ունի ոչ միայն նրա պրոֆեսիոնալիզմը, այլև ամեն մանրուք զգալու, կարևորելու կարողությունը։
Համո Բեկնազարյանը կոթողային արվեստագետ է, որի նմանը, որի հետ համադրելի ուրիշ ռեժիսոր մենք չունենք։ Հույս ունեմ, որ այս կոթողային մարդու կյանքն ու գործունեությունը էլի ուսումնասիրողներ կլինեն, ու նոր, հետաքրքիր բացահայտումներով լի գրքեր կգրվեն։
Զավեն Բոյաջյան՝ «Համո Բեկնազարյան» պատկերագրքի համահեղինակ
– Աշխատել ենք Բեկնազարյանին ներկայացնել միջազգային կոորդինատային համակարգում, ոչ թե որպես զուտ հայկական լոկալ երևույթ։ Փորձել ենք մաքսիմալիստական սկզբունքով ստեղծել մի գիրք, որը հետաքրքիր կլինի ոչ միայն շարքային ընթերցողի, կինոսիրողի, այլև կինոգետի համար։ Աշխատել ենք տեսողական՝ պատկերային և տեքստային նյութերի հավասարակշռությունը պահպանել, ներկայացնել Բեկնազարյանի անցած ուղին՝ սկսած ծննդյան օրվանից, մինչև մահ։
Ցավոք, գրքում հնարավոր չէր ընդգրկել նրա նկարահանած վավերագրական ֆիլմերը. դրանց մասին շատ քիչ նյութ կա։ Գրքում հիմնականում շեշտադրված է կինոռեժիսորի խաղարկային կինոն, բայց նա նաև վավերագրական կինոյի հայրն է։ Ես ինչ-որ տեղ նաև ուրախ եմ դրա համար, որովհետև մեզնից հետո եկողների համար ենք տեղ թողել, ովքեր կուզենան անդրադառնալ Բեկնազարյանի ժառանգությանը։
Համո Բեկնազարյանը մի անհուն օվկիանոս է, որ սպասում է իր ուսումնասիրողին։
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍԻ
Նաիրա Փայտյան