«Որո՞նք են աշխարհի լավագույն կինոդպրոցները» հարցին ամեն տարի փորձում է պատասխանել ամերիկյան The Hollywood Reporter թերթը՝ հրապարակելով աշխարհի լավագույն դպրոցների ցուցակը։ Դրանց թվում իր կայուն տեղն է զբաղեցնում Փարիզի հանրահայտ Femis դպրոցը («Ֆեմիս»՝ Աուդիովիզուալ արվեստի բարձրագույն ազգային դպրոց)։ Խիստ ընտրողական ընդունելությամբ այս հաստատությունն են ավարտել հանրահայտ ռեժիսորներ, օպերատորներ, սցենարիստներ։ Նրանց շարքում է նաև մեր հայրենակից, երիտասարդ և շնորհալի Հովիկ Հակոբյանը։ 

Փարիզյան սրճարաններից մեկում երկար սպասված մեր հանդիպման ամենասկզբում Հովիկը պատմում է.

-«Ֆեմիսում» սովորելու առաջին տարվա ընթացքում ամեն ուսանող պետք է ներկայացներ իր համար յուրահատուկ կարևորություն ունեցող մեկ ֆիլմ. ես ընտրեցի Փելեշյանի «Կյանքը»։

Իսկ ինչու՞ «Կյանքը», որն, ի դեպ, նաև Փելեշյանի ամենասիրելին է իր բոլոր ֆիլմերից։

Տպավորիչ է՝ ինչպես է ռեժիսորն ընդամենը մի քանի րոպեի ընթացքում դիտողի հոգում կարողանում առաջացնել այդքան վառ հույզեր։ Ցուցադրությունից հետո երկար ժամանակ ինձ մոտենում էին ուսանողներ և խոսում  իրենց տպավորությունների մասին։

Ե՞րբ որոշեցիր, որ քո կյանքն էլ է կապված լինելու կինոյի հետ։

Ես մանկուց շրջապատված եմ եղել արվեստով։ Մայրս գեղարվեստի դպրոցի շրջանավարտ էր, հայրս՝ դիզայներ։ Հավանաբար ավագ դպրոցում էի, երբ սթափ գիտակցեցի, որ ցանկանում եմ աշխատել պատկերի հետ։

«Ֆեմիսում» դու ավարտել ես օպերատորական բաժինը, սակայն հայ հանդիսատեսը քեզ ճանաչում է՝ որպես «Ստորգետնյա» կարճամետրաժ ֆիլմի ռեժիսոր։ Կպատմե՞ս՝ ինչպես ապրելով Ֆրանսիայում՝ բացահայտեցիր Ավանի աղի հանքավայրը և որոշեցիր կինո նկարել այնտեղ բուժվող մարդկանց մասին։

Որպես «Ֆեմիսի» ավարտական աշխատանք՝ յուրաքանչյուր ուսանող, անկախ մասնագիտացումից, պետք է ներկայացներ իր նկարահանած կարճամետրաժ ֆիլմը։ Ես վստահ գիտեի, որ ֆիլմս նկարահանելու եմ Հայաստանում։ Որպես վայր՝ փնտրում էի մի տեղ, որի պատմությունը կապված կլիներ խորհրդային ժամանակաշրջանի հետ, բայց այն փլատակային վիճակում չլիներ, շարունակեր գործել։ Փնտրտուքներս շատ սպեցիֆիկ էին։ Սկզբում մտադիր էի ֆիլմս նկարել Երևան-Գյումրի գնացքում։ Այն ժամանակ ճանապարհը տևում էր չորս ժամ, բազմիցս նստում էի գնացք, ուսումնասիրում մարդկանց։ Բայց մի օր լուսանկարիչ Մաքս Սիվասլյանն ինձ ցույց տվեց Ավանի աղի հանքավայրի լուսանկարները, և ես անմիջապես հասկացա, որ փնտրածս դա է։ Երևանցի ընկերոջս շնորհիվ կապ հաստատեցի կենտրոնի տնօրենի հետ, պարզեցինք, որ հանքավայրը մնացել է անփոփոխ, ավելին՝ շարունակում է ընդունել հիվանդների։ Այդպես էլ սկսվեց «Ստորգետնյա» ֆիլմի նկարահանման պատմությունը։

Ֆիլմի առաջին վայրկյանները մի տեսակ խորհրդավոր շնչով են պարուրված, ժամանակ է պետք՝ հասկանալու համար, թե որտեղ ենք։

Այո՛, միտքը նրանում էր, որ դիտողը չհասկանա, թե որտեղ է հայտնվել, միգուցե վերջում պարզվի՝ լիովին այլ մոլորակում է։ Սակայն ֆիլմի ընթացքում տրվում են փոքր բանալիներ՝ կամաց-կամաց բացահայտելով իրականությունը։

Կենտրոնում խնամք ստացող մարդիկ հե՞շտ համաձայնեցին նկարահանվել։

Տնօրենին և խնամող բժիշկներին ես հանդիպել էի նախապես, բոլորը սիրով համաձայնվել էին։ Բայց հիվանդների մասին անհնար էր նախապես ստանալ որևէ տեղեկատվություն։ Ես նրանց հանդիպեցի նկարահանման առաջին օրը, բարեբախտաբար բոլորն էլ առաջարկս ընդունեցին։

Տպավորություն է ստեղծվում, որ հիվանդներն իրականում դերասաններ են։

Դա հավանաբար պայմանավորված է նրանով, որ ես ցանկանում էի համագործակցել նրանց հետ։ Իհարկե, ես մեկնել էի նկարահանումների մոտավոր կառուցված սցենարով, բայց հայտնվելով այդ խմբի հետ դեմառդեմ, տեսնելով ոգևորությունը՝ ես որոշեցի նրանց հետ միասին կառուցել որոշ տեսարաններ։ Այդպես ամեն առավոտ, որոշում էինք՝ ինչ ենք անելու․ նկարահանումներն ուրախ ընթացք էին փոխանցում խմբի առօրյա բուժմանը։

«Ստորգետնյան» դժվար է անվանել վավերագրական ֆիլմ, այն տատանվում է գեղարվեստա-խաղարկային և վավերագրական ժանրերի միջև։ Նույնը մտածում էի նաև Ամստերդամի ԻԴՖԱ վավերագրական ֆիլմերի փառատոնի վերջին ընտրության մասին։ Չե՞ս կարծում, որ այսօր գնալով ավելի բարդ է դառնում ֆիլմերը հստակ դասակարգել, սահմանը դարձել է թափանցիկ։

Վստահաբար։ Բայց կարծում ես՝ դա վա՞տ է։

Ո՛չ, ճիշտ հակառակը։

Ես էլ, որպես դիտող, գտնում եմ, որ դա շատ ավելի հետաքրքիր է դարձնում արդյունքը։ Գիտես, վերոհիշյալ փոփոխությունը նկատվում է նաև դերասանների ընտրության մեջ։ Օրինակ՝ Ֆրանսիայում այսօրվա տենդենցն է նախընտրությունը տալ ոչ պրոֆեսիոնալ դերասանների, ինչն իրականում չգիտեմ՝ լավ է, թե ոչ։ Օրինակ՝ «Շեհերազադե» ֆիլմի համար (խոսքը գնում է ռեժիսոր Ժան-Բերնար Մարլենի՝ 2018 թվականին նկարահանված գեղարվեստավավերագրական ֆիլմի մասին) ռեժիսորն ընտրել էր ոչ պրոֆեսիոնալ դերասանների, բայց արդյունքում այդ ֆիլմից հետո նրանց առաջարկվում են կա՛մ նույնատիպ դերեր, կա՛մ ոչինչ։ Մյուս կողմից՝ ոչ պրոֆեսիոնալ դերասաններին առաջնություն տալն, իհարկե, արժեզրկում է պրոֆեսիոնալների աշխատանքը, որոնք տարիների ուսում են առել այդ նպատակով։

Շարունակելով խոսել փոփոխությունների մասին։ Դու՝ որպես օպերատոր, մասնակցում ես բազմաթիվ գովազդային հոլովակների ստեղծմանը։ Քո վերջին համագործակցությունը «Դիորի» հետ էր՝ “Here & Now” «Այստեղ և հիմա» հոլովակի շուրջ, որի գլխավոր դերում է Պյեր Նինեն (նույն ինքը՝ Իվ Սան Լորանի դերակատարը)։ Եվ նորից բարդ է այն անվանել գովազդային հոլովակ, համենայն դեպս՝ այն սահմանման մեջ, որին սովոր է մեր աչքը։ «Այստեղ և հիման» նմանվում է կարճամետրաժ վավերագրական ֆիլմի՝ իր տևողությամբ, ոճով և հատկապես էսթետիզմով։

«Դիորի» հետ այս փորձառությունը շատ հետաքրքիր էր։ Իրականում, գովազդային աշխարհում դու ունես շատ հստակ կարգադրություններ, թե ինչ է պետք անել, ինչ արդյունք ստանալ։ Այս ոլորտում իմպրովիզացիաներ չկան։

Եվ դա քեզ խանգարու՞մ է։

Ամենևին։ Ես աշխատում եմ ռեժիսորների հետ, որոնց աշխատանքը գնահատում եմ։ Ամեն գովազդային ծրագրի հետ բացահայտում եմ նոր մարդկանց, հարստացնում փորձս։ «Ֆեմիսում» օպերատորները սովորում և աճում են ռեժիսորների հետ սերտ հարաբերության շնորհիվ, մեր համագործակցությունը ծավալվում է տարբեր դաշտերում։ Եվ հետո այդ կապը կարող է բերել նույն ռեժիսորի երկարամետրաժ ֆիլմի նկարահանմանը, ինչը հիանալի է։

Քո վերջին օպերատորական աշխատանքներից մեկը «Բելլուս» կարճամետրաժ ֆիլմն է՝ ռեժիսոր Ալեքսի Փազումյանի աշխատանքը, որն այս օրերին ցուցադրվում է Կլերմոն Ֆերանի հեղինակավոր կարճամետրաժ ֆիլմերի փառատոնում։ Նման արդյունավետ համագործակցություններ ֆրանսահայ ռեժիսորների միջև շա՞տ են լինում։

Այո՛, ես հաճախ եմ աշխատում Ալեքսիի և Վազգենի (Թորանյան) հետ, մենք ընկերներ ենք։ Թե՛ մարդկային, թե՛ մասնագիտական առումով դա շատ հարստացնող աշխատանք է։ Հայ ռեժիսորներից ես նաև խորը հարգանքով եմ լցված Նորա Մարտիրոսյանի աշխատանքի հանդեպ։ Նորան տաղանդավոր է, շատ տարբերվող հայացք ունի։ Հուսով եմ՝ տարիներ անց, երբ ավելի հարուստ փորձ կունենամ, կկարողանամ աշխատել նրա հետ։

Քո «Ստորգետնյա» կարճամետրաժ ֆիլմը մասնակցել է բազմաթիվ փառատոնների, արժանացել բարձր գնահատականի և մրցանակների, այդ թվում՝ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Արծաթե ծիրան» մրցանակին։ Ինչպիսի՞ն էր հայրենի հողում այս փորձառությունդ։

Ֆանտաստիկ, հիանալի շաբաթ էր, ես ծանոթացա մի շարք հետաքրքիր ռեժիսորների և կինոոլորտի մասնագետների հետ։ Ամեն ինչ հիանալի էր։

Լիլիթ Սոխակյան

Փարիզ, 2023