Արդեն 14-րդ օրն է Արցախը Հայաստանին կապող միակ կենսական ճանապարհը փակ է։ Շուշիի հատվածում միջանցքը փակած և իրենց «անկախ բնապահպաններ» հռչակած ադրբեջանցիները ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել՝ ներսում թեյ են խմում, դրսում կրակի շուրջ տաքանում: Իսկ Արցախում գնալով սեղմվում, փոքրանում է համբերության օղակը: 

Ծանր է ստացիոնար  բուժօգնության, որոշ դեղորայքների ու սննդի հարցը: Նախատոնական այս օրերին գուցե այնքան բարդ չէ կենցաղը կազմակերպելու խնդիրը, բայց դժվար են բաժան-բաժան եղած ընտանիքների, Եռաբլուրում ամփոփված իրենց մտերիմների շիրիմներին այցելած ու հարազատներին Արցախում թողած մարդկանց ապրումները։

Ստեփանակերտում բնակվող ֆոտոլրագրող Մարութ Վանյանն այս օրերին ակտիվ աշխատում է թե՛ տեղի ու հայաստանյան լրատվամիջոցներին տեղեկատվություն տրամադրելու, թե՛ խնդիրը միջազգային մամուլում հանրայնացնելու ուղղությամբ: 

Մարութի հետ զրուցել ենք արցախցիների անկոտրում կամքի ու Արցախի նվիրական հողում ապրելու իրենց իրավունքի վերահաստատման մասին։

 

– Մարութ, արդեն 10 օրից ավելի է, ինչ Արցախը կորցրել է աշխարհի հետ կապը: Ինչպե՞ս եք դիմանում ու դիմադրում:

– Այո, արդեն տասը օրից ավելի է մեր միակ ճանապարհը փակ է: Հենց առաջին օրվանից սկսեցին խնդիրներ առաջանալ: Հաց, գազ, միրգ-բանջարեղենը սկսեցին վերջանալ, իսկ հիմա արդեն խանութների ապրանքներն են պակասում: Շաքար ընդհանրապես չկա, աչքի առաջ երեւում է, թե ինչպես են անհետանում ապրանքները, դատարկվում դարակները, արկղերը:

Սակայն, երբ զրուցում ես մարդկանց հետ, ասում են՝ սոված էլ կմնանք, միայն իմանանք, որ կարեւորը չենք կորցնելու` ակնարկելով Արցախը կորցնելը: Վերջին օրերին շուկայի եւ խանութների դատարկությունն ավելի շատ հոգեբանական խնդիրներ է առաջացնում, ընդհանուր մթնոլորտը ծանր է թվում, չնայած մարդիկ ժպտում են իրար: Օրեր են մնացել Ամանորին, բայց բացարձակ տրամադրություն չի զգացվում, մարդիկ անորոշ սպասում են, թե ինչպես է հանգուցալուծվելու այս ամենը:

– Ճանապարհը փակվելու առաջին օրերին կարծես քիչ չէին իրավիճակին հնարավորինս թեթեւ ու հումորով վերաբերվողները. մարդիկ կատակներ էին անում, միմյանց գոտեպնդող տեսանյութեր հրապարակում. հիմա դա կա՞, թե սպասումը գնալով ծանրանում է:

-Հումոր, դեպրեսիա, կարելի է ասել, խառնված են: Կամ էլ դեպրեսիայից է հումորն առաջանում… Սոցցանցերում, այո, կատակում են, կարտոֆիլը վաղուց մեմ է դարձել, բայց դժվար թե մեկը ծիծաղելու տրամադրություն ունենա, որին խիստ անհրաժեշտ է Երեւան բժշկի մոտ հասնել, իսկ այդպիսի մարդիկ վստահաբար շատ են, ցավոք…

– Իսկ շա՞տ է տարբերությունը լրատվամիջոցների ներկայացրած իրավիճակի ու իրականում տեղի ունեցողի միջեւ:

– Տեղեկատվությունը մի տեսակ ներսում է մնում: Նախ, գիտեք, օտարերկրացի լրագրողները չեն կարողանում Արցախ գալ, իսկ հիմա էլ անգամ հայկական լրատվամիջոցները չեն կարողանում գալ: Հիմա ընդհանրապես ոչ ոք չի կարողանում ո՛չ գալ, ո՛չ գնալ: Տարբեր լրատվամիջոցների ներկայությունը լավ կլիներ իրականությունը ցույց տալու համար: Հետո, տեղական լրատվամիջոցները, գիտեք, հիմնականում միայն հայերեն են, մի տեսակ այնպես է ստացվում, որ մենք ասում ենք, մենք էլ լսում:

Մեկ շաբաթ կարելի է «անցկացնել», երկու, երեք, բայց բոլորն էլ լավ հասկանում են, որ այսպես շարունակվելու վերջը աղետն է: Ասում են՝ ապրանքների մեծ մասը, եթե ոչ ամբոջը, Հայաստանից, Հայաստանով է ներկրվում: Սննդից բացի՝ բազմաթիվ հանգամանքներ կան, որոնք կապված են ճանապարհի հետ: Կենսական բոլոր խնդիրները, մի խոսքով: Խուճապ չի նկատվում, խանութներում ասում են, որ մարդիկ ուղղակի վախենալով շատ են գնել, դրա համար վերջացել է, բայց եթե չներկրվի, պարզ է, որ դա էլ է վերջանալու, որից հետո հերթը խուճապին է հասնելու…

– Գրառում էիք արել, որ Ստեփանակերտի դպրոցներում տնօրեններն արգելել են լուսանկարներ անել դատարկ դասասենյակներում․․․ Ֆոտոլրագրողի համար շա՞տ են նմանատիպ խոչընդոտներն այս օրերին։

– Չէ, ես կոնկրետ ոչ մի խնդիր չեմ ունենում, եթե դպրոցը չհաշվենք: Ուղղակի մի թեմա, երբ էմոցիոնալ քեզ մոտ է, շատ անգամ չես ցանկանում դրան անդրադառնալ, շատերն անհարմար են զգում, չեն ցանկանում նկարվել հասկանալի պատճառներով: Շուկայում, օրինակ, առեւտրականներից մեկն ասել է՝ ինչո՞ւ ես նկարում, որ տեսնեն՝ ուրախանա՞ն… Մյուս կողմից էլ սխալ կլինի թաքցնել իրականությունը: Ուզում եմ հավատալ, որ լուսաբանելով այս իրավիճակը, ես ավելի օգուտ եմ տալիս, բայց ոչ վնաս…

– Մարութ, այս ընթացքում եղե՞լ է, որ, խորանալով աշխատանքի մեջ, ինչ-որ պահի մոռանաք, որ դուք էլ եք բլոկադայի մեջ, ու  այդկերպ ավելի սառնասրտորեն մոտենաք իրավիճակին:

– Որքան էլ տարօրինակ լինի՝ ես իմ վրա չեմ զգում, որ բլոկադայի մեջ եմ (դեռ), բայց երբ ինձ հիշեցնում եմ, որ Ստեփանակերտի հենց առաջին ոստիկանական կետում կանգնեցնելու եւ չեն թողնելու շարունակել դեպի Շուշի, ապա Երեւան, պարզապես անիրական է թվում: Մեր տնից ընդամենը տասը կիլոմետր այն կողմ փակ է միակ 5-6 մետր լայնությամբ ճանապարհը, բայց մենք էլ ձեզ պես սոցցանցերի տեսանյութերից ենք իմանում (որոնք տարածում են հիմնականում ադրբեջանցիները), թե ինչ է կատարվում այնտեղ: Այս մեկուսացումը դեռ սոցիալական հումանիտար խնդիրներ է առաջացրել, բայց բոլորն էլ հասկանում են, թե որքան լուրջ է ամեն ինչ:

Երեկ հրապարակում հավաքվել էին մարդիկ, ասում են՝ լավ է՝ որոշենք, բոլորով հավաքվենք, դուրս գանք այստեղից, քան այսպես ապրենք… Չեմ ուզում ոչ մեկին հուսահատեցնել, (մարդիկ ամուսնացել են այս օրերին, երեխաներ են ծնվել), բայց ամեն ինչ շատ մտահոգիչ է: Մարդիկ ասում են՝ լավ, վաղը բացեցին, մյուս օրը նորից կփակեն: Գազը տվեցին, մյուս ձմռանը նորից կփակեն, որքա՞ն… Մարդիկ միայն իրենց տունը, Արցախը կորցնելուց են վախենում… Ասում են՝ սոված էլ կապրենք, առանց դեղ էլ, բայց մենք ուզում ենք մեր տանն ապրենք:

– Արցախում ապրող ընկերներիցս մեկը նախօրեին ասում էր՝ «մեր դիմադրողականությունը չափազանց բարձր է, բայց դա չի նշանակում, որ Արցախը կամ այստեղ ապրող հայը  փորձադաշտ է»: Ըստ Ձեզ՝ այս անգամ ի՞նչն է Ադրբեջանի նպատակը, քմահաճույքի նման մի բա՞ն է այս քայլը, թե՞ հետագա առավել մեծ վտանգի ակնարկ:

– Ոչ թե այս անգամ, այլ անցած երեսուն տարիներին Ադրբեջանի նպատակը մեկն է եղել՝ ի տարբերություն հայերի: Ադրբեջանը պարզ ասում է՝ «Ղարաբաղը իմն է, տվեք ինձ»: Իսկ «էկոլոգիական» ակցիան ու մնացածը, վերջին հիմարի համար էլ հայտնի է, պատրվակներ են: Կարծիքներ ու կարծրատիպեր շատ կան, բայց արցախցիներն էլ սովորական մարդիկ են իրենց իրավունքներով, որ ցանկանում են ապրել իրենց տանը, ոչ թե դիմադրել:

– Հայաստանում պրոցեսներ են՝ ուղղված օր առաջ խնդիրը լուծելուն. այդտեղ այս ամենը զգո՞ւմ եք:

– Շատերն իրենց խաբված եւ հուսալքված են զգում թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի, թե՛ ռուս խաղաղապահների կողմից: «Որ անտեր չլինենք, այս օրին չենք հասնի», ասում են նրանք: Իսկ ի՞նչ կարող է ասել մեկը, եթե հանապազօրյա հացը գնելն արդեն խնդիր է դարձել… ՄԱԿ ԱԽ-ում Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի քննարկումից հետք մարդկանց մոտ հույսեր առաջացան, որ խնդիրը կկարգավորվի, եւ կանցնեն բնականոն կյանքի, սակայն իրականությունն այն է, որ բլոկադան շարունակվում է, եւ գնալով ավելանում են պրոբլեմները…

– Շնորհակալ եմ ժամանակ տրամադրելու ու ծանր թեմայի մասին մանրամասն խոսելու համար: Ձեզ հրաժեշտ եմ տալիս հույսով, որ հաջորդ երկխոսությունն արդեն դրական փոփոխությունների մասին կլինի՝ համեմված ուրույն ֆոտոպատմություններով:

– Շնորհակալ եմ, հույս ունեմ…

Աղունիկ Հովհաննիսյան