Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Կրեմլում մի լավ ուրախացել են «Չեբուրաշկա» ֆիլմի  հեղինակների հետ։ «Չեբուրաշկան» դարձել է ամենից շատ հասույթ ապահոված կինոնկարը ռուսական կինովարձույթում․ կինոթատրոններում ցուցադրության առաջին մեկուկես շաբաթվա ընթացքում «Չեբուրաշկան», որը պատմում է դեռ մանկությունից մեզ ծանոթ «մեծականջ» հերոսի մասին, հավաքել էր ավելի քան 3,85 միլիարդ ռուբլի։ Այս ցուցանիշով նա առաջ էր անցել «Ճորտը» կինոնկարից, որը կինովարձույթում կարողացել էր հավաքել 3,8 միլիարդ ռուբլի։

«Ցավոք, դեռ հնարավորություն չենք ունեցել դիտելու, սակայն մենք ուրախանում ենք այդ կինոնկարի հեղինակների հետ։ Ասում են, որ շատ լավ ֆիլմ է»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Նշենք, որ Դմիտրի Պեսկովը հանդիսանում է ՌԴ նախագահի խոսնակը, և նա կարող է խոսել  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անունից։ Սովորաբար, Պեսկովը հազվադեպ է կինոնկարների մասին մեկնաբանությունններ անում։

Ահա դրանցից մի քանիսը․

-Շատ լավ և որակյալ կինոնկար է՝ նկարված Սթոունի ոճով։ Փայլուն սցենար է, և որ ամենակարևորն է՝ այն կարելի է գործնականում համարել վավերագրական։ Հիանալի հնարավորություն է ստեղծում բոլոր նրանց համար, ովքեր ուզում են իմանալ իրականությունը, թե ինչպես է եղել ամեն ինչ։ Լավ կլինի դետել ֆիլմը։ Հատկապես, իհարկե, ցանկալի է, որ այն դիտման երաշխավորվի նաև Եվրոպայում ու ԱՄՆ-ում (Դմիտրի Պեսկովը՝ Օլիվեր Սթոունի «Սնոուդեն» կինոնկարի մասին, 2016 թ․ սեպտեմբեր

Պեսկովը Յուրի Դուդի «ՄԻԱՎ-ը Ռուսաստանում՝ համաճարակ, որի մասին չեն խոսում» կինոնկարի մասին  2020 թվականի փետրվարին ասել է․ «Այո՛, ես դիտել եմ այն։ Լավ կինոնկար է»։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, ապա վերջինս, ըստ իր իսկ խոսքերի, սիրում է հայրենասիրական կինոնկարներ՝ նկարահանված «դասական սյուժեով», ինչպիսին օրինակ՝ Սերգեյ Բոնդարչուկի «Պատերազմ և խաղաղությունն» է։ Ժամանակակից ռուսական բազմասերիանոց կինոնկարների՝ սերիալների հանդեպ Ռուսաստանի նախագահն անտարբեր է։ 2014 թվականին ռուսական սերիալները Պուտինը որակել է որպես «ոչ այնքան լավ»՝ նկատելով, որ ռուսական սերիալների որակը պետք է բարելավվի։ Պուտինը նաև քննադատել էր, որ ռուսական սերիալներում ցուցադրում են ««ռաբիսացած» ոստիկանների, և այս երևույթը համարել էր արևմտյան կինոփառատոնների կողմից կինոստեղծողների առաջ դրված պահանջներից մեկը։

Ներկայացնում ենք մի շարք կինոնկարների մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի արտահայտած որոշ տեսակետներ․

-Շատ լավ կինոնկար է։ Սպորտի մասին նման բաներ անելը դժվար է։ Մեզ հաջողվեց։ Կինոնկարը կգտնի իր դիտողին սպորտի սիրահարների ու նրանց շրջանում, ովքեր հպարտանում են մեր երկրի ձեռքբերումներով (Պուտինը՝ «Լեգենդա №17» կինոնկարի մասին, 2013 թ․ ապրիլ

-Այն, ինչ տեսա, տպավորիչ էր ու գրավիչ։ Ինձ թվում է, որ մարդիկ այն կդիտեն հետաքրքրությամբ։ Եվ գաղափարն էլ ինքնին լավն էր («Լեգենդ «Կոլովրատի» մասին» կինոնկարի մասին, 2016 թ․ նոյեմբեր

