Դրամատիզմով, մտահոգություններով, հաճախ՝ նյարդերի գերլարումով հագեցած տարին կինոյի ոլորտում դրսևորվեց ստեղծագործական որոշակի ձեռբերումներով։ Պետական աջակցությամբ, թե առանց պետական աջակցության՝ ֆիլմեր, այնուամենայնիվ նկարահանվեցին, որոշներն էլ մասնակցեցին միջազգային կինոփառատոների ու մրցանակներով վերադարձան։ Մեր կյանքը 180 աստիճանով փոխվել է, աշխարհաքաղաքական բեկումնային իրադարձությունները չեն կարող չազդել մշակութային կյանքի, մեր խոհերի, ներաշխարհի, հոգեվիճակի վրա։ Բայց հենց այսպիսի պայմանները, սեղմված օղակներն են հաճախ ստեղծագործելու, մարդուն, մարդկային հարաբերությունները, մարդկային ցավն ու ուրախությունը  նոր հայացքով էկրանավորելու նպաստավոր պայմաններ ստեղծում։

Հայաստանի ազգային կինոկենտրոնը ոլորտի պատասխանատուների ու ներկայացուցիչների հետ տարեվերջյան հանդիպում կազմակերպելով, կինոտրամադրությունները շոշափելու, մտքեր, կարծիքներ փոխանակելու հնարավորություն տվեց։ kinoashkharh-ը հավաքագրել է մեկ-երկու ժամով իրար գլխի հավաքված կինոգործիչների խոհերն ու զգացումները։

Րաֆֆի Մովսիսյան  (ռեժիսոր, կինոքննադատ)

Կինոգետ, իր ուժերը նաև կինոարտադրության ոլորտում փորձած Րաֆֆի Մովսիսյանին  ուրախացնում են կինոարտադրության կազմակերպման նոր քայլերը։ Բայց աշխարհաքաղաքական իրականությունը նաև նրան է մտահոգում։

-Այս համատարած կաշկանդվածության մեջ, երբ վստահ ես, որ գրեթե ոչինչ  չի կարող քեզ ուրախացնել, հանկարծ տեսնում ես, որ, բարեբախտաբար, դեռ ուրախանալու պատճառներ կան։ Երբ մի ոլորտ զարգանում է, ու դու դա տեսնում ես, նաև իմանում ես, որ կինոարտադրության բյուջեն ավելացել է, փորձում ես հուսադրող բան գտնել, բայց դրա կողքին կա մեկ այլ իրականություն՝ այն թեմաները, որոնք ուզում ես նկարել, ցավոք, ուրախ չեն ու դեռ երկար ժամանակ չեն հավակնելու ուրախ լինել։

Մենք բավարար ազատ չենք մեր մտքերով։ Հասկանում ենք, որ շատ բաներ կան, որոնց համար մենք շատ թանկ ենք վճարել, ու ամեն ավելացող դրամ իր հետ ավելի շատ պատասխանատվություն է  բերելու, քան թե ազատություն։

Հուսով եմ, որ 2023-ին  այնքան լավ իրադարձություններ կլինեն, որ ցանկացած առաջընթաց, ցանկացած ոգևորություն ոչ միայն ուղեղով, այլ նաև նյարդերով ու սրտով կզգանք։

Սոնա Մարգարյան (պրոդյուսեր)

Կինոյի երիտասարդ ռեժիսորներն ու սցենարիստներն ավելի լավատես են, ու ներհայաստանյան իրականությանը ցավագին չեն մոտենում։ Սոնա Մարգարյանն այս տարի աշխատել է երկու՝ կարճամետրաժ և լիամետրաժ կինոնախագծերի վրա։

-Բավականին արդյունավետ էր անցնող տարին, արդյունավետ՝ նաև Կինոկենտրոնի հետ համագործակցելու առումով։ Հուսամ՝ հաջորդ տարին դիստրիբյուցիայի համար ավելի հաջող կլինի։ Արդեն 6-7 տարի կինորատադրությունում եմ։ Կհաստատեմ, որ վերջին տարիներին կինոնախագծերի ֆինանսավորումն ավելի թափանցիկ է դարձել, մասնակցության կարգն ավելի հասանելի է հատկապես երիտասարդ կինոգործիչներիս համար։ Վերջին տարիներին Կինոկենտրոնի հետ մի քանի նախագիծ ենք իրականացրել, դրական առաջընթացն ակնհայտ է։

Արման Չիլինգարյան (ռեժիսոր)

Կինոգործիչների միջին սերնդից Արման Չիլինգարյանը ևս գոհ է անցնող տարվա արդյունքներից։ Բարձր տրամադրությամբ է քայլ անում դեպի 2023։

-Սպասում ես, որ ամեն տարի իր հետ նոր բան կբերի հայկական կինոյին։  Մենք ունեցանք մեր Կինոյի տունը, տեսնում ենք, թե ինչպես են արժևորվում երիտասարդ կինոգործիչները, սուղ են հրանավորությունները, բայց նրանց գումար հատկացվում է։ Իմացանք, որ կինոյի բյուջեն մեծացել է (դարձել է 470 մլն)։ Հուսանք, որ դա կօգնի, որպեսզի մեր կինոգործիչները կարևոր փառատոների մասնակցեն, մրցանակներ բերեն ու մեր երկրի անունը լսելի դարձնեն։

Անցնող տարին ինձ համար բարեհաջող էր, որովհետև մասնակցել եմ միջազգային կինոփառատոների, 5 մրցանակ եմ ստացել։ Ուզում եմ, որ իմ գործընկերները առողջ լինեն, նկարելու հնարավորություն ունենան, որպեսզի նրանց հոգին գոհունակությունից ուղղակի ճախրի

Էդգար Բաղդասարյան  (ռեժիսոր)

-Այն, ինչ լսեցի կինոյի ոլորտին հատկացվելիք բյուջեի ավելացման  մասին, բավականին ոգեշնչող է։ Կինոկենտրոնի աշխատանքը կանոնակարգված է, ինչը ես, անկեղծ, շատ դրական եմ գնահատում։  Թող ոչ ոք չնեղանա, բայց այն, ինչ հիմա կատարվում է, հույս է ներշնչում։ Այնպես որ, կարծում եմ, ամեն ինչ լավ կլինի։ Կրթական ոլորտին է պետք մեծ ուշադրություն դարձնել։ Կարծես դա դեռևս չի ստացվում, բայց հուսամ՝ դա էլ կլինի։

Կինոյի մարդկանց, կինոգործիչներին նախ և առաջ մաղթում եմ սոցիալական տեսողություն։ Եվ կարևոր մի բան՝ պետք է մարդուն պաշտպանել պետությունից, ոչ թե պետությանը՝ մարդուց։ Սա երբեք չմոռանանք։ Արվեստագետի գործը մարդուն պաշտպանելն է։ Կապ չունի՝ ինչ պետություն է, պետք է մարդուն պաշտպանել պետությունից։

Կինոյի համեմատաբար ավագ սերնդի գործչի համոզմունքն է։ Ինչպես ասում են՝ տառապանքը փորձ ունի։