Ֆրանսահայ ռեժիսոր, դերասան Սերժ Ավեդիքյանի հետ իմ առաջին հեռախոսազրույցը համավարակի սուր շրջանում էր, երբ կյանքը փակուղի էր թվում, իսկ իրական շփումը՝ երազանքի պես մի բան:  Մինչ գլխումս սովորականի պես գծագրում էի հոդվածիս «կմախքը»՝ հարց-պատասխանները, նա հանկարծ հարցրեց. «Պապերդ որտեղի՞ց են»։  Թվաց, թե մոլորակը փոքրացավ, վերացան ժամային գոտիները, հանդիպեցին մեր նախնիները՝ Մակուից գաղթած Լևան պապս ու սոլոզցի Ավետիսը։ Մե՛նք հանդիպեցինք։

Ավեդիքյանի ֆիլմերից շատերն ինքնության որոնման մասին են։ Նրա ֆիլմադարանից առանձնացրել ենք երկու քիչ հայտնի վավերագրական պատում, որոնք մեզ Խորհրդային Հայաստանից կտանեն կապիտալիստական Ամերիկա։

«Ի՞նչ դարձան իմ ընկերները» (1983 թ․)

Կաշվե նորաոճ վերարկուով ու ֆրանսիական բարքերով երիտասարդը վերադառնում է Հայաստան՝ իր հիշողությունները վերագտնելու։ Սկզբում նա օտար է թվում, մի դիտորդ, որի աչքերով մենք ծանոթանում ենք ռեժիսորի կարիերայի մասին երազող Վարդանի, Երևան-Սևան գնացքի մեքենավար Մարտիրոսի, դպրոցը գերազանցությամբ ավարտած, ինժեներ-ծրագրավորող Անահիտի, ֆուտբոլի դպրոցի մարզիչ Ավետիսի և մյուսների հետ։ Սակայն Ֆրանսիայում նոր անուն ձեռք բերած Սերժն աստիճանաբար դառնում է Սահակ, որը ծնվել է Խորհրդային Հայաստանում, ավարտել ֆրանսիական թեքումով դպրոցը, կրել պիոներական վզկապ։ Նա առաջվա պես սիրում է երգել  ու ֆուտբոլ խաղալ, երազկոտ է ու փխրուն սրտով։ Դիտորդից՝ հերոս․ սա է վավերագրական կինոյի ողջ հրաշքը։

Ֆիլմը թեմատիկ տարբեր շերտեր ունի՝ երիտասարդների երազանքները, զավակ ունեցող ընտանիքում սիրո ու երջանկության ընկալումը, ծնողի, հայրենիքի և հավատի արժևորումը, արմատների կապը։ Ակնհայտ են սիմվոլիկ տարրերը․ նկարահանումները կատարվել են վերածննդի խորհրդանիշ Ծիծեռնակաբերդում, դարավոր հայ մշակույթի մասին պատմող Գառնու հեթանոսական տաճարում  և այլն։ Այս համատեքստում հետաքրքրական է հատկապես բանաստեղծ Հովհաննես Շիրազի կերպարը, որը հայտնվում է առանձին տեսարաններում՝ հստակ հաղորդագրությամբ․ «Համբուրում եմ, որ հայ ես մնում»։ Այս միտքը դառնում է ֆիլմի առանցքը։

Ներկան ու անցյալը մերձեցնելու փորձը միանշանակ հաջողվել է։ Եզակի արխիվային կադրերը դիտողին տեղափոխում են 1946-1948 թվականներ՝ դեպի մեծ նավը, որից  երջանիկ ժպիտով իջնում են հայրենադարձվածները։ Այս կետից էլ սկսվում է «Ախպարաշեն» թաղամասում ծնված և տարբեր գաղթականների զգացմունքները փոխառնած Ավեդիքյանի «ես»-ի փնտրտուքը։

Ֆիլմի խաղանիշը, թերևս, հարուստ ներաշխարհի տեր հերոսներն են ու նրանց զրույցները։ Ավեդիքյանի և ընկերների կապն անկեղծ է, առանց պայմանների։ Նա լսում է, տալիս հարցեր, կարեկցում, ծիծաղեցնում։ Ի դեպ, դրամատիկ գիծն ու հումորը հրաշալի են համադրված։ Ահա մի օրինակ՝

Խոսում են Սահակն ու Մարտիրոսը

-Մի տարի փականագործ աշխատեցի, 4 տարի՝  մեքենավարի օգնական։

-Բանակում չաղացա՞ր, հա՞։

-Մարտու՜ն, прожектор-դ վառի, ա՛յ տղա։

Կարճ ժամանակում հերոսները դառնում են հարազատ ու սիրելի։ Վարդանը երկու զավակի հայր է։ Ռեժիսորական բաժին չընդունվելուց հետո որոշել էր «ինքն իրեն պատժել», բանակ գնալ։ Նա լավագույնս է պատմում մեծ ընտանիքում երիտասարդների կայացման խնդիրների, կնոջ ու երեխաների հետ հարաբերությունների մասին․  «Մի տեսակ դժվար էր․ համարյա թե ամեն ինչ եղավ Անահիտի հետ ծանոթանալու առաջին տարում։ Ուզում էի, որ բաժանում լիներ երկար ժամանակով։ Տեսնեինք, թե ինչ կստացվեր դրանից։ Բաժանումը շատ բան է փոխում։ Եթե մնար, ուրեմն կմնար։ Ոնց որ եղավ․․․»։

Առանձին ուշադրության է արժանի Վարդանի կնոջ՝ Անահիտի կերպարը։ Դասական հագուկապով, կիրթ, զգացմունքային ու նվիրված մեկը, որը հոգատար է շրջապատի հանդեպ, կարողանում է տեսնել դիմացինի ներսը։ Միգուցե հարց ծագի՝ ինչի մասին կարող է երազել Խորհրդային միությունում ապրող երիտասարդ ընտանիքը՝ լավ ապրուստից ու խաղաղ կեցությունից բացի։ «Վարդանն ամեն անգամ սեղան նստելիս անպայման խմում է Երևանից Փարիզ տանող բոլոր ուղիների կենացը՝ և՛ օդային , և՛ ջրային, և՛ գծային»,- ասում է Անահիտը։ Հասկանում ես, որ Վարդանի երազանքը տարիների հետ նաև նրանն է դարձել։

Մարտիրոսը՝ Մարտունը, չնայած իր հաստատակամ ու կտրուկ բնավորությանը, նրբազգաց է ու հայրենասեր։ Հավանաբար դա է պատճառը, որ Լենինգրադում ծառայելուց հետո վերադարձել է և շարունակել հոր գործը՝ մեքենավարությունը։ Ամեն օր, ժպիտը դեմքին, կտրում է Երևան-Սևան ճանապարհը․ մեքենավարի դիպլոմը խնամքով պահում է ծոցագրպանում։ Սահակի, Վարդանի ու  Մարտունի կապվածությունը հետագայում ֆիլմի շարունակության հիմք է դառնում։

Գլխավոր կերպարներից է  նաև արտաքինից գործնական, ներքուստ փխրուն Անահիտը,  որը հանգամանքների բերումով հրաժարվել է սիրելի մասնագիտությունից՝ թարգմանչությունից և դարձել ինժեներ։ Երաժշտություն, պար՝ սրանք են խոշոր աչքերով, գեղեցիկ կնոջ միապաղաղ առօրյան լրացնողը։

Ընդհանուր առմամբ, բոլոր հերոսներին մի բան է կապում՝ համառությունն ու Հայաստանում լավ ապագա ստեղծելու հեռանկարը։ Անկախ դժվարություններից, անկախ աշխատավարձի չափից։ «Ի՞նչ դարձան իմ ընկերները»՝ թե՛ ռեժիսորական լուծումներով, թե՛ դերասանական (այս դեպքում՝ չխաղարկված) հմտությամբ Ավեդիքյանը տալիս է այս հարցի պատասխանը՝ միաժամանակ բացահայտելով խորհրդային տարիներին ընտանեկան հավաքույթների,  երգ ու ասմունքի ողջ կոլորիտը։

«20 տարի անց» (2002 թ.)

«Ես  Հայաստանում էլ կովբոյ էի, ուղղակի գլխարկ չունեի»,- ԱՄՆ Էլիս կղզու Միգրացիայի ազգային թանգարանում կատակում է Հովհաննիսյան ընտանիքից ամենահնարամիտը։ Վարդանն ու Անահիտն արդեն 7 տարի Նյու Ջերսիում են։ 30 տարով վարկ են ձևակերպել, տուն-տեղ դրել, երեխաներին կրթության տվել։ Երբ իրար գլուխ են հավաքվում, վերհիշում են Կապանում իրենց հիմնած առաջին տիկնիկային թատրոնը, Վարդանի 14 բեմադրությունները և․․․պատերազմը։

Ժապավենը պտտվում է և մեզ ցույց տալիս հացի հերթերը, հոսանքի ու ջրի անջատումները, կերասինե լամպերը, շքամուտքի պատին ամրացված փոստարկղերը, գերեզմանատների նստարաններն՝  առանց փայտի, ավտոբուսի բաց դռներից կախ ընկած մարդկանց, երեսնամյա զոհված զինվորին հրաժեշտ տվող մորը։ Այդ ամենին ռեժիսորը հակադրում է անկախության տարիների «լուսավոր» դրվագները՝ հարևանի հետ վերջին հացդ կիսելու պատրաստակամությունը, մթության մեջ ընտանեկան ուրախ հավաքները և այլն։

Ավեդիքյանի ու  ռեժիսոր Ժակ Կեբադյանի այս արխիվը չկրկնվող է, քանի որ լիովին փոխանցում է արտագաղթող մարդու և նրա հարազատների անորոշությունը։ Անհնար է առանց հուզմունքի հետևել՝ ինչպես են Վարդանն ու Անահիտը վերջին անգամ փակում տան ջրի ծորակը, հագնում իրենց լավագույն շորերը, իսկ օդանավակայանում նրանց ծնողներն ընդդիմանում  են բաց թողնել զավակներին։

Թվում է, այս ամենն անցյալ է, կյանքը կարգավորվել է, խաղաղվել։ Բայց հերիք է ռեժիսորի կադրում հայտնվեն խոշոր պլանով պատկերներ, և շոշափելի են դառնում հերոսների մենությունն ու կարոտը։ Նրանց կյանքը վազք է դարձել, գնացքների հերթափոխ, որոնցում պետք է անգլերենդ բարելավելու ժամանակ գտնես՝ մասնագիտական առաջընթաց ունենալու համար։ Երեխաներն այս միջավայրում են մեծացել, անցյալն աղոտ են հիշում։ «Եկել ես, Ազատության արձանի դիմացը կանգնել, ասում ես՝ ես օտար եմ»,- Վարդանին հանդիմանում է նրան հյուր եկած Սահակը։

Երկուսն էլ լավ հասկանում են, որ օտար երկրում ապրելու համար պետք է այդ երկրի կանոններով խաղալ, այս դեպքում՝ կապիտալիզմի։ Իսկ Վարդանը դեռ երազում է իր այգում հայկական խաղող տնկելու մասին ու հավատում, որ այն կաճի։ Այս ֆիլմում Վարդանի ու Անահիտի կերպարները բավական խորքային են ներկայացված։ Ամեն մեկն ունի իր աշխարհը, ժամանակը, նախընտրությունները։ Բնավորությունների հակադրություն ենք տեսնում, ինչն այս զույգի պատմությունը դարձնում է ավելի հետաքրքիր։

Ավեդիքյանն ավելի ուշ է հայտնվում  ֆիլմում և կրկին դառնում հայրենիքի հետ կապող օղակը։ Նա Վարդանին ստիպում է երգել իրենց հարազատ երգերը, տալիս է հարցեր, ծիծաղեցնում։ Ֆիլմն ավարտվում է երեք ընկերների տեսակապով։ Մարտիրոսն արդեն հայր է դարձել։ «Աշխարհում ամենալավ բանը հայ լինելն է»,- ականջներումդ դեռ երկար զնգում է Մարտունի ձայնը։

Հ.Գ.Այս երկու պատմությունները քիչ թե շատ նման դետալներով բոլորիս կյանքի վավերագրությունն են։ Ու բնավ կարևոր չէ, թե երբ ես ծնվել։ Իրական զգացմունքները ժամանակ չեն ճանաչում։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