Նրանք չեն պարտվել, նրանք են միակ հաղթողները
Արցախյան պատերզմի վավերագրող, օպերատոր, ռեժիսոր Սամվել Թադևոսյանի «Խոնարհ հերոսներ» շարքը շատերին է հայտնի. յուրաքանչյուր ֆիլմ նվիրված է արցախյան պատերազմի հերոսներից մեկին։ 44-օրյա պատերազմից հետո Սամվել Թադևոսյանը սկսել է «Անմահների ժամանակը» ֆիլմաշարը, որը ներկայացնում է տարբեր գումարտակների պատմությունը՝ որտեղ են կռվել, ինչ առաջադրանք են կատարել, ինչ կորուստներ են ունեցել։
«Կամավորական շարժում» գումարտակը, որը ձևավորվել է Շուշիի առանձնակի գումարտակի հենքի վրա, մասնակցել է 44-օրյա պատերազմին։ «Անմահների ժամանակը» կինոպատումի հերթական ֆիլմը գումարտակի մասին է՝ ինչպես են տղաները զինվորագրվում, հրաժեշտ տալիս հարազատներին, գնում զինկոմիսարիատ, զինվորական համազգեստ ու զենք ստանում, նստում ավտոբուսներ և ոգևորված, ուրախ մեկնում Արցախ։ Սամվել Թադևոսյանն անձամբ է այդ կադրերը նկարել։ Ի՞նչ իմանար, որ նա իր ընկերների կյանքի վերջին ժամերն է հավերժացնում, որոնք հետո պիտի մասունքի արժեք ունենային ու դառնային հայ զինվորի մասին պատմող ֆիլմ՝ Հերոսապատում։ Փաստորեն, այդ ամբողջ նյութը պատերազմի կինովավերագրություն է դարձել՝ փաստ և վկայություն։
Պատերազմի լուրը լսելուն պես, մեկ օրում «Կամավորական շարժում» գումարտակը կազմավորվել է, ու առաջին վաշտը մեկնել է Արցախ։ Գումարտակի երկրորդ վաշտի առաջին դասակի կամավորներին նվիրված առանձին պատմություն կա։ 26 հոգուց 20-ը զոհվել է, 3-ը՝ վիրավորվել։ 20 զոհվածները նույն գյուղից էին՝ Պռոշյանից։ Նրանց հիմա էլ ասում են Պռոշյանի տղերքը։
Մարտակերտի շրջանի Վարագնաթաղ բարձունքն էին պաշտպնում «Կամավորական շարժում» գումարտակի տղաները։ Դասակին հանձնարված էր բարձունքն ամեն գնով պահել, որովհետև եթե թշնամին այդ հատվածը գրավեր, Տոնաշենը, Մարտակերտը, Եղնիկները, Մատաղիսն ամբողջությամբ կորցնում էինք։ Կամավորների ամեն մի ժամ դիմանալը հարյուրավոր արցախցու կյանք է փրկել։ Տղաներն ընդհուպ մերձամարտի են բռնվել թուրք գրոհայինների հետ։
Նրանք կյանքի գնով դիրքերը պահել են։
«2-րդ վաշտի առաջին դասակի տղներին նկարել են նաև օպերատորներ Արմեն Սերոբյանն ու Արմեն Մուշեղյանը, որոնք նույն դասակի հետ Արցախ էին գնացել՝ նաև որպես զինվոր։ Ամբողջ նյութը հանրագումարի է բերվել։ Ֆիլմում կան նաև խաղարկային, բեմադրված կտորներ, պատերազմից ողջ վերադարձածները ևս հետագա նկարահանումներին մասնակցել են։ Կան նաև համադրված կադրեր։ Մենք կարողացանք Երկրագնդի ամենաերկար՝ 750 մետրանոց Եռագույնը բերել, նկարահանել, ու այդ խորհրդանիշի շուրջն էլ կառուցվեց ֆիլմը»,- պատմեց «Անմահների ժամանակը« կինոպատումի ռեժիսոր Սամվել Թադևոսյանը։ Պատրեազմական գործողությունների կենդանի նկարահանումներ են կատարվել՝ հենց տեղում, ռազմական գործողությունների ժամանակ։
Միաժամանակ որպես զինվոր և օպերատոր պատերազմ մեկնած Արմեն Մուշեղյանն ու Արմեն Սերոբյանը և՛ կռվել են, և՛ նկարահանել դիրքերը, մարտական դասավորությունը, առօրյան, ռմբակոծությունները, պատերազմական բուն գործողությունները։ Արմեն Մուշեղյանի տեսախցիկը ռմբակոծության տակ ցրիվ է եկել, բայց նրան հաջողվել է տեսագրած նյութը փրկել։
Սամվել Թադևոսյանն արցախյան պատերազմի, մեր հերոսների սխրանքների մասին պատմող ֆիլմերը յուրօրինակ զենք է համարում, որովհետև այսօր՝ Հայրենիքն ու Հերոսներին արժեզրկելու մեր ժամանակներում, նաև այդ զենքով պետք է հայ մարդուն վերադարձնել իր հպարտությունը, մեր ժամանակների իրական Հերոսների կերպարները։
«Անմահնրի ժամանակը» ֆիլմաշարի օպերատոր Արմեն Մուշեղյանը պատմում է. «Վերջին երկու պատերազմներին նաև տեսախցիկ ու լուսանկարչական սարքեր եմ տարել ինձ հետ։ Այս անգամ էլ ձեռքիս, բնական է, զենք կար ու նաև՝ տեսախցիկ։ Այդ առումով բավականին դժվար էր աշխատելն ու միաժամանկ կռվելը»։
Որպես պատերազմի վավերագրող՝ նա ավելի շատ պատմում էր ռազմի դաշտից, իր ընկերներից, մարտական գործողություններից։ Թեժ պայքարում, երբ կողքիդ ընկրներդ են զոհվում, ու չտեսնված-չլսված մի պատերազմ է, տեսախցիկի նկարածից բացի, հիշողությանդ մեջ անջինջ դրոշմվում են դժոխային ահասարսուռ դրվագները։
28 զոհ ունեցավ գումարտակը։
«Առաջինը զոհվեց 3-րդ դասակի հրամանատար Գեղամը, հոկտեմբերի 2-ին։ Այդ օրը 9 հոգի վիրավորվեց։ Մատաղիսից դուրս եկանք, տեղափոխվեցինք Մեծ շեն։ Ամսի 3-ին 2-րդ վաշտը եկավ համալրման։ Ամսի 6-ի առավոտյան՝ հարձակման ու հրետակոծության ժամանակ, ունեցանք 24 զոհ, որից 20-ը՝ Պռոշյանի դասակից։ Երկուսը Հրազդանից էին, մեկը՝ վաշտի հարամանատարն էր՝ Մհեր Հարությունյանը, ևս երկու կամավոր առաջին վաշտի 3-րդ դասակից էին՝ Արկադի Միսկարյանը և Տիգրան Ասատրյանը։ Այդ օրը նաև 30 վիրավոր ունեցանք։
Մի պահ եղավ, որ կարող է մենք հիմա դեմ դիմաց կանգնած չլինեինք, ու ես այսքանը չպատմեի։ Բախտս բերեց, չսպանվեցի։ Տեսախցիկս շարքից դուրս եկավ. սաստիկ հրետակոծություն էր։ Լավ էր, որ չիպը պահպանվեց։ Այդպիսի հրետակոծություն ես երբեք չէի տեսել։ Մատաղիսի ջրամբարի հատվածը առավոտից հարվածի տակ էր։ Ֆիլմերում հնարավոր է տեսնել նման բան, այն էլ՝ բեմադրված, բայց իրական կյանքում դա ուղղակի անհավանական էր։ Թշնամին և նահանջի ճանապարհն էր փակում, և հակագրոհ էր կազմակերպում։ Եթե օդը փակ լիներ, պատերազմն այսպիսի վերջաբան չէր ունենա, մենք այսքան կորուստ չէինք ունենա»,- վավերագրած կադրերից զատ, որպես պատերազմի մասնակից ու վկա՝ պատմում է օպերատոր Արմեն Մուշեղյանը։
«Անմահների ժամանակը» ֆիլմի ստեղծագործական թիմն ուզում է, որ հերոս-տղերքի սխրանքների մասին հանրությունն իմանա, որ համոզվի՝ նրանք չեն պարտվել, նրանք են միակ հաղթողները։
«Իմ համակուրսեցի Մովսես Գորգիսյանն ասում էր՝ կեցցե՜ այն Հայաստանը, որը վաղն է գալու։ …Եվ նա, հաստատ, ճիշտ է»,-զրույցն ավարտեց Սամվել Թադևոսյանը։
Նաիրա Փայտյան