*Իրակլի Կվիրիկաձեի հուշերից մի պատմություն

Գիշերը Իրակլի Կվիրիկաձեն Մարչելո Մաստրոյանիին թարգմանչուհու հետ տանում էր Փարաջանովի տուն: Պատուհանները բացարձակապես մութ էին: Իրակլին, սիրտը կանգ առած, հրեց դուռը՝ այն ճռռոցով բացվեց: Եռյակը մուտք գործեց սև խոռոչ, անհուն մթության մեջ: Հանկարծ սենյակում բոցավառվեց լույսը: Սերգեյը՝ սեղան գցած և իր ընկերներից մոտ երեսուն հոգի հրավիրած, սպասում էր սիրելի հյուրերին: Այստեղ էին նկարիչը, բաղնիքի քիսաչին, ճարտարապետը, օպերայի հուշարարը, «Գրուզիա-ֆիլմ» կինոստուդիայի կուսկազմը, ադամանդների վերավաճառողը, բժիշկը, վարսահարդարը…

Փարաջանովն այն գիշեր գերազանցեց ինքն իրեն. տան պատերը քիչ էր մնում փլուզվեին հռհռոցից: Շուտով թարգմանչուհու կարիքն էլ չքացավ՝ չէ՞ որ տաղանդը հասկանալի է ցանկացած լեզվով: Առավոտվա ժամը չորսին Փարաջանովը դուրս եկավ Մաստրոյանիին ուղեկցելու Կոտե Մեսխի փողոցով: Թբիլիսյան մի հին տան մոտ, ցածրիկ պատշգամբի տակ Սերգեյը կանգ առավ: Շոուն շարունակվում էր: «Փարաջանիադա» ակնարկում Իրակլի Քվիրիկաձեն վերարտադրում է երկու կինոհանճարների ծիծաղաշարժ երկխոսությունը.

-Մարչելո՛, այստեղ քո սերն է ապրում: Նա իր ողջ կյանքում միայն քեզ է սպասում, Մարչե՛լո Մաստրոյա՛նի:

– Իմ սերը՞, – հարցրեց Մարչելոն:

– Նրա անունն է Շուշաննա: Նա կույս է… Նա յոթանասունչորս տարեկա՛ն է: Մարչելոն սարսափած նայեց Փարաջանովին.

– Յոթանասունչո՞րս:

-Նա իրեն ողջ կյանքում քեզ համար էր խնայում, և ահա՝ դու եկա՛ր:

Փարաջանովը պատշգամբին հենեց բակում գտած բամբուկե աստիճանը և վեր բարձրացավ: Մարչելոն հիպնոսացածի պես հետևեց իր նոր ընկերոջը: Նրանք հայտնվեցին ննջարանում:

Լուսինը լուսավորում էր մահճակալը, որի վրա քնած էր փարթամ Շուշաննան: Մաստրոյանին հիշեց հսկայական Սարագինային Ֆելլինիի «Ութ ու կես» ֆիլմից. կաթոլիկ քոլեջի տղաների տված մի քանի մետաղադրամի դիմաց այդ հսկա կինը նրանց համար ռումբա էր պարում ծովափին՝ ծածանելով հզոր կոնքերն ու ցուցադրելով անծայրածիր հետույքը: Նրանք մոտեցան մահճակալին: Կռանալով՝ Սերգեյը շշնջաց.

– Շուշաննա՛, դու դեռ քնա՞ծ ես: Այդպես կարող ես երազանքդ ձեռքիցդ բաց թողնել: Բացի՛ր աչքերդ, բալես:

Ծեր երկուհարյուրկիլոգրամանոց կինը բացեց աչքերը, ճանաչեց Սերգեյին և հարցրեց.

– Այս անգամ ի՞նչ ես ուզում, այ էշ:

– Դու ի՞նչ ես երազում, Շուշաննա: Դու սիրու՞մ ես Մաստրոյանիին:

– Մաստրոյանիի՞ն: Այո՜…

– Ահա՛ նա, ստացի՛ր:

Այդ խոսքերն ասելով՝ Սերգեյն առանց դույզն ինչ հարգանքի խոնարհեց Մարչելոյին և ընկղմեց նրան Շուշաննայի հսկա կրծքերի մեջ:

Շուշաննան կասկածեց.

– Իսկակա՞նն է:

Մարչելոն ժպտում էր նրան: Նա հավանում էր այս խաղը, սակայն մի փոքր անհարմար էր զգում իրեն: Այդուհանդերձ, նա կարողացավ ռուսերենով ասել.

– Шушанна, я лублу тебе!

Սևեռվելով տղամարդու դեմքին, Շուշաննան հանկարծ հասկացավ, որ դա իսկական Մաստրոյանին է: Նա ճչաց և նրա գլուխը հպեց իր բոցավառ կրծքին: Փարաջանովը գոցեց ննջարանի դուռը և, հայտնվելով պատշգամբում, միջնադարյան սուրհանդակի պես բղավեց.

-Շուշաննա Ղազարյանը զրկվու՜մ է կուսությունից: Ես դուրս կբերեմ նրա սավանը:

Նրա խոսքը հեղդվեց համընդհանուր հռհռոցի մեջ: Արթնացած հարևանների ոգևորված բղավոցները ոտքի հանեցին ողջ Սոլոլակի թաղամասը: Նեղլիկ փողոցում հավաքվեցին գինու շշերով, պանրով ու կանաչիով մարդիկ: Երկար սեղան դրեցին ու կրկին խնջույք կազմակերպեցին: Հալչող լուսնի լույսի ներքո Մարչելոն լսում էր վրացական բազմաձայն երգերը, գրկում երկու փարթամ տարեց հարևանուհիներին՝ իր անձնվեր երկրպագուհիներին, լողում էր ժողովրդի սիրո ալիքներում և երջանիկ էր իրեն զգում: Նա բղավում էր. «Գրողի ծոցը թո՛ղ գնան բոլոր «Օսկարները»: Քաղաքական ապաստարա՛ն եմ պահանջում: Մնու՛մ եմ ապրելու Թբիլիսիում»: 

Թարգմանությունը՝ Լիլիթ Սարգսյանի