Ղազախստանում հունվարյան խռովությունները, Ռուսաստանի մեծամասշտաբ ներխուժումը Ուկրաինա, կորոնավիրուսի շարունակվող համաճարակը և բողոքի շարժումը Իրանում ազդեցին ինչպես այդ երկրների ներսում տեղի ունեցող գործընթացների, այնպես էլ կինոարտադրության վրա: Հոլիվուդյան խոշորագույն Warner Bros., Walt Disney, Paramount և Sony Pictures ստուդիաները կանգնեցրեցին Ռուսաստանում ցուցադրելու համար ֆիլմերի վաճառքը: Ուկրաինայում կինոսեանսները անց էին կացվում մետրոյի կայարաններում, ուր մարդիկ պատսպարվում էին հրետակոծությունից: Իրանում դեռ նախքան սեպտեմբերյան բողոքի սկսվելը ձերբակալեցին մի քանի կինեմատոգրաֆիստների, այդ թվում «Ոսկե արմավենու» դափնեկիր Ջաֆար Փանահիին:
Վավերագրական կինոն տակավին չի հասցրել արձագանքել 2022 թվականի բոլոր մարտահրավերներին, սակայն վարձույթ ելած շատ ֆիլմեր այս կամ այն չափով կանխորոշեցին վրա հասնող իրադարձությունները: «Настоящее Время»-ն ներկայացնում է 2022 թվականի գլխավոր վավերագրական ֆիլմերը:
«Դրսից» (ռեժ.՝ Օլգա Ժուրբա, Ուկրաինա)
«Դրսից»-ի գլխավոր հերոսը Եվրոմայդանի ամենաերիտասարդ մասնակիցներից մեկն է՝ ռոմական ծագում ունեցող Ռոման Սավելևը: Սաղավարտը հագին, բոցավառվող բարիկադների ֆոնին 13-ամյա պատանու լուսանկարը աշխարհն անցավ և դարձավ բողոքի խորհրդանիշներից մեկը: Տղայի հայրը մահացավ, մայրն անհետացավ: Օլգա Ժուրբան հարցնում է, թե ի՞նչ կատարվեց հերոսի հետ, երբ Կիևի կենտրոնում հրանոթները լռեցին:
Ռեժիսոր Օլգա Ժուրբան յոթ տարի շարունակ նկարահանել է Ռոմային, նրա ընկերներին, նրա ավագ եղբորը՝ Կոլյային: Արդյունքում մի սրտաճմլիկ կենսագրական ֆիլմ ստացվեց արտասովոր երիտասարդի մասին, որն, անկախ իր կամքից, ծանրագույն իրավիճակի պատանդ է դարձել: Սա նաև որբացած մանկության կարեկցական ուսումնասիրություն է: Kharkiv Meetdocs կինոփառատոնում ֆիլմը հաղթեց Ազգային մրցույթում:
«Այս անձրևը երբեք չի ավարտվի» (ռեժ.՝ Ալինա Գոռլովա, Ուկրաինա)
Սև-սպիտակ ֆիլմի գլխավոր հերոսը սիրիացի Անդրեյ Սուլեյմանն է, քրդի և ուկրաինուհու որդին, որը Դոնբաս է փախել իր հայրենիքի պատերազմից, սակայն հայտնվել է մի նոր պատերազմում: Ֆիլմը տրոհված է գլուխների, որոնցից յուրաքանչյուրում մենք դիտում ենք, թե ինչպես է Անդրեյը օգնում Կարմիր Խաչին բաժանարար գծի վրա, ինչպես է այցելում իր հարազատներին Գերմանիայում և Իրաքում և փորձում է Սիրիայում հուղարկավորել իր մահացած հորը: Արհավիրքների և դրանց դեմ մղած պայքարի, պատերազմների և ագրեսիայի, ցնցումների և արցունքների անդադրում տարափը հենց ֆիլմի վերնագրի «անձրևն» է:
Ֆիլմը արժանացել է վավերագրական ֆիլմերի IDFA կինոփառատոնի (Ամստերդամ) դեբյուտների First Appearance մրցանակին:
«Սով» (ռեժ.՝ Տատյանա Սորոկինա, Մաքսիմ Կուռնիկով, Ալեքսանդր Արխանգելսկի)
1921-1922 թվականներին ԽՍՀՄ-ում ոչպաշտոնական տվյալներով մոտ 40 միլիոն սովյալներ կային և մոտ 6 միլիոն մարդ է մահացել: Պարենի ծայրահեղ սակավություն կար Պովոլժեում, Սամարայի և Չելյաբինսկի շրջաններում, Բաշկիրիայում, Մերձուրալում և Արևմտյան Սիբիրում: Պաշտոնապես գրանցվել էին մարդակերության դեպքեր: Սովյալների փրկության գործում վճռական դեր խաղաց կապիտալիստական երկրների օգնությունը՝ Հերբերտ Հուվերի գլխավորած ARA ընկերությունը («Օգնության ամերիկյան տնօրինություն»), հետազոտող Ֆրիտյոֆ Նանսենի անձնական նախաձեռնությունը, որը օգնության համար համախմբեց ավելի քան 30 տարբեր բարեգործական ընկերություններ և բրիտանական կվակերների կրոնական ընկերությունը:
Ֆիլմում հավաքված են ԽՍՀՄ-ում սովի թեման հետազոտող պատմաբանների հարցազրույցները, փաստագրական կադրեր, լուսանկարներ և արհավիրքի ծավալը ներկայացնող պատկերներ: Ֆիլմի ստեղծողները՝ Տատյանա Սորոկինան, Մաքսիմ Կուռնիկովը և Ալեքսանդր Արխանգելսկին, միտումնավոր կերպով հրաժարվել են հեղինակային տեքստից՝ փոխարենը խոսեցրել արխիվային նյութերը: 2022 թվի նոյեմբերի 14-ին Մշակույթի նախարարությունը «տվյալ ֆիլմից բազմաթիվ բողոքների» պատճառով հետ է կանչել արդեն իսկ տրված վարձույթի վկայականը: Ֆիլմը հասանելի է «Настоящее Время. Док» յութուբյան ալիքում՝ https://www.youtube.com/watch?v=rXi3kBXMWo8
«Կապի խզում» (ռեժ.՝ Անդրեյ Լոշակ)
Վավերագիր Անդրեյ Լոշակը «Настоящее Время»-ի համար նկարահանել է ֆիլմ այն մասին, թե ինչպես է Ուկրաինայում Ռուսաստանի հրահրած պատերազմը ընտանիքներ քայքայում: Կառուցվածքն այստեղ պարզ է. աշխարհայացքային հակադիր ճակատներում գտնվող մարդկանց արտահայտվելու ասպարեզ է տրամադրվում: Հեղինակն ամենքին հնարավորություն է ընձեռում լսելու իր ընդդիմախոսը դարձած հարազատի խոսքը:
Ընդ որում, Լոշակը, առանց բռնելու որևէ կողմի դիրքը, ցույց է տալիս, թե շրջապատող իրողությունները որքանով են համապատասխանում արտահայտված համոզմունքներին: Եզրահանգումները ակնհայտորեն «Մեծ Ռուսաստանի» ջատագովների օգտին չեն: «Խզված կապերի» համար Անդրեյ Լոշակը և «Настоящее Время»-ն «Ռեդկոլլեգիա» մրցանակն են ստացել:
«Նավալնի» (ռեժ.՝ Դենիել Ռոեր, ԱՄՆ)
Ռեժիսոր Դենիել Ռոերի «Նավալնի» վավերագրական ֆիլմը նկարահանված է HBO Max-ի տեսահեռարձակման սպասարկման համար CNN Films-ի մասնակցությամբ: Գործողությունը սկսվում է Գերմանիայում, որտեղ Ալեքսեյ Նավալնին ապաքինվում էր թունավորումից հետո նախքան Ռուսաստան վերադառնալը: Ռոերը սյուժեն նախ կառուցում է որպես քաղաքական դրամա, ապա՝ որպես թրիլեր: Բացի Նավալնուց, գլխավոր հերոսներն ու մեկնաբանները Bellingcat հրատարակչության ղեկավար Խրիստո Գրոզևն է, Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի քննչական բաժնի պետ Մարիա Պևչիխը, ինչպես նաև Յուլիա Նավալնայան և Լեոնիդ Վոլկովը: Թիմը նկարահանել է մոտ 500 ժամանոց նյութ: Ռոերը կենտրոնանում է 2020 թվականի իրադարձությունների վրա և ֆիլմն ավարտում ճաղերի ետևում գտնվող Նավալնու և նրա ազատման համար պայքարի կադրերով: «Սանդենս» կինոփառատոնում՝ ֆիլմը հանդիսատեսի համակրանքի համար արժանացել է երկու մրցանակի:
«Սիրո կրակ» (ռեժ.՝ Սարա Դոսա, ԱՄՆ–Կանադա)
Ֆիլմը պատմում է ֆրանսիացի քաջ հրաբխագետներ Կատի և Մորիս Քրաֆֆտերների կյանքի և կարիերայի մասին, որոնք արդյունքում վախճանվեցին 1991 թ. Ճապոնիայում՝ Ունզեն հրաբխի ժայթքման ժամանակ:
Քրաֆֆտերը վտանգների խելահեղ որոնողներ չէին, այլ նվիրյալ հրաբխագետներ և կինեմատոգրաֆիստներ, որոնք պատրաստակամությամբ էին առերեսվում վտանգներին: Տպավորիչ բնական նկարահանումներին այստեղ հաջորդում են թոկ-շոուից կադրեր, որտեղ Մորիսը պատանեկան ոգևորությամբ և գիտական զարմանքով պատմում է իր արկածների մասին: Նա ամենայն լրջությամբ խոստովանում էր, որ իր մեծագույն երազանքն է կանոյեով նավարկել լավայի գետն ի վար: Ֆիլմը կառուցված է ասես մահվան հետ մի գրավիչ պար, որին հակադրվում է Կատիի և Մորիսի մեծագույն սերը միմյանց և հրաբուխների հանդեպ: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել «Սանդենս» կինոփառատոնում՝ հունվարի 20-ին, որտեղ և արժանացավ Ջոնաթան Օպենհեյմի անվան Մոնտաժի համար մրցանակին:
«Խարդախը «Թինդերից»» (ռեժ.՝ Ֆելիսիթի Մորրիս, Մեծ Բրիտանիա)
Netflix-ի թողարկած տարվա ամենահանրահայտ ֆիլմերից մեկը պատմում է իսրայելցի խարդախ Սայմոն Լևաևի մասին (նույն ինքը՝ Շիմոն Հայութ), որն օգտագործում էր Tinder հավելվածը կանանց զգացմունքային մանիպուլյացիայի և ֆինանսական խաբեության ենթարկելու համար:
Շիմոնն իրեն դնում է ռուս-իսրայելյան ալմաստային մագնատի տեղը և հավատացնում իր զոհերին, որ կկարողանա վերադարձնել այն հարյուրավոր հազար դոլարները, որ իրեն պարտքով տալիս էին: Հերթական սիրավեպը սկսելով՝ Հայութը ձևացնում էր, որ իր կյանքը կարող է վտանգվել անանուն թշնամիների կողմից: Մտացածին պատմությամբ ահաբեկված կանանց մեծամասնությունը բանկերից մեկ կամ մի քանի վարկեր էր վերցնում: Գումարը ստանալուց հետո նա դադարում էր զոհի հետ շփվելը և սկսում հաջորդի որոնումները: Մորիսի վավերագրական դետեկտիվն այնքան գրավիչ ստացվեց, որ Netflix հարթակը որոշեց նկարահանել այդ պատմությանը լիարժեք էկրանավորումը: «Խարդախը «Տինդերից» » ներկայացվել է Primetime Emmy Awards-ի հինգ անվանակարգերում:
«Ողջ հմայքն ու արնահեղությունը» (ռեժ.՝ Լարա Փոյթրաս, ԱՄՆ)
Օսկարակիր վավերագրող Լորա Փոյթրասը իր նոր ֆիլմում պատմում է ճանաչված նկարչուհի Նեն Հոլդինի կյանքի և ստեղծագործության մասին: Փոյթրասը ֆիլմը սկսել է նկարահանել երեք տարի առաջ, երբ Հոլդինը բողոքի ակցիա էր կազմակերպել ընդդեմ Purdue Pharma ընկերության, որն արտադրում է օքսիկոնտին ափիոնային դեղամիջոցը: Հոլդինի համար այդ ընդվզումը խորը անձնական բնույթի է: Օքսիկոնտինն ընդունելով բժշկի դեղատոմսի համաձայն, նա այդ դեղամիջոցից կախվածություն ձեռք բերեց: Նկարչուհին քիչ էր մնում լրացներ այն կես միլիոն ամերիկացիների ցանկը, որոնք մահացել են արհեստական օփիատների գերդոզավորումից:
Նկարչուհու և P.A.I.N. խմբի ակտիվիստների նպատակն էր Purdue Pharma դեղագործական ընկերության սեփականատեր Սաքլեր ընտանիքին պատասխանատվության կոչելը: Նրանք ցույցեր էին կազմակերպում աշխարհի խոշորագույն թանգարաններում՝ Մետրոպոլիտենում, Գուգենհայմում, Լուվրում, որոնցից շատերը Սաքլեր ընտանիքից խոշոր նվիրատվություններ էին ընդունում: Ի դեպ, «Ողջ հմայքն ու արնահեղությունը» նաև Հոլդինի նշանային լուսանկարների պատմությունների մասին է: Մենք իմանում ենք նրա հանգուցյալ ընկերների և Բարբարա քրոջ մասին, որոնք դեռահաս տարիքում ինքնասպան են եղել: Տասնամյակներ անց Նենը հայտնաբերում է Բարբարայի մասին գրված հոգեբուժական եզրակացությունը, որտեղ հնչում է ֆիլմի անվանման՝ «նա տեսնում է ապագան՝ ողջ հմայքն ու արնահեղությունը» արտահայտությունը:
Ֆիլմն արժանացել է Վենետիկի փառատոնի «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակին և դարձել ողջ պատմության մեջ երկրորդ վավերագրական ֆիլմը, որն արժանացել է այդ մրցանակին:
«Ավրորայի լուսաբացը» (ռեժ.՝ Իննա Սահակյան, Հայաստան)
Ֆիլմի գլխավոր հերոսուհին ամենրիկյան համր կինոյի աստղ Ավրորա Մարդիգանյանն է: Նրա ողջ ընտանիքը սպանվել է 1915-1916 թթ. Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունների ժամանակ: 14-ամյա Ավրորային հաջողվել է փախչել ԱՄՆ: Նրա փրկության պատմությունը զլմ-ների սենսացիան էր դարձել, իսկ Հոլիվուդը նրան առաջարկել էր ինքն իր դերը խաղալ «Հոգիների աճուրդը» ֆիլմում: Այդ ֆիլմը դարձել էր 1919 թ. ամենաարգասաբեր հիթը: Դրամայի վարձույթի հաջողության շնորհիվ Near East Relief ոչ կառավարական կազմակերպությունը 116 միլիոն դոլար էր հավաքել և փրկել մոտ 132 հազար որբացած հայ երեխաների կյանքերը: Երկար տարիներ ֆիլմը կորած էր համարվում, սակայն 1994-ին, Ավրորայի մահվանից մի քանի ամիս անց, գտնվեցին ժապավենի հատվածները: Վավերագրող Իննա Սահակյանը վերականգնել է Ավրորայի անհավանական պատմությունը՝ համադրելով անիմացիան, «Հոգիների աճուրդը» և հերոսուհու արխիվային հարցազրույցները: «Ավրորայի լուսաբացը» ներկայացվել էր բազմաթիվ կինոփառատոններում, որոնց մեջ Անսիի անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնն է և IDFA-ն: Ֆիլմն արժանացավ «Արծաթե ծիրանի»՝ «Ոսկե ծիրան» երևանյան կինոփառատոնում և Հայաստանի կողմից ներկայացվեց «Օսկարի»:
«Փշե տունը» (ռեժ.՝ Սայմոն Լերենգ ՎիլմոնտԴանիա–Ուկրաինա)
«Փշե տունը» նկարահանված է Լիսիչանսկում, այն երեխաների մանկական ապաստարանում, որոնց ծնողները ի վիճակի չեն կատարել իրենց ընտանեկան պարտականությունները՝ ի՞նչ իմանաս՝ ալկոհոլիզմի՞, թե՞ ընտանեկան բռնության պատճառով: Երեխաներն ապաստարանում են ապրում մինչև ինն ամիս, այնուհետև կամ վերադառնում են ծնողների մոտ, կամ հայտնվում մանկատանը, կամ որդեգիր ընտանիքում: Թեպետ, ֆիլմը ոչ մի դեպքում նման չի «չեռնուխա» կոչվածներին: Սա, ավելի շուտ, թախիծով և ուրախությամբ ներծծված հուզիչ ինտիմ պատմություն է կյանքի մասին, որը շարունակվում է ի հեճուկս բոլոր դժբախտությունների:
Իր դիտողականությամբ հանդերձ՝ Վիլմոնտին հաջողվում է կադրի մեջ ներդնել այնքան գեղեցկություն և քնքշանք, որ ամբողջ ֆիլմը, առանց դույզն ինչ մելոդրամայի ակնարկի, ասես սիրո խոստովանություն լինի հերոսներին և հերոսուհիներին:
Այն դանիացի ռեժիսոր Սայմոն Լարենգ Վիլմոնտի՝ Ուկրաինայում նկարահանած առաջին ֆիլմը չէ: 2018-ին նա առաջին անգամ հանդես եկավ ոչխաղարկային «Հեռվում շների հաչոցը» “Лай собак вдалеке” ժապավենով, որի գլխավոր հերոս 10-ամյա Օլեգը տատիկի հետ ապրում է Գնուտովո գյուղում Մարիուպոլից ոչ հեռու, մշտական հրետակոծությունների տակ: Այդ ֆիլմը դարձավ Եվրոպական կինոակադեմիայի մրցանակի թեկնածու և հայտնվեց «Օսկարի» կարճ ցուցակում (short liste):
«Նելին և Նադինը» (ռեժ.՝ Մագնուս Հերթեն, Շվեդիա)
«Նելին և Նադինը» ֆիլմը պատմում է Ռավենսբրյուկի համակենտրոնացման ճամբարում միմյանց հանդիպած երկու կանանց սիրո մասին: Երկուսն էլ հրաշքով ողջ են մնացել: 1947 թ. նրանց հաջողվել է կրկին միավորվել, և այդ պահից կանայք չեն բաժանվել և մնացած կյանքը միասին են անցկացրել: Երկար տարիների ընթացքում նրանց սերը գաղտնի էր անգամ ամենամոտիկ ազգականների համար: Նրանցից մեկի, թոռնուհի Սիլվիի հետ է հանդիպում ֆիլմի ռեժիսոր Մագնուս Հերթենը: Անձնական արխիվների միջոցով նրանք վերականգնում են տատիկի տառապանքների ճանապարհը և պատմում այդ երկու կանանց սիրո պատմությունը: Վավերագրողը առաջին անգամ չէ, որ շոշափում է Հոլոքոստի թեման: «Ամեն դեմք անուն ունի» և «Հույսի նավահանգիստ» իր նախորդ ֆիլմերում նա հետազոտել է պատերազմից հետո համակենտրոնացման ճամբարներից Շվեդիա վերադարձածների ճակատագրերը:
Թարգմանությունը՝ Լիլիթ Սարգսյանի