Էդուարդ Մանվելյան․Մենք ու միայն մենք կարող ենք ցավով ծնել, անցավ կորցնել…
2015-ի ամռանը, երբ դեռ ապրում էինք Թղուա (Troyes) քաղաքում, ադմինիստրատիվ քաշքշուկներից հոգնած, նստեցի բացօթյա սրճարաններից պատահական մեկում: Ցիլոյով մի տղամարդ մոտեցավ, նստելու թույտվություն խնդրեց ու նստեց նույն սեղանի շուրջ։ Ֆրանսիացի էր տիպիկ, ասել է թե՝ հագուկապով աչքի ընկնող, վաթսուննանց մի տղամարդ: Ոչնչից բացված զրույցի ընթացքում հայտնի դարձավ, որ երևացող մեկն էր այդ քաղաքում, բայց, շատ թե քիչ տեղյակ լինելով այս ազգի անտարբերությանն իր հայտնիների նկատմամբ, տարիներ ձգվող «բանտարկությանս» ընթացքում այս «ճահճոտ» երկրում, հասկացել եմ, որ ֆրանսիացին Նապոլեոնին հիշում է միայն շշի տեսքով՝ սառը վիճակում: Տարիներ առաջ, երբ Վերսալի սրճարաններից մեկում սուրճ էի խմում, կողքիս սեղանին, թերթը ձեռքին, մեն-մենակ նստած էր Ալեն Դելոնը, որին ոչ ոք չէր նկատում: Մեզ մոտ բոլորն իրար գիտեն, երևի նրանից, որ փոքր երկիր է, ու հայտնիները միանգամից փայլում են քաղաքի անցուդարձի մեջ։
Մեր զրույցը հասավ կուլմինացիոն իր էտապին, երբ այս սպիտակաբաշ ֆրանսիացուն ասացի, որ հայ եմ.
-Օ՜, հա՜յ,- զարմացավ նա, ու միանգամից շրջվեց 90 աստիճան։ Ես սպասում էի արդեն դասական ոգեշնչման՝ հիմա կասի – Շառլ Ազնավու՜ր…
Խորին հարգանքով դեպի լուսահոգի շանսոնիեն ու Մեծ Հայը, այնուամենայնիվ, արդեն տասնամյակ ի վեր, փորձում եմ բացատրել ֆրանսիացիքին, որ Ազնավուրը հզոր է, բայց հերիք չէ՝ մի ամբողջ ազգ ճանաչելու համար։
Նման դեպքում միանգամից պատասխանում էի․
-Ցավոք, չկռահեցիք…Էդուարդ և ոչ թե՝ Շառլ Ազնավու՜ր…
Չէի հասցրել վերջին կումն անել սուրճիս, որովհետև արդեն նախագծել էի փախուստս ու հանկարծ ֆրանսիացին ասաց.
-Հա՜յ…հայ նշանակում է Սերգեյ Փարաջանով…
Ի՜նչ հիմար մահ ասես կպատկերացնեի, բայց որ լինելու բան է, թե մարդ սուրճից խեղդվի, այդ պահին հասկացա.
-Ի՞նչ ասացիք, – ապշեցի ես: Առաջին ֆրանսիացին, որը ոչ միայն Ազնավուրի անունը չտվեց, այլև վերջնականապես ինձ գամեց աթոռին…
Եվ ո՞վ էր սա, որ Փարաջանովի անունն էր տալիս․․․
-Շատ տարիներ առաջ,- խոսեց նա, – երբ ես քաղաքապետարանի Արվեստի բաժնի պատասխանատուն էի, Տրոյայի կինոփառատոնում, Փարաջանովի «Սուրամի ամրոցի լեգենդը» առաջին մրցանակ ստացավ: Նա մեկ գիշեր մնաց մեր քաղաքում, ու ինչ անպիտան բան աչքին առնում էր փողոցներում, հավաքում,լցնում էր ճամպրուկը: (Նա է՜․․․․-մտքումս ասացի ես)։ Նրա գնալուց հետո մենք երկար ուշքի չէինք գալիս, թե ի՜նչ տեսակ մարդ էր Սերգեյ Փարաջանովը…
Աչքերս լցվել էին…Խելառն անցել էր այս կողմերով, իսկ ես անգամ չգիտեի, որ Տրոյայում կինոփառատոներ են լինում: Երկար զրուցեցինք հետո: Ես էլ իմ հերթին հիացմունքս կիսեցի ֆրանսիացու առջև՝ կապված նրանց փառահեղ Արվեստի հետ.
-Դուք էլ դասական խելառներ ունեք՝ Արթյուր Ռեմբո,Պոլ Վեռլեն, չէ որ հանճարեղ Անդրե Բրետոնից սկիզբ առավ սյուրռեալիզմը, հետո հայտնվեցին նոր հանճարներ՝ Դալին, Լուիզ Բունյուելն ու էսպես շարունակ…ու վերջապես՝ սա Հյուգոյի Ֆրանսիան է․․․
Եզակի մարդ, այս չիպավորված Եվրոպաներում, որի հետ հաճելի էր զրուցել, և մարդ, որն իմ ազգային պատկանելիությունը չչափեց Ազնավուրով, այլ՝ խարիզմատիկ, անհասկանալի, անվերծանելի խելագար՝ Փարաջանով անվամբ:
Ես պատմեցի նրան, թե ժամանակին, Շառլ դե Գոլի կնոջը, որը տարված էր Փարաջանովով, խելառն ինչպես է դիմավորել Թբիլիսիում։ Անջատել էր տվել լույսերը, ասելով, որ եթե տիկինն այդքան ուզում է իրեն տեսնել, թող առանց վերելակի բարձրանա, իսկ հարկերով մեկ, մինչև իր դուռը, կարմիր վարդեր էր շարել։ Պատմեցի, թե ինչպես է Մարչելո Մաստրոյանիի հետ, երկու չարաճճի տղաների պես, գիշերով թափառել Թբիլիսիի փողոցներով ու գիշերվա կեսին ծեծել իրենց բակի մի տիկնոջ պատուհանը, ասելով, որ նրան բերել է իր երազանքը։ Կինը տարված է եղել Մաստրոյանիով, ու մտածելով, որ դա Սերգեյի հերթական խելագարությունն է գիշերվա կեսին,բացել է պատուհանը, որ նրան հանդիմանի, իսկ պատուհանի տակ նրան դիմավորել է Մարչելո Մաստրոյանին։ Պատմեցի, որ իրենից արդեն ավելի ուշ, Իվ Սեն Լորանը Փարաջանովին մետրուկեսանոց ոսկեա շղթա կնվիրի, որը Փարաջանովը հետո կկախի Դոդո Աբաշիձեի վզին, ասելով, որ «Հայերը նույնպես կարողանում են թանկ նվերներ անել․․․»
Ու վերջապես, չէ որ հենց Լիլիա Բրիկի քույրը՝ Էլզա Տրիոլեն, որը Մայակովսկու ջանքերով, թողել էր իր ֆրանսիացի սպա ամուսնուն ու ամուսնացել սյուրռեալիստների երիտասարդ առաջնորդ Լուի Արագոնի հետ, կհամոզի Արագոնին, որ Մոսկվայում, «Ժողովուրդների բարեկամության» մեդալ ստանալիս, Լեոնիդ Իլյչին խնդրել՝ բաց թողնել բերդից կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովին։ Փաստացի, Լիլիա Բրիկի ջանքերով, որի համար ամեն ինչի պատրաստ էր նրան մինչև իր վերջին վայրկյանը սիրահարված Մայակովսկին, բայց Ֆրանսիայից պիտի գար Փարաջանովի փրկությունը։
Փարաջանովին բաց կթողնեն, բայց ավաղ, բերդի դարպասների մոտ նրան դիմավորողների մեջ հայեր չեն լինի․․․
Իսկ մահվան շեմին արդեն, ծանր հիվանդության մեջ, դարձյալ Ֆրանսիա՝ Ֆրանսուա Միտերանն անձամբ կխնդրի Փարաջանովին իրենց մոտ ուղարկել բուժման։ Փարաջանովին կբերեն Ֆրանսիա, բայց արդեն ոչնչով օգնել չեն կարողանա և հատուկ բորտով հետ կտանեն Երևան, որտեղ նա կմահանա՝ չհասցնելով վայելել իր տունը, որն այսօր նրա թանգարանն է։
Ավելի ուշ, Գարի Կունցևը կգրի․
«Ասում են, թե Փարաջանովն այլևս չկա, թե նա վաղու՜ց մահացել է…
Գուցե դրան որեւէ մեկը հավատում է, բայց ոչ՝ ես…նա արդեն քանիցս մահացել է՝ և լրջորեն։ Նա ծիծաղելով ինձ ցույց էր տալիս այդ թաղման լուսանկարները, ու ընհանրապես, նա հաճախ էր մահվան վրա ծիծաղում՝ բացահայտորեն նրան հրավիրելով իր կյանք: Մահվան այդ կրակոտ դիմակահանդեսի մոլեգին դիրիժորն էր ինքը… Եւ ես չեմ ուզում հավատալ, որ դրա հնչյունների ու աղմուկի միջով, մահը, այնուհանդերձ, լսել էր նրա կանչը…»։
Մենք ու միայն մենք Փարաջանով ունենք:
Մենք ու միայն մենք կարող ենք ցավով ծնել, անցավ կորցնել…
Էդուարդ Մանվելյանի ֆեյբուքյան էջից