Խալիդ Ալ Ասադը՝ Պալմիրայի պահապան-ոգին
Խալիդ Ալ Ասադի մասին Վիքիպեդիայում կարելի է տեղեկություններ գտնել, բայց նրա անձի շուրջ տեղի ունեցած դրաման, Պալմիրայի հինավուրց մշակույթին նրա՝ գրեթե 60 տարվա անմնացորդ նվիրումի ու գիտակցված ինքնազոհության վեհ պատմության մանրամասները տեղեկատվական ոչ մի հարթակ չի կարող փոխանցել այնպես, ինչպես ապրել է 83-ամյա սիրիացի գիտնականը։ Խալիդ Ալ Ասադը Պալմիրայի թագավորության մնացորդների՝ Պալմիրայի տաճար հնավայրի պահապանն էր ու թանգարանն ստեղծողը, այլ կերպ ասած՝ Պալմիրայի պահապան-ոգին։
«Բարս Մեդիա» ընկերությունը լիամետրաժ վավերագրական նոր ֆիլմ է նախաձեռնել, որի նկարահանումներն սկսվել են ու մոտ ժամանակներս պիտի շարունակվեն։
Kinoashkharh.am-ը ներկայացնում է «Բարս Մեդիայի» հիմնադիր, ֆիլմի հեղինակ, ռեժիսոր Վարդան Հովհաննիսյանի հետ զրույցը՝ Սիրիա՝ նոր նկարահանումների մեկնելուց առաջ։ «Պատմության գինը» լիամետրաժ վավերագրական ֆիլմի գաղափարը Վարդան Հովհաննիսյանը հղացել է Խալիդ Ալ Ասադի կերպարը բացահայտելու ճանապարհին, նրա կերպարով ոգեշնչված։
Սիրիան՝ բաց վերք և…Խալիդը
Սիրիայում շատ տարբեր ուժեր են իրար խառնվել՝ ռուսներ, քրդեր, ամերիկացիներ, իրանցիներ, սիրիական կառավարությունը։ Եվ քանի որ պատերազմական իրավիճակ է, բոլորը շատ ագրեսիվ են։ Ամեն մեկն ուզում է իր ազդեցությունը հաստատել, ու որպեսզի Սիրիայում ապրելով՝ ողջ մնաս, ստիպված ես կոմպրոմիսի գնալ բոլորի հետ։ Ու երբ տարիներով այդպես ապրում ես, ինքնությունդ կորցնում ես, այլևս չես հասկանում՝ որտեղ է ճշմարտությունը, որտեղ՝ սուտը, ու որտեղ ես դու։
Այս քաոսում ինձ շատ հետաքրքրեց Խալիդի կերպարը։ Նա հետագայում գուցե և դառնա Սիրիայի խորհրդանիշը։ Մարդ, որը Սիրիայի հազարամյա պատմությունը չդավաճանեց, իր սկզբունքներին հավատարիմ մնաց։ Դրա գինը իր կյանքն էր։ Խալիդը միակն էր, որ չհամաձայնեց փոխել ինքն իրեն, իր տեսակը դավաճանել, ինչ է թե ողջ մնա։ Ու դրա համար կյանքով հատուցեց։
Մարդկային մի գրոշանոց կյանք
Մինչև պատերազմը, ես եղել եմ Սիրիայում։ Հետո Սիրիա գնացի պատերազմի ժամանակ, երբ Հալեպը շրջափակման մեջ էր։ Ամենասարսափելին այն է, որ երբ պատերազմը երկարաձգվում, տարիներ է տևում, մարդու կյանքի գինն ընկնում է, կյանքն արժեզրկվում է։ Այդ դեպքում էլ ի՞նչ խոսենք պատմամշակութային հուշարձանների մասին։
Սիրիայի հողի վրա այնքա՜ն պատերազմներ են եղել, տարբեր ազգեր, կայսրություններ են կառավարել, որ այն, ինչ կատարվում է այսօր, հազարամյա պատմության մի էջը, մի դրվագն է միայն։ Սիրիայում կա պատմություն՝ պատմության մասին։ Երբ լսեցի Խալիդ Ալ Ասադի պատմությունը, ցնցվեցի։
Խալիդը կոմպրոմիսի չգնաց։ Նա 80-ն անց ծերունի էր, գլխով շատ բան էր անցել ու հասկանում էր, որ լինելով թանգարանի տնօրեն, եթե ISIS-ը գա, իրեն սպանելու հավանականությունը շատ մեծ կլինի։ Բայց նա որոշեց չդավաճանել իր երկրին, իր պատմությանը։ Խալիդն ինքն իրեն չդավաճանեց, իրե՛ն չդավաճանեց։ Խալիդի տղաներն ասել են՝ արի փախչենք, թե չէ ոչ մեկիս չեն խնայի։ Բայց նա ոչ մի տեղ չգնաց, մնաց․ ISIS–ը նրան չարչարանքների, կտտանքների ենթարկեց, բայց նա էլի մնաց անկոտրում։ Նախընտրեց տառապալից մահը։
Ցավոք չեմ հանդիպել Խալիդին։ Մինչև պատերազմը, ես Պալմիրայում չեմ եղել։
«Պատմության գինը» պետք է մարդկանց ցույց տա պատմության գինը
Այս կինոնախագիծը որոշվեց 2019-ին, 2020-ին արդեն պետք է սկսեինք նկարահանումները, բայց քովիդը թույլ չտվեց։ Որոշ հատվածներ հաջողվել է նկարահանել։ Որեշել ենք 2023-ին նկարահանումները վերսկսել։
Սա վավերագրական ֆիլմ է։ Բարբարոսները քանդել-ավերել են Պալմիրայի տաճարը։ Տաճարը ոչ միայն ձեռքով են քանդել, այլև պայթեցրել են։ Կենտրոնում հրապարակային գնդակահարություներ են կատարվել։ Հիմա Պալմիրայի մուտքի մոտ պարսիկներն են, վերևում՝ սարերում, ռուսներն են,… շատ բարդ ու հակասական իրավիճակ է։
Բարբարոսները պատմությունն էին ուզում քանդել-ոչնչացնել։ Հիմա Սիրիայի կառավարությունն ուզում է վերականգնել Պալմիրան, ու լավ կլիներ, որ նրան միանային Ճապոնիան, ՅՈՒՆԵՍԿՕ-ն, Ռուսաստանը, ԱՄՆ-ը։ Եվ սա կարող է դառնալ միջազգային նախագիծ, երբ տարբեր ազգեր ու երկրներ վերականգնում են հնամենի մշակույթի համաշխարհային ավերված կոթողը։ Եթե միասին աշխատեն, կարող են վերականգնել Պալմիրայի թանգարանը, նաև այնպես անել, որ քանդած քարերը, փլատակները գոնե իրար կողք հավաքեն, ի մի բերեն։ Թանգարանը ոչնչացված է, բայց տաճարի բեկորները փորձում են կպցնել, իրար վրա բերել։
«Պատմության գինը» ֆիլմով ուզում ենք տեղ հասցնել մարդկանց, որ այս պատմությունը պետք է պահպանվի, փոխանցվի, ներկայացվի, բարձրաձայնվի։ Աշխատում ենք Հայաստանի ազգային կինոկենտրոնի ու Հայաստանի Հանրային հեռուստաընկերության անունից։ Այս նախագիծը համարտադրություն չէ։ Մեր թիկունքում Հայաստանի Հանրապետությունն է։
Ես վստահ եմ՝ սա մեծ ֆիլմ է դառնալու։
Իմ «Ոդիսականը» Սիրիայում
Կինս բժիշկ Արմինե Բարխուդարյանն է, որն աշխարհի թեժ գոտիներում՝ առաջնագծերում է աշխատել, այդ թվում՝ Սիրիայում։ Նա այդ ժամանակ Սիրիայում էր աշխատոմ, իսկ ես մեկուկես ամիս փաստաթղթեր էի հավաքում՝ այս գերատեսչությունից այն կառույցը, ԱԱԾ-ից՝ քաղաքական հարցերով բաժին, այնտեղից կնիք-ստորագրությամբ՝ Ռուսաստանի ԶՈՒ. Ինձ Պալմիրա մտնելու թույլտվություն էր պետք։ Ոչ ոք ոչ մերժում էր, ոչ հաստատում, միայն կնքում էին թուղթն ու այլ տեղ ուղարկում։ Այստեղից այնտեղ գնալիս գյուղերով էի անցնում, որտեղ թաքնված ISIS-ի մարդիկ կային, էլ չասած, որ 14 անցակետ կար դրված։ Փաստաթղթերը վերցրի ու սկսեցի հետաքրքվել, թե Պալմիրայում, որին Թադմոր են ասում, հայ կա՞, թե ոչ։
Հալեպի հայկական խանութները հերթով հարցնելով գնացի։ Բոլորն ասում էին՝ Թադմորում հայ չկա։ Վերջապես մեկն ինձ ասաց, որ Թադմորի վերջին հայը եղել է մանկաբարձ։ Նրա որդին էլ հենց ինձ ուղեկցեց Պալմիրա։
Պալմիրայի թանգարանի տնօրենի հետ, որը Խալիդի որդին է ու հոր մահից հետո ջանում է պահել նրա ստեղծածը, գնացինք Թադմոր։ Նա ասաց՝ շատ վտանգավոր է, պետք է ցերեկով գնանք ու վերադառնանք, հանկարծ կեղծ անցակետով չանցնենք։ Իսկ կեղծ անցակետերում սիրիայի դրոշն է դրված, բայց ISIS-ն է այնտեղ։ Տարբեր կառույցներից կնիքներ դրված փաստաթուղթս ցույց տալով՝ տարբեր անցակետերով գնացինք։
Կասկածների ու անվստահության կծիկ Սիրիա
Խալիդի որդիները չէին ուզում ոչ ոքի հետ խոսել։ Կտրականապես մերժում էին։ Բայց ինձ հաջողվեց նրանց համոզել։ Մարդը պետք է զգա, որ իր դիմացինը լրագրող չի, որ իր առօրյա աշխատանքի համար հարցազրույց անի, արագ-արագ նյութ պատրաստի ու դրանով ամեն ինչ վերջացնի։ Մարդը պիտի համոզվի, որ դու ուղղակի մարդկայնորեն ուզում ես պարզել, թե ինչ է եղել իրականում, ուզում ես իմանալ իրակաան պատմությունը, ոչ թե հոդված գրես սենսացիայի համար։ Դա ժամանակատար է։ Պետք է տեղացիների պես ու նրանց հետ ապրես, նրանց առօրյան, կիսես, ինքդ քո մաշկի վրա զգաս այն վտանգները, որոնց մեջ նրանք ամեն օր ապրում են։
Թադմորում վերջին հայի տուն որ մտանք, պատին ածուխով գրված էր՝ կեղտոտ քրիստոնյայի տուն է։ Տան ներսում վաճառքի ենթակա կանանց էին պահում։ Տեղաբնակներին ասել եմ՝ կինս բժշկուհի է, այս վտանգների մեջ է, որպեսզի ձեզ օգնի, ձեզ փրկի։ Ես արդեն 3 շաբաթ է ձեր երկրում եմ ապրում։
Պալմիրան հնում Հայաստանի հետ սահման է ունեցել։
Ես միստիկային չեմ հավատում, բայց երբ եղա Պալմիրայում, զգացի, որ ես այնտեղ նախկինում էլ եմ եղել։ +52 աստիճան շոգ էր։ Ես 2 անգամ ուշաթափվեցի, քթիցս անընդհատ արյուն էր հոսում։ Բայց մենք նկարեցինք։ Ֆանտաստիկ զգացողություն ունեի։ Վերջերս գենետիկ թեստ հանձնեցի, պարզվեց՝ 5,5 տոկոս լևանտին եմ, այսինքն՝ իմ նախնիները Պալմիրայի շրջանից են եղել։
Ինչո՞ւ ենք մենք միշտ զբաղվում այն թեմաներով, որոնք մեզ հետաքրքրում են, մեզ ձգում են, դա հենց գենետիկ հիշողությունն է, գենետիկ կոդը, որը մենք զգում ենք, զգալով էլ մոտենում ենք այդ թեմային՝ հաճախ չհասկանալով, թե որն է այդ ձգողականության գաղտնիքը։ Խալիդ ալ Ասադը զոհվեց այն մշակույթի համար, որը իր արյան հետ կապ չուներ, բայց իր կյանքի մշակույթն էր։
Խալիդը կարող է դառնալ Սիրիայի խորհրդանիշը
Հիմա ես այս ֆիլմով ուզում եմ բացատրել մարդկանց, որ ծայրահեղ իսլամը բարբարոս է, այն իր ճամփին ոչնչացնում է ամեն ինչ։ Ուզում եմ ցույց տալ, որ Խալիդը հույսի այն սերմն է, որը եթե ճիշտ ժամանակամիջոցին ցանես, Սիրիայում հնարավոր է ինչ-որ բան վերականգնել։ Հիմա Սիրիայում ապրում են անհույսները։ 100 հազար հայերից 20 հազարն է մնացել։ Անհույսներն ու անճարներն են մնացել Սիրիայում։ Եթե տարեցները մնացել են, որովհետև ամբողջ կյանքը կապել են այդ հողի հետ, ապա երիտասադրները հստակ հասկանում են, որ առաջիկա 20 տարում Սիրիայում կյանքը չի փոխվելու, անհույս է։
Լուսանկարիչ Տիգրանը ֆոտոստուդիա ունի, ժամպավենով վաղուց ոչ ոք այլևս չի նկարում ու լուսանկար չի երևակում, բայց Տիգրանն աում է՝ ես հոս թագավոր եմ, թագավորի պես կապրեի։ Այո, հայ լուսանկարիչ Տիգրանը «թագավորի պես կապրեր» 1970-ականների, բայց ոչ այսօրվա Սիրիայում։ Տիգրանը չի ուզում լքել իր թագավորություն-Սիրիան, որդիներն էլ չեն ուզում իրենց հորը մենակ թողնել ու հեռանալ, ստիպված ապրում են Սիրիայում, բայց որպես պատանդ։
Ինձ միշտ հետաքրքրում են այն մարդիկ, որոնք գտնվում են վտանգի, նեղ հնարավորությունների պռնկին։ Որքանո՞վ է մարդը պատրաստ զիջումների գնալ։ Ես չեմ ասում, թե նա, ով զիջումների է գնում, սխալ է անում, իսկ ով չի գնում, ճիշտ է վարվում։ Ո՛չ, խնդիրը ճիշտ ու սխալի մեջ չէ։ Զիջումների չգնացող մարդն ի՞նչ է ապրում ու զգում, ի՞նչ հոգեվիճակ է հաղթահարում. սա է հետաքրքիր։
Սիրիական ամբողջ այս ողբերգության, այս թշվառության ու մռայլության մեջ Խալիդի կերպարն ինձ հույս տվեց։ Ուրեմն ամեն ինչ կորած չէ։ Ինչ-որ բան փրկել հնարավոր է։
Խալիդի որդիները
Ֆիլմում Խալիդի մասին պատմում են նրա 3 որդիները։ Երկուսին արդեն նկարել ենք, երրորդին նոր ենք նկարելու։ Նրանք չեն պատմում իրենց հոր մասին՝ նա այսպես կամ այնպես արեց։ Նրանք պատմում են այն հոգեկան դրամայի մասին, որն ապրել է իրենց հայրը։
Որդիներից մեկն ասում է՝ Պալմիրայում՝ Թադմորում գտնվող մեր տուն ես չեմ կարող մտնել։ Հայրս է սպանվել, եղբայրս է կտտանքների ենթարկվել այնտեղ, ես չեմ կարող այնտեղ լինել։
Խալիդը 5 որդի ունի, ու նրանք պետք է որոշեին՝ ով է մնում հոր հետ, իսկ մյուսները պետք է լքեին վտանգներով ու մահվան սպառնալիքներով լի քաղաքը։ Սա արդեն իսկ դրամա է։ հայրը վճռել է՝ չի հեռանալու Պալմիրայից, իսկ որդիներերն էլ չեն կարող թողնել իրենց հորը. սա էլ որդիների դրաման է։ Միջնեկ եղբայրը, որը հիմա Դամասկոսում է, թանգարանի իրերից ինչ հնարավոր է եղել, լցրել է արկղերի մեջ, որպեսզի փրկի, հեռացնի պատերազմական գոտուց։ Քաղաքում արդեն ռազմական գործողություններ էին ընթանում։ Արկղերը բեռնատարի մեջ տեղափոխելիս նա վիրավորվում է։ Ձեռքուոտքից բռնած քարշ տալով՝ նրան գցում են բեռնատարը։ Միջնեկ որդին վիրավոր էր ու ստիպված էր հորը թողնել։
Շատ դժվար էր նրան այս պատմությունը հիշեցնելը։ Չէ՞ որ ինքը թողել էր հորը։ Հոր մոտ մնացել էր ավագ եղբայրը, որին ISIS-ն այն աստիճանի էր ծեծել, որ նրան անհնար էր եղել բերել հրապարակ՝ գլուխը կտրելու։ Ավագ որդին համարյա մեռած է եղել։ Մինչև հիմա էլ հաշմանդամ է՝ անվասայլակի վրա։ Նրան նույնպես նկարելու ենք։
Եղբայրներից մեկը մնացել է Պալմիրայում՝ որպես տնօրեն, ու հենց նա է շարունակում հոր գործը։
Մարդկային խոր, ողբերգական պատմություն է, որ կարելի է մեկ րոպեում պատմել, բայց դա չէ էականը։ Պետք է դրաման ներկայացնել ֆիլմի հերոսների միջոցով։ Ու սա մեկ դրամա չէ, այլ՝ բազմաթիվ։ Պալմիրան էլ իր դրաման ունի։ Չէ՞որ այն պատմամշակութային կոթող է եղել՝ Մետքասի ճանապարհի վրա, և Հայաստանի հետ սահման է ունեցել։ Սա նաև այդ տարածքում ապրած ժողովուրդների անցյալի ու ներկայի դրաման է։
«Պատմության գինը» զուտ մարդկային ֆիլմ է
Քանի որ ձմռանը, գարնանը Պալմիրայում այնքան էլ շոգ չէ և հնարավոր է աշխատել, նախատեսել ենք հենց այդ ժամանակ էլ նկարահանումներն անել։ Մենք պետք է ֆիլմի 80-90 տոկոսը նկարենք, որպեսզի սկսենք մոնտաժը։ Գիտակցում ենք, որ ֆիլմը նկարելու համար բազմաթիվ վտանգների առաջ կարող ենք հայտնվել, որովհետև, ինչպես ասացի, հիմա Սիրիայում ոչ ոք ոչ մեկի չի վստահում, բոլորին կասկածում են լրտեսության մեջ։ Մենք պետք է միայն պետական կապեր օգտագործենք, ներկայանանք, որ Հայաստանի ազգային կինոկենտրոնը, Հ1-ը Հայաստանի Հանրապետության անունից ֆիլմ ենք նկարահանում՝ համապատասխան փաստաթղթերով, կնիք-ստորագրություններով։ Սիրիայում բոլորի հետ պետք է լավ հարաբերություններ ստեղծես, ապացուցես, համոզես, որ սա զուտ մարդկային ֆիլմ է՝ մարդկային պատմության մասին, ոչ մի քաղաքականություն, ոչ մի կողմնապահություն չկա։
Սիրացիները շատ են օգնել հայերին, մենք երախտապարտ ենք նրանց, որովհետև Հայոց ցեղասպանությունից փրկվածներին Սիրիան ապաստան տվեց ու հնարավորություն ստեղծեց, որպեսզի նրանք այդ երկրում հաստատվեն, ապրեն, վերագտնեն իրենց, նոր կյանք սկսեն։
Ի՞նչ էր ուզում ISIS-ը Խալիդ Ալ Ասադից
ISIS-ը պահանջել է, որ Խալիդը ոսկիների, հարստության տեղն ասի։ Նրանց տեղեկություններով՝ Պալմիրայում իբր 2 տոննա ոսկի է պահվել։ Ի պատասխան՝ Խալիդն ասել է՝ ամբողջը ոսկի է։ Գիտնականը նկատի է ունեցել Պալմիրայի պատմամշակութային հարստությունը, արժեքը։ Նրա պատասխանը կատաղեցրել է ISIS-ին։
Խալիդ Ալ Ասադը հերոս է։ Նա ոչ միայն սիրիացիների, այլև համայն մարդկության հերոսն է։ Նա նաև բացառիկ գիտնական է, որը կառուցել-ստեղծել է Պալմիրայի թանգարանը։ 1960-ականներից այդ թանգարանը ի մի է բերվել՝ նմուշ առ նմուշ։
Ամբողջ քաղաքը հավաքվել էր՝ տեսնելու, թե ինչպես է մահվան դատապարտվում հերթական զոհը։ Նրան հրապարակ բերեցին՝ պարկը գլխին հագցրած։ Պարկը գլխից հանեցին։ Քաղաքը տեսավ, որ մահապատժի ենթարկվողն իրենց կողմից շատ հարգված գիտնականն է։ Քաղաքին ստիպեցին նայել, թե ինչպես է սպանվում ISIS-ի ու առհասարակ ոչ մեկի հետ զիջումների չգնացած, Պալմիրան, Սիրիան ու իր սկզբունքները չդավաճանած գիտնականը։
Խալիդ Ալ Ասադին գլխատեցին, մարմինը կախ տվեցին սյունից, իսկ գլուխը դրեցին հրապարակում՝ գետնի վրա։
Զրույցը՝ Նաիրա Փայտյանի