Ինչպես Դուա Լիպան բացահայտեց 2023-ի Կաննի կինոփառատոնի բացման ֆիլմի անունը
Ուրբաթ՝ երեկոյան, հայտնի դարձավ 2023 թվականի Կաննի կինոփառատոնի բացման ֆիլմի անվանումը։ Սակայն հայտարարությունն արվեց ոչ թե Կաննի փառատոնի պաշտոնական էջում, այլ որքան էլ անսպասելի է՝ Դուա Լիպայի «At Your Service» փոդքասթում։
Դուք հավանաբար լսել եք ալբանական ծագումով բրիտանացի փոփ երգչուհի և մոդել Դուա Լիպայի մասին։ Բայց գիտեիք, որ երգելուց բացի այս գեղեցկուհին նաև պաշտում է կինոն, գրականությունը, տիրապետում է բազմաթիվ օտար լեզուների և վարում է «At Your Service» կոչվող փոդքասթը։ Այն հեռարձակվում է մասնավորապես առցանց սթրիմինգային ալիքներով և հյուրընկալում է բազմաթիվ հետաքրքիր անձանց, ինչպես օրինակ դեկտեմբերի երկուսին՝ ռեժիսոր Պեդրո Ալմոդովարին։
Շուրջ մեկ ժամ տևողությամբ անգլերեն և իսպաներեն զրույցի ընթացքում Պեդրո Ալմոդովարը պատմեց իր նախկին ֆիլմերի և ծրագրերի մասին, կիսվեց մոր հետ իր առանձնահատուկ կապի մասին, արծարծեց իրեն անհանգստացնող սոցիալական բարդ թեմաներն ու վերջապես խոստովանեց, որ վերադառնալու է Կանն 2023 թվականի մայիսին՝ «ներկայացնելու իր նոր ֆիլմը, որով էլ բացվելու է Կաննի կինոփառատոնը»։
Ռեժիսորը երգչուհուն պատմեց նախագծի մտահղացման մասին, և թե ինչպես որոշեց ընտրված դերասաններին տալ այնքան ժամանակ, որպեսզի նրանք լիովին հասկանան դերը, և մտնեն իրենց կերպարների մեջ։ Երբ գերհետաքրքրված Դուա Լիպան խնդրեց ավելին պատմել ֆիլմի մասին, իսպանացի ռեժիսորը պատասխանեց մայրենի լեզվով, որ իրավունք չունի առավել տեղեկատվություն տարածել, բայց այնուամենայնիվ չի կարող մերժել իր սիրելի Դուա Լիպային, որի հմայքի շնորհիվ, ահա թե ինչ պարզեցինք մենք․ֆիլմի անվանումն է «Strange Way of Life», դերասաններն են Էթան Հոուքը ու Պեդրո Պասկալը, և կես ժամանոց կարճամետրաժը վեստերն է։
Ալմոդովարն ասաց. «ֆիլմը միանշանակ վեստերն է և միանշանակ առնականության մասին է։ Իրականում, չգիտեմ ինչ կասեն մարդիկ այս ֆիլմի մասին, տարօրինակ վեստերն է․ երկու տղամարդ սիրում են միմյանց, բայց իրենց պահում են ճիշտ հակառակ կերպ։ Ֆիլմն ունի վեստերնին հարազատ շատ էլեմենտներ՝ շերիֆ, ատրճանակներ, ռանչո…, բայց կա նաև երկու տղամարդկանց երկխոսություն, որը չեմ կարծում եղել է նախկինում… բայց կարծում եմ արդեն մի փոքր շատ խոսեցի»,- ծիծաղելով ամփոփում է իսպանացի ռեժիսորը։
Այսպիսով իրար սիրող հերոսներին մարմնավորելու են Իթան Հոուքը և Պեդրո Պասկալը։ Իթան Հոուքին ներկայացնելու կարիք թերևս չկա․ դերասան, սցենարիստ, գրող և երաժիշտ Հոուքը հայտնի է կինոաշխարհին իր բազմաթիվ դերերով, մասնավորապես երկարամյա համագործակցությամբ փայլուն ռեժիսոր Ռիչարդ Լինկլեյթերի հետ՝ «Պատանեկություն» և իհարկե «Արևածագից, մայրամուտից, կեսգիշերից առաջ» տրիլոգիայով, որը, եթե դեռ չեք հասցրել դիտել, ուրեմն անպայման ներառեք Ձեր պարտադիր դիտման ֆիլմերի ցուցակում։ Ի դեպ, Իթան Հոուքը անցյալ տարվա մայիսին կրկին Կաննում էր, որտեղ ներկայացրել էր իր՝ «Վերջին կինոաստղերը» վավերագրական սերիալի 3-րդ և 4-րդ գլուխները՝ նվիրված դերասաններ Ջոաննա Վուդվորրդ – Փոլ Նյուման զույգին։
Ալմոդովարի նոր ֆիլմում նկարահանվող մյուս դերասանն է չիլիական ծագմամբ ամերիկացի Պեդրո Պասկալը։ Նրա մասին չեմ կարող խոսել նույնքան ոգևորվածությամբ, որքան Հոուքի մասին, բայց «Գահերի խաղը» սերիալի սիրահարները միանշանակ կգնահատեն Պեդրո Պասկալի ներկայությունը։
Ինչ խոսք, սարսափելի հետաքրքիր է տեսնել այս երկու դերասանների խաղի արդյունքը անկրկնելի Ալմոդովարի վրձնի ներքո, բայց ինչպես արտահայտվեց իսպանացի ռեժիսորը փոդքաստի ժամանակ՝ «պետք է համբերել մինչև մայիս»։
Հիշեցնենք, որ Կաննի հաջորդ կինոփառատոնը կանցկացվի 2023 թվականի մայիսի 16-27-ը։ Իսկ մինչ այդ կարելի է վերադիտել Ալմոդովարի օսկարակիր՝ «Ամեն ինչ մորս մասին» կամ «Խոսիր նրա հետ» ֆիլմերը, ինչպես նաև «Վերադարձը», որը հաղթող ճանաչվեց Կաննի կինոփառատնոնի «Լավագույն դերասանուհի» անվակարգում: Կարելի է նաև կարդալ «Ալմոդովարի դասը», որը թարգմանվել էր «Կինոաշխարհի» ընթերցողների համար սույն թվականի հունվարին։ Եվ իհարկե՝ սրտատրոփ սպասել մայիսին։
Լիլիթ Սոխակյան
Փարիզ, 2022թ․