-Անկասկած, մեր պատմության կարևոր փուլերից մեկի մասին է։ Իհարկե, այն հեղինակների և արտիստների կողմից մատուցվում է այնպես, ինչպես դուք եք դա զգում։ Վլադիմիր Ռոստիսլավովիչ Մեդինսկին՝ որպես պատմաբան, անշուշտ կասի, որ կան հարցեր, որոնք մասնագիտական տեսանկյունից կարելի է վիճարկել։ Սակայն այս կինոնկարը վավերագրական կինոնկար չէ, այլ գեղարվեստական։ Ուստիև վստահ եմ, որ նման բաներ պետք են։ Անխոս, ֆիլմը հետաքրքիր էր։ Հաճույքով կդիտեմ ևս մեկ անգամ ( «Վիկինգ» կինոնկարի մասին, 2016 թ․ դեկտեմբեր

-Շատ շնորհակալ եմ կինոնկարի համար ( Պուտինը ասել է «Վերընթաց շարժում» կինոնկարի մասին, 2018 թ․հունվար)։ Ուշագրավ է այն, որ Պուտինն այնուհետև խոստովանում է, որ կինոթատրոն չի գնացել, այլ «այն դիտել է ֆլեշկայից»։

-Ըստ իս՝ շատ տաղանդավոր կերպով է նկարահանված, արտահայտիչ ու դյուրահաս։ Կինոնկարը հասնում է այնտեղ, որտեղ էլ ստեղծողները ցանկացել են՝ ուղիղ սրտին («Սահման» կինոնկարի մասին, 2018 թվականի հունվար

Դմիտրի Մեդվեդև

Ռուսաստանի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևն իր կինոնախընտրությունների մասին հազվադեպ է արտահայտվել, թեև մասնակցել է «Ամանորյա հանդիսության» սերիաներից մեկին։ Այս առնչությամբ նա մասնավորապես ասել է․ «Կարող եմ ասել, որ իմ մասնակցությունը վնասակար չի եղել»։ Մասնակցությունն այնքան էլ բարդ չէր։ Կինոժապավենի ստեղծողներն օգտագործել են համակարգչային գրաֆիկա, որպեսզի սյուժեի համար նկարահանեն Մեդվեդևի ֆիգուրը, իսկ նախկին նախագահը կինոնկարի համար հատուկ արտասանել է հետևյալ խոսքերը․ «Ձմեռ Պապիին հավատա, ու հանկարծ սխալներ չանես»։

Երբ Մեդվեդևը հանդիպել է Առնոլդ Շվարցենեգերին, մեջբերել է նրա հայտնի «I’ll be back» արտահայտությունը, որից պարզ է դառնում, որ նա հանդիսանում է երկրորդ «Տերմինատորի» երկրպագուն։ Արդեն որպես ՌԴ վարչապետ՝ Մեդվեդևն արտահայտվել է սերիալներ դիտելու իր փորձառության մասին․«Ես, իհարկե, սերիալներ հազվադեպ եմ դիտում, սակայն եթե Դուք նկատի ունեք, այսպես կոչված, «Տնային կալանքը», ապա ես իրականում այդ սերիալի 1-2 սերիա եմ նայել․ այնտեղ հաստատ կարող եք գտնել ճանաչված կերպարներ,սակայն որոշ բաներ ուղղակի ծիծաղելի են»։

ԽՍՀՄ-ում մեծ ուշադրություն են դարձրել կինոարտադրանքի ստեղծմանը՝ ձգտելով կառուցել «սեփական Հոլիվուդը»։

Իոսիֆ Ստալին

Իոսիֆ Ստալինի՝ 1924 թվականին Կոմունիստական կուսակցության համագումարում ունեցած ելույթից հատված․ «Կինոն զանգվածային քարոզչության մեծագույն միջոցներից է։ Խնդիրն այն մեր ձեռքը վերցնելն է»։

Ստալինը կինո շատ է սիրել, բարձր է գնահատել կինոարվեստը, կինոարտադրությունը պահել խիստ վերահսկողության ներքո, նույնիսկ գրել արձագանքներ այս կամ այն կինոնկարի վերաբերյալ։ Այսպես, 1932 թվականին նա դիտել է ամերիկյան «Տարզան՝ մարդ-կապիկը» կինոնկարը։ Ժապավենը նրան շատ է դուր եկել։ Եվ այդ կինոնկարի մասին նա ասել է․«Այն ֆիլմ է մի մարդու մասին, որը դրամատիկական աշխարհի սարսափներից փախչում է ջունգլի, ուր  և ձեռք է բերում ազատություն ու երջանկություն»։

Ստալինի ժամանակակիցներն իրենց հուշագրություններում նշել են, որ նրա սիրած կինոնկարներն են եղել «Չապաևը», «Ուրախ տղաները», «Նոր Գուլիվերը», «Վերջին դիմակահանդեսը» և «Վոլգա-Վոլգան»։

Նիկիտա Խրուշչով

Նիկիտա Խրուշչովն այսօր ասոցացվում է խորհրդային պատմության, այսպես կոչված, «Ձնհալի ժամանակաշրջանի» հետ։ Խորհրդային ժամանակների լեգենդներից մեկի համաձայն՝ «Շերտավոր ուղերթ» ֆիլմը 1961 թվականին ստեղծվել է հենց Խրուշչովի շնորհիվ։ Բանն այն է, որ 1959 թվականին Մոսկվա էր այցելել Նեպալի թագավորը, որը Խրուշչովի հետ կրկես էր գնացել։ Այնտեղ երկու առաջնորդները հիացել էին վագրերի կենդանավարժ Մարգարիտա Նազարովայի ելույթով, և դրանից հետո էլ «Մոսֆիլմը» սկսել էր հայտնի կինոնկարի նկարահանման աշխատանքները։ Իսկ ահա «Կռուկներն են թռչում» կինոնկարը Խրուշչովին դուր չի եկել։ Նա Տատյանա Սամոյլովայի մարմնավորած հերոսուհուն անվանել է «թեթևաբարո կին», իսկ սյուժեն՝ «գաղափարապես քննադատության չդիմացող»։ Այս հանգամանքը, սակայն, չի խանգարել, որ «Կռունկները թռչում են» կինոնկարը Կաննի կինոփառատոնում «Ոսկե արմավենի» նվաճի։

Լեոնիդ Բրեժնև

Խորհրդային հաջորդ առաջնորդ Լեոնիդ Բրեժնևը կինոաշխարհի ներկայացուցիչների կողմից հիշվել է որպես մի ղեկավար, որը հաճախ է այս կամ այն կինոնկարը բառացիորեն փրկել իր ենթակաների «գրաքննության մկրատից»։ Այսպես, Պետկինոյում խիստ քննադատության են ենթարկել «Կարմիր բռինչ» («Калина красная») ֆիլմի սյուժեն։ Սակայն կինոնկարը տարել են Բրեժնևի ամառանոց, որ վերջինս դիտի ու կարծիք ասի։ Լեոնիդ Իլյիչը, ասում են, դիտել է կինոնկարը, նույնիսկ՝ հուզվել։ Այդպես կինոնկարը փրկվել է։ Նմանատիպ պատմություն կա՝ նաև «Կովկասի գերուհու» հետ կապված։ Որոշ դրվագների պատճառով կինոնկարը որակել են անբարո և հակախորհրդային։ Բրեժնևին, սակայն, այն դուր է գալիս, և նա բազմիցս դիտել է ֆիլմը, սյուժեն իմացել է անգիր, «Կովկասի գերուհին» էլ համարել «խորհրդային կինոարվեստի հաղթանակը»։ «Ամառանոցային դիտումներից» հետո «Կովկասի գերուհին», «Ադամանդե ձեռքը» «Հաջողության ջենթլմենները» ֆիլմերի համար «կանաչ լույս» է վառվել։

Միխայիլ Գորբաչով

ԽՍՀՄ վերջին ղեկավար Միխայիլ Գորբաչովի կինոնախասիրությունների մասին հայտնի է հետևյալը․ լրագրող Բրեդ Դյուքսը 2014 թվականին հրատարակել է Դևիդ Լինչի հայտնի «Թվին Պիքս» սերիալի մասին գիրք, որում բերված են Spelling Entertainment Inc հեռուստաընկերության նախկին ղեկավար Ջուլս Հայմովիթցի հիշողությունները։ Ըստ նրա՝ Միխայիլ Գորբաչովը փորձել է իր ամերիկացի գործընկեր Ջորջ Բուշ Ավագի միջոցով պարզել, թե ով է ի վերջո սպանել սերիալի հերոսուհի Լորա Պալմերին։ Դրանից անմիջապես հետո Հայմովիթցին զանգել են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ու խնդրել Լինչից իմանալ հարցի պատասխանը։ Սակայն, երբ ՀԸ ղեկավարը կապ է հաստատել ռեժիսորի հետ, վերջինս չի կարողացել պատասխանել այդ հարցին։

Աղբյուր

Պատրաստեց՝ Արամ Յանինը