Արմատների հետ կապը գոյաբանական կարևոր պահանջմունք է
Ասում են՝ ռեժիսոր Հենրիկ Մալյանն ամենաշատը հենց «Հայրիկ» ֆիլմն էր սիրում, քանի որ նրա կերպարում այլ տեսակ խեղճություն կար։ Մյուս կողմից՝ նա ուժեղ է, քանի որ պատրաստ է թեկուզ դժբախտ լինելու հաշվին ամուր պահել իր համար ամենաթանկը՝ ընտանիքը։
Հոգեբանական գիտությունների թեկնածու Աննա Առաքելյանի հետ փորձել ենք զուգահեռներ անցկացնել ներկայի ու անցյալի միջև՝ հիմք ընդունելով 1972 թվականին էկրանավորված այս ֆիլմի գաղափարները։
Հասկացված լինելը
«Հասկացված, առանց քննադատության ընդունված լինելու ցանկությունն անձի սոցիալական կարևոր պահանջմունքներից է»,- ասում է Աննան։ Ֆիլմի տարբեր դրվագներում նմանատիպ կոնֆլիկտ տեսնում ենք գրեթե բոլոր հարաբերություններում ՝ պապի ու հայրիկի, հայրիկի ու զավակների, ամուսնու և կնոջ միջև և այլն։ Պապը մեղադրում է որդուն՝ վատ հայր լինելու ու զավակների դաստիարակության հարցում թերանալու մեջ, կինը մեղադրում է ամուսնուն՝ վճռականություն չցուցաբերելու համար և այսպես շարունակ։ Ֆիլմում ակնհայտ է նաև նույն ընտանիքում դաստիարակության ոճերի տարբերությունը։ Մայրը կարծում է, որ երեխայի կյանքը դասավորելը հոր խնդիրն է, իսկ հայրը, ընդհակառակը, կողմ է զավակներին ինքնուրույնություն տալուն։ Ի վերջո, ի՞նչ է տեղի ունենում։ Հոգեբանի կարծիքով՝ բոլոր ժամանակներում էլ զավակների փոխարեն որոշումներ կայացնելը հանգեցնում է նրանց ազատության սահմանափակման, պատասխանատվության և ինքնուրույնության թուլացման, սեփական գործողությունների համար պատասխանատվության գիտակցման բացակայության: Իրական ազատությունը ենթադրում է պատասխանատվության բարձր մակարդակ: Եվ երբ երիտասարդների խելամիտ, իրենց տարիքի սահմաններում օրինաչափ ինքնուրույնությունը սահմանափակվում է, ստանում ենք մոտավորապես հետևյալ պատկերը՝ մեծահասակները ցանկանում են, որ երեխաները լողալ սովորեն, սակայն նրանց ջուրը մտնել չեն թողնում։
Մեծ ընտանիքը՝ մի սեղանի շուրջ
Այսօր մեծ ընտանիքներ հազվադեպ են հանդիպում, առավել ևս քիչ են իրար գլուխ հավաքվելու առիթները։ Մասնագետը նկատում է՝ հայկական ընտանիքներում միշտ կարևոր, արարողակարգային ավանդույթ է եղել ողջ ընտանիքով սեղան նստելը: Այսօր մարդիկ հենց իրենք են խոստովանում, որ դա հեշտ բան չէ։ Ամեն մեկը ճաշում է իրեն հարմար միջավայրում՝ դրսում, համակարգչի կամ հեռախոսի դիմաց։ Այս երևույթը երիտասարդների պարագայում սովորաբար հանգեցնում է ծնողների քննադատության, վրդովմունքի։ Բայց դա իր բացատրությունն ունի․ ծնողն էլ իր երեխաների հետ շփվելու, նրանց հետ ժամանակ անցկացնելու, նրանց մտերմությունն ու ջերմությունը զգալու կարիք ունի:
Այս համատեքստում երեխաներին մեղադրելը միանշանակ սխալ է, քանի որ մեր օրերում զբաղվածությունն ավելացել է, ու դա էլ մի պատճառ է, որ քչացել են զրույցները, շփումը։ Ի պատասխան հարցին՝ միգուցե շփման ձևն է փոխվել, և մարդիկ ավելի ազատ, վստահ և անկաշկանդ են վիրտուալ տիրույթում, Աննան հավելում է․ «Հասարակական կյանքը փոխվում է, մենք չենք կարող հետ մնալ: Անձը զարգանում է՝ հասարակության առաջարկած պահանջներին ու հնարավորություններին համապատասխան, բայց կարևոր է նաև մարդկային պահանջմունքների և արտաքին պահանջների համադրումը, դրանց հավասարակշռումը»։
Նրա համոզմամբ՝ այսօր ևս ամուսնաընտանեկան կոնֆլիկտներով ընտանիքներում փոխհարաբերությունների հիմքում չպարտվելու ցանկությունն է․ կան մրցակցություն, եսասիրական միտումներ, սեփական սխալները գիտակցելու և դրանք շտկելու հասունության պակաս, տալու և ստանալու ներդաշնակության խաթարում: Առողջ համագործակցության, փոխադարձ զիջման ու ներման գաղափարները պակասել են, ավելի հաճախ հանդիպում ենք անհանդուրժողականության դրսևորումներ: Նույնիսկ որոշ դեպքերում ընտանիքը՝ որպես բարձրագույն արժեք, կորցնում է իր նշանակությունն ու նշանակալիությունը, մարդիկ վախենում են միավորման և միության գաղափարից, լինում է վստահության պակասի խնդիր: Դիմացինի բարօրության մասին հոգալու գաղափարը մղվում է հետին պլան։ Այս առումով հուզիչ է հատկապես ֆիլմի այն տեսարանը, երբ հայրիկը սպասում է ծննդատան բակում պատուհանից հարսին տեսնելուն։ Սա ընտանիքի՝ որպես հասարակության բջջի, միասնության ու ցեղի շարունակության կարևոր ու հզոր հաղորդագրություն է։
Անցյալը՝ որպես ինքնության վկա
Ֆիլմում պապը հպարտությամբ ընտանիքին է ներկայացնում իր ֆիդայի նախնիների լուսանկարն ու երգում «կորած երգը», որը «բերել» է Արևմտյան Հայաստանից։ Այն, ինչ պապի համար գոյաբանական արժեք ունի, նույն կերպ չեն ընկալում թոռները։ Նրանք այլ կյանք են ապրում, այլ բարքեր ունեն։ Պապի պարտադրած «ցեղի պատիվը», որը խաթարվում է անծանոթ աղջկա՝ Մայայի հայտնվելով, նրանց համար ծանր բեռ է դառնում։ Ուրեմն որքանո՞վ է արդյունավետ նրանց պարտադրել՝ ուսումնասիրել իրենց անցյալը։ «Արմատների հետ կապը գոյաբանական կարևոր պահանջմունք է։ Մարդը կարիք ունի իր արմատները ճանաչելու և դրանով իսկ աշխարհի մաս կազմելու»,- ասում է հոգեբանն ու մատնանշում այն փաստը, որ չնայած ֆիլմում ներկայացվող սերունդների բախման խնդրին՝ զավակները կարևորում են տան մեծի գոյությունը, իրենց շրջապատում պատմում նրա և իրենց նախնիների մասին։
Աննայի խոսքով՝ մեր ժամանակներում էթնիկական ինքնագիտակցության ձևավորման հարցերն ու խնդիրները առանձնակի ուշադրության են արժանանում։ Սոցիալական, քաղաքական, տնտեսական արդի մարտահրավերները նորովի են ազգում միջէթնիկական փոխհարաբերությունների, միջմշակութային հաղորդակցման վրա։ Աշխարհի մաստշտաբով արագ փոփոխությունների պայմաններում արդիական է դառնում նոր սերնդի ազգային ինքնագիտակցության և դրա տարբեր բաղադրիչների, հատկապես՝ կոգնիտիվ մասի ձևավորման հարցը։ Այն ենթադրում է սեփական էթնիկական խմբի առանձնահատկությունների մասին գիտելիք, պատկերացումներ, այդ էթնոսի անդամ լինելու գիտակցում: Հնարավոր է, որ կոգնիտիվը երբեմն զիջի հուզական բաղադրիչին, այսինքն՝ մարդը չունենա իր ինքնության մասին բավականաչափ տեղեկություն, բայց բարձր գնահատի իր էթնիկական խմբի որակները, ուրախանա՝ դրա մասը լինելու համար։
Ըստ էության՝ ֆիլմում պապը հենց սրա մասին է խոսում։
Առնականության ձևավորման խնդիրները
Ինչպես 50 տարի առաջ, այնպես էլ այսօր տղա երեխայի կերպարն ընկալվում է՝ որպես ցեղի շարունակության գործոն։ Տղամարդկության, առնականության գաղափարները ֆիլմում հատուկ շեշտված են։ Հայրիկը խրատում է որդուն, այնպես ինչպես ինքն է սովորել՝ «սիրի՛ր տղամարդու պես», «տղամարդը պիտի կնոջը առաջ թողնի, նայի արծվի պես, որ ոչ ոք չդիպչի, ծուռ չնայի»։
Հոգեբանի դիտարկմամբ՝ այսօրվա իրականության մեջ տղամարդկանց ու կանանց կերպարների հոգեբանական բնութագրերի, դիմանկարների փոփոխություն կա։ Կանայք ստանձնել են ակտիվ ու գործնական գործառույթներ․ այդ հնարավորությունը և պահանջը միաժամանակ ստեղծել է հասարակությունը։ Դրան զուգահեռ՝ մենք որոշ դեպքերում տեսնում ենք տղամարդկանց դերի արժեզրկում, թուլություն, անպատասխանատվություն, իրական տղամարդկային վարքի գործառույթների թույլ գիտակցում և անբավարար իրացում:
Ընդհանուր առմամբ՝ տղա երեխայի՝ որպես ցեղի շարունակողի «սիմվոլիզմը», հիմնային գաղափարը պահպանվել է, սակայն էականորեն փոխվել է մոտեցումն աղջիկ երեխաների հանդեպ։
Երջանկության ընկալումը
«Երջանիկ եմ, բայց դժբախտ»՝ ընկերոջ առջև սիրտը բացում է հայրիկը։ Պատճառը պարզ է՝ մեծ ընտանիքը, որը մեծ հոգս է ենթադրում։ Մյուս կողմից՝ հայրիկը լավ հասկանում է, որ իրականությունից փախուստ չկա, ինքն այդ ընտանիքի հիմնասյունն է։ Հետաքրքիր մտորումներ ունի հայրիկի ամենափոքր զավակը՝ Ռուբենը։ Նրա հարցադրումներով մենք մի պարզ պատասխան ենք ստանում՝ նոր ընտանիք հնարավոր է ստեղծել՝ միայն նախորդից հեռանալով։
«Այսօր շատ դեպքերում նկատում ենք, որ մեծահասակներն առանձնապես դեմ չեն, որ երիտասարդներն ինքնուրույն ապրեն։ Երիտասարդներն էլ հաճախ հակված չեն ընդունելու մեծահասակների կենսական պատկերացումներն ու աշխարհայացքը, ցանկություններն ու պահանջները: Երբեմն առանձին ապրող ընտանիքներում պատասխանատվության, համագործակցության ձևավորման ավելի մեծ հնարավորություններ կան: Երկու ընտանիքների միջև խոր սիրո և հարգանքի, ընդունման վրա կառուցված միության ու միասնության լավ օրինակներ կան։ Միշտ պարտվում ու քայքայվում են այն ընտանիքները, որոնցում կոնֆլիկտային իրադրություններում ծնողները զավակներին տարբեր երկընտրանքների առջև են կանգնեցնում»,- հավելում է Աննան։
Հայրենիքի արժևորումը
Հայրենիքի նկատմամբ սիրո, նվիրումի և նրան ծառայելու գաղափարն, անշուշտ, բոլոր ժամանակներում է արդիական։ Ֆիլմում դա արտահայտվում է «կորած երգի» բառերում, սնդուկում խնամքով պահված լուսանկարի ու իրերի մեջ։ Հոգեբանի խոսքով՝ շատ կարևոր է հասկանալ, որ հայրենիքը, հողը մեզ ոչինչ պարտք չեն․ այդ մե՛նք պետք է սիրենք, հոգ տանենք, խնամենք, ապրեցնենք ու զարգացնենք այն: Ճիշտ պապի նման, որը կորցրել էր իր հայրենիքը, բայց ամբողջովին նրա կրողն էր․ «Որպես մարդ, հայրենիքը սիրող անձ, նաև հարազատ ու տուն կորցրածների հետ հոգեբանական աշխատանք կատարած մասնագետ` ես, իհարկե, պատերազմից հետո սեփական հուզական ապրումներն ու գնահատականն ունեմ։ Հայրենիքն ինձ համար բացարձակ արժեք է, սերն առ հայրենիք՝ անպայման ու անքննելի։ «Հայրիկ» ֆիլմը խորությամբ տալիս է այս բոլոր առանցքային գաղափարների` արմատների իմացության ու պահպանման, ցեղի շարունակման, ընտանեկան միասնության գեղարվեստական մեկնաբանությունը»։
Անի Անտոնյան