Կլերմոն-Ֆերանի կարճամետրաժ ֆիլմերի փառատոնը դարձել է համաշխարհային կինոյի գլխավոր իրադարձություններից մեկը: Կաննից հետո՝ հանդիսատեսի և պրոֆեսիոնալների մասնակցության առումով, այն Ֆրանսիայի երկրորդ ամենամեծ կինոփառատոնն է ։ Կլերմոն-Ֆերանի կարճամետրաժ ֆիլմերի 45-րդ փառատոնը տեղի կունենա 2023 թվականի հունվարի 27-ից փետրվարի 4-ը։ Այս տարի փառատոնում գրանցված 2000 ֆիլմերից ընտրվել են 56-ը, և հպարտությամբ կարելի է արձանագրել, որ դրանց թվում է փարիզաբնակ մեր հայրենակից՝ ռեժիսոր և լուսանկարիչ Ալեքսի Փազումյանի «Բելլուս» ֆիլմը։

Գնչուների կյանքին նվիրված «Բելլուս» ֆիլմի կինոթատրոնային պրեմիերան տեղի ունեցավ 2023 թ․ հունվարի հինգին՝ փարիզյան «Le Brady» կինոթատրոնում։ Լեփ-լեցուն դահլիճը երկար ծափողջյուններով դիմավորեց ֆիլմի ռեժիսոր Ալեքսի Փազումյանին, գլխավոր հերոս՝ Միշել Պյուբիլին, ինչպես նաև նկարահանող խմբի մյուս անդամներին։

Ալեքսի Փազումյանը հանդիսատեսին պատմեց ֆիլմի և սցենարի ստեղծման մնրամասները։

Ֆիլմի ստեղծման պատմությունը․․․

-Տարիներ է, ինչ ցանկանում էի հանդիպել գնչուների համայնքի հետ, բայց բնակվելով Փարիզում, դա անհնարին էր։ Այդպես, մի օր որոշեցի գնալ  Saintes-Maries-de-la-Mer, որտեղ գնչուները ուխտագնացություն են անում։ Տեղում ինձ հրավիրեցին գալ Պերպինյան, Բելլուս կոչվող քաղաք։ Այստեղ ես ծանոթացա իմ ապագա ֆիլմի գլխավոր հերոս Միշել Պյուբիլի հետ։ Նա կինոյի դպրոց չէր ավարտել, բայց իր մասնակցությամբ երկու կարճամետրաժ ֆիլմերն ինձ շատ էին տպավորել։ Միշելի շնորհիվ, ես մասնակցեցի գնչուական հարսանիքների, երեխաների ծննդյան տոնակատարությունների և մի շարք այլ յուրահատուկ հավաքույթների։

Անկեղծ ասած սկզբում չէի կողմորոշվում, թե ինչ եմ իրականում ցանկանում անել՝ վավերագրական ֆիլմ, ֆոտոշարք, գիրք․․․։ Իսկ հետո խորհրդակցելով ընկերներիս՝ Ժոաքիմի և Տիբոյի հետ (Ժոաքիմ Էկեր և Տիբո Ռաու՝ ֆիլմի պրոդյուսերներ), մենք որոշեցինք նկարել գեղարվեստական ֆիլմ։ Դա բարդ էր,  ինձ համար, քանի որ ես սովոր եմ աշխատել վավերագրության դաշտում պետք էր գրել սցենար, անցնել մի շարք փուլերով․․․։ Իհարկե, մեծ հաջողություն էր, որ սցենարը գրելու ավարտին մենք կարողացանք ստանալ ֆինանսական զգալի աջակցություն։ Անգամ եթե դա ակնհայտ  չէ, բայց հավատացեք՝  քսանհինգ րոպե տևողությամբ ֆիլմի հետևում թաքնվում է հսկայական աշխատանք։

Սցենարի  աշխատանքները․․․

-Սցենարի կառուցման ժամանակ մեզ շատ օգնեց գլխավոր հերոսը՝ Միշելը, քանզի  ֆիլմը լիովին ոգեշնչված է նրա կյանքով, բոլոր հերոսները Միշելի ընտանիքի անդամներն են, այդ թվում և՛ իր տատիկը։ Ի դեպ վերջինս առաջին անգամ էր նկարահանվում կինոյում և պատրաստ էր լքել նկարահումները կեսից, քանզի լարվածությունը շատ էր (ծիծաղում է)։

Ինչ վերաբերում է ֆիլմի սյուժետային առանցքին, մենք որոշեցինք ընտրել թռչունների թեման։ Իրականում, Միշելը զբաղվում է թռչունների խնամքով, տանն ունի դրա համար նախատեսված աշխատարան, որդին՝  Միշելը (նրանք նույն անունն ունեն), իր հերթին սովորում է խնամել թռչուններին։ Փաստորեն հասկանալով, որ գնչուների  համայնքում այն յուրահատուկ մշակույթ է, որը փոխանցվում է հորից որդուն, մենք որոշեցինք  ֆիլմը պատմել  թռչունների միջոցով միտքը մեզ թվում էր գեղեցիկ, շատ բանաստեղծական։  

«Բելլուսի» գլխավոր հերոսը՝ Միշելը, ներկա էր փարիզյան պրեմիերային։ Առաջին անգամ դիտելով  ֆիլմը մեծ էկրանին՝ նրա խորը և սրտաբաց հուզմունքը փոխանցվեց թե՛ Ալեքսի Փազումյանին, թե՛ մեզ՝ բախտավոր ներկաներիս։ Երկար ծափողջյունների ավարտին, Միշելն իր խորը շնորհակալությունը հայտնեց․ «Քիչ է պատահում, որ մարդիկ հետաքրքվում են մեր համայնքով, իսկ եթե հետաքրքվում են, ապա միայն չարաշահելու կամ բացասական լույսի տակ ներկայացնելու նպատակով։ Ալեքսիի ներգրավվածությունը անկեղծ էր և հետևաբար այս ֆիլմում ամեն ինչ ճշմարիտ է, չկա ոչ մի կեղծ երանգ»։

Գեղարվեստա-վավերագրական այս համահունչ միասնության մեջ առանձնահատուկ ուշադրության է արժանի նաև ֆիլմում հնչող երաժշտությունը, որի հեղինակն է Ալեքսի Փազումյանի եղբայրը՝ Ռաֆայել Փազումյանը։

«Բելլուսն» իրոք նման է պոեմի, որն ավարտելուց հետո, ցանկանում ես թերթել էջը՝ սպասելով շարունակության։ Եվ, եթե հավատանք Ալեքսի Փազումյանի խոսքերին, «Բելլուսը» գնչուների հետ կապված իր ծրագրերի սկիզբն  է դեռ․ունեն լիամետրաժ ֆիլմ նկարելու մտադրություն։ Իսկ մինչ այդ, մեզ մնում է միայն հաջողություն մաղթել «Բելլուս» կարճամետրաժի երկար և հետաքրքիր ընթացքին։

Լիլիթ Սոխակյան

Փարիզ, 2023