Մահացել է Ջինա Լոլոբրիջիդան
95 տարեկան հասակում՝ Իտալիայում, վախճանվել է 1950-1960-ականների եվրոպական կինոյի ամենափայլուն աստղերից մեկը՝ դերասանուհի Ջինա Լոլոբրիջիդան։ Այս մասին հայտնում է իտալական ansa-ն:
Ջինա Լոլոբրիջիդան ծնվել է 1927 թվականին Իտալիայի Սուբիակո քաղաքում։ Սովորել է թատերական ուսումնարանում։ Աշխատել է որպես մանեկենուհի։ Տարբեր պարբերականների կողմից ճանաչվել է աշխարհի ամենագեղեցիկ կանանցից մեկը, 1947 թ. Իտալիայում մասնակցելով գեղեցկության մրցույթի գրավել է 3-րդ տեղը։ Առաջին անգամ գլխավոր դերով հանդես է եկել Կարլո Լիձանիի «Զգույշ ավազակներ» ֆիլմում:
Մեծ ճանաչման է հասել 1950-1960 թթ. հատկապես «Ֆան-ֆան վարդակակաչ», «Փարիզի աստվածամոր տաճարը» ֆիլմերում մարմնավորած դերերից հետո։ Նրան հաճախ անվանել են «աշխարհի ամենագեղեցիկ կինը»: Լոլոբրիջիդան նկարահանվել է ինչպես իտալացի, այնպես էլ ֆրանսիացի, անգլիացի, ամերիկացի առաջատար ռեժիսորների ֆիլմերում։
Ջինա Լոլոբրիջիդան՝ «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» արժանացել է սպայի կոչման, ինչպես նաև Պատվո լեգեոնի, Արվեստի ու գրականության շքանշանների սպա է: 2018 թվականին Հոլիվուդի «Փառքի ճեմուղում» բացվել է արտիստուհու անվանական աստղը։