Կինոռեժիսոր՝ Օֆելյա Հարությունյանի «Գյուղը որ կանգնի» կարճամետրաժ ֆիլմն ընդգրկվել է Կլերմոն- Ֆերանի կարճամետրաժ ֆիլմերի փառատոնի մրցութային ծրագրում։ Փառատոնի ցուցադրությունները տեղի կունենան 2023-ի հունվարի 27-ից փետրվարի 4-ը։

«Այս ֆիլմի վրա աշխատել եմ 2017 թվականից։ Այն նախ կարճամետրաժ դոկումենտալ էր։ Նկարեցի գյուղեր որտեղ մեծամասամբ կանայք էին։ Տեսա կանանց ուժը, նրանց հավաքական կերպարը, բայց նաեւ նրանց տխրությունը։ Դոկումենտալ ֆիլմը մնաց կիսատ, բայց ծնվեց խաղարկային սցենարը։ Ֆիլմը վերջապես նկարեցինք 2021 թ․ և այժմ ուրախ եմ կիսվել, որ այն ուղևորվում է կարճամետրաժ ֆիլմերի լավագույն ֆիլմ փառատոն Festival du court métrage de Clermont-Ferrand։ Երբ ֆիլմի նկարահանումներին էի պատրաստվում ու մարդկանց հարցուփորձ էի անում դերասանների համար, բացատրում որ ֆիլմում միայն կանայք են, ինձ շատերն ասացին, որ խնդիր եմ ունենալու, քանի որ «լավ տղամարդ դերասանները շատ են, բայց կանանց պրոբլեմ կա»։ Էդպես վախեցած երկար քաստինգ արեցինք ու պարզվեց, որ մենք ունենք աննկարագրելի տաղանդավոր կին դերասաններ, որ նույնիսկ հնարավորության դեպքում կերպարների քանակը կմեծացնեի»,-գրում է Օֆելյա Հարությունյանը։

Ֆիլմի սցենարիստ և ռեժիսոր՝ Օֆելյա Հարությունյան, պրոդյուսեր՝ Նարե Լեոնե Տեր-Գաբրիելյան, համապրոդյուսեր՝ Լիդիա Ինդժովա (Բելգիա): Դերերում՝ Նանոր Պետրոսյան, Լիանա Վարդանյան, Անի Խաչիկյան, Աստղիկ Աբաջյան, Սիրանուշ Բարսեղյան: Արտադրող ընկերություն՝ «Ֆերմատա ֆիլմ», համաարտադրող երկրներ՝ Բելգիա, ԱՄՆ, Ֆրանսիա:

Ֆիլմը նկարահանվել է մի շարք ֆոնդերի ու կազմակերպությունների աջակցությամբ, այդ թվում՝ National Cinema Center of Armenia-Հայաստանի ազգային կինոկենտրոն Fédération Wallonie-Bruxelles/Officiel CNC – Centre national du cinéma et de l’image animéeCreative Armenia AGBU։ Ֆիլմը ջակցություն է ստացել նաև France 3 հեռուստաալիքից և արդեն ցուցադրվել է ֆրանսիացի հանդիսատեսին։

Ֆիլմը շուտով կներկայացվի նաև հայ հանդիսատեսին։