Յուրաքանչյուր ժողովուրդ ունի իր «Բաղնիքդ անուշը»
Հետխորհրդային տարածքի ժողովուրդների, խորհրդային ժամանակների կամ խորհրդային ժառանգության հետ առնչված մարդկանց համար Նոր տարին դժվար է պատկերացնել առանց «Բաղնիքդ անուշ» կամ «Ճակատագրի հեգնանքը» կինոնկարի։ Այն հեռավոր այդ ժամանակների կինոարվեստի «Ոսկե ֆոնդի» այլ ֆիլմերի հետ այն հանդիսանում է Ամանորին յուրահատուկ «համ ու հոտ» հաղորդող բաղադրիչներից մեկը։ Սակայն, պարզվում է, որ շատ ժողովուրդներ ունեն իրենց «Բաղնիքդ անուշը»։
Մեծ Բրիտանիա
Մեծ Բրիտանիայում «Բաղնիքդ անուշի» ուղղակի անալոգը ամերիկյան «Այս հիասքանչ կյանքը» կինոնկարն է (1946 թ. ռեժիսոր Ֆրենկ Կապրա)։ Կինոնկարն արժանացել է «Օսկարի» միանգամից հինգ անվանակարգերում և այն ցուցադրում են մի քանի հեռուստակայաններով։ Ինչպես նկատել է հայտնի կինոքննադատ Ռոջեր Էբերտը. «Այս հիասքանչ կյանքը» ժամանակներից դուրս է, և մշտապես ջերմացնում է մարդկային սրտերը։ Այս կինոնկարը իրապես ժամանակի փորձությունը բռնած ժապավեն է և պահպանողական բրիտանացիները Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոնական օրերին մեկ անգամ չէ, որ դիտում են այն։ «Այս հիասքանչ կյանքը» բրիտանացիների համար գտնվում է Չարլզ Դիքենսի «Սուրբ Ծննդյան երգի» հետ նույն հարթակում։ Բացի սա, բրիտանացիները շատ են սիրում Ռիչարդ Քյորթիսի «Իրական սերը»։ Սուպերաստղային կինո-ալմանախը միանգամից մի քանի պատմություն է ներկայացնում, սակայն ուղերձը մեկն է՝ «Սերն ամենուր է»։ Շատերի համար կյանքի ուղենիշ հանդիսացող այս կինոնկարում հանդես են եկել Լիամ Նիսոնը, Հյու Գրանտը, Բիլ Նային, Քոլին Ֆերթը, Կիրա Նայթլին և այլ արտիստներ։ Հայտնի է, որ 2004 թվականին «Իրական սերը» Մեծ Բրիտանիայում DVD-վարձույթում գրավել է առաջին տեղը։
Ամերիկայի միացյալ նահանգներ
Միացյալ նահանգներում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին կուլտային են «Այս հիասքանչ կյանքը», որի մասին արդեն նշեցինք, «Միայնակ տանը» և «էլֆը» կինոնկարները։ Վերլուծաբանները նշում են, որ «Միայնակ տանը» և «Էլֆը» կինոնկարները համապատասխանաբար համարվում են ամենասիրելի ֆիլմերը ամերիկյան միանգամից 9 և 8 նահանգներում։ Պատկերացնելու համար, թե ամերիկացիների համար որքան սիրելի է «Էլֆը» կինոնկարը, նշենք, որ 2013 թվականին կինոնկարի գլխավոր հերոս Վիլ Ֆերելին առաջարկում են 29 միլիոն դոլար սիքվելում նկարահանվելու համար։ Ֆերելը, սակայն, հրաժարվում է։
Գերմանիա
Գերմանիայում էլ Սուրբ Ծննդյան տոների ամենասիրված կինոնկարը «Իննսուներորդ տարեդարձ կամ Ընթրիք մեկ անձի համար»-ն է։ Կինոնկարի ռեժիսորը Հայնց Դունքհազեն է։ Այն կարճամետրաժ կինոնկար է։ Տևողությունը՝ 18 րոպե է։ Նկարահանվել է 1963 թվականին։ Նախապես այս կինոնկարը ցուցադրել են ամռանը։ Կինոնկարը մեծ հաջողություն է ունենում և ներառվում է գերմանական հեռուստատեսությունների ամանորյա ծրագրերում։ Այն հեշտ հասանելի է։ Սև ու սպիտակ այս կինոնկարը մինչեւ հիմա էլ ցուցադրում են գերմանական հեռուստատեսային կայաններում և գերմանացիները շարունակում են սիրով դիտել այն։ «Մեկ անձի համար ընթրիքը» հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես ամենից հաճախ ցուցադրվող կինոնկար։ 1999 թվականին կինոնկարը փորձել են դարձնել գունավոր, սակայն հեռուստադիտողները բողոքել են և կինոնկարին վերադարձվել է նախնական՝ սև ու սպիտակ տեսքը։ Բացի Գերմանիայից, այս կինոնկարը բավականին հաճախ ցուցադրվում է նաև՝ Շվեյցարիայում, Ֆինլանդիայում, Ավստրիայում, Դանիայում և Նորվեգիայում։
Ավստրիա
Ավստրիայում Սուրբ Ծննդյան և Ամանորի տոները դժվար է պատկերացնել առանց «Թրափների ընտանիքի»։ Այն նկարահանվել է 1956 թվականին։ Այս կինոնկարն ունի իր ամերիկյան «նմանակը»՝ «Երաժշտության հնչյունները», որի գործողությունները տեղի են ունենում ավստրիական Զալցբուրգ քաղաքում՝ Երկրորդ աշխարհամարտի նախաշեմին։ Կինոնկարի հիմքում իրական անձ Մարիա ֆոն Թրամփի կյանքի պատմությունն է։ Ի դեպ, ավստրիացիները չեն սիրում «Երաժշտության հնչյունները» համարելով, որ ամերիկյան տարբերակում իրական դեպքերը չափազանց աղճատված են։ Նշենք, որ «Թրափների ընտանիքն» ունի նաեւ իր սիքվելը՝ «Թրափների ընտանիքն Ամերիկայում», սակայն վերջինս լայն ճանաչում չի գտել։
Ֆրանսիա
Ֆրանսիայում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների ընթացքում սիրում են դիտել «Ձմեռ պապը «զիբիլի» մեկն է» կինոնկարը (Le père Noёl est une ordure)։ 1982 թվականին նկարահանված Ժան-Մարի Պուարեի այս կինոնկարը դիտելիս այնպիսի տպավորություն է, որ Ֆրանսիայում բոլոր խելագարները որոշել են միասին դիմավորել Նոր տարին։ Գրոտեսկային կատակերգություն հանդիսացող այս կինոնկարը սիրում են հատկապես «սեւ հումորը» գնահատողները։ Ի դեպ, կինոնկարը եվրոպական հասարակության կողմից այնքան է սիրվել, որ այն տեղափոխվել է Ատլանտիկայի մյուս ափ՝ Միացյալ Նահանգներ։ 1994 թվականին թողարկվել է վերջինիս ամերիկյան տարբերակը, որում գլխավոր հերոսին մարմնավորել է Ստիվ Մարտինը։ Սակայն Միացյալ Նահանգներում «Ձմեռ պապը» ձախողվել է։ 15 միլիոն դոլարանոց բյուջե ունեցող կինոնկարը կարողացել է հավաքել միայն 6 միլիոն դոլար շահույթ։
Իտալիա
Իտալիայում ունեն Սուրբ Ծննդյան տոնական արձակուրդների իրենց սիրած կինոնկարը, որը նման է ֆրանսիականին։ Կրկին թեթեւ կատակերգություն՝ անհեթեթ իրավիճակների մասին։ Խոսքը «Սուրբ Ծննդյան արձակուրդներ» կինոնկարի մասին է, որը թողարկվել է 1983 թվականին։ Ռեժիսորը Կառլո Վանցինին է։ Ի դեպ, իտալական կինոարվեստն ունի հատուկ եզրույթ՝ «cinepanettone», որով նշվում են բոլոր այն իտալական կատակերգական կինոնկարները, որոնք նախատեսված են Սուրբ Ծննդյան շրջանի դիտման համար։ Ավանդույթը ձևավորվել է հենց 1983-ին՝ «Սուրբ Ծննդյան արձակուրդների» թողարկմամբ։ Ներկայումս իտալական կինոյում հաշվվում են այս շարքի 18 սերիաներ։
Ավստրալիա
Ավստրալիայում Սուրբ Ծննդյան և Ամանորի շրջանում, բնականաբար ձյուն չկա։ Չկան նաեւ տոնածառեր։ Սակայն տոնը ինչ որ կերպ պետք է նշանավորել, տոնել։ Արդյունքում՝ հնարամիտ ավստրալացիները զարդարում են մացառները Սուրբ Ծննդյան տոների ժամանակ։ Այդպես էլ կոչվում է՝ Bush Christmas (bush – թփուտ, կամ մացառուտ, Christmas – Սուրբ Ծնունդ)։ «Սուրբ Ծնունդը՝ մացառուտում»։ Հենց այսպես էլ կոչվում է ավստրալացիների ամենասիրած Սուրբ Ծննդյան կինոնկարը։ Այն թողարկվել է 1983 թվականին։
Պատրաստեց Արամ Յանինը