Կյանքից հեռացել է ամենաչքնաղ և ամենանենգ Միլեդին՝ Միլեն Դըմոնժոն
Կինոյի աննման գեղեցկուհիներից մեկն է կյանքից հեռացել՝ Միլեն Դըմոնժոն: Նա ամենաչքնաղ և ամենանենգ Միլեդին էր, որին կարելի էր երևակայել Դյումայի «Երեք հրացանակիրների» էկրանացման մեջ, երիտասարդ Դելոնի նույնքան հրապուրիչ խաղընկերուհին, Ժան Մառեի և Լուի դը Ֆյունեսի կողքին Ֆանտոմասի զվարճալի էկրանապատումի աստղերից մեկը:
Ովքեր կարող էին կարծել, թե կինօլիմպոսի հավերժահարսի բարեմասնություններից ու հմայքից բացի, այս կինն ուրիշ բան չունի առաջարկելու էկրանից, նա դեռ 1959-ին, երբ 21 տարեկան էր, հակառակն էր ապացուցել՝ Սիմոնա Սինյորեի և Իվ Մոնտանի նման վարպետների կողքին Կարլովի Վարիի միջազգային կինոփառատոնում լավագույն դերակատարման մրցանակին արժանանալով Արթուր Միլերի պիեսի էկրանացման մեջ՝ «Սեյլեմի վհուկները» ֆիլմում:
Պարզապես Միլեն Դըմոնժոն (ի դեպ, նշանավոր գրող Ժորժ Սիմենոնի որդու կինը), ավելի շատ պահանջված էր ժամանցիկ կինոյում: Անհնար է պատկերացնել, որ նա արդեն 87 տարեկան էր. թվում է՝ աստղերն աստվածների պես տարիք չունեն:
Ինչևէ, իմ պատանեկան կինոցնորքների աշխարհից նրա ստվերը երբեք էլ չի հեռանա: Բայց ես արդեն հաշիվ եմ տալիս ինձ, որ մեր կինոհիշողությունը հետզհետե ավելի ու ավելի է նմանվում Հադեսի ստորերկրյա թագավորությանը, որտեղ մեռյալների ստվերները կամ ուրուներն էին շրջում:
Զավեն Բոյաջյան