Բեռլինալեի կինոշուկայի «պտուղները»
Բեռլինի միջազգային 73-րդ կինոփառատոնին կից եվրոպական կինոշուկայի շրջանակում Հայաստանի տաղավարը շարունակում է աշխատանքը։ Հայկական պատվիրակությունը կինոշուկայում անցկացնում է տարբեր հանդիպումներ ու աշխատանքային քննարկումներ։ Kinoashkharh.am-ը անդրադարձել է Բեռլինի կինոշուկայի անցուդարձին, մասնավորապես Հայաստանի տաղավարի աշխատանքներին։ Արված աշխատանքները որոշակիորեն ի մի բերվել և ներկայացվել են Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի հայացքով։
Բեռլինի կինոշուկա՝ երեկ և այսօր
Առաջին անգան Հայաստանը Բեռլինի միջազգային կինոփառատոնին կից կինոշուկայում բավականին ներկայանալի կազմով՝ կինոարտադրողների խմբով, մասնակցել է 2019 թվականին, բայց մենք այդ ժամանակ չունեինք տաղավար։ Անկեղծ ասած՝ ես ինձ խոստացա, որ հաջորդ տարի Հայաստանը պետք է Բեռլինում տաղավար ունենա։ Արդեն հաջորդ տարի՝ 2020 թվականին, մենք մեր առանձին տեղն ունեցանք։ Բավականին արդյունավետ աշխատանք տարվեց։ Շատ էինք ոգևորվել, ու մտածում էինք, որ այդպես էլ կշարունակվի նաև հաջորդ տարիներին։ Ցավոք, քովիդը խափանեց ինչպես բոլորի, այնպես էլ՝ մեր ծրագրերը։ Երկու տարվա ընդմիջումից հետո, այս տարի կրկին Բեռլինում ենք։
Փաստորեն, երկրորդ տարին է, որ Հայաստանը տաղավար ունի, ու որոշեցինք մեր նախկին տեղը պահպանել, որպեսզի մեր գործընկերները Հայաստանի տաղավարը հեշտությամբ գտնեն։ Հետաքրքիր է, որ մեր տաղավարը Վրաստանի տաղավարի հարևանությամբ է։
Գործնական, շոշափելի պայմանավորվածություններ
Բավականին արդյունատ ենք աշխատել, ու դա ոչ միայն 2020 թվականին ձեռք բերված կապերի շնորհիվ, այլև՝ փորձառության։ Նախկինում քննարկված ծրագրերի մասին արդեն առարկայական պայմանավորվածություններ են ձեռք բերվում, դրանց զուգահեռ՝ նոր առաջարկներ են ծնվում։
Այս տարի Բեռլինում հանդիպեցինք մեր այն գործընկերներին, որոնց հետ ծանոթացել, պայմանավորվել էինք դեռ անցյալ տարի, Կաննում։ Նրանց հետ գործնական ծրագրեր էինք մշակել, որոնք այստեղ ավելի ամրապնդվեցին։ Այդ գործնական պայմանավորվածությունների հիման վրա՝ որոշ նախագծեր, մինչև Կաննի փառատոնը, արդեն իսկ կիրականացվեն։
Մեզ այստեղ արդեն հարցնում են՝ Կաննում լինելու եք, չէ՞։ Պատասխանում ենք՝ այո, լինելու ենք, որովհետև այն, ինչ քննարկում ենք, մի փառատոնով, մի կինոշուկայով սահմանափակվող հարցեր չեն։ Ամեն մի փառատոնի նոր գործընկերներ ես ձեռք բերում, որոնց հետ համագործակցությունը շարունակվում է մյուս կինոշուկայում կամ կինոփառատոնին, դրանք անձնական կապեր են դառնում, որոնք միջազգային հարթակներում Հայաստանը ճիշտ ներկայացնելուն շատ են օգնում. խոսքը վերաբերում է թե՛կինոժառանգությանը, թե՛ նոր ստեղծվող ֆիլմերին։
Երիտասարդներն՝ առջևում
Այս տարի հին գործընկերնրի հետ նոր ծրագրեր մշակեցինք։ Հիմնական շեշտը դրվեց երիտասարդ ստեղծագործողների վրա։ Պայմանավորվածություններ ենք ձեռք բերել, որպեսզի կարողանանք հարթակներ տրամադրել մեր դեբյուտանտ պրոդյուսերներին, ռեժիորներին, որպեսզի նրանք կարողանան իրենց մասնակցությամբ փորձ ձեռք բերել, իրենք էլ իրենց կապերն ստեղծեն։ Իտալիայում, Մոնտենեգրոյում նման հարթակների համար արդեն պայմանավորվել ենք։
Հետաքրքիր է, որ տարբեր երկրների կինոկենտրոնների հետ շփվելով՝ պարզվեց, որ անկախ մեծ ու փոքր բյուջեներից՝ խնդիրները գրեթե նույնն են։ Բոլորը շեշտը դնում են երիտասարդ ստեղծագործողներին աջակցելու, նրանց ինքնադրսևորվելու հնարավորություն տալու վրա։ Ամենագործածական թեման համատեղ արտադրություններն են. մանավանդ երբ փոքր երկրներ են, համարտադրությունները շատ շահեկան են։
Կինոշուկան ազատ հարթակ
Մենք կատալոգ ենք հրատարակել, որը ներկայացնում է Ազգային կինոկենտրոնի կողմից աջակցություն ստացած բոլոր նախագծերը՝ արտադրական կամ հետարտադրական, նաև զարգացման փուլերում գտնվող։ Անկախ այն բանից՝ հեղինակները կինոշուկայում են, թե ոչ՝ նրանց նախագծերը կան։ Այդ նախագծերը մենք բոլորին ցույց ենք տալիս։ Արդեն առաջարկներ ունենք, Հայաստան վերադառնալով՝ դրանք կամփոփենք։
Իհարկե, պետությունից աջակցություն ստացող նախագծերից բացի, կինոշուկայում կարող են ներկայացվել նաև անկախ կինոարտադրողները։ Հայաստանը կարող է իր տաղավարը տրամադրել նրանց։ Նրանք էլ կարող են իրենց գործընկերներին գտնել, նախագծեր քննարկել։ Բոլորն ազատ են իրենց գործունեության մեջ։ Անկախ կինոարտադրողները հաճախ են մեր օգնությամբ գործընկերներ գտել։ Նախադեպերը քիչ չեն։
Կենդանի շփումներ
Կենդանի շփումներից, տաղավարներից բացի, քովիդից հետո մինչև հիմա էլ գործում են նաև օնլայն հարթակները։ Դրանք շարունակում են պահպանել ակտուալությունը։ Մեզ համար շատ զարմանալի էր, որ Կաննի կինոշուկայի օնլայն հարթակում անցյալ տարի Հայաստանի տաղավարն ամենաակտիվն է եղել։ Բեռլինի կինոշուկայի օնլայն հարթակի մասնակցության տվյալները դեռ հայտնի չեն, բայց շուտով դրա արդյունքների մասին էլ կիմանանք։
Ըստ իս՝ ինչքան էլ օնլայն հարթակները գործածական լինեն, մարդկային շփումներով ստեղծված զրույցները, պայմնավորվածություններն ավելի արդյունավետ են։ Այդպիսի կենդանի շփումների շնորհիվ մենք այս տարի նոր կապեր, նոր ծանոթություններ ու համագործակցություններ ձեռք բերեցինք։ 4-5 օրվա կենդանի մասնակցությունը մեծ արդյունք է տալիս։
Մեր կինոժառանգությունը
Նախատեսված հանդիպումներից բացի, եղան նաև հանպատրաստից շփումներ, օրինակ՝ քանի որ Հայ կինոյի 100-ամյակն ենք նշում, Բեռլինի կինոփառատոնի կազմակերպիչների հետ պայմանավորվեցինք, որ հաջորդ տարի «Դասական» բաժնում ներկայացնենք հայկական դասական ֆիլմ։ Նմանատիպ պայմանավորվածություն ունենք նաև Վենետիկի կինոփառատոնի ղեկավարների հետ։ Այսինքն՝ հեղինակավոր կինոփառատոները ցուցադրելու են հայ կինոյի ժառանգության վերականգնված դասական որևէ ֆիլմ։
Հանդիպել ենք Եվրիմաժի ղեկավաների հետ, հուսանք, որ նրանք Հայ կինոյի 100 ամյակի շրջանակում Հայաստան կգան։ Դեռ կքննարկենք ու կորոշենք, թե ինչ հարթակ ստեղծենք, որպեսզի նրանք, մի քանի օր Հայաստանում գտնվելով, հանդիպումներ ունենան հայ կինոարտադրողների հետ, նրանց հետ խորհրդակցություններ անց կացնեն։ Մեր բանակցությունները երկու տարվա են, որովհետև 2024-ին էլ Փարաջանովի 100 ամյակն է լինելու. պետք է նաև Վարպետի ֆիլմերի ցուցադրությունը կազմակերպելու պայմանավորվածությունները հիմիկվանից ձեռք բերել։
Անցյալի գնահատում
Շատ երկրներ սկսել են մեծ ուշադրություն դարձնել իրենց կինոժառանգությանը. սա կարծես համընդհանուր բնույթ է կրում։ Կարծում եմ՝ պատճառն այն է, որ ժամանակի ընթացքում են ֆիլմերը գնահատվում։ Միգուցե այսօրվա ֆիլմերը, որոնք մենք հիմա այնքան էլ չենք կարևորում, տարիներ հետո ավելի արժևորվեն։ Նույն կերպ այսօր գնահատվում են անցյալի ֆիլմերը, որոնք միգուցե իրենց ժամանակին այնքան էլ չեն արժանացել ուշադրության։
Ամփոփելով ասելիքս՝ կուզեի, որ մեր երիտասարդ ռեժիսորները շատ լավ իմանան մեր կինոն, հին ֆիլմերը դիտած-ուսումնասիրած լինեն, հետո միայն իրենց կինոն նկարեն։
Բեռլին-Երևան
Պատրաստեց Նաիրա Փայտյանը